
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
«Երրորդ աբորտը հիվանդանոցում արեցին։ Լավն էլ դա էր։ Թե չէ երևի կմեռնեի։ Առաջին երկուսը տանն էին արել։ Հիվանդանոցից հետ չգնացի էլ։ Մինչ հիվանդանոցում էի, աղջիկս արդեն ծնողներիս մոտ էր, նրանք էին խնամում։ Ես էլ վերադարձա ծնողներիս տուն ու այլևս հետ չգնացի։ Ամուսինս, իհարկե, փորձեց ինձ հետ բերել։ Սկզբում խնդրում–աղաչում էր, հետո կռիվ սարքում։ Բայց իմ որոշումը վերջնական էր։ Ես երեք երեխա սպանեցի 4 տարում․ էլ չեմ կարող»,- ասում է 31-ամյա Ռուզաննա Ս․-ն՝ պատմելով հղիության արհեստական ընդհատումների մասին, որոնց դիմել է ամուսնու ընտանիքի դրդմամբ։
Ամուսնությունից ամիսներ անց Ռուզաննան ու ամուսինն իմացան սպասված լուրը․ երեխա էին ունենալու։ Ընտանիքում բոլոր զրույցների թեման մեկն էր՝ երեխան, որ ծնվելու էր, ցեղը շարունակողը, տոհմի ազգանունը կրողը։ Հավանականությունը, որ երեխան կարող է աղջիկ լինել, չէր էլ քննարկվում։ Ամիսներ անց, հերթական ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, բժիշկն ուրախ ասաց՝ աղջիկ է․
«Ամուսինս դրսում էր սպասում, բայց ես արդեն պատկերացնում էի նրա արձագանքը։ Սկսեցի լացել։ Բժիշկը զարմացավ, որովհետև գոնե առաջին երեխայի դեպքում սեռը, հիմնականում, չեն կարևորում։ Սկսեց ինձ մխիթարել, ասաց, որ ամուսինս էլ ուրախ կլինի։ Բայց ես գիտեի, թե ինչ է ինձ սպասվում։ Ամբողջ ճանապարհին ամուսինս լուռ էր։ Երբ հասանք տուն, մորն ասաց՝ «նորմալ երեխա էլ չի կարում բերի»։ Հիշում եմ, որ այդ ժամանակ արդեն ինչ–որ ակնարկ եղավ աբորտի մասին, բայց սկեսուրս ասաց, որ առաջին պտուղը չի կարելի հանել, որ դրանից հետո այլևս չեմ հղիանա»,- հիշում է Ռուզաննան։
Մինչև դստեր ծնվելը ամուսնու և նրա ընտանիքի կշտամբանքները մշտական էին։ Երեխայի ծնունդից մի քանի ամիս անց ամուսինն ասաց, որ ժամանակն է երկրորդ երեխայի մասին մտածելու:
«Ես շատ ծանր հետծննդաբերական դեպրեսիա ունեի, շատ վատ էի ինձ զգում։ Մի կողմից այդ զզվելի զրույցները, թե «աղջիկը երեխա չի», մյուս կողմից երեխան ու նոր կենսակերպը։ Այդ ժամանակ հաստատ պատրաստ չէի երկրորդ հղիության, բայց ամուսինս պնդում էր։ Իրեն որդի էր պետք։ Ես էլ մտածում էի, որ եթե տղա ունենանք, իրավիճակը կփոխվի տանը։ Սկեսուրս ինչ–որ հաշվարկներ էր պատվիրել, թե երբ պետք է հղիանալ, որ երեխան տղա լինի։ Այդպես էլ հղիացա երկրորդ անգամ»,- հիշում է Ռուզաննան։
Մոտ չորս ամիս անց, սակայն, պարզվեց, որ երեխան աղջիկ է։ Այս անգամ արդեն որոշումը շատ չուշացավ․ հղիությունը պետք է ընդհատվեր։ Հիվանդանոցում հղիության ընդհատումն անել հնարավոր չէր, ցուցում չկար, ուստի որոշվեց գործն ավարտին հասցնել տնային պայմաններում:
«Ինչ-որ դեղ տվեցին, խմեցի ու առավոտյան արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Դրանից հետո թույլ չտվեցին գնալ բժշկի, չնայած ես շատ էի վախենում, որովհետև հետո մի քանի օր արյունահոսություն ունեի ու ծակող ցավեր, մտածում էի՝ կմեռնեմ»,- պատմում է Ռուզաննան։
Տան պայմաններում հղիության դեղորայքային ընդհատում Ռուզաննան ունեցավ նաև 2 տարի անց։ Պատճառը նույնն էր՝ աղջիկ։ Այս անգամ բարդություններից խուսափել չհաջողվեց։ Բժիշկները միանգամից զգուշացրեցին՝ հաջորդ հղիությունը կարող է շատ խնդրահարույց լինել։ Չորրորդ հղիությունն ընդհատվեց արդեն հիվանդանոցում՝ բժշկի ցուցումով․ երկու նախորդ դեղորայքային ընդհատումներն անդառնալի հետևանքների էին բերել, երիտասարդ կնոջ կյանքն ու առողջությունը վտանգված էին։
«Չեմ կարծում, որ ամուսինս կամ սկեսուրս շատ անհանգիստ կլինեին, եթե չպարզվեր, որ այս պտուղը տղա էր։ Երևի պետք է շնորհակալ լինեմ ճակատագրին, որ գոնե այս անգամ ամեն ինչ բժիշկների հսկողության տակ կատարվեց։ Հետո երկարատև բուժում նշանակեցին, որից հետո հույս կա, որ դեռ կկարողանամ հղիանալ»,- ասում է Ռուզաննան։
Ի՞նչ է ասում օրենքը
Հայաստանում հղիության արհեստական ընդհատման գործընթացը կարգավորվում է 2002-ի դեկտեմբերին ընդունված ու 2003-ի հուլիսին ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, որի 10-րդ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է հղիության ընդհատմանը կամ աբորտին։
Այն մասին, որ օրենքը փոփոխությունների կարիք ունի, առաջին անգամ խոսվեց 2010-ին։
«Հենց այդ ժամանակ իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աղջիկ-տղա երեխաների համամասնությունը չի համապատասխանում ֆիզիոլոգիական բնական պատկերին։ Տղա երեխաների ծննդյան ցուցանիշներով մենք զիջում էինք միայն Չինաստանին։ Հատկապես մեծ էր խնդիրը ընտանիքում ծնվող երկրորդ և հաջորդ երեխաների դեպքում»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Հենց սա էր պատճառը, որ օրենքում փոփոխություններ նախաձեռնվեցին, որոնց համաձայն յուրաքանչյուր կին ունի անվտանգ հղիության արհեստական ընդհատման իրավունք՝ մինչև հղիության 12 շաբաթականը՝ այսինքն՝ մինչև երեխայի սեռը հայտնի դառնալը։ 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատում կատարվում է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում, ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում, կնոջ գրավոր համաձայնությամբ:
Համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում, որով բժիշկները պարտավորվում են խորհրդատվություն տրամադրել հակաբեղմնավորման անվտանգ մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև՝ եռօրյա ժամկետ տրամադրել կնոջը՝ հղիության ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 2011-ին ահազանգում էր` Հայաստանում տղաների նախապատվությունը 6 անգամ ավելին էր, քան աղջիկների: Հիմնադրամի կատարած հետազոտության համաձայն՝ 100 աղջկա հաշվով Հայաստանում ծնվում էր 124 տղա: Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում ցուցանիշն ավելի բարձր էր․ նույն ընտանիքում ծնվող երկրորդ և հաջորդ երեխայի դեպքում սեռերի հարաբերակցությունը 100 աղջիկ/160 տղա էր:
2020-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործընկերների հետ շրջանառության մեջ դրեց «VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպության կողմից ներկայացված «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր աբորտների քրեականացում՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր համարելով երեխայի մոր կյանքի և առողջության համար վտանգների առկայության դեպքում:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և մերժեց օրենքի նախագիծը՝ հիմնավորելով դա մարդու իրավունքների տեսանկյունից խիստ խոցելի լինելու, ներպետական օրենսդրությանը և միջազգային մի շարք կոնվենցիաներին հակասելու հիմքով։ Նիստին ներկա փորձագետները նշում էին, որ օրենքը որևէ կերպ չի նպաստի Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի կրճատմանը կամ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, փոխարենը, ինչպես փաստում է միջազգային փորձը, կավելանան մանկալքության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և մանկական աղքատության ցուցանիշները։
Իսկ միջազգային փորձը՞
2022-ի հոկտեմբերի տվյալներով՝ աշխարհի շուրջ 66 երկրներում հղիության արհեստական ընդհատումներն օրինականացված կամ ապաքրեականացված են։ Յուրաքանչյուր տարի աշխարհում շուրջ 73 մլն հղիության արհեստական ընդհատում է իրականացվում։ Դրանց գրեթե կեսն իրականացվում են վտանգավոր պայմաններում։ Ռեպրոդուկտիվ տարիքի կանանց շուրջ 40 տոկոսն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ սահմանափակվում է հղիության արհեստական ընդհատումների իրավունքը։
ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները փաստում են, որ հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Ռուսաստանում՝ 53.7 տոկոս, Վիետնամում` 35.2 տոկոս և Ղազախստանում` 35 տոկոս։ Միևնույն ժամանակ, զարմանալի օրինաչափություն է նկատվում հղիության արհեստական ընդհատումների բարձր ցուցանիշների և տվյալ երկրներում այդ բժշկական միջամտության արգելքի միջև։
Հղիության արհեստական ընդհատումների հետ կապված վերջին խոշոր իրարանցումը գրանցվեց այս տարի՝ ԱՄՆ–ում, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը՝ այդպիսով չեղարկելով աբորտի սահմանադրական իրավունքը: Սա նշանակում է, որ անցանկալի հղիության ընդհատման հարցն այսուհետ կորոշվի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։
«Սահմանադրությունը հղիության արհեստական ընդհատման իրավունք չի տալիս, իսկ աբորտը կարգավորելու իրավունքը վերադարձվում է ժողովրդին ու նրա ընտրված ներկայացուցիչներին»,- ասված է պահպանողական մեծամասնությամբ դատարանի հաղորդագրությունում։
Դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ 50 նահանգներից 26-ը հայտնել են հղիության արհեստական ընդհատումները նահանգային մակարդակում արգելելու պատրաստակամության մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերագույն դատարանի որոշումը որակել էր «ողբերգական սխալ»՝ պնդելով, որ այդ վճռի հիմքում ընկած է «ծայրահեղական գաղափարախոսություն» և այն «խլում է ԱՄՆ-ի կանանց սահմանադրական իրավունքը»։
«Երկրում կանանց առողջությունն ու կյանքն այժմ վտանգված է»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Սակայն աբորտների արգելքի մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ երկրի տարբեր նահանգներում:
Աբորտը՝ ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին զույգերի՝ երեխաներ ունենալու ցանկությունը գնալով նվազում է, մինչդեռ չի աճում նրանց իրազեկվածության աստիճանը՝ ժամանակակից հակաբեղմնավորման միջոցների վերաբերյալ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին երեք տասնամյակներին ծնելիության ցուցանիշն աստիճանաբար նվազում է։ Մասնավորապես, 1990-ի համեմատ 2018-ին այն նվազել է 1,8 անգամով՝ 22,5 տոկոսից դառնալով 12․3 տոկոս։ Դրա արդյունքում կենդանածինների թիվը 1990-ի համեմատ կրճատվել է 2,2 անգամ (2019-ին` 36․131 ծնունդ, 1990-ի 79․882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019-ին այն կազմել է՝ 3,3 տոկոս, իսկ 1990-ին՝ 16,3 տոկոս): Ծնելիության ցուցանիշի անկման հետևանքով 1990-ի համեմատությամբ 2018-ին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով՝ կազմելով 20,2 տոկոս, փոխարենը նկատվել է անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում՝ մինչև 11,6 տոկոս, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին:
2022-ին հրապարակված, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի իրականացրած «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության տվյալներով՝ Հայաստանում ընտանիքի պլանավորման հիմնական միջոցը շարունակում է մնալ հղիության արհեստական ընդհատումը։ Միևնույն ժամանակ, հակաբեղմնավորման ժամանակակից միջոցներ օգտագործում են կանանց ¼-ը միայն։ Կին հարցվողների 50 տոկոսը, իսկ տղամարդ հարցվողների 54 տոկոսը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ:
Ըստ հետազոտության, Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ հղիություն ավարտվում է արհեստական ընդհատմամբ։ Ընդ որում, քաղաքաբնակ կանանց շրջանում աբորտների թիվը կրկնակի ավելի է, քան գյուղաբնակ կանանց շրջանում։
Երբևէ հղիացած կին հարցվողների 46 տոկոսն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման, ընդ որում՝ 20 տոկոսը դիմել է 1 անգամ, 17 տոկոսը` 2-3 անգամ, մյուսներն՝ ավելի շատ: Աբորտի դիմած կանանց կեսից ավելին՝ 56 տոկոսն առաջին անգամ աբորտի են դիմել 25-35 տարեկան հասակում, 36,9 տոկոսը՝ 19-24 տարեկանում: Մեծամասամբ ամուսինները համաձայն են եղել հղիության ընդհատման հետ: Կանանց բնորոշմամբ՝ իրենք ընդհատումից հետո հոգեբանորեն ավելի վատ վիճակում են եղել, քան ֆիզիկապես:
Աբորտի հիմնական պատճառներն են արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը՝ 36 տոկոս, առողջության կամ կյանքի համար վտանգը՝ 22 տոկոս, նյութական դժվարությունները՝ 21 տոկոս։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8 տոկոսում, ընդ որում՝ 7 տոկոսը նշել է աղջիկ չուզելը, 1 տոկոսը՝ տղա չուզելը։
Չնայած ցուցանիշների բարելավմանը՝ 2021-ի արդյունքներով տղա-աղջիկ նորածինների հարաբերակցությունը նվազել է մինչև 109 տղա՝ 100 աղջկա հաշվով, ապագա երեխայի սեռը շարունակում է որոշիչ հանգամանք լինել՝ հղիության ընդհատումների հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշվում է, որ երեխայի սեռը հատկապես որոշիչ է 3-րդ հղիության արհեստական ընդհատման դեպքում։
Աբորտներ՝ տանը․ թվեր, որ չեն արձանագրվում
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանն ասում է՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիության արհեստական ընդհատումների շուրջ 5,7 տոկոսի դեպքերում կանայք ինքնուրույն են ընդհատել հղիությունը՝ տնային պայմաններում, դեղորայքի կամ այլ միջոցների գործածությամբ․
«Առաջին հայացքից այս ցուցանիշը սարսափելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հետազոտությունը, որի մասին խոսում ենք, քանակական է, այսինքն՝ մենք ընդհանուր պատկերի մասին գաղափար կազմում ենք միայն հարցվածների տված պատասխանների միջոցով։ Կարելի է ենթադրել, որ 5,7 տոկոս ցուցանիշը վերջնական կամ ամբողջական չէ, սակայն մի բան հստակ է․ այս պրակտիկան հղի է սարսափելի հետևանքներով։ Եթե արհեստական ընդհատումն իրականացվում է բժշկական հաստատությունում, պրոֆեսիոնալ բուժանձնակազմի կողմից, համարվում է անվտանգ։ Բայց բժշկության մեջ չկա ոչ մի 100 տոկոսանոց ապահով միջամտություն, ցանկացած միջամտություն կարող է վտանգներ պարունակել, հղի լինել բարդություններով»։
Բեգլարյանը մեջբերում է «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» հետազոտության տվյալները, որոնց համաձայն Հայաստանում անպտղության ցուցանիշը 16.8 տոկոս է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից՝ 15 տոկոս և դրանից ավելին արդեն խիստ մտահոգիչ ցուցանիշ է:
Ըստ Բեգլարյանի՝ անպտղության և դրա պատճառների մասին խոսելիս, պետք է նախ տարանջատել առաջնային և երկրորդային անպտղությունը․ առաջնայինն այն է, երբ կինն ընդհանրապես չի հղիացել 12 ամիս և ավելի հարաբերությունների արդյունքում, երկրորդայինը, երբ զույգերն անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավելի ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության։ Հայաստանում առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7 տոկոսը, երկրորդային անպտղություն՝ 15,1 տոկոսը։
«2009-ին անցկացված նույնատիպ հետազոտության համեմատ, առաջնային անպտղությունը հատկապես կանանց մոտ նվազել է։ 2009-ին այն կազմել է 5,7 տոկոս, այժմ՝ 1,3 տոկոս, երկրորդային անպտղությունն աճել է՝ հասնելով 13 տոկոսի՝ նախորդ 11.4 տոկոսի փոխարեն։ Երկրորդային անպտղության հարցում ավելի մեծ դերակատարում ունեն ձեռքբերովի խնդիրները, որոնց մեջ առանցքային են հատկապես հղիության անապահով արհեստական ընդհատումները, որոնք չեն իրականացվում բժշկի ցուցումով և նրա կողմից»,- ասում է Բեգլարյանը։
Վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ կանանց 54,4 տոկոսը ցանկացել է երեխա ունենալ ընդհատումից հետո, սակայն փաստացի երեխա է ունեցել կամ այժմ հղի է 44,2 տոկոսը: Երկրորդային անպտղություն ունեցող հարցվողների 60 տոկոսը նշել է, որ հղիության արհեստական ընդհատումից հետո չեն ունեցել երեխա:
Մարդ և հասարակություն
Նրանք անօգնական չե՛ն
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած անձինք թեև դժվարությամբ, սակայն փորձում են հաղթահարել տեղի ունեցածը։ Լուսանկարիչ Անի Գևորգյանը ներկայացնում է նրանցից մի քանիսի պատմությունը։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreԵրանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը
2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreԵրեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի կարևորությունը
Չնայած երեխաների նկատմամբ բռնությունը և սեռական շահագործումն արգելող դրույթներն ամրագրված են միջազգային և տեղական իրավական համակարքում, երեխաների նկատմամբ բռնությունը մնում է ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկը:
Read more