
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Միլիոնավոր կորսված կյանքեր, փրկվածների դեպքում՝ վնասված օրգանիզմ և սպիերով այլանդակված մաշկ ու դարերի պայքար՝ կենդանիներից մարդուն փոխանցվող ու մահացության բարձր շեմ ունեցող բնական ծաղիկ հիվանդության դեմ։ Ահա այն, ինչ հիմա հիշում են շուրջ 3000 տարի մեծ տարածվածություն ունեցող սարսափ դարձած այս հիվանդության մասին, որը 1980-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամբողջությամբ արմատախիլ արված համարեց՝ հասնելով այդ արդյունքին 1967-ին սկսված բնական ծաղկի վերացման ուժեղացված ծրագրով` մի քանի տարի շարունակ ամբողջ աշխարհում իրականացնելով համատարած անընկալացում (իմունացում) և հսկողություն։
Սա համաշխարհային պատմության մեջ հանրային առողջության անկյունաքարային և մեծագույն հաջողություններից էր: Այսպիսով, աղետալի հիվանդությունը հիմք է դարձել պատվաստանյութերի հայտնաբերման համար․ անգլիացի բժիշկ Ջեններ Էդուարդը, տեղեկանալով, որ կթվորուհիները չեն վարակվում բնական ծաղկով, 1796-ի մայիսի 14-ին պատմական փորձարկում է կատարում՝ 8 տարեկան Ջեմս Ֆիպսին վարակելով կովի ծաղկով, ապա նրան շփման մեջ դնելով բնական ծաղկով հիվանդի հետ։ Երեխան չի վարակվում բնական ծաղկով՝ վկայելով բժշկի փորձի արդյունավետության մասին։ Բժիշկն առաջին անգամ կովի ծաղկից պատրաստում է պատվաստանյութ՝ վակցինա (Vaca- կով, cina- ծաղիկ)։
Պատվաստանյութերը
Հետագա դարերի ընթացքում էլ տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում շարունակեցին հաջողությամբ օգտագործել ու կատարելագործել այս ձեռքբերումը՝ պատվաստանյութերը, որոնք օրգանիզմում ներմուծվելով հարուցչի թուլացված ձևով, մշակում են հակամարմիններ և պաշտպանում տվյալ հիվանդությունից։
Պատվաստանյութերի մշակման երեք հիմնական մոտեցում կա՝ կախված նրանից, թե կիրառվում է ամբողջական վիրուսը կամ մանրէն, իմունային արձագանք առաջացնող միկրոօրգանիզմներ կամ գենետիկ մասնիկներ։
Մասնագետները վստահեցնում են, որ պատվաստանյութերն անվտանգ են, նախքան օգտագործման թույլտվություն ստանալն անցնում են անվտանգության և արդյունավետության ստուգման խիստ ընթացակարգեր, այդ թվում՝ կլինիկական փորձարկումներ։ Բացի այդ, կիրառման ընթացքում ևս շարունակաբար վերահսկվում է դրանց անվտանգությունը:
Պատվաստումներն սկսվում են ծննդատներում, ավարտվում՝ պոլիկլինիկաներում։
Ազգային օրացույցը
Բնակչության առողջության պահպանումը, խթանումը և հիվանդությունների կանխարգելումը, որպես հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ, սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որի առաջարկություններով և ուղեցույցներով էլ կազմվում են պատվաստումների միջոցով կառավարելի համարվող վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը և մահացությունը նվազեցնելու նպատակ ունեցող իմունականխարգելման ազգային ծրագրերը։
Հայաստանում պատվաստումներ անելը պարտադիր չէ, սակայն առկա է պատվաստումային ժամանակացույց։ «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման պատվաստումների ազգային օրացույցի բաժնի համաձայն՝ Հայաստանում իրականացվում են հետևյալ պատվաստումները․
ՎՀԲ — պաշտպանում է վիրուսային հեպատիտ Բ-ից, կատարվում է ծնվելուց հետո՝ 0-24 ժամվա ընթացքում։
ԲՑԺ — պաշտպանում է տուբերկուլոզի ծանր ձևերից, կատարվում է ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում։
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ (վեցավալենտ) — պաշտպանում է դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, վիրուսային հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ, ինակտիվացված պոլիոմիելիտ հիվանդություններից, կատարվում է 1,5, 3 և 4,5 ամսականներում: Հատկանշական է, որ դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման և ինակտիվացված պոլիոմիելիտի նկատմամբ առաջացած իմունիտետը կայունանում է կրկնապատվաստումով, որը կատարվում է 18 ամսականում և 6 տարեկանում։ Հաջորդ կրկնապատվաստումը կատարվում է 15-16 տարեկանում, արդեն միայն ԱՓԴԿ պատվաստանյութով, որը պաշտպանում է դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ հիվանդություններից և հետագա 10 տարին մեկ այն կրկնվում է, դուրս է գալիս միայն կապույտ հազի բաղադրիչը:
ՌՈՏԱ — պաշտպանում է ռոտավիրուսային վարակներից, կատարվում է 6 և 12 շաբաթականներում:
ՊՆԵՎՄՈ — պաշտպանում է պնևմակոկային վարակներից՝ ծանր ընթացքով մանրէային թոքաբորբերից, մենինգիտներից (ուղեղի և ուղեղի թաղանթների բորբոքում), տենդային հիվանդություններից, արթրիտներից (հոդերի բորբոքում) և այլն: Պատվաստումները կատարվում են երեք դեղաչափով՝ 6, 12 և 18 շաբաթականում, այնուհետև՝ 15-16 տարեկաններում։
ԿԿԽ — պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից, կատարվում է 1 տարեկանում և 4-6 տարեկաններում։
ՄՊՊ — Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ, պաշտպանում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումից, կատարվում է 13 տարեկանում և առաջին դեղաչափից 6 ամիս անց։
ՎՀԱ — Վիրուսային հեպատիտ Ա, կատարվում է 15-16 տարեկանում, երկրորդը՝ առաջին դեղաչափից 6 ամիս անց։
Առկա են նաև մենինգակոկային և տուլարեմիա վարակների դեմ պատվաստանյութեր, որոնք կատարվում են համապատասխանաբար 17 և 15-16 տարեկանում, ինչպես նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերը։
Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ պատվաստումների մեծ մասը կատարվում է կյանքի առաջին տարվա ընթացքում: Պատվաստանյութերն օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներքթային, ինհալացիոն, բերանի և այլ ճանապարհներով։ Ետպատվաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։
Ամբողջ կյանքի համար
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, որ խիստ կարևոր է ինչպես պատվաստումները ժամանակին կատարելը, այնպես էլ յուրաքանչյուր դեղաչափը.
«Լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է ամբողջական պատվաստում, որը կարող է տևել անգամ ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես օրինակ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ պատվաստումները լինում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ, գրիպի պատվաստումը՝ յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ»։
Սահակյանի գնահատմամբ՝ մշտադիտարկումներն արձանագրել են, որ Հայաստանում պատվաստման ենթակա բոլոր տարիքային խմբերում առկա է պատվաստումների 90 տոկոսից բարձր շեմ, ինչն էլ միջազգայնորեն ընդունված չափանիշ է։ Սրա արդյունքում էլ 1995-ից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: Պլանային պատվաuտումները զուգորդվում են նաև լրացուցիչ պատվաստումներով: Օրինակ՝ 1997-ին իրականացվել են դիֆթերիայի դեմ զանգվածային պատվաuտումներ, որից հետո այս հիվանդացությունը կտրուկ նվազել է, իuկ վերջին 15 տարվա ընթացքում հանրապետությունում պահպանվել է զրոյական մակարդակ: Զգալիորեն նվազել են փայտացման դեպքերը՝ գրանցվում են շատ հազվադեպ, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտը (խոզուկ) արձանագրվում են եզակի դեպքերով: 2007-ին էլ իրականացվել են կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային պատվաստումներ, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 97 տոկոս ընդգրկվածության ապահովմամբ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական փոխանցման դեպքեր չեն արձանագրվում:
Սակայն, 2013-2019 թթ. Հայաստանում գրանցվել են կարմրուկի առումով անբարենպաստ երկրներից բերովի դեպքեր` առավելապես պայմանավորված չպատվաստված բնակչությամբ։ 2023-ի մարտին ևս տեղի ունեցավ կարմրուկի վիրուսի բռնկում։
«Հայաստանում տեղական բռնկումը կապված է բերովի դեպքերի հետ, և կրկին ապացուցվում է՝ մեր երկրում պատվաստումները բարձր մակարդակով են իրականացվում և ունենք կոլեկտիվ իմունիտետ, կոլեկտիվ պաշտպանվածություն,- ասում է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ կարմրուկը վարակիչ հիվանդություններից ամենավարակելին է, 10-9-ը հիվանդանում են,- Այսօր ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկման դեպքեր են գրանցվում, նույնիսկ կան երկրներ, որ կարմրուկը տարածվել է տարբեր շրջաններում, սակայն Հայաստանում շատ չտարածվեց ու, բարեբախտաբար, երկիրը շարունակում է մնալ էլիմինացված, (երբ տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվում)»։
Սակայն, այնուամենայնիվ, մասնագետներն ահազանգում են, որ ցանկացած կառավարելի վարակ կարող է կրկին գլուխ բարձրացնել, եթե չապահովվի պատվաստումների ժամանակին իրականացումը և բարձր ընդգրկվածությունը։
Ընդդիմախոսները
Դեռևս 2012-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Պատվաստումների և նոր պատվաստանյութերի ներդրման վերաբերյալ ընկալումները, մոտեցումները և վարվելակերպը Հայաստանում» որակական հետազոտության մասնակիցները պատվաստումներից հրաժարվելու մի շարք պատճառներ են նշել: Ինչպես, օրինակ, ծնողների ավագ երեխաների և/կամ շրջապատում այլ երեխաների մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը և ծնողների բացասական փորձառությունն իրենց պատվաստումների հետ կապված: Որոշ ծնողներ, մասնավորապես որոշ բժիշկ-ծնողներ հրաժարվել են պատվաստել իրենց երեխաներին՝ իմունային համակարգը չծանրաբեռնելու նկատառումով: Մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ բուժաշխատողները, մասնավորապես` հիվանդանոցների բժիշկները և ծննդատների մանկաբույժները, այդ թվում մի շարք հեղինակավոր բժիշկներ, պատվաստումների վերաբերյալ բացասական տեղեկատվության հիմնական աղբյուրն են:
Հայաստանում հակապատվաստումային ակտիվություն սկսվեց հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո, երբ քննադատությունների թիրախում էր դեռևս 2017-ին ներդրված պապիլոմավիրուսի պատվաստանյութը։ Մի խումբ բժիշկներ հայտարարում էին, թե այն ժամանակվա առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն «այս պատվաստանյութով պարտադիր պատվաստման գաղտնի հրաման է տվել» և դա համարում էին ազգային անվտանգության խնդիր՝ թիրախավորելով ոչ միայն պատվաստումը, այլ, առհասարակ, իշխանություններին։ Հակապատվաստումային շարժումներն ինչպես, թերևս, ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առավել սրվեցին 2021-ին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ներդրված պատվաստումների ժամանակ։ Սակայն այս ժամանակ էլ թիրախում էին ոչ միայն պատվաստումները, այլ, առհասարակ, իշխանությունները։
Այնուամենայնիվ, Գայանե Սահակյանն ասում է, որ չնայած հակապատվաստումային զանազան արշավների, Հայաստանում պատվաստումները կարևորվում են, և նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ մանկական պատվաստումները բացասական ցուցանիշներ չեն գրանցել, մինչդեռ 100-ից ավել երկրներում 25-30 տոկոսով ցուցանիշի անկում էր գրանցվել։
«Ամբողջ աշխարհում եկել են այն եզրահանգման, որ պատվաuտումների միջոցով հնարավոր է կանխարգելել մի շարք վարակիչ հիվանդություններ»,- ասում է Սահակյանը։
Պաշտպանելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում: Պատվաստումների համաշխարհային ծածկույթը բարելավելու դեպքում հնարավոր է խուսափել ևս 1,5 միլիոն կյանքի կորստից:
Իմունականխարգելման ազգային ծրագրի համաձայն՝ Հայաստանում վերջին տարիներին դիտվում է մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2019-ին կազմել է 6,2 տոկոս, 2008-ի 10,8 տոկոսի դիմաց (1000 կենդանի ծնվածի հաշվով), ինչը կապվում է նաև Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ և վեցավալենտ, պնևմակոկային և ռոտավիրուսային պատվաստանյութերով: Բացի այդ, նշվում է, որ պնևմակոկային պատվաստանյութով պայմանավորված՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2,4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009-ի՝ 19,3-ից (100.000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013-ին հասնելով 7,9, 2014-ին` 4,4, 2019-ին՝ 2,02։ Պատվաստանյութի ներդրումը նաև նպաստել է մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում մենինգիտով հիվանդ երեխաների մինչև 25 տոկոսի մոտ կարող է արձանագրվել մահ, իսկ մինչև 35 տոկոսի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):
Ռոտավիրուսային պատվաստումների ներդրմամբ էլ մի քանի անգամ նվազել են այս վարակով հոսպիտալացումների մակարդակը՝ 2012-ի փետրվար-մարտին 52 տոկոս հոսպիտալացումից 2018-2019 թթ. փետրվար-մարտին հասնելով 6,5 տոկոսի: Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում՝ 2012-ին արձանագրվել է հոսպիտալացման 196 դեպք, 2019-ին` 11 դեպք:
Առաջիկա տարիների ռազմավարության գերակայության սահմանման մեջ նշվում է նաև պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղկի դեմ պատվաստումների փուլային ներդրման առաջնահերթության մասին՝ նպատակ ունենալով 2025-ին այն հասցնել 90 տոկոս ընդգրկվածության։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն առանձնացնում է նաև նախազորակոչային տարիքի պատվաստումները՝ նշելով, որ այս դեպքում պատվաստումների ցուցանիշն 96 տոկոսից երբեք չի իջել։
«Նախազորակոչային տարիքային խմբի ներկայացուցիչների պատվաստումները ևս շատ կարևոր են, քանի որ նրանք մեկնում են փակ համակարգ, որտեղ վարակի տարածումը շատ դյուրին է»,- ասում է Սահակյանը՝ հավելելով, որ պատվաստումների բարձր տոկոսի արդյունքում Զինված ուժերում կառավարվող վարակների դեպքեր նույնիսկ չեն արձանագրվում։
Բացի ազգային օրացույցում առկա պատվաստումները, երկրում իրականացվում է նաև համաճարակաբանության ցուցումով պատվաստումներ՝ օրինակ՝ կարմրուկի տեղային բռնկան ժամանակ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ։
Պատվաստումները հակացուցված են քիչ դեպքերում, օրինակ, երբ երեխաները փոքր քաշով են ծնված, կամ ջերմում են, սակայն նման դեպքերում էլ հակացուցումները ժամանակավոր են, հնարավորություն է տրվում պատվաստումը որոշ ժամանակով ընդամենը հետաձգել։ Պատվաստման դեմ հակացուցում է ծանր ալերգիկ հակազդեցությունը (անաֆիլաքսիա) պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ, ինչպես նաև իմունային խիստ անբավարարություն ունեցող անձանց (ՁԻԱՀ, քաղցկեղ ունեցողներ, քիմիաթերապիա և ռադիոթերապիա ստացողներ) դեպքում: Սակայն, համայնքում որքան շատ լինեն պատվաստված և հիվանդության նկատմամբ անընկալություն ունեցողները, այնքան ավելի պաշտպանված կլինեն նաև պատվաստումների հնարավորություն չունեցող խոցելի խմբերը։
Տետեք նաեւ
Առողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԴու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԵրբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր
Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read more