
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
19-րդ դարի երկրորդ կեսի Թիֆլիսի հայկական մամուլը հաճախ էր անդրադառնում կանանց: Շեշտադրումն այսպիսին էր. «Ինչ կվերաբերի հայ կնոջ-սա մի անգոյն էակ է, որ ոչ մի զգացմունք չէ արտայայտում՝ ազգայնութեան վերաբերութեամբ, և ոչ անգամ ընդհանուր մարդկային զգացման վերաբերութեամբ: Այն ինչ վրացի ազնուական կինը գոնե երբէմնապէս իրան կարևոր է համարում՝ որևէ վրացերէն լրագրի կամ գրքի ընթերցանութիւնը, Հայ կինը մտածում է միայն իւր զարդերի և զուարճութեանց վերայ: Երբ Վրացի կինը նստած կարդում է, Հայ կինը կամ լօտօյ է խաղում, կամ՝ թուղթ, կամ պարում է կլուբում և կամ ի վերջոյ բամբասում ուրիշներին: Սրան աւելի պարապեցնում (զբաղեցնում-խմբ.) են և գրավում իւր օրվայ ուտելիքն, վզին կախած շղթայն կամ իւր զգեստի մի կտոր փալասն, որ իւր պատկերն է, քան որևէ մտաւոր եւ հոգևոր աշխատանք. նա բոլորովին մարմին է դառած: …Այն ինչ վրաց ընտանիքներում գործածական լեզուն իրենց մայրենի լեզուն է (ընդգծումը՝ թերթի), որ ի մանկութենէ զաւակաց սեպհական է դառնում, հայ ծնողներն իրենց համար մեծ պարծանք և արժանաւորութիւն են համարում իրենց զաւակաց հետ ոչ թե խոսել, այլ մեծ մասամբ կոտրտել օտար լեզու, որով և զաւակները կոտրտում են ամեն լեզվով, բայց չեն խօսում և ոչ մէկով [1]:
Հայ կանանց մասին այս կարծրատիպը 19-րդ դարում կոտրելու էին հենց հայ կանայք, որոնցից մեկն էր 1855-ին Թիֆլիսում ծնված Սոֆյա Բայանդուրյանցը:
Այդ շրջանում հայ քաղաքական, հասարակական, մշակութային հիմնական կենտրոնը Թիֆլիսն էր: Ընտանիքում, ինչպես թիֆլիսաբնակ շատ հայ ընտանիքներում, խոսում էին ռուսերեն: Սոֆյան տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, բայց ոչ հայերենին:
Թիֆլիսում գիտությամբ զբաղվող բժիշկ Ավետիք Բաբայանը սիրահարվում է 17-ամյա Սոֆյա Բայանդուրյանցին: Որոշում են ամուսնանալ, սակայն պայմանով, որ մինչև ամուսնությունը Սոֆյան հասցնի լիարժեք տիրապետել հայերենին: Պայմանը կատարվում է. 1874-ին ամուսնանում են և մեկնում Գերմանիա:
Գերմանիայում նրանք հետաքրքրվում են մանուկների առողջապահությամբ, կրթությամբ, մանկական պարտեզների հիմնադրման գաղափարով. հնարավո՞ր է այնպես ապահովել փոքրիկների առօրյան, որ նրանք ոչ միայն կրթվեն, այլև առողջ կենսակերպ ունենան:
Մանկապարտեզների նման մեթոդ արդեն մշակել էր գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Վիլհելմ Օգոստոս Ֆրյոբելը, 1837-ին:
Նրա մեթոդի հիմքում նախակրթարաններն են, որոնք կօգնեն դաստիարակել, զարգացնել ու կրթել երեխաներին խաղերի միջոցով՝ առանց որևէ հարկադրանքի: Ու այդ ամենը՝ ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ, ինչը նրանց կպատրաստի իրենց մյուս երեխաներին ևս գրագետ կրթելուն:
Մանկապարտեզի՝ Ֆրյոբելի ձևաչափն իր իսկ անունն է կրում՝ ֆրյոբելյան:
Սոֆյա Բայանդուրյանցը դառնում է մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայի ուսանող: Ուսումը կատարելագործում է նաև Վիեննայում, որտեղից թղթակցում էր «Մեղու Հայաստանի» և «Դպրոց» պարբերականներին:
«Կյիշեմ մեր թշուառ նախակրթարանները, ուր փոքրիկ տղայք ժամերով անշարժ կնստին նեխեալ օդէն եւ բթացուցիչ թանձրութենէն թառամելով եւ հալումաշ լինելով: Ո՛րչափ առողջ կազմուածքներ քայքայուած, որչափ սուր մտքեր՝ բթացած են այդ անպիտան տեղերը [2]:
Մանկահասակ երեխաների, հատկապես աղջիկների համար մանկապարտեզներ բացելու գաղափարը հրատապ էր: Րաֆֆին, իր «Հայ կինը» հոդվածում ներկայացնում է հայաշատ քաղաքաներում աղջիկների դրությունը.
«Դեռ հինգ տարեկան հասակը չհասած, մայրը ստիպեցնում է նրան կատարել այս և այն տնային գործը, օգնել իրան: Ամեն մի անուշադրություն հանդիպում է ծանր ապտակների: …Թեև մայրն աշխատում է նրան մի բան սովորեցնել, բայց բոլոր նրա
դաստիարակությունը բարոյական բնավորություն ունի, կրթող, զարգացուցիչ նրա մեջ ոչինչ չկա: Աղջիկը միշտ լսում է միևնույն խրատները, թե պետք է խոնարհ լինի, հնազանդ լինի, սակավ խոսել, ամենևին չծիծաղել, տղամարդերի երեսին չնայել, պառավ կնիկների ձեռքը համբուրել և այլն: Նրա միտքը, սիրտը և հոգին ճնշում են հին նախապաշարմունքների ներքո, և խլում են նրանից ամեն մի ազատ,
ինքնուրույն զարգացում: Նա դառնում է մտավորապես իդիոտ, բայց
բարոյապես – հրեշտակ» [3]:
Վիեննայից ուղարկած իր հոդվածներում Սոֆյա Բայանդուրյանցը հարուստ հայերին կոչ էր անում միջոցներ չխնայել՝ տեղի քիչ թե շատ կրթված, հեռանկար ունեցող աղջիկներին Եվրոպա՝ ուսանելու ուղարկել, քանի որ մանկական պարտեզներն իրենց նպատակին չեն ծառայի՝ առանց կրթված, գրագետ կադրերի [4]:
Կրթությունն ավարտելուց հետո, 1877-ին, ամուսինները վերադառնում են Թիֆլիս՝ տեղում հայկական մանկապարտեզներ բացելու նպատակով: Հարմարեցված շենքեր չկային: Թիֆլիսում 1869-ից գործող Գայանյան օրիորդաց դպրոցի վարչության տրամադրած դասասենյակում աշխատանքն էլ արդյունավետ չէր: Եվ Սոֆյա Բայանդուրյանցն իր տանն է կազմակերպում մանկական պարտեզ: Սկզբում երեխաները տասն էին: Կարճ ժամանակ անց այդ թիվը հասնում է 70-ի:
Ամեն դեպքում, դա մեկ, մասնավոր մանկապարտեզ էր՝ սահմանափակ թվով երեխաներով: Ամուսինները որոշում են ժողովրդականացնել մանկական պարտեզները, որպեսզի դրանք լինեն հայաբնակ շատ թաղամասերում, այնտեղ կրթվելու հնարավորություն ունենան բոլոր հայ մանուկները՝ անկախ ընտանիքների սոցիալական դիրքից:
Այս գործում նրանց օգնում է Ամենայն Հայոց Գևորգ Դ կաթողիկոսը: Վերջինիս կարգադրությամբ՝ Սոֆյա Բայանդուրյանցի մանկապարտեզը Գայանյան դպրոցի նախակրթարանի կարգավիճակ է ստանում:
Մանկապարտեզին կից՝ ստեղծվեց նաև նախապատրաստական դասարան, որը վարում էր գրող Ղազարոս Աղայանը: Հենց երեխաների հետ շփմանն ենք պարտական, որ ստեղծվեցին Աղայանի շատ ոտանավորներ ու հեքիաթներ:
«Ընկա մանկական պարտեզ, ուր երեխեքը անմեղ հրեշտակների էին նման, ուրախ, զվարթ, որոնք անընդհատ ոստոստում, թռչկոտում և երգում էին իրանց մա՛յրիկի` Սոֆիայի չորս կողմում, և ես չգիտեի, թե որից եմ ավելի հիացած, կրթողից, թե կըրթվողներից: …Գրում էի մանկական երգեր և տալիս տիկին Սոֆիային, որ այնպես էր ուրախանում, ինչպես մի նոր գյուտ արած։
…Ես գլխովին նվիրվեցի մանկական գրականության, որոնք տպագրվեցին «Աղբյուր»-ում մի քանի տարի շարունակ։ Այդ ժամանակ կազմեցի ես իմ «Ուսումն մայրենի լեզվի» երկրորդ և երրորդ դասագրքերը։
Մանկական պարտիզում մնացի ես մի դպրոցական տարի և դուրս բերի մի անջնջելի խորին երախտագիտական զգացմունք առ համեստափայլ տիկին Սոֆիա Բաբայանց» [5]:
Այսպիսով՝ մանկապարտեզների միջոցով նաև երեխաներն իրենց ընտանիքներում էին տարածում ազգային պատումները, երգերը, բանաստեղծությունները:
Սոֆյա Բայանդուրյանցը փորձում է կրթության ոլորտ գրավել ավելի շատ կանանց. Թիֆլիսում հիմնում է Ֆրյոբելյան կենտրոն, որտեղ տեղի հայ կանանց, օրիորդներին ուսուցանում էր մանկապարտեզներ վարելու հմտություններ, իսկ ամուսինը՝ երեխաների առողջապահություն:
Նվիրատվությունների ու անդամավճարների միջոցով կենտրոնը զգալի դրամագլուխ է կուտակում: Բայանդուրյանցն ու ժամանակի ճանաչված մանկավարժ, Շվեյցարիայում կրթություն ստացած Գայանե Մատակյանն այցելում էին տնետուն, ցուցակագրում չքավոր հայ ընտանիքների երեխաներին, հորդորում ծնողներին՝ երեխաներին անպայման մանկական պարտեզներ տանել:
Կաթողիկոսի թույլտվությամբ, ընկերության դրամական միջոցներով, Թիֆլիսում Զրկինյաց Սուրբ Գևորգ եկեղեցուն [6] կից սենյակներում կազմակերպվում է առաջին ժողովրդական մանկապարտեզը, որի տնօրեն է նշանակվում Գայանե Մատակյանը:
Ի դեպ, Զրկինյաց Ս. Գևորգ եկեղեցուն կից մանկապարտեզի բացմանը ներկա էր նաև Րաֆֆին.
«Ահա ձեր առաջը կանգնած են այդ փոքրիկ երեխաները, այդ երեխաներին նանիկ են ասել օտար լեզվով, գգվել, փայփայել են օտար լեզվով, այդ երեխաներից համարյա ոչ մինը չէ իմանում մի խոսք անգամ իր մայրենի լեզվով և դրանք այստեղ, այս հիմնարկության մեջ, պետք է ստանան այն, ինչ չի տվել կամ չէ կարողացել տալ ընտանիքը, գերդաստանը, այստեղ այդ մանուկները պետք է դաստիարակվեն, այստեղ պետք է սովորեն իրանց մայրենի լեզուն» [7]:
Ֆրյոբելյան ընկերության թիրախում այն թաղամասերն էին, որտեղ բնակվող հայերի մեծամասնությունը վրացախոս էր:
Նորաբաց մանկապարտեզի սաները Ֆրյոբելյան ընկերությունից ստանում էին սնունդ, հագուստ, ընկերությունն իր միջոցներով Գերմանիայից համապատասխան պիտույքներ էր ձեռք բերում, տեղի հայերի նվիրատվությամբ երեխաների համար անհրաժեշտ պարագաներ գնում:
Նորաստեղծ մանկապարտեզը, սակայն, շուտով փակվեց: Ցարական Ռուսաստանը Էջմիածինը, Թիֆլիսը համարում էր հեղափոխական շարժման կենտրոններ, որտեղ երեխաներին դաստիարակում են ըմբոստության ոգով: Դպրոցներում արգելվեց դասավանդել պատմություն և աշխարհագրություն՝ որպես ազգային զգացումներ առաջացնող առարկաներ: Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն: 1885-ին փակվեց Հարավային Կովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Այդ թվում և՝ մանկապարտեզները:
Մակար կաթողիկոսի դիմումներից հետո Ցարական Ռուսաստանը վերաբացեց հայկական դպրոցները, սակայն արդեն՝ սահմանափակ ծրագրով:
Մանկապարտեզի վերաբացման ընթացքն ուշանում էր:
Հույս չունենալով, թե Թիֆլիսում կարող է իրականացնել իր ծրագրերը, Սոֆյա Բայանդուրյանցն ընտանիքով, մեկնում է նախ Գերմանիա, ապա Ֆրանսիա:
Ֆրյոբելյան ընկերությունն իր տրամադրության տակ գտնվող գումարները մինչև կազմալուծվելը հանձնում է Թիֆլիսի հասարակական-կրթական «Հայուհյաց բարեգործական ընկերությանը», որի հիմնադիր ժողովը տեղի էր ունեցել դեռ 1882-ին: Այս ընկերության նպատակն էր հայ կանանց, օրիորդների կրթության կազմակերպումը, նրանց ներգրավումը հասարակական, մշակութային, քաղաքական կյանքում:
Սոֆյա Բայանդուրյանցը հեռանում է, սակայն կանայք, որոնք արդեն սովորել էին մանկապարտեզների կառավարման գործը, շարունակում են նրա աշխատանքը: Զրկինյանց եկեղեցուն կից գործող առաջին հայկական ժողովրդական մանկապարտեզի տնօրեն Գայանե Մատակյանն ավելի վաղ, 1882-ին, Երևանում, Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի վրա գտնվող Մակաշյանի տանը (Արամի և Աբովյան փողոցների անկյունում գտնվող նախկին Կենտրոնական հանրախանութի շենքի տեղում) հիմնել էր առաջին մանկապարտեզը, իսկ 1887-ին արդեն Պոլսի հայկական թաղամասերում է հիմնում հայկական երկու մանկապարտեզ:
Սոֆյա Բայանդուրյանց-Բաբայանի մեկ այլ աշակերտ՝ Նատալյա Հովհաննիսյանը, մանկապարտեզ է բացել Ալեքսանդրապոլում:
Հայկական մանկապարտեզներ բացելու, թրքախոս, վրացախոս, ռուսախոս հայ մանուկների համար կրթվելու, զարգանալու միջավայր ստեղծել այս կանանց հաջողվեց.
«Երգը, պարը, լավ հասկցված զբոսանքը, մարմնամարզը, այսինքն՝ կյանքը մտավ մեր ծաղկոցներուն մեջ, որոնք անունի փոփոխություն մը միայն չունեցան «Մանկապարտեզ» կոչվելով, այլ դրության հիմնական փոփոխության մը ենթարկվեցան: …Պզտիկները սկսան տան մեջ անհամբեր վարժարան երթալու ժամուն սպասել» [8]:
Ծանոթագրություններ.
[1] «Մեղու Հայաստանի» , N 3, փետրվարի 28, 1876, Թիֆլիս :
[2] «Դպրոց», N 11, 1875-1876, Վաղարշապատ:
[3] «Մշակ», 1879, N 34-43:
[4] «Դպրոց», N5, 1875-1876:
[5] Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4, էջ 497-498:
[6] 1162-ին Թիֆլիսում կառուցված հայ առաքելական եկեղեցի, որը 1937-1938 թվականներին Լավրենտի Բերիայի կարգադրությամբ և Վրացական ԽՍՀ իշխանությունների հրամանով ոչնչացվել է։
[7] Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, էջ 49:
[8] «Սուրհանդակ», 1900, N 494:
Մեր հայերեն էջից
Արևի Բրեժնևյան տարիները
«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»
Read moreԱրցախ. ոչ միայն մարդասիրական աղետ
Արցախցին, որ այսօր ուզում է ապրել իր հայրենիքում արժանապատիվ կյանքով, ամեն վայրկյան պայքարում է իր ինքնասիրության դեմ, գրում է արցախաբնակ Թամարա Գրիգորյանը՝ ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը։
Read moreԿաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը
Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։
Read moreԿոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read moreՀյուսելով հաղթանակներ
Մարտարվեստի հնագույն տեսակներից, Հայաստանում հենակետային մարզաձևերից համարվող ըմբշամարտը հայերի շրջանում տարածված կոխ մարզաձևն է հիշեցնում, որի մրցույթները, սովորաբար, ուղեկցվում էին հայկական ժողովրդական երգերով, իսկ մինչև մարտի սկիզբը բոլորը պարում էին հայկական ժողովրդական պարեր։
Read moreՄոտենալով ծանրաձողին
Չնայած ոլորտում առկա խնդիրներին, ծանրամարտը Հայաստանում շարունակում է մնալ հենակետային մարզաձևերից, իսկ հայ ծանրորդները, հաղթահարելով առկա խոչընդոտները, պարբերաբար գրանցում են հաջողություններ։
Read moreՍպորտային նվաճումների ճանապարհը
Օլիմպիական 16 մարզաձևերի ուսուցում է ապահովում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որտեղ ուսանողներն անպայման իրենց հետագիծն են թողնում Հայաստանի մարզական պատմության ճանապարհին։
Read more