
Հունիս ամսին Հայաստանի անվտանգության պարունակում տեղի ունեցավ երկու զուգահեռ, բայց միաժամանակ միմյանց հակասող զարգացում. խաղաղության բանակցությունների աշխուժացմանը զուգահեռ մեծացավ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ծավալը թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Բանակցությունների գործընթացի աշխուժացումը, միևնույն ժամանակ, հարկ է դիտարկել կայունացման ուղղությամբ արևմուտքի ջանքերի պարունակում. գործընթացի նպատակն է` սանձել Բաքվի իրրեդենտիստական վարքագիծը և հնարավորություն տալ կառուցել ազատական խաղաղություն: Հաշվի առնելով Ալիևի վարչակարգի` ոչ ազատական խաղաղության կառուցման և հակամարտության բռնապետական կառավարման հակումները, արևմուտքի հովանու ներքո բանակցային ուղին (թե՛ ԱՄՆ և թե՛ ԵՄ-ի ղեկավարությամբ) անցանկալի վիճակի մեջ է դրել Բաքվին, քանի որ երկու բանակցային ուղղություններն էլ որպես պայման առաջադրում են մի բանաձև, որը նպաստում է կայուն և որակյալ խաղաղությանը` ի հակադրություն Ալիևի վարած հաղթողի խաղաղության: Հասկանալով, որ այս գործընթացում էլ ավելի է անկյուն քշվում ու անկարող է պարտադրել իր առավելապաշտական դիրքորոշումը, Բաքուն դիմել է կինետիկ դիվանագիտության և ռազմավարական ապակառուցողականության, որի նպատակը բանակցային գործընթացի փլուզումն է: Այսպիսով, հունիսի հակասությունն է` խաղաղության բանակցություններ՝ միջնորդված միջպետական բռնության ուժգնացմամբ։ Տարածաշրջանային փոխդասավորություններում Ալիևի ռազմավարական ապակառուցողականությունն աջակցություն է գտել Մոսկվայում. ռուս-ադրբեջանական առանցքը ջանասիրաբար աշխատել է` արևմուտքի կայունացման ջանքերը թուլացնելու նպատակով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը զգալիորեն հեռացել է բանակցային հարթակներից և լուրջ ձախողումների ու քաոսի առաջ կանգնել ուկրաինական ճակատում, տարածաշրջանային տերությունների համաստեղությունը փոխվել է. պոտյոմկինյան հեգեմոնն աջակցում է Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը: Այս զարգացումները և հատկապես Ռուսաստանում ապակայունացման վերաբերյալ մտահոգությունները բացատրելու համար Հայաստանը պետք է կատարի սցենարի (իրադարձությունների հաջորդականություն) և արտաքո կարգի իրավիճակների ծրագրում:
Հավաքական արևմուտքի մասնակցություն
Հունիսը սկսվեց արևմուտքի նախաձեռնած դիվանագիտական գործունեության եռուզեռով, մասնավորապես Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը և Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելը, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հանդես էր գալիս որպես միջնորդ: Փարիզը բանակցություններում հանդես եկավ արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների սահմանման վերաբերյալ կոշտ հայտարարությամբ, որին հաջորդեց Բաքվի ցասկոտ պատասխանը. Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրեց բանակցային գործընթացն աղավաղելու մեջ: Բանակցությունները փոխվարչապետերի մակարդակում շարունակվեցին Ռուսաստանում, եռակողմ ձևաչափով, և վերաբերում էին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Հունիսի 27-29-ը բանակցություններ անցկացվեցին Վաշինգտոնում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը մի քանի շաբաթ առաջ խնդրել էր հետաձգել նախապես ամրագրված հանդիպումը: Դրանք ներառում էին ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ ոչ միայն պետքարտուղար Բլինքենի, այլև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, Սպիտակ տանը: Ինչ վերաբերում է հանդիպումների պարունակին, եթե բարձր մակարդակով բանակցություններն ընթանում էին ըստ ԵՄ և ԱՄՆ բանակցային տրամաբանության, ապա ռուսական բանակցային ուղին համեմատաբար քիչ գործուն էր:
Այս զարգացումները զուգադիպեցին նրան, որ Հայաստանը նախապատվություն տվեց արևմուտքի հետ հետագա գործակցությանը, ինչն առնվազն թելադրված էր Ռուսաստանից Հայաստանի անջատումով: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` այս զարգացումներն անհրաժեշտ են Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետության համար. 1. Հայաստանի սահմանապահ ծառայությունների վերահսկողություն ամբողջությամբ Հայաստանի իրավապահ համակարգի կողմից (ի տարբերություն ռուսական ընտրողական վերահսկողության), 2) գիտակցում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, 3) խնդիրների չեզոքացում, որոնց բախվում է Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի (ոչ գործուն) անդամ, փոխարենը «բուռն աշխատանք մեր արևմտյան գործընկերների հետ»` անվտանգության ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու համար և 4) պաշտպանունակության բարձրացում` անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդման միջոցով: Տնտեսական անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումների շարք կազմակերպեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Առևտրի ու ֆինանսների նախարարությունների ղեկավարների միջև, որը կխորացնի երկկողմ համակարգումն ու գործակցությունը հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են արտահանման ավելացումը, միջազգային ֆինանսները և երկու երկրների դերը Եվրասիական և Միջին Արևելքի շուկաներում: Ամերիկայի ավելացող հետաքրքրությունը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու առումով է՛լ ավելի է ամրապնդում այս զարգացումները:
Եվրոպական ճակատում, Ֆրանսիան ընդունեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին` շեշտելով պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում և ֆրանսիական սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի հնարավորությունները: Այս հանդիպումը 2022-ի սեպտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի շարունակությունն էր, որի նպատակը ֆրանսիական զենքի ձեռքբերման գործընթաց սկսելն էր: Դիվանագիտական ճակատում նախագահ Մակրոնի ջանքերի, Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու և երկու երկրների պաշտպանության նախարարների ընդլայնվող փոխգործակցության շնորհիվ Ֆրանսիան դառնում է Հայաստանի նորաթուխ անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչ:
Եվրոպական Միությունը, մյուս կողմից, շարունակեց ընդլայնել փափուկ ուժի կարողությունները երկրում: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հայտարարեց Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացելու ծրագրերը, իսկ Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և Պաշտպանության ենթակոմիտեն (SEDE) փաստահավաք առաքելություն իրականացրեց սահմանամերձ շրջաններում, Լաչինի միջանցքի մոտակայքում: Ընդհանուր առմամբ, Եվրոպան ակտիվորեն դատապարտեց Ադրբեջանի շրջափակումը, մասնավորապես, Ջոզեֆ Բորելը քննադատեց Բաքվի «միակողմանի» գործողությունները, իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (PACE) կոշտ զեկույց տարածեց վերահաս մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Այս դատապարտող ելույթներն ավելի ուշ ամփոփեց SEDE-ի նախագահ Նատալի Լուազոնը` հիշատակելով «Ադրբեջանի ապօրինի շրջափակումը, Հայաստանի տարածքների բռնազավթումը և Արցախի բնակչության տառապանքները»:
Ռազմավարական ապակառուցողականություն
Արևմտյան տրամաբանությամբ բանակցային գործընթացներին և սահմանամերձ շրջաններում կայունությանն ուղղված Եվրոպայի գործողություններին զուգահեռ Ռուսաստանը շարունակում էր խարազանել եվրոպական նախաձեռնությունները, իսկ Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարը: Ավելի լայն ռազմավարական մակարդակում, ռազմավարական ապակառուցողական քաղաքականությունը համակարգում են Բաքուն և Մոսկվան. առաջինը դիմում է բռնության` կայունացման գործընթացը խաթարելու համար, երկրորդը ձգտում է օգտագործել իր նվազող տարածաշրջանային ազդեցությունը` արևմտյան ջանքերը խոչընդոտելու համար: Եվրոպական ներկայությունը որակելով որպես ապակայունացնող տարր` Ռուսաստանը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին «ստիպել է» ընդունել Բրյուսելի ներկայությունը` այդպիսով ԵՄ քաղաքացիական առաքելությունը որակելով որպես հակառուսական նախաձեռնություն, որը «թափանցիկ չէ», «երկմտելի է» և «բռնազավթող» ուժ է: Ռուսաստանի դիվանագիտական հարձակման պայմաններում Ադրբեջանը շարունակեց խոչընդոտել արևմուտքի կողմից կայունացմանն ուղղված ջանքերը` ավելացնելով հարձակումները թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի դեմ. առաջին գործողությունները նպատակ ունեն էլ ավելի մեծ արհավիրքի առաջ կանգնեցնել Հայաստանը, իսկ երկրորդը միտված է խաղաղության գործընթացը խափանելուն:
Ադրբեջանի ձեռնարկած ամենացցուն փորձը Երասխի վրա շարունակական հարձակումներն են, որոնց թիրախը, մասնավորապես, ամերիկյան բիզնես շահերի հետ համատեղ կառուցվող մետալուրգիական գործարանն է: Դա ուղեկցվեց գրեթե 28 օր հրադադարի ամենօրյա խախտումներով, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերի ուղղությամբ: Գործընթացը գագաթնակետին հասավ, երբ Ադրբեջանն առաձգական աշխարհագրության հիբրիդային կիրարկման տրամաբանությամբ փորձեց ադրբեջանական դրոշ տեղադրել Հակարի կամրջին` Հայաստանի սահմանին: Մտահոգիչ էր նաև գործընթացին ռուսական խաղաղապահ զորքերի և նրանց հրամանատարի մասնակցությունը, ինչը ենթադրում էր, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր: Դրանից հետո Բաքուն Հակարի կամրջի միջադեպի ձախողումն օգտագործեց` կամուրջը լիարժեք փակելն արդարացնելու համար` այդպիսով խաթարելով Հայաստանից Արցախ երթևեկությունը: Այնուհետև Ռուսաստանը քննադատեց Հայաստանին տեղի ունեցածի հետ կապված դժգոհության համար` վերահաստատելով իր աջակցությունը Բաքվին: Սա հանգեցրեց Ռուսաստանի հանցավոր անտարբերության և հակասական դիրքորոշման վերաբերյալ հայկական կողմի սուր քննադատության:
Մինչ Բաքուն շարունակում է սեղմել օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Ռուսաստանը պատրաստակամ անգործությամբ, բայց զգուշավորությամբ հավանություն է տալիս նրա գործողություններին` հրաժարվելով կատարել իր խաղաղապահ պարտավորությունները, միևնույն ժամանակ մեծ եռանդով հարձակվելով խաղաղության հաստատման արևմուտքի բոլոր ջանքերի վրա: Այս պարունակում, արևմուտքը փորձում է նախաձեռնել Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն և այդպիսով Ստեփանակերտին վերադարձնել գործողությունների ազատություն, ինչից զրկվել էր երկու տասնամյակ առաջ, ապա Ռուսաստանը կիրառում է ազդեցության բոլոր լծակները` գործընթացը խափանելու համար: Ապակառուցողական այս գործընթացում Ադրբեջանը բարձրացրեց խաղագումարը` ռուս խաղաղապահների աչքի առաջ իրականացնելով մի գործողություն, որի հետևանքով սպանվեց չորս արցախահայ, և արեց դա հենց այն օրը, երբ Վաշինգտոնում բանակցություններ էին ընթանում:
Պոտյոմկինյան հեգեմոնը և սցենարի ու արտաքո իրավիճակների ծրագրման անհրաժեշտությունը
Պրիգոժինի խռովության ընթացքում Ռուսաստանի ներքին զարգացումները խոր հուզումներ առաջացրին ամբողջ հետխորհրդային տարածքում, և 1990-ականների վերջից առաջին անգամ Ռուսաստանի շրջագծի քաղաքական առաջնորդները սկսեցին մտածել մի բանի հավանականության մասին, որը բնորոշ չէ Պուտինի վարչակարգին. անկայունություն: Թեև Ուկրաինայի հետ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում ռուսական հեգեմոնիայի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազել է, դա չի հանգեցրել հեգեմոնիայի փլուզման կամ ներքին անկայունության: Բայց Պուտինի կողմից Ռուսաստանում իշխանության յուրայնացումից ի վեր առաջին անգամ երկրում ներքին քաղաքական կարգը ցնցվեց ռազմական ուղղակի սպառնալիքից: Ավելին, այդ սպառնալիքի աղբյուրը չպատժվեց: Այս բեկման մանրամասները դեռևս պարզ չեն, բայց մի բան հստակ է. հովանավորչական համակարգը ճեղք է տվել, և դեռ հայտնի չէ, թե դա ինչպես կանդրադառնա համակարգի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2020-ին հաջորդած ժամանակահատվածը հստակ ցույց տվեց, որ երկիրը չի կարող հենվել Ռուսաստանի` որպես անվտանգության երաշխավորի վրա, սակայն հիմնական ենթադրությունը մնում է այն, որ թեև Ռուսաստանն այլևս Հայաստանի անվտանգության աղբյուրը չէ, դեռևս Հայաստանի մեծագույն տնտեսական շուկան է և, ավելին, տարածաշրջանի ամենակարևոր դերակատարը: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հայաստանի համար, արդյոք Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի ճաքերը կտարածվե՞ն, և Հայաստանն ինչպե՞ս կկարողանա զարգանալ ու պատրաստվել նմանօրինակ սցենարների: Անվտանգության ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սցենարի և արտաքո իրավիճակների ծրագրումը հզոր գործիք է, որի օգնությամբ փոքր երկրները պատրաստվում են հնարավոր ելքերին, որոնք կարող են ոչ սովորական ազդեցություն ունենալ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական էկոհամակարգերի վրա:
Սցենարի ծրագրումն առկա տվյալների, բովանդակության, վերլուծության, տեսաբանական մոտեցումների և եզրակացնելի վիճակագրության եռանկյունավորումն է, որի նպատակն է` ուրվագծել և գաղափար կազմել հնարավոր կամ հավանական ելքերի կամ ապագա հանգամանքների մասին: Այն նպատակ ունի սահմանափակել, մեղմել և բացատրել անորոշությունը: Սցենարի ծրագրումը փորձում է շտկել որոշումների կայացման գործընթացի երկու տարածված սխալ. փոփոխության թերկանխատեսում և գերկանխատեսում: Ապագա զարգացումներն ակնկալելու և այլընտրանքային ծրագրերն ու անկանխատեսելի ելքերը մեկտեղելուն զուգահեռ` այն նաև գնահատում է հավանականությունը և սահմանում, թե որ իրադարձություններն են պահանջում արագ արձագանք:
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում սրընթաց ու անսպասելի իրադարձություններ, որոնք ստեղծում են անկանխատեսելի և խիստ վտանգավոր միջավայր, ռազմավարական արդյունքը պահանջում է սցենարային թվացանցեր (matrices) և քաղաքական-անվտանգային ռիսկերի նվազեցման վերլուծություն:
Սցենարներ և արտաքո իրավիճակների ծրագրեր մշակելիս կիրառվում է մեթոդաբանական միջոցների լայն գործիքակազմ: Օրինակ, բովանդակության համակարգված վերլուծություն, առանձին դեպքերի ներքին գործընթացների ուսումնասիրություն, եռանկյունավորում և OSINT (բաց աղբյուրների հետախուզություն), որոնք կիրառվում են սցենարներ կառուցելու և սցենարի թվացանցերի համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու համար: Ավելին, միտումներ (միտումների խոր վերլուծություն) սահմանելու համար օգտագործվում են հավանականության լոգիտ-համակարգերը, հետընթացի բազմաչափ վերլուծություն, հարաբերակցության թվացանցեր, խաչաձև ներգործության վերլուծություն, կանխատեսումների համակարգում և ժամանակային վերլուծություն: Վերջապես, սցենարի թվացանցերի հիման վրա արտաքո իրավիճակների ելքերը մշակելու համար կիրառվում է ռիսկի և օգուտի, գեոռազմավարական և քաղաքական-անվտանգային ռիսկերի մեղմացման վերլուծություն: Քաղաքական և անվտանգային ոլորտներում ռիսկերի մեղմացման վերլուծությունն օգտվում է եռամակարդակ ռազմավարությունից. ռիսկի նվազեցում (նվազեցնել հավանականությունը, որ ռիսկը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա), ռիսկի մեկուսացում (առանձնացնել և բացառել հատուկ ռիսկերի ներգործությունը/հավանականությունը) և ռիսկի վերացում (համոզվել, որ ռիսկն այլևս չի սպառնում Հայաստանին):
Այս զեկույցի համար որպես վարժանք կմշակենք երկու սցենար` յուրաքանչյուրն իր արտաքո իրավիճակներում գործելու ծրագրով: Առաջին սցենարը կոչվում է «Ուկրաինայի վիետնամացում», երկրորդը` «Ռուսաստանի քայքայում և ներքաղաքական անկայունություն»:
Սցենար առաջին. Ուկրաինայի վիետնամացում
Այս սցենարում Ուկրաինայի հակահարձակումը չի հասնում նպատակին, իսկ Ռուսաստանն ամրանում է իր զավթած ուկրաինական տարածքներում: Շարունակվում է հյուծիչ պատերազմ, որի վարման հիմնական ձևը քաղաքային պայմաններում մղվող մարտերն են:
Ուկրաինայի ավելի լայն ռազմավարությունն ու արևմուտքից ստացած մեծ աջակցությունը նախատեսված են երկրի արդի մարտական հնարավորություններն ամրապնդելուն: Հաշվի առնելով կրակային ուժի և կարողությունների նախնական անհավասարությունը` ուկրաինական ուժերին սովորեցրել են վարել անհամաչափ ռազմական գործողություններ. այս սկզբունքն ընկած է քաղաքային պայմաններում մարտ վարելու հիմքում: Տվյալները ցույց են տալիս, որ նման դիմակայությունները ճնշելու փորձերը 85 տոկոսով ձախողվում են, ինչը վկայում է այն մասին, որ ռուսական զինուժը կբախվի բարդ խնդրի, եթե Ուկրաինայի վիետնամացումն իրականություն դառնա:
Ուկրաինացիները, որոնք ստանում են բնական աջակցություն, ինչպես նաև օտարերկրյա մարզում և ֆինանսավորում, շարունակում են հաջողությամբ դիմակայել` այդպիսով ապացուցելով քաղաքային պայմաններում մարտ վարելու հարատևությունը:
Առաջին սցենարի ելքերը
-
- Ապստամբական պատերազմը հանգեցնում է արյունալի բռնությունների` տևական ժամանակ երկարաձգելով հակամարտությունը: Ուկրաինական ապստամբությունն արևմուտքի աջակցությամբ կարող է տարիներ տևել, իսկ հավանականությունը, որ Ռուսաստանը կշարունակի հակամարտությունը, չափազանց դժվարանում է տնտեսական, պաշարային և ներքաղաքական փոփոխականների պատճառով:
- Ռուսաստանը սկսում է լիարժեք զորահավաք` կենդանի ուժի պահանջը լրացնելու համար, քանի որ ապստամբական պատերազմը պահանջում է զավթող ուժերի ներկայություն զավթված երկրի ռազմավարական տարածքներում և քաղաքացիական կենտրոններում:
- Ռուսաստանը նաև զորքեր է կանչում Սիրիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսեթիայից, Աբխազիայից և Հայաստանի Գյումրիի զորախմբից` կենդանի ուժի ավելացող կարիքները հոգալու համար:
- Ռուսական ռազմական կորուստների ու զոհերի թիվը շարունակում է չափազանց շատ լինել:
- Ուկրաինական քաղաքացիական կորուստների թիվը նույնպես ծայրահեղ բարձր է:
- Հյուծիչ պատերազմ, որը բացառում է Ուկրաինայի լիարժեք հաղթանակը, արևմուտքի դերակատարների համար նախընտրելի ելք է, և վատթարագույն սցենար` Ռուսաստանի ներքին կայունության համար:
Իրավիճակի լրջության գնահատում
Այս սցենարը վտանգի և անորոշության նվազագույն մակարդակ է ենթադրում Հայաստանի Հանրապետության համար: Հակամարտության շարունակությունը տարեցտարի նվազեցնում է վտանգի լրջությունը Հայաստանի համար, քանի որ ռուսական կարողության թուլացումը հանգեցնում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման: Այս միջավայրն էլ ավելի բարենպաստ է դեպի արևմուտք Հայաստանի կողմնորոշումը շարունակելու, ինչպես նաև Ռուսաստանի բռնապետական ուղեծրի ճեղքման համար: Իրավիճակի լրջության չափման միավորը ներառում է հետևյալ գործոնները.
ա) Ուկրաինայում իրավիճակի շարունակվող ճահճացումը սպառում է Ռուսաստանի ռազմական պաշարները` զենքի ձեռքբերման խնդիրներ ու մտահոգություններ առաջացնելով Հայաստանի համար, ինչը սակայն Հայաստանին հնարավորություն է տալիս զենք գնել միջազգային շուկայից և բարելավել իր կապերը:
բ) Ուկրաինայում տեղակայելու նպատակով ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը Գյումրիից, և հուսահատ դրության դեպքում` նաև Լեռնային Ղարաբաղից, Հայաստանին հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերակառուցել իր անվտանգության ճարտարապետությունը:
գ) Վիետնամի «ախտանիշով» տառապող Ռուսաստանը, վիճակագրորեն, մեծացնում է Ադրբեջանի ռևիզիոնիստական վարքագծի հավանականությունը Հարավային Կովկասում:
դ) Ադրբեջանի ագրեսիայի հավանականությունը զգալի ավելանում է:
ե) Ռուսական ազդեցության նվազմանը զուգահեռ արևմուտքը լրացնում է ուժային վակուումը` ներդնելով հակամարտության լուծման համակարգեր, որոնք բարենպաստ չեն Ադրբեջանի համար:
Արտաքո իրավիճակների ծրագիր առաջին սցենարի համար
Ռուս-ուկրաինական ճգնաժամի ելքերի փոխդասավորություններում Ուկրաինայի վիետնամացում սցենարը լավագույն ելքն է Հայաստանի Հանրապետության համար: Այս սցենարի հավանականությունը բարձր է, հետևաբար, Հայաստանի դեպքում վտանգի մակարդակը ցածր է: Հաշվի առնելով կառավարելի ռիսկերը, որոնց Հայաստանը բախվում է ըստ այս սցենարի, անհրաժեշտ է արտաքո իրավիճակների կառուցողական ծրագրում: Այս սցենարի ռիսկայնությունը ենթադրում է Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ Ռուսաստանի դերի նվազեցում, ռուսական զորքերի դուրս բերում (անորոշ մակարդակում) թե՛ Գյումրիից, թե՛, հավանաբար, Լեռնային Ղարաբաղից, և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ավելացման բարձր հավանականություն: Ռիսկ-օգուտ վերլուծության տեսանկյունից, Հայաստանը հայտնվում է հավասարակշռության վիճակում, իսկ Ադրբեջանն առավելապես օգուտի տիրույթում. Ադրբեջանի անվտանգության ճարտարապետությունը շատ քիչ կախվածություն ունի Ռուսաստանից, և բացարձակ զրո կախվածություն Հայաստանի հետ առնչվող ռիսկերի հաշվարկի տիրույթում: Այսպիսով, Ռուսաստանի ռազմական դժվարություններն Ուկրաինայում և հակամարտության վիետնամացման պատճառով պաշարների սպառումը սերտորեն կապված են ռուսական հեգեմոնիկ ներկայության թուլացման հետ: Ռուսական հեգեմոնիկ ազդեցության նվազումը որոշակի հարաբերակցության մեջ է Հայաստանի ժողովրդավարական ամրապնդման և դեպի արևմուտք շրջադարձի հետ:
Այս սցենարի դեպքում արտաքո իրավիճակների ծրագրումը կհանգեցնի հետևյալին.
- Ծրագրեր պահուստային ուժերի զորահավաքի համար կամ մեծ թվով պայմանագրային զինծառայողների համալրում` Գյումրին կամ Սյունիքը լքող ռուս զինվորականների բացը լրացնելու համար:
- Գործունակ պահուստային ուժերի պատրաստման և մարզման ծրագրեր, մասնավորապես տարածքային տեղայնացված պաշտպանական ուժերի ձևավորումը և կայացումը, որը կլրացնի և կաջակցի պրոֆեսիոնալ բանակին՝ Ադրբեջանի ձեռնարկած ներխուժման կամ ճգնաժամի դեպքում:
- Ապահով հաղորդակցության կապ հաստատել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ` հատկապես ճգնաժամային իրավիճակներում ուղիղ հաղորդակցության համար, սկսել արտաքո իրավիճակների համատեղ ծրագրերի մշակումը և նախաձեռնել անհապաղ աջակցություն խնդրելու համակարգերի ստեղծումն Ադրբեջանի կողմից նոր ճգնաժամի դեպքում:
- Ծրագիր մշակել ԵՄ գործընկերների հետ, որն անմիջապես կգործարկվի, եթե Ադրբեջանը սկսի մարտական գործողություններ: Ինչպես եվրոպացիների, այնպես էլ ամերիկացիների հետ մշակել նախապես և փոխադարձաբար համաձայնեցված արտաքո իրավիճակների ծրագրեր, գործողությունների շարք և համակարգման հաղորդակցման ձևեր, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի:
- Միացյալ Նահանգներից խնդրել և նախաձեռնել արտաքո իրավիճակների դեպքում դիվանագիտական և մարդասիրական աջակցություն: Սա ենթադրում է նախաձեռնողական մոտեցում, որը մշակվում է ԱՄՆ-ի ղեկավարությամբ, համապատասխանում է ԱՄՆ-ի առաջարկներին և համակարգվում է փոխադարձաբար ու անհապաղ Ադրբեջանի հարձակման դեպքում:
- Ձևակերպել գործողությունների ծրագրեր, սահմանափակումներ և չափանիշներ առ այն, թե ինչպես ստանձնել, բավարարել և արձագանքել Ռուսաստանի պահանջներին այս սցենարի դեպքում` առանց Ռուսաստանից օտարվելու, բայց նաև միջազգային հանրության աչքում Ռուսաստանի գործողությունների հետ փոխկապակցվելու:
- Հաշվի առնելով այս սցենարի երկարատև բնույթը, Ռուսաստանի ռազմական պաշարների սպառումն ու Ռուսաստանից շարունակաբար զենք ստանալու սահմանափակումները` Հայաստանը պետք է մշակի արտաքո իրավիճակներում գործողությունների գործուն ծրագրեր՝ այլընտրանքային աղբյուրներից սպառազինությունների զանգվածային գնումների համար:
- Առաջադեմ սպառազինությունների հավանական գնման ուղղությամբ բանակցություններ վարել Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Հունաստանի, Էստոնիայի և Իսրայելի հետ:
Ռիսկի նվազեցում առաջին սցենարի համար
Հայաստանի տարածքից ռուսական զորքերի մասնակի դուրսբերման ռիսկը դեռևս բավականաչափ բարձր է, եթե Ուկրաինայում ծավալվի ապստամբական պատերազմ: Այդ ռիսկը նվազագույնի հասցնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ներդնի պահուստային ուժերի ուսումնական ծրագրեր (պահուստային ուժերի գործուն վարժանքներ), ինչպես նաև ամրապնդի տարածքային տեղայնացված պաշտպանական ուժերը: Կամավորների վրա հենվելը, որոնք չունեն արդի պատերազմներ վարելու համար անհրաժեշտ պատրաստվածություն, չի կարող խելամիտ քաղաքականություն լինել: Թե՛ պահուստային ուժերը, թե՛ տարածքային գումարտակները պետք է վերապատրաստվեն ըստ գործունակ ուսումնական ծրագրերի: Ոչ գործուն ռազմական խմբավորումների այս երկու մակարդակը պետք է պատրաստ լինի լրացնել և աջակցել պրոֆեսիոնալ բանակին: Ընդհանուր առմամբ, Հայաստանի պահուստային ուժերն ու քաղաքացիական գումարտակներն արհեստավարժ դարձնելուն ուղղված արտաքո իրավիճակների ծրագրերը պետք է մշակվեն` որպես ռիսկի նվազեցման մոտեցում՝ ռուսական զորքի մասնակի դուրսբերման սցենարի դեպքում:
Ռիսկի մեկուսացում առաջին սցենարի համար
Քանի որ ռիսկերի մեկուսացումը ենթադրում է հատուկ ռիսկերի հավանականության մեղմացում կամ բացառում, որոնց Հայաստանը կարող է բախվել, և ըստ այս սցենարի՝ կարևորագույն ռիսկը, որը պետք է հասցեագրվի՝ Ադրբեջանի բռնության հետևանքով առաջացած սուր ճգնաժամի ընթացքում միջազգային հանրությանը դիմելու գործընթացն է: Այս սցենարի ռիսկերը կարելի է մեկուսացնել` արտաքո իրավիճակներում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կապի հուսալի ծրագրեր մշակելով: Նախաձեռնող հաղորդակցական քաղաքականության և համատեղ աշխատանքի արդյունքում մշակված գործողությունների ծրագրումը թույլ կտա ճգնաժամի ժամանակ մեկուսացնել միջազգային հանրությանը դիմելու կամ հաղորդակցվելու բարդացման ռիսկը: Արտաքո իրավիճակներում գործողությունների նախաձեռնողական ծրագիրը մեկուսացնում է այս ռիսկը` սահմանելով համակարգման մեխանիզմներ, դիվանագիտական ուղիներ և հավաքական գործողությունների երկուստեք համաձայնեցված հիմք, որը կկիրառվի ճգնաժամի դեպքում:
Ռիսկի վերացում առաջին սցենարի համար
Ըստ այս սցենարի` Ռուսաստանի համար տնտեսական հետևանքները կտրուկ աճում են` համեմատած այն տնտեսական ճգնաժամի հետ, որին այն սկսում է բախվել՝ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված միջազգային տնտեսական համակարգից լուսանցքայնացման հետևանքով: Այս սցենարի կարևորագույն հետևանքներից մեկը Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրական կարողությունների խիստ սահմանափակումներն են: Քանի որ ծանր արդյունաբերության կարևոր ձեռնարկություններ փակվում են դրամական միջոցների ու պաշարների սակավության պատճառով, իսկ դեպի Ռուսաստան մատակարարումների շղթաները փակ են պատժամիջոցների պատճառով, Հայաստանի համար խիստ ռիսկային է Ռուսաստանի զենքի հիմնական մատակարար լինելու անկարողությունը: Մասնավորապես, թեև վերջին երկու տարիներին Ռուսաստանը չի կարողացել հավուր պատշաճի կատարել Հայաստանի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, հարկ է արտաքո իրավիճակներում գործողությունների ծրագիր կազմելիս հաշվի առնել, որ առաջիկա մի քանի տարիներին այդ խնդիրն էլ ավելի կսրվի: Զենքի հասանելիությունը, Ադրբեջանից հետ չմնալու համար, սպառազինությունների բարդ համակարգերի գնումը և Հայաստանի զենքի պաշարների լրացումն առաջվա պես լրջագույն վտանգի տակ են: Այս ռիսկը վերացնելու համար Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկեր երկրների հետ` Հայաստանին անհրաժեշտ հատուկ զինատեսակներ գնելու ուղղությամբ` միևնույն ժամանակ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնց Ռուսաստանը բախվելու է դեռ երկար ժամանակ։ Հայաստանը նաև հարաբերություններ պետք է հաստատի տարբեր երկրների հետ՝ սպառազինության առաջադեմ համակարգեր ձեռք բերելու նպատակով: Առաջին դեպքում Հայաստանը պետք է մշակի գնման ծրագրեր և նախնական պայմանավորվածություններ հաստատի Սերբիայի, Հունաստանի, Էստոնիայի և Լիտվայի հետ: Ինչ վերաբերում է երկրորդին, Հայաստանը պետք է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերի Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իսրայելի հետ` առաջադեմ կամ գերարդիական սպառազինություններ գնելու նպատակով: Այս ռիսկն արմատապես վերացնելու համար Հայաստանը պետք է Ֆրանսիայի հետ պայմանավորվի առաջադեմ զինատեսակների գնման իրավունքների և պայմանների վերաբերյալ, ինչը զսպող ուժ կլինի ադրբեջանական սադրանքների դեմ: Ինչպես վարկ զենքի դիմաց ուկրաինական ծրագիրը Միացյալ Թագավորության հետ կամ 200 միլիոն դոլարի վարկը, որը Հայաստանը ստացել է Ռուսաստանից` «Իսկանդեր» հրթիռային համակարգը գնելու համար, Հայաստանը պետք է «վարկ զենքի դիմաց» ծրագրի շուրջ բանակցի Ֆրանսիայի հետ` ֆրանսիական արդի սպառազինություն ձեռք բերելու համար: Այն կծառայի որպես ռիսկերի վերացման համակարգ ընդդեմ ճգնաժամի, որում հայտնվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտը:
Սցենար երկու. Ռուսաստանի անկումն ու ներքաղաքական անկայունությունը
Այս սցենարով Ռուսաստանի ռազմական առաջխաղացումն ամբողջությամբ կանգ է առել, և վերանայված ռազմավարության «հյուծման փուլը» հանգեցրել է զանգվածային ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Արևմուտքի Ուկրաինայի զինումն ու աջակցությունը շեշտակի աճել է, արևմուտքի կողմից Ուկրաինայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ հյուծիչ պատերազմն Ուկրաինայի տեսանկյունից կայունացել է, միջազգային հանրության համակրանքն ուկրաինացիների նկատմամբ ավելացել է։ Ռուսաստանն առաջվա պես սահմանափակված է մի քանի բարեկամ պետություններով: Հնդկաստանը շարունակում է լուռ մնալ, իսկ Չինաստանը, ամերիկյան և եվրոպական տնտեսական սպառնալիքների պատճառով, դանդաղորեն հրաժարվում է աջակցել Ռուսաստանին։ Լճացման փուլն Ուկրաինային հնարավորություն է տալիս նախաձեռնել խոշոր հակահարձակում` օգտագործելով արևմուտքի տրամադրած նորագույն սպառազինությունը և ռուսական զորքերին ավելի խոր արևելք մղել: Պաշարների սպառման և հյուծման պատճառով ռուսական հակահարձակումը չի տալիս ցանկալի արդյունք: Այն վերածվում է լճացման պատերազմի, բայց ռուսական զորքերի մեծ կորուստներով: Տնտեսական պատժամիջոցների ավելացումը քայքայել է ռուսաստանյան տնտեսությունը, գնաճն ավելացել է ռուբլու անկման պատճառով, կենսամակարդակը վատթարացել է, անվտանգության համակարգը խստացրել է հասարակության հանդեպ վերահսկողությունը, համացանցային գրաքննությունն ավելացել է, գործում են հրեշավոր օրենքներ, իսկ քաղաքական տարակարծությունը ճնշվում է: Ինչպես ցույց են տալիս լայնածավալ հետազոտությունների արդյունքները, տնտեսական անկման և պետական բռնաճնշումների համադրությունը պարարտ հող է ստեղծում ներքին անկայունության համար: Այս պայմաններում մեծանում է ռազմական անհաջողությունների և զինված ուժերի վերնախավի ներսում մրցակցության հավանականությունը: Շարունակվող պատերազմը, մեծաթիվ զոհերը և հավաքական հանրային վախն ու անորոշությունը նպաստում են սոցիալական և քաղաքական քայքայմանը: Ըստ այս սցենարի` անկայունությունը սկսվում է ինչպես ներքևից վերև` հասարակության ներսում, այնպես էլ վերևից ներքև` իշխանական միջանցքներում: Ուժայինների (Սիլովիկի) և բանակի գեներալների միջև պառակտումը խորանում է, իսկ տնտեսական գերհարուստները հիասթափվում են ու սկսում ձևավորել իշխանական խմբակցություններ: Վերնախավի ներսում տարաձայնությունները թեժանում են նրանից, որ հանրությունը հասկանում է քաղաքական կարգի ճաքերը: Վերնախավերի միջև հակասությունները հանգեցնում են հանրային բողոքի պոռթկման:
Երկրորդ սցենարի ելքերը
- Իշխանության կենտրոնացումը Պուտինի վարչակարգում դանդաղ նոսրանում է, քանի որ հզոր ուժայիններն անցնում են թոշակի կամ հեռացվում աշխատանքից, իսկ պատերազմում անհաջողությունների համար փոխադարձ մեղադրանքները սրանում են։ Արդյունքում ձևավորում են խմբեր` որպես քավության նոխազ օգտագործվելուց իրենց պաշտպանելու համար:
- Օլիգարխները, որոնք պատերազմի պատճառով կրել են տնտեսական ծանր կորուստներ, վերանայում են իրենց շահերն ու ցրվում` աջակցելով ազդեցություն ունեցող տարբեր կենտրոնների:
- Ռուսաստանի Դաշնությունում տարածաշրջանային կենտրոնները նույնպես ցույց են տալիս Պուտինի վարչակարգից առանձնանալու նշաններ:
- Վերնախավի ներսում ավելի լայն ցնցումների և պետական ինստիտուտների հարաբերական անգործության պայմաններում, տևական ճնշումներից հետո ռուսական քաղաքացիական հասարակությունն արթնանում ու համախմբվում է։
Ամբողջ երկրում բռնկվում են հանրային բողոքի ինքնաբուխ գործողություններ, որոնք քաղաքացիական հասարակությունից անջատ են և պայմանավորված են տնտեսական խնդիրներով՝ առաջին հերթին աղքատությամբ և պաշարների սակավությամբ:
- Անվտանգության համակարգը ճկռում է ներքին վայրիվերումների և Ուկրաինայում լճացած պատերազմի միջև և ճնշումների տակ սկսում է դանդաղ քայքայվել:
- Քաղաքական գործիչները, հանրային պաշտոնյաները, մտավորականությունը և ազդեցիկ ու հայտնի մարդկանց մի մեծ խումբ սկսում է իր զայրույթն ու հիասթափությունը բարձրաձայնել իրադարձությունների շուրջ, ինչպես նաև հանդես գալ կառավարության դեմ:
- Կառավարությունը փորձում է վարել ազատականացման քաղաքականություն, որը ենթադրում է բարետեսական բարեփոխումներ` հասարակության պահանջները բավարարելու համար, միևնույն ժամանակ ձգտելով կլանել վերնախավի ներսում ճամբար փոխողներին: Այս երևույթը հայտնի է որպես «ընդլայնված բռնապետություն»:
- Հանրային բողոքի ցույցերն ավելանում են ծավալով և ուժգնությամբ, քանի որ կառավարությունն այլևս ի վիճակի չէ լուծել տնտեսական ճգնաժամը, իսկ պետության պաշարները պատերազմի հետևանքով դեռ սպառված են:
- Տարբեր քաղաքական խմբեր դիմում են ժողովրդին, հնչում են ղեկավարության փոփոխության, պատերազմի դադարեցման, նոր ընտրությունների և ռուսական հասարակության ընդհանուր փոփոխության կոչեր:
- Ինչպես 1990-ականներին, բայց քաղաքականացման շատ ավելի բարձր մակարդակում, Ռուսաստանը մտնում է այսպես կոչված «Խառնակ» (Սմուտայի) ժամանակաշրջանում:
Իրավիճակի լրջության գնահատում
Այս սցենարը միջին մակարդակի վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ կանխատեսում է քաղաքական վայրիվերումներ Ռուսաստանում և նույնիսկ վարչակարգի փոփոխության հավանականություն, բայց չի հանգեցնում ռուսական պետության, ռուսական բանակի կամ Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարողությունների քայքայման: Հավանականությունը, որ ռուսական պետությունը կքայքայվի, շարունակում է մնալ չափազանց ցածր, ուստի դուրս է մնում սցենարից: Սա է պատճառը, որ լրջության չափման միավորը գնահատում է ռիսկի տիրույթում տեղի ունեցող զարգացումները, որոնք բնորոշ են ներքին անկայունությանը, բայց ոչ ռուսական պետության անկմանը: Այս պարունակում Հայաստանի առաջ ծառացած ռիսկը կապակցված է երեք հիմնական ոլորտի.
ա) անորոշություն իշխանության նոր քաղաքական կենտրոնների ձևավորման և այն հարցում, թե արդյոք այս վերնախավը բարեհաճ կլինի կամ կաջակցի Հայաստանի շահերին,
բ) շարունակվող տնտեսական անկում ներքին անկայունության պատճառով և Հայաստանի վրա այդպիսի զարգացումների մնացորդային ազդեցություն,
գ) ներքին անկայունությամբ զբաղված լինելու պատճառով հստակության կամ հետևողական քաղաքականության բացակայություն Հարավային Կովկասում Ռուսաստանի անվտանգային պարտավորությունների առումով, ու թե ինչպես դա կազդի Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության վրա:
Արտաքո իրավիճակների ծրագրում երկրորդ սցենարի համար
Ըստ այս սցենարի` մեծագույն ռիսկը, որին բախվում է Հայաստանը, անորոշության աստիճանն է առ այն, թե ինչպես կծավալվեն Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ինչպես կազդեն դրանք Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի քաղաքականության վրա: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի դերը և Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար ռուսական շուկաների կարևորությունը, անմիջական ռիսկը շարունակում է մնալ հետևյալ երկու տիրույթում. ազդեցություն տարածաշրջանային անվտանգության վրա և ազդեցություն տնտեսության վրա: Եթե տնտեսական հետևանքները մեղմելու համար կարելի է մշակել արտաքո իրավիճակներում գործողությունների հուսալի ծրագրեր, ապա անվտանգային խնդիրները շատ ավելի խճճված են և պահանջում են իրավիճակների բազմամակարդակ ծրագրում: Հայաստանը պետք է արտաքո իրավիճակների ծրագիր մշակի` հաշվի առնելով Ռուսաստանի ներքաղաքական փոխդասավորությունները, և կանխատեսի մասնակցության, փոխազդեցության և փոխգործակցության որոշակի մակարդակ տարբեր խմբերի հետ, որոնք կպայքարեն իշխանության համար Ռուսաստանի ապակայունացած միջավայրում: Հավաքական առումով, արտաքո իրավիճակների ծրագրումն այս սցենարի դեպքում յուրօրինակ է, քանի որ Հայաստանը ոչ միայն պետք է մշակի տարբեր իրավիճակներում գործողությունների ծրագիր, որը հատուկ է իր անվտանգությանը, աշխարհաքաղաքական դիրքավորմանը և միջպետական հարաբերություններին, այլև կազմի արտաքո իրավիճակներում գործողությունների ծրագրեր` Ռուսաստանի ներքին զարգացումներում գործուն մասնակցության որոշակի մակարդակ ապահովելու համար: Ռիսկերը նվազեցնելու Հայաստանի կարողություններն ավելացնելու համար արտաքո իրավիճակների հստակ ձևակերպված ծրագրերում պետք է դիտարկել հետևյալ գործոնները.
- Ռուսաստանի ներքին անկայունության ազդեցությունը և ներգործությունը Եվրասիական տնտեսական միության, Հայաստանի տնտեսության և այն բանի վրա, թե Հայաստանն ու հայկական շահն ինչպես կհամակցվեն Ռուսաստանի տնտեսական իշխանության փոփոխվող գործիչների հետ:
- ռուսական զինված ուժերի ղեկավարության փոփոխություն և այդ նոր ղեկավարության հետ ներքին կապ և ներանձնային հարաբերություններ ձևավորելու վերաբերյալ արտաքո իրավիճակների ծրագրում:
- ռուսական անվտանգության համակարգի ղեկավարության փոփոխություն և այդ նոր ղեկավարության հետ ներքին կապ և ներանձնային հարաբերություններ ձևավորելու վերաբերյալ արտաքո իրավիճակների ծրագրում։
- առաջատար հասարակական ուժերի ճանաչում, որոնք պայքարում են քաղաքական առաջնորդության համար, և ներքին կապի ու աշխատանքային հարաբերությունների ձևավորում յուրաքանչյուրի հետ առանձին:
- պաշտոնական դիվանագիտական չեզոքության հաստատում, բայց արտաքո գործողությունների ծրագրի մշակում այն դերակատարների կամ խմբերի համար, որոնք բարենպաստ են Հայաստանի համար, և ուղղակի կամ ոչ ռիսկային աջակցություն ապահովել այդ գործող անձանց/խմբերին:
Ռիսկի նվազեցում երկրորդ սցենարի համար
Քանի որ այս սցենարը ստեղծում է խիստ փոփոխական միջավայր, որտեղ գործոններն ու փոփոխականները երբեք նույնը չեն մնում, ռիսկերի նվազեցումը ծրագրելիս պետք է հաշվի առնել զարգացումների, ինչպես նաև ներգրավված անձանց անկայուն բնույթը: Որպեսզի նվազեցնենք հնարավոր ռիսկերը, որ քաղաքականապես անկայուն Ռուսաստանը կարող է ներկայացնել հայկական շահերին, և մեկուսացնենք անցանկալի ազդեցությունները, արտաքո իրավիճակների հայկական ծրագիրը պետք է ձևակերպի չնախատեսված իրավիճակներում գործողությունների շատ նախաձեռնողական ծրագիր, որը պահանջում է ուղղակի, բայց ոչ պաշտոնական մասնակցություն: Քաղաքական տնտեսության ոլորտում ռիսկերը նվազեցնելու համար Հայաստանը պետք է մշակի արտաքո իրավիճակներում գործողությունների ծրագիր` ուղղակի, թեպետ ոչ պաշտոնական կապեր և հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի ներսում տնտեսական ոլորտի գործող անձանց և տնտեսական իշխանության կենտրոնների հետ: Այս պարունակում, եթե մի կողմ դնենք պաշտոնական և կայացած հարաբերությունները, անկայունության և ռիսկի պայմաններում Հայաստանը պետք է ձևավորի հուսալի համակարգեր` պաշտոնական կառույցներից դուրս գործող անձանց հետ փոխգործակցելու համար: Ներքին կապի, անուղղակի մասնակցության և փոխշահավետ փոխազդեցությունների ձևավորումը որոշիչ նշանակություն ունի Հայաստանի դիրքերի ամրապնդման համար Ռուսաստանի տնտեսական ոլորտի զանազան գործող անձանց շրջանում: Այսպիսի փոխազդեցությունների ձևավորումն ու զարգացումը կնվազեցնեն ոչ բարենպաստ ազդեցության ռիսկը, եթե անորոշության և ապակայունության մակարդակը բարձրանա:
Ռիսկի մեկուսացում երկրորդ սցենարի համար
Ամենակարևոր ռիսկը, որը հարկ է մեկուսացնել, վերաբերում է Ռուսաստանի ռազմական և անվտանգային համակարգի ղեկավարության հնարավոր փոփոխություններին կամ տեղաշարժերին: Որպեսզի այդ հավանականությունը բացասաբար չազդի Հայաստանի և մասնավորապես Հայաստանի անվտանգության ճարտարապետության վրա, պետք է կազմել արտաքո իրավիճակների բազմաշերտ ծրագրեր, որոնք Հայաստանին կտրամադրեն հնարավորությունների և գործողությունների լայն շրջանակ, որպեսզի ռիսկերը չհասնեն կորուստների տիրույթ: Անհրաժեշտ է մշակել արտաքո իրավիճակներում գործողությունների քառաստիճան ծրագիր, որը մեկուսացնում է Ռուսաստանի ռազմական և անվտանգային համակարգերի ղեկավար կազմի հնարավոր փոփոխությունների ռիսկը.
ա) քաղաքական ճգնաժամերի ընթացքում հաղորդակցության ուղղակի և բազմակողմանի կապի հաստատում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ղեկավարությունների միջև, փոխհամաձայնեցված ծրագրի դիտարկում Ռուսաստանի ղեկավարության անսպասելի փոփոխության դեպքում:
բ) անուղղակի և ոչ պաշտոնական հաղորդակցության հաստատում Հայաստանի քաղաքական և Ռուսաստանի ռազմական ղեկավարությունների միջև: Պետք է քննարկել արտաքո իրավիճակներում փոխհամաձայնեցված գործողության ծրագիր Ռուսաստանի ղեկավարության անսպասելի փոփոխությունների դեպքում և վերահաստատել երկկողմ պատրաստակամություն Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը չխաթարելու վերաբերյալ:
գ) ուղիղ և բազմակողմանի հաղորդակցության հաստատում Հայաստանի անվտանգության համակարգի (ԱԱԾ և Անվտանգության խորհուրդ) և Ռուսաստանի անվտանգության համակարգի ղեկավարության միջև քաղաքական ճգնաժամի ընթացքում, արտաքո իրավիճակներում գործողությունների փոխհամաձայնեցված ծրագրերի դիտարկում Ռուսաստանի ղեկավարության անսպասելի փոփոխության դեպքում:
դ) անուղղակի և ոչ պաշտոնական հաղորդակցության հաստատում Հայաստանի քաղաքական ղեկավարության և Ռուսաստանի անվտանգության համակարգի ղեկավարության միջև: Արտաքո իրավիճակներում գործողությունների փոխհամաձայնեցված արձանագրություններ պետք է քննարկել Ռուսաստանի ղեկավարության անսպասելի փոփոխության դեպքում:
Ռիսկի վերացում երկրորդ սցենարի համար
Այս սցենարում ռիսկ-օգուտ վերլուծության տրամաբանությամբ կորուստների հավանականությունը համեմատաբար նվազ է, իսկ օգուտների հավանականությունը, ըստ վիճակագրության, ավելի բարձր: Այսպիսով, ռիսկի կանխարգելման հնարավորությունը դեռևս բարձր է, և այս տիրույթում կարևորագույն նպատակն է` արժանանալ հավանական առաջատար խմբերի/գործող անձանց աջակցությանը, որոնք կարող են իշխանության գալ: Այս պարունակում, քանի որ ամենաբարձր ռիսկը քաղաքական կապիտալի կորուստն է Ռուսաստանի ներկա կամ փոփոխվող քաղաքական ղեկավարության պայմաններում, այդ ռիսկերը վերացնելու համար պետք է մշակել արտաքո գործողությունների ծրագրեր: Այդպիսի ռիսկերի վերացման համակարգերը ենթադրում են արտաքո իրավիճակներում գործողությունների երկմակարդակ ծրագիր.
ա) Ռուսաստանում քաղաքական իշխանության համար պայքարող առաջատար հասարակական ուժերի, այդ խմբերի նպատակների և քաղաքական դիրքորոշումների ամուր և խիստ գիտական ընկալում, յուրաքանչյուր խմբի շահերի համաձայնեցում Հայաստանի շահերի հետ:
բ) Հարմարեցված և հատուկ համակարգերի ստեղծում` խմբերից յուրաքանչյուրին հետադարձ կապի և անուղղակի հաղորդակցության միջոցով ներգրավելու համար, ինչպես նաև մշակել Հայաստանի համար բարենպաստ անձանց/խմբերին համապատասխան արտաքո գործողությունների ծրագրեր, և ոչ ռիսկային բնույթի աջակցություն տրամադրել այս անձանց/խմբերին:
Եզրակացություն
Ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ Հայաստանի ռիսկայնությունը հարաբերականորեն նվազել է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի ներքին անկայունությամբ: Անվտանգության ոլորտում Հայաստանի անջատումը Ռուսաստանից և դեպի արևմուտք կողմնորոշումն ինչ-որ չափով զերծ են պահել Հայաստանը հնարավոր վնասակար հետևանքներից, որոնք հակառակ դեպքում շատ լուրջ կլինեին, եթե Հայաստանն ավելի մեծ կախում ունենար Ռուսաստանից: Այս առումով, սցենարի և արտաքո իրավիճակների ծրագրումն առաջարկում է ռազմավարական նախաձեռնությունների, քաղաքական ըմբռնումների լայն ընտրություն և առավել բազմակողմանի պատկերացում այն մասին, թե ինչպես երկիրը, հատկապես խոցելի երկիրը պաշտպանել կողմնակի վնասից, որը բխում է տարածաշրջանային հեգեմոնի թուլացումից կամ անկումից: Ավելին, հաշվի առնելով բարձր ռիսկայնության ու ավելի բարձր կախվածության հարաբերությունը, հարկ է նշել, որ որքան Հայաստանը քիչ է կախված Ռուսաստանից, այսինքն` որքան շատ է հաջողվում խուսափել Ռուսաստանից կախվածության համակարգից, այնքան քիչ ռիսկերի կբախվի Ռուսաստանում քաոսի և անկայունության դեպքում: Ուստի, քանի որ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունն ուղղված է կայունությանն ու փոքր պետության անվտանգությանը, սցենարի ու արտաքո իրավիճակների ծրագրումը պետք է լինի առաջնահերթություն: Թեպետ տարածաշրջանի իրադարձությունների մեծ մասը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից, համենայն դեպս, Հայաստանն ի վիճակի կլինի ավելի լավ պատրաստվել անորոշությանը։
Տեսեք նաեւ
Անվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց․ ապրիլ 2023
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Read moreԱնվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read moreԱնվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԱնվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԱնվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreԱնվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read moreԱյլ հոդվածներ
Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read moreՄաս 2. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։
Read moreՄաս 3. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:
Read moreԽաղաղությունը տապալող խաղաղություն
Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս, գրում է Շիլա Փայլանը՝ քննելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խութերը։
Read moreԼեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը սրում է տարածաշրջանային անկայունությունը
Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը, գրում է արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Read moreՌազմավարական համարձակություն` ի հեճուկս Բաքվի ապակառուցողականության
Բաքուն չի ցանկանում անաչառ խաղաղություն, Արևմուտքը պայքարում է բանակցություններն առաջ տանելու համար, իսկ Մոսկվան նախընտրում է սառեցնել գործընթացը, որպեսզի ստեղծի մի նոր, վերահսկելի ստատուս քվո: Երևանը պետք է ուժեղացնի իր սակարկությունների կարողությունները՝ ներգրավվելով անհամաչափ ագրեսիվ սակարկությունների մեջ:
Read moreՍեփական շահերին և ուժերին ապավինմանը, ինքնավստահությանն ու համախմբմանն այլընտրանք չունենք
Խաղաղության հետամուտ լինելը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն անկեղծ է: Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին առավել քան համոզիչ չէ։ Միակողմ խաղաղությունն անկայուն է և փխրուն։ Այն չի աշխատի, եթե ձեռք բերվի ի հաշիվ մեզ։
Read moreԻնչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛
Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
Read moreԼեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read moreԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Read more