
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, հարկ է դիտարկել մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը (Նախիջևան, Հարավային Օսեթիա, Հյուսիսային Կիպրոս, Բոսնիա և Հերցեգովինա, Արևելյան Թիմոր և Կոսովո): Անշուշտ, հարկ է հիշել, որ ամբողջությամբ նույնական հակամարտություններ չկան. յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ բնութագիրը: Զուգահեռներ անցկացնելու նպատակն է` հասկանալ յուրաքանչյուր սցենարի հիմքում ընկած գործոնները, կանխատեսել հնարավոր արդյունքները, դասեր քաղել փորձից ու որդեգրել լավագույն պրակտիկան: Բացի այդ, չնայած միջազգային կարգի խարխլմանն ու աշխարհաքաղաքական խմորումներին, հատկապես 2020-ի Արցախյան պատերազմի և Ուկրաինայում շարունակվող պատերազմի իրողությունների ներքո, դեռևս հնարավորություն կա, որ ներգրավված կողմերն ու դերակատարները` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Արևմուտքն ու միջազգային կազմակերպությունները, ընտրություն կատարեն տարբեր սցենարների կամ դրանց բաղադրիչների միջև: Հետագա զարգացումները նաև կախված կլինեն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի կամքից, դիմակայունությունից, ճկունությունից և իմաստությունից:
Նախիջևան
Որոշ հայ վերլուծաբանների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում կրկնվելու է Նախիջևանի` Ադրբեջանի էքսկլավի սցենարը: 20-րդ դարասկզբին տարբեր ժամանակներում Նախիջևանը հայտնվել է ցարականների, օսմանների, բրիտանացիների և բոլշևիկների վերահսկողության ներքո: Շրջանը բնակեցված էր հայերով և ադրբեջանցիներով (մինչ Սովետական Միության կազմավորումը վերջիններիս անվանում էին կովկասցի թաթարներ), իսկ 1918-1920 թվականներին` անկախության շրջանում, կռվախնձոր էր հայերի ու ադրբեջանցիների համար: 1919-ին ադրբեջանցիները հայերի ջարդեր իրականացրին Նախիջևանի Ագուլիս քաղաքում: Բրիտանացիներն ու բոլշևիկները Նախիջևանը, որը ցարական շրջանում եղել էր Էրիվանի նահանգի մաս, խոստացել էին Հայաստանին, բայց 1921-ի բոլշևիկ-քեմալական խաղաղության պայմանագրի շրջանակներում Լենինն այն հռչակեց Ադրբեջանի ԽՍՀ-ի մաս: Խորհրդային շրջանում հայերն աստիճանաբար հեռացան տարածքից, իսկ վերջին ներկայացուցիչներին վտարեցին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում: 21-րդ դարասկզբին բացահայտվեց, որ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող տասնյակ հազարավոր խաչքարեր Ջուլֆայի հայկական գերեզմանոցում, ինչը մշակութային ցեղասպանության ակտ է:
Եթե տասնիններորդ դարավերջից սկսած Նախիջևանում հայերը կազմում էին բնակչության գրեթե կեսը, Լեռնային Ղարաբաղում նրանք մշտապես գերակշռող մեծամասնություն են եղել, նույնիսկ խորհրդային շրջանում Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում անկացրած 70 տարիներից հետո: Ի տարբերություն դրա, հայերը Նախիջևանը լքել են խորհրդային շրջանի ամբողջ ընթացքում, ճնշման զանազան ձևերի ներքո: Խորհրդային Միությունը փակ երկիր էր, որը չէր միացել 1948-ի Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրին: Սակայն, եթե հակամարտության լուծման ուղղությամբ երեսուն տարի տևած բանակցություններից հետո, հայերը նույն կերպ հարկադրված լինեն լքել Լեռնային Ղարաբաղը 2020-ականներին, դա կլինի միջազգային հանրության` արդի ժամանակներում մարդու իրավունքները պաշտպանելու անընդունակության ամոթալի վկայություն և ՄԱԿ-ի «Պաշտպանության պատասխանատվության» սկզբունքի չկատարման ևս մեկ դրսևորում:
Հարավային Օսեթիա
Հարավային Օսեթիայի ինքնավար մարզն իր խառը բնակչությամբ 1922-ին ստեղծվել է խորհրդային իշխանությունների կողմից Վրաստանի ԽՍՀ-ում, իսկ Հյուսիսային Օսեթիան Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Քանի որ այն ստեղծվել է 1921-ի ռուսական ներխուժումից հետո, վրացիները Հարավային Օսեթիան համարել են արհեստական միավորում: Խորհրդային շրջանում Հարավային Օսեթիայի ինքնավար մարզի վրացական և օսեթական համայնքները 1918-1920 թվականների հակամարտությունից հետո գերազանցապես խաղաղ են ապրել: Լարվածությունը տարածաշրջանում վերսկսվեց 1989-ին, երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը: 1991-ին Հարավային Օսեթիան անկախություն հռչակեց Վրաստանի ԽՍՀ-ից: Վրաստանի կառավարությունն արձագանքեց Հարավային Օսեթիայի ինքնավարության չեղարկմամբ և փորձեց ուժով վերահսկողություն վերահաստատել տարածաշրջանում: Սրվող ճգնաժամը հանգեցրեց 1991-1992 թվականների Հարավային Օսեթիայի պատերազմին, ինչին հաջորդեցին 2004-ի ճգնաժամն ու 2008-ի ռուս-վրացական պատերազմը, որի ընթացքում օսեթական և ռուսական ուժերը լիարժեք փաստացի վերահսկողության տակ վերցրին նախկին Հարավային Օսեթիայի ինքնավար մարզի տարածքը: Վրաստանի և միջազգային հանրության մեծ մասի կարծիքով` ռուսական զինված ուժերն օկուպացրել են Հարավային Օսեթիան: Հարավային Օսեթիան, որի բնակչությունը կազմում է շուրջ 50․000 մարդ, մեծապես կախված է Ռուսաստանից ստացվող ռազմական, քաղաքական և ֆինանսական օգնությունից: 2008-ից ի վեր Հարավային Օսեթիայի կառավարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու իր մտադրության մասին: 2016-ին առաջարկվել է հանրաքվե անցկացնել այդ հարցի վերաբերյալ, բայց այն հետաձգվել է: 2022-ի մարտի 30-ին Հարավային Օսեթիան հայտարարեց մոտ ապագայում իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին:
Ադրբեջանն ու նրա լոբբիստական շրջանակները մշտապես ձգտում են զուգահեռներ տանել Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև, ինչին ժամանակ առ ժամանակ արձագանքում են վրացիներն ու արցախահայերը: Լեռնային Ղարաբաղը որպես ռուսական ֆորպոստ ներկայացնելը տեղին չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման շարժումը ծնվել է ներսում և ստացել է Հայաստանի աջակցությունը, ի տարբերություն Հարավային Օսեթիայի, որտեղ մեծ է եղել Ռուսաստանի ազդեցությունը: Մոսկվայում խորհրդային իշխանությունները մերժեցին Լեռնային Ղարաբաղին անկախություն շնորհելու կամ Հայաստանի հետ միավորումը թույլատրելու խնդրանքները: Խորհրդային Ռուսաստանի զորքերն ադրբեջանցիներին օգնում էին մի շարք ռազմական գործողություններում և հայերի ջարդերում, ինչպես օրինակ՝ «Կոլցո» գործողությունը 1991-ին և Մարաղայի ցեղասպանությունը 1992-ին: Երկու կողմից էլ կռվում էին ռուս զինվորականներ և կամավորականներ, իսկ ադրբեջանցիների կողմից` նաև չեչեններ: 1990-ականներից մինչև 2020-ը` Լեռնային Ղարաբաղի երկու լայնամասշտաբ պատերազմների միջև, Լեռնային Ղարաբաղում ռուսական ազդեցություն չի եղել: Բացի այդ, հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր:
Եթե որևէ ներգրավված կողմ նպատակ ունի հայկական իշխանություններին համոզել ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ռուսական խաղաղապահ ուժերը հեռացնելու նպատակով և առանց դրանց փոխարեն միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայման, ապա դա կհանգեցնի հակառակ արդյունքի: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը միայն կհանգեցնի նրան, որ արցախահայերն առաջվանից ավելի շատ հույսեր կկապեն ռուս խաղաղապահների հետ, որոնք կամրապնդեն իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում: 2020-ի պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում անվտանգության միակ երաշխավորը դարձել է Ռուսաստանը, հակամարտությունը սկսել է նմանվել Հարավային Օսեթիային: Եթե Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի հայերը հայկական անձնագրեր չունենան և Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, ամենայն հավանականությամբ, նրանք փոխարենը կստանան ռուսական անձնագրեր: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հավանական ճանաչման մասին Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում Ռուսաստանին միանալու խնդրանքի կոչեր հնչեցին, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը: Թեև դա կխորացնի արցախահայերի ստիգմատիզացիան, դրա այլընտրանքն արդեն իսկ դրսևորվել է էթնիկ բնաջնջման և համակարգված ճնշումների տեսքով, որոնց նպատակը նրանց հարկադրված տեղահանությունն է: Միաժամանակ, դրա հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կկանգնի անհնարին երկընտրանքի առաջ` կրճատել Ռուսաստանից իր կախվածությունը կամ հրաժարվել արցախահայերից, ինչն արտացոլված է 2022-ի ապրիլի 19-20-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում ստորագրված հռչակագրում և այլ փաստաթղթերում: Համենայն դեպս, մոտ ապագայում Ադրբեջանը նույնպես կախվածության մեջ կլինի Ռուսաստանից, ինչն արտացոլված է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրում:
Հյուսիսային Կիպրոս
Կիպրոսը Միացյալ Թագավորության կառավարմանը հանձնվեց 1878-ի Կիպրոսի կոնվենցիայի հիման վրա և 1914-ին պաշտոնապես բռնակցվեց Միացյալ Թագավորությանը: Կղզու ապագան կռվախնձոր դարձավ երկու խոշոր էթնիկ համայնքների` հույների և թուրք-կիպրոսցիների միջև, որոնք 1960-ին կազմում էին բնակչության համապատասխանաբար 77 և 18%-ը: 19-րդ դարից սկսած` հույն-կիպրոսցի բնակչությունը հետամուտ էր «էնոզիսին», այսինքն` Հունաստանի հետ միության գաղափարին, որը 1950-ականներին հունական ազգային քաղաքականություն դարձավ: Կիպրոսի թուրքական բնակչությունն ի սկզբանե հանդես էր գալիս բրիտանական կառավարման պահպանման օգտին, իսկ հետո պահանջեց կղզու բռնակցում Թուրքիային: 1950-ականներին Թուրքիայի աջակցությամբ նրանք վարում էին «թակսիմի» քաղաքականություն, այսինքն` Կիպրոսի անջատում և հյուսիսում թուրքական միավորի ստեղծում: 1950-ականների բռնության ալիքից հետո 1960-ին Կիպրոսին անկախություն շնորհվեց: 1963-1964 թվականների ճգնաժամը հանգեցրեց երկու համայնքների միջև հետագա միջհամայնքային բախումների, ավելի քան 25․000 թուրք կիպրոսցիների տեղահանման և անկլավներում բնակեցման` այդպիսով վերջ դնելով հանրապետությունում թուրք կիպրոսցիների ներկայացվածությանը: 1964-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 186 բանաձևի հիման վրա Կիպրոսում ստեղծվեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժ (UNFICYP)` հույն կիպրոսցիների և թուրք կիպրոսցիների միջհամայնքային բռնությանը հաջորդած մարտական գործողությունների կրկնությունը կանխելու, իրավունքի գերակայության վերականգնմանն ու պահպանմանը և կյանքի բնականոն պայմաններին վերադարձը նպաստելու համար:
1974-ին հույն կիպրոսցի ազգայնականներն ու հունական ռազմական խունտայի ներկայացուցիչները պետական հեղաշրջում իրականացրին էնոզիսի հասնելու նպատակով: Այս գործողությունն արագացրեց թուրքերի ներխուժումը Կիպրոս, որը հանգեցրեց Հյուսիսային Կիպրոսի ժամանակակից տարածքի գրավմանը և թե՛ հույն կիպրոսցիների, թե՛ թուրք կիպրոսցիների տեղահանմանը: 1983-ին միակողմանի հռչակագրով հյուսիսում ստեղծվեց թուրք-կիպրական առանձին պետություն, որը ճանաչվել է միայն Թուրքիայի և լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Կիպրոսի Հանրապետությունը դեռևս իրավական առումով ինքնիշխան է և իրավասություն ունի ամբողջ կղզու, ինչպես նաև շրջակա ջրերի ու բացառիկ տնտեսական գոտու (EEZ) նկատմամբ, բացառությամբ Ակրոտիրի և Դեկելիա ինքնավար ավազանի տարածքների, որոնք Լոնդոնի և Ցյուրիխի համաձայնագրերով մնում են Միացյալ Թագավորության հսկողության ներքո: Սակայն Կիպրոսի Հանրապետությունը փաստացի բաժանված է երկու հիմնական մասի` Հանրապետության իրական վերահսկողության տակ գտնվող տարածք, որը տեղակայված է հարավում ու արևմուտքում, և զբաղեցնում է կղզու տարածքի մոտ 59%-ը, և հյուսիսը, որը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (TRNC) վերահսկողության ներքո է, զբաղեցնում է կղզու 36%-ը, և միջազգային հանրության կարծիքով` ապօրինաբար զավթված է թուրքական ուժերի կողմից: Կղզու տարածքի մյուս գրեթե 4%-ը զբաղեցնում է ՄԱԿ-ի բուֆերային գոտին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի սկզբանե UNFICYP-ն հիմնել է 1964-ին` հույն-կիպրական և թուրք-կիպրական համայնքների միջև հետագա զինված բախումները կանխարգելելու նպատակով: 1974-ի պատերազմական գործողություններից հետո Անվտանգության Խորհուրդը UNFICYP-ին լիազորել է իրականացնել որոշ լրացուցիչ գործառույթներ: Քանի որ կիպրական խնդիրը քաղաքական կարգավորում չի ստացել, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը շարունակում է մնալ կղզում` հրադադարի շփման գիծը մշտադիտարկելու, բուֆերային գոտին պահպանելու, մարդասիրական գործունեություն իրականացնելու և Գլխավոր քարտուղարի Բարի կամքի առաքելությանն աջակցելու համար:
Բոսնիա և Հերցեգովինա
Բոսնիա և Հերցեգովինան լիարժեք հանրապետության կարգավիճակ ստացավ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1992-ի փետրվարի 29-ին հանրապետությունը, որը բնակեցված էր մուսուլման բոսնիացիներով (44%), ուղղափառ սերբերով (32.5%) և գերազանցապես կաթոլիկ խորվաթներով (17%), անկախության հանրաքվե անցկացրեց: Բոսնիացի սերբերի քաղաքական ներկայացուցիչները բոյկոտի ենթարկեցին հանրաքվեն և չընդունեցին դրա արդյունքները, ինչին հաջորդեց Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Սահմանադրության ընդունումը Սերբական ժողովրդական ասամբլեայի կողմից: Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակագրից հետո, որը ճանաչվեց միջազգային հանրության կողմից, բոսնիացի սերբերը, Ռադովան Կարաջիչի առաջնորդությամբ, Սլոբոդան Միլոշևիչի ղեկավարած Հարավսլավիայի կառավարության և Հարավսլավիայի Ժողովրդական բանակի աջակցությամբ, համախմբեցին իրենց ուժերը Բոսնիա և Հերցեգովինայում` էթնիկ սերբերի տարածքը պաշտպանելու նպատակով, և շուտով պատերազմը տարածվեց ամբողջ երկրում: Խորվաթների և բոսնիացիների միջև լարվածությունը սրվեց 1992-ի վերջին` 1993-ին հանգեցնելով խորվաթա-բոսնիական պատերազմի էսկալացիայի: 1992-ին Բոսնիա և Հերցեգովինայում ՄԱԿ-ի Պաշտպանական ուժեր (UNPROFOR) տեղակայվեցին, որոնք 1995-ին փոխարինվեցին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաքելություններով: Բոսնիայի պատերազմին հատուկ էին պատերազմական հանցագործությունները, այդ թվում Սարաևոյի պաշարումն ու Սրեբրենիցայի սպանդը, որոնք հիմնականում կատարում էին սերբական և ավելի քիչ` խորվաթական և բոսնիական ուժերը: Չնայած սերբերն ի սկզբանե ռազմական առավելություն ունեին, բոսնիացիներն ու խորվաթները միավորվեցին Սերբական Հանրապետության դեմ` 1994-ին Վաշինգտոնի համաձայնագրի սկզբունքների համաձայն ստեղծելով Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն: 1995-ին հակամարտությանը միջամտեց ՆԱՏՕ-ն` թիրախավորելով Սերբական Հանրապետության բանակի դիրքերը, ինչը վճռական ազդեցություն ունեցավ արդյունքի վրա: Պատերազմն ավարտվեց Դեյթոնում անցկացված բանակցություններից հետո, որոնց արդյունքում 1995-ին Փարիզում ստորագրվեց Խաղաղության ընդհանուր շրջանակային պայմանագիր, որը հայտնի է նաև որպես Դեյթոնի համաձայնագիր:
Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմված է երեք հիմնական էթնիկ խմբից, որոնք երկրի սահմանադրության մեջ նշված են որպես «բաղկացուցիչ ժողովուրդներ»: Ամենամեծ խումբը բոսնիացիներն են, նրանց հաջորդում են սերբերը, իսկ ամենասակավաթիվ խումբը կազմում են խորվաթները: Երկիրն ունի երկպալատ օրենսդիր մարմին և երեք հոգուց բաղկացած նախագահություն, որոնք ներկայացնում են երեք խոշոր էթնիկ խմբերից յուրաքանչյուրին: Սակայն կենտրոնական կառավարության իշխանությունը խիստ սահմանափակ է, քանի որ երկիրը մեծապես ապակենտրոնացած է: Այն կազմված է երկու ինքնավար միավորից` Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն, որն իր հերթին բաղկացած է տասը շրջանից, և Սերբական Հանրապետությունից: Բրչկո շրջանը, որը համարվում է երկրի երեք հիմնական էթնիկ խմբերի համակեցության հաջողված մոդել, կառավարվում է սեփական տեղական կառավարության կողմից: Չնայած բոսնիացիները, սերբերն ու խորվաթները իրենց լեզուները հայտարարում են որպես տարբեր՝ որպես ինքնության ցուցիչ, սակայն դրանք շատ նման են, և փոխադարձաբար հասկանալի: Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերը պաշտոնապես միավորվեցին 2005-ին, բայց կազմված են Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության բոսնիա-խորվաթական բանակից ու Սերբական Հանրապետության բոսնիացի սերբերի բանակից, և երկուսն էլ գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարարության իրավասության ներքո: Երկու միավորներից յուրաքանչյուրը` թե՛ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը, թե՛ Սերբական Հանրապետությունը, ունի իր ոստիկանական ուժեր, որոնք երկուսն էլ ենթարկվում են Բոսնիա և Հերցեգովինայի անվտանգության նախարարությանը: Բոսնիա և Հերցեգովինան դիմում է ներկայացրել ԵՄ անդամակցության համար, իսկ 2018-ից ՆԱՏՕ-ի անդամակցության հավակնորդ է:
Դեյթոնի համաձայնագիրը հակասական է համարվում, բայց իրավական հիմք է ծառայել երկրում ներկայիս պայմանավորվածությունների համար: Բոսնիա և Հերցեգովինան քաղաքականապես անկայուն է, թեև պատերազմին հաջորդած առաջին մի քանի տարիներից ի վեր երկրում էական ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել: Բոսնիացի մուսուլմաններն այժմ կազմում են բնակչության համարյա կեսը: Էթնիկ սերբերը կապեր ունեն Սերբիայի հետ և ժամանակ առ ժամանակ սպառնում են, որ կանջատվեն և կանկախանան: Խորվաթները գոհ չեն հետպատերազմական դասավորությունից, և նրանց մեծ մասը Խորվաթիայի կրկնակի քաղաքացիություն ունի: Բոսնիա և Հերցեգովինայի մոդելը նման է 1998-ի Լեռնային Ղարաբաղի Ընդհանուր պետության առաջարկին, ինչը կնշանակեր Բաքվի ու Ստեփանակերտի ոչ թե հիերարխիկ, այլ հորիզոնական հարաբերություններ: Ադրբեջանը մերժեց այս առաջարկը՝ մինչ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հնարավորություն կունենային դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտել: Բարդ է այսպիսի մոդել պատկերացնել Արցախի համար` նկատի առնելով Ադրբեջանի ունիտար, կենտրոնացած և ավտորիտար բնույթը, և ադրբեջանցիների ու հայերի լեզվական ընդհանրությունների բացակայությունը: Սակայն որոշ տարրեր, օրինակ, Բրչկո շրջանի մոդելը, կարող են օգտագործվել:
Արևելյան Թիմոր
Արևելյան Թիմորը Հարավարևելյան Ասիայի պետություն է, որը զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսի Թիմոր կղզու կեսը՝ Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև ընկած շրջանում։ Այն պորտուգալական գաղութ էր մինչև 1974-ի Պորտուգալական հեղափոխությունը, որից հետո Պորտուգալիան, փաստորեն, ապագաղութացրեց այն: Հաջորդ տարի Արևելյան Թիմորի քաղաքական կուսակցությունների միջև քաղաքացիական պատերազմ բռնկվեց, և Անկախ Արևելյան Թիմորի հեղափոխական ճակատը (Ֆրեթիլին) 1975-ին միակողմանիորեն հռչակեց տարածքի անկախությունը: Ինն օր անց Ինդոնեզիան ներխուժեց ու զավթեց Արևելյան Թիմորը, և 1976-ին այն հռչակեց Ինդոնեզիայի 27-րդ նահանգ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ ներխուժման դեմ, և ՄԱԿ-ում տարածքի նոմինալ կարգավիճակը մնաց «չինքնակառավարվող տարածք պորտուգալական վարչակարգի ներքո»: Միաժամանակ, զավթումը շարունակվեց մինչև 1999-ը, ըստ որում՝ մինչ 1990-ականները՝ առանց միջազգային հանրության կողմից որևէ միջամտության:
Արևելյան Թիմորի ինդոնեզական զավթմանը հատկանշական էր դաժան զինված հակամարտությունը՝ ազգային ազատագրական կամ անջատողական խմբերի (հատկապես «Ֆրեթիլին») և ինդոնեզական ռազմական ուժերի միջև: Արևելյան Թիմորի պարտիզանական ուժերը («Ֆալինթիլ»), որոնք «Ֆրեթիլինի» ռազմական թևն էին, 1975-1998 թվականներին պայքարում էին ինդոնեզական ուժերի դեմ: 1974-1999-ն ընկած ժամանակահատվածում հակամարտության պատճառով բազում մահեր գրանցվեցին, այդ թվում՝ նաև առանց դատավարության մահապատիժներ, սովամահություններ և հիվանդություններից մահացություններ:
1991-ի Դիլիի սպանդը շրջադարձային եղավ անկախության հասնելու ճանապարհին, և Արևելյան Թիմորի հետ համերաշխության շարժումը թափ հավաքեց Պորտուգալիայում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում և արևմտյան երկրներում: Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոյի հրաժարականից հետո ՄԱԿ-ի հովանավորությամբ Ինդոնեզիայի ու Պորտուգալիայի միջև կնքված համաձայնագիրը թույլ տվեց 1999-ի օգոստոսին ՄԱԿ-ի հովանու ներքո համազգային հանրաքվե անցկացնել: Ինդոնեզիայի կազմում Արևելյան Թիմորի ինտեգրացիայի միավորման օգտին հանդես եկող զինյալները, որոնց աջակցում էին Ինդոնեզիայի զինված ուժերի տարրեր, անկախության հանրաքվեին արձագանքեցին բռնության պատժիչ արշավով: Ի պատասխան դրա, Ինդոնեզիայի կառավարությունը թույլ տվեց, որ բազմազգ խաղաղապահ ուժերը` INTERFET-ը, որը նախաձեռնել և ղեկավարում էր Ավստրալիան՝ ըստ ՄԱԿ-ի բանաձևերի, օգնի հաղթահարել Արևելյան Թիմորի մարդասիրական և անվտանգային ճգնաժամը: 1999-ի հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ն իր վրա վերցրեց Արևելյան Թիմորի ղեկավարությունը` Արևելյան Թիմորում ՄԱԿ-ի անցումային կառավարության (UNTAET) միջոցով: 2000-ին INTERFET-ը ռազմական հրամանատարությունը նույնպես հանձնեց ՄԱԿ-ին:
1999-ին` ՄԱԿ-ի հովանու ներքո ինքնորոշման ակտից հետո, Ինդոնեզիան հրաժարվեց տարածքի նկատմամբ վերահսկողությունից: 2001-ին Արևելյան Թիմորի բնակիչները մասնակցեցին ՄԱԿ-ի կազմակերպած առաջին ընտրությանը: 2002-ին նրանք հանրաքվեի միջոցով ընդունեցին առաջին սահմանադրությունը և մայիսի 20-ը հռչակեցին Անկախության վերականգնման օր: Նույն տարում երկիրն ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն` դառնալով 21-րդ դարի առաջին նոր ինքնիշխան երկիրը: Այն նաև պաշտոնապես վերանվանվեց Թիմոր Լեսթե (պորտուգալական անվանումը): Փախստականները սկսեցին վերադառնալ:
Նույնիսկ անկախություն ձեռք բերելուց հետո Արևելյան Թիմորում բռնությունների ցիկլը չդադարեց: Տեղի ունեցավ երկու ճգնաժամ, մեկը 2006-ին, երբ առաջացան քաղաքացիական անկարգություններ, ներառյալ հակամարտություն Արևելքի և Արևմուտքի բնակչության, հասարակության անկախամետ և ինդոնեզամետ հատվածների, հիմնականում անկախամետ նախկին մարտիկներից կազմված բանակի և հիմնականում ինդոնեզամետ ոստիկանության միջև: 2006-ին ՄԱԿ-ն անվտանգության ուժեր ուղարկեց կարգուկանոնը վերականգնելու համար: Երկրորդ ճգնաժամը տեղի ունեցավ 2008-ին, երբ մահափորձեր կազմակերպվեցին առաջնորդներ Ռամուշ Հորթայի և Գուսմաոյի նկատմամբ: Ավստրալական օժանդակ ուժերն անհապաղ ուղարկվեցին Արևելյան Թիմոր` հասարակական կարգը պահպանելու համար:
2008-ից ի վեր Թիմոր-Լեսթեում անցկացվել են մի շարք ժողովրդավարական ընտրություններ, երկրի առաջնորդներն Արևելյան Թիմորում ստեղծել են Ընդունելության (փախստականների ինտեգրացման), ճշմարտության և հաշտության հանձնաժողով և հանդես եկել երկրի ներսում և Ինդոնեզիայի հետ հաշտության օգտին: 2011-ի մարտին ՄԱԿ-ը ոստիկանական ուժերի օպերատիվ վերահսկողությունը հանձնեց Արևելյան Թիմորի իշխանություններին: 2012-ին ՄԱԿ-ն ավարտեց խաղաղապահ առաքելությունը:
Կոսովո
Կոսովոյի ալբանացիները հատուկ ինքնավարության կարգավիճակ ունեցող փոքրամասնություն էին նախկին Հարավսլավիայում, որը սահմանակից էր Ալբանիային: Այնուամենայնիվ, հարավսլավական իշխանությունները մարգինալացրել էին նրանց, ինչը 1980-ականներին հանգեցրեց ներազգային լարվածության: 1989-ին Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը կրճատեց Կոսովոյի ինքնավար կարգավիճակը Սերբիայի ներսում և սկսեց էթնիկ ալբանացի բնակչության մշակութային ճնշումները: Կոսովոյի ալբանացիները պատասխանեցին ոչ բռնի անջատողական շարժմամբ, ստեղծեցին զուգահեռ կառավարական կառույցներ և 1991-ին Կոսովոյի Հանրապետությունը հռչակեցին անկախ պետություն, որը ճանաչեց միայն Ալբանիան. այսպիսով կարգավիճակի հարցը մնաց չլուծված: Մինչև 1996-ը Կոսովոյի ազատագրական բանակը, որը ձգտում էր ավելի մեծ Ալբանիայի ստեղծման, Կոսովոյում հարձակումներ կազմակերպեց Հարավսլավական բանակի և սերբական ոստիկանության դեմ, ինչը հանգեցրեց Կոսովոյի պատերազմին: Երկու կողմն էլ կատարում էին պատերազմական հանցագործություններ, բայց գերազանցապես դա անում էին հարավսլավական և սերբական ուժերը` ընդդեմ Կոսովոյի ալբանացիների, և դա հանգեցրեց Կոսովոյից թե՛ էթնիկ ալբանացիների, թե՛ սերբերի զանգվածային տեղահանումների:
Կոսովոյում հակամարտության սրմանը զուգընթաց միջազգային հանրությունը և մասնավորապես ՆԱՏՕ-ն Կոսովոյում որոշակի գործողություններ ձեռնարկեցին: Մինչև 1998-ը միջազգային ճնշման տակ Հարավսլավիան հրադադարի պայմանագիր ստորագրեց և մասամբ հանեց իր անվտանգային ուժերը: Հրադադարի պայմանագրի բանակցություններին, որոնց մշտադիտարկումը հանձնարարված էր ԵԱՀԿ դիտորդներին, մասնակցում էր Միացյալ Նահանգները: Սակայն մարտական գործողությունները վերսկսվեցին 1998-ի դեկտեմբերին և գագաթնակետին հասան Ռաչակի սպանդով՝ միջազգային համայնքի ուշադրությունը հրավիրելով հակամարտության վրա և հանգեցնելով Ռամբույեի համաձայնագրի նախագծի մշակմանը, որը կոչ էր անում վերականգնել Կոսովոյի ինքնավարությունն ու ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել: Հարավսլավական պատվիրակությունն այդ պայմաններն անընդունելի համարեց և հրաժարվեց ստորագրել նախագիծը:
Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի, որն անհնար էր Ռուսաստանի և Չինաստանի ընդդիմության պատճառով, ՆԱՏՕ-ն Հարավսլավիայում մեկնարկեց մարդասիրական ռազմական ինտերվենցիա` ստիպելով, որ Միլոշևիչը Կոսովոյից դուրս բերի սերբական ուժերը: Դրան հաջորդեց Կոսովոյում ՄԱԿ-ի անցումային վարչակարգի հաստատումն ու 1999-ին ՆԱՏՕ-ի գլխավորությամբ խաղաղապահ ուժերի լիազորումն ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 Բանաձևի, որը հաստատում էր Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու դրա կազմում Կոսովոյի ինքնավարությունը:
Նույնիսկ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի առաքելությունների ներկայության պայմաններում, 2004-ին Կոսովոյում եղավ բռնության ալիք, որն առաջացել էր Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ տևական բանակցությունների և Կոսովոյի ալբանացիների` պատերազմի ընթացքում սերբական ուժերի նախորդ բռնությունների դիմաց վրեժխնդրության կոչերի արդյունքում: Սա հանգեցրեց էթնիկ ալբանացիների և սերբերի սպանությունների: Բազմաթիվ խաղաղապահներ վիրավորվեցին, տներ, հանրային շենքեր և սերբական մշակութային ու հոգևոր կենտրոններ վնասվեցին կամ ոչնչացվեցին: Կոսովոյի վերջնական կարգավիճակը որոշելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարթի Ահթիզաարիի ղեկավարությամբ 2006-ին սկսվեցին միջազգային բանակցություններ, որոնք հանգեցրին Կոսովոյի կարգավիճակի լուծման վերաբերյալ համապարփակ առաջարկության մանրամասն փաստաթղթի մշակման: Ծրագիրը, որն առաջարկում էր «վերահսկվող անկախություն», 2006-ին ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այն սահմանում էր, որ Կոսովոն պետք է լինի բազմազգ պետություն, ինքնակառավարվի ժողովրդավարական ճանապարհով, իրավունքի գերակայության հանդեպ հարգանքի հիման վրա և օրենսդիր, գործադիր և դատական հաստատությունների միջոցով: Այն ներառում է կետեր բոլոր կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ` ժողովրդավարական ինքնակառավարման մարմինների գործունեության, իրավունքի գերակայություն, տեղաշարժման ազատություն, համայնքների վերադարձ և իրավունքներ, տնտեսություն, սեփականության իրավունք, երկխոսություն, մշակութային ժառանգություն, սահմանազատում և անվտանգության միջոցառումներ: Այն ապահովում էր միջազգային ներկայության շարունակումը՝ նախատեսելով ղեկավար դերը ՄԱԿ-ից փոխանցել ԵՄ-ին: Հակադիր հայացքներ ունենալով կարգավիճակի հարցի վերաբերյալ, Բելգրադն ու Պրիշտինան կարողացան համաձայնության գալ միայն տեխնիկական հարցերի շուրջ: Նախագծին աջակցում էին ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան, սակայն դեմ էր Ռուսաստանը: Հետևաբար, մի քանի շաբաթ տևած քննարկումներից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան անդամները հրաժարվեցին բանաձևի` առաջարկը պաշտպանող նախագծից, և մեկնարկեցին նոր եռակողմ նախաձեռնություն («Տրոյկա»), որը կազմված էր ԵՄ-ի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բանակցողներից` նպատակ ունենալով կարգավիճակի հարցում հասնել այնպիսի արդյունքի, որն ընդունելի էր թե՛ Բելգրադի, թե՛ Պրիշտինայի համար: Միաժամանակ, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան պատրաստ էին ճանաչել Կոսովոյի անկախությունը:
2008-ի փետրվարին Կոսովոն միակողմանիորեն անկախություն հռչակեց Սերբիայից: Ներկայիս դրությամբ ՄԱԿ-ի 112 պետություններ ճանաչել են նրա անկախությունը, այդ թվում և անմիջական հարևաններ Ալբանիան, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան, սակայն ոչ Սերբիան: Ռուսաստանն ու Չինաստանը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը: Այն դարձել է միջազային որոշ հաստատությունների, բայց ոչ ՄԱԿ-ի անդամ: 2008-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սերբիայի նախաձեռնությամբ Միջազգային դատարանին դիմեց Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքով: 2010-ին դատարանի կողմից տրամադրված Խորհրդատվական կարծիքի համաձայն, Կոսովոյի անկախության հռչակագիրը չի խախտում ո՛չ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները, որոնք չեն արգելում անկախության միակողմանի հռչակագրերը, ո՛չ էլ UNSCR 1244-ը, որը չի սահմանում վերջնական կարգավիճակի գործընթացը և ոչ էլ դրա արդյունքը պայմանավորում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ:
Կոսովոյում ապրում են մի քանի փոքրամասնություններ, այդ թվում և սերբերը, որոնք հիմնականում կենտրոնացած են Հյուսիսային Միտրովիցա շրջանում, որտեղ նրանք կազմում են բնակչության 76.4%-ը: Կոսովոյի ոստիկանության և սերբերի միջև 2011-ին Հյուսիսային Կոսովոյում տեղի ունեցած բախումներից հետո, որոնք կարգավորվեցին ՆԱՏՕ-ի ղեկավարած KFOR ուժի միջամտությունից հետո և հարուցեցին ԵՄ-ի մտահոգությունը, 2013-ին Բրյուսելում Կոսովոյի և Սերբիայի ներկայացուցիչների միջև ստորագրվեց 15 կետանոց համաձայնագիր, որը լիազորություններ էր շնորհում Հյուսիսային Կոսովոյին տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության և քաղաքային պլանավորման ոլորտներում և տրամադրում մի շարք մեխանիզմներ, որոնք ինքնավարության որոշակի մակարդակ էին ապահովում արդարադատության, կարգուկանոնի պահպանման և ընտրական գործընթացներում:
Երկու կառավարությունների միջև որոշ մերձեցում տեղի ունեցավ 2013-ի ապրիլի 19-ին, երբ կողմերը ԵՄ-ի միջնորդությամբ հասան Բրյուսելյան համաձայնությանը: Սակայն նույնիսկ հանուն ԵՄ-ին իր անդամակցության գործընթացը խթանելու, Սերբիան դեռևս չի ճանաչում Կոսովոյի անկախությունն ու չի համաձայնում սահմանազատում իրականացնել Սերբիայի ու Կոսովոյի միջև: 2020-ի Արցախյան պատերազմից հետո և Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում Սերբիան կարծես թե ոգեշնչված է Ադրբեջանի ու Ռուսաստանի օրինակներով և ինտենսիվորեն զինում ու ռազմական ներկայություն է կուտակում Կոսովոյի հետ իր սահմաններին: Ի լրումն Կոսովոյի անվտանգության ապահովմանը ծառայող KFOR ուժի շարունակական ներկայության, ՆԱՏՕ-ն օգնել է նաև, որ Կոսովոն ստեղծի փոքր բանակ` Կոսովոյի անվտանգության ուժը: Մինչև վերջերս այն թեթև էր զինված, բայց ներկայում, Սերբիայի կողմից ահագնացող սպառնալիքի պայմաններում, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն օգնում են ամրապնդել նրա ռազմական հնարավորությունները: Ուկրաինական պատերազմը նաև արթնացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Կոսովոյի նկրտումները:
Նախորդ հոդվածում ես հիշատակել եմ, որ Կոսովոյում կիրառված «Անջատում հանուն փրկության» գաղափարն ամենակիրառելին է Լեռնային Ղարաբաղի համար: Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև ակնհայտ նմանություններ կային: Դրանց նախնական դինամիկան նույնն էր, իսկ միջազգային և տարածաշրջանային գործող անձանց կողմից դրանց նկատմամբ վերաբերմունքի հիմնական տարբերությունները պայմանավորված էին արժեքային համակարգի և աշխարհաքաղաքական շահերի համադրությամբ: Արևմուտքը դեմոնիզացնում էր Միլոշևիչին՝ մասամբ նրա ղեկավարության ներքո կատարված պատերազմական հանցագործությունների պատճառով, որոնք ապահովում էին արժեհամակարգային արդարացում Կոսովոյի ալբանացիներին աջակցելու Արևմուտքի որոշման համար։ Սակայն Ռուսաստանի հարցում նրա դիրքորոշումը նույնպես որոշակի դեր խաղաց Արևմուտքի վերաբերմունքի ձևավորման հարցում: Արևմուտքը Կոսովոյում միջամտեց ոչ միայն մարդասիրական նպատակների, այլև իր աշխարհաքաղաքական շահերի համար:
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման 1997-ի փուլային և 2007-ի Մադրիդյան առաջարկները պարունակում էին 1999-ից 2007 թվականներին Կոսովոյի հակամարտության կարգավորման տարբեր փուլերին նման տարրեր: Դրանք ենթադրում էին միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում և ինքնակառավարման երաշխիքների տրամադրում, որոնք հիշեցնում էին Կոսովոյի համար 1999-ին ընդունված և դեռևս իրավական ուժ ունեցող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևը, որը Կոսովոն հիշատակում է որպես Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության մաս, բայց, միաժամանակ, Կոսովոյում լիազորում է միջազգային քաղաքացիական և ռազմական ներկայություն: Եթե 1997-ի առաջարկի համաձայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դառնալու էր հետագա բանակցությունների առարկա, ապա Մադրիդյան պլանը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Կոսովոյի մոդելն այլևս կիրառելի չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն իրականում այն կարող է անգամ ավելի պատեհ լինել ընթացիկ փուլում: Եթե Լեռնային Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս, և միջազգային հանրությունն այնտեղ միջազգային խաղաղապահ առաքելություն չտեղակայի, հավանական է, որ այն անցնի հակամարտության ևս մի ծանր ցիկլով, ինչպես Կոսովոն 1998-1999 թվականներին: Դա շատ ավելի ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի համար, որոնք, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն էթնիկ բնաջնջման, այլև միջազգային հանրության համար` հանգեցնելով հեղինակության կորստի և բարոյական վնասների, ինչպես նաև առավել ծանր հետևանքներ կհարուցի հետագայում հաղթահարելու համար:
Հոդվածաշարի երրորդ մասում կուսումնասիրենք այս օրինակներից և լավագույն պրակտիկայից քաղված դասերը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավոր մոդել:
Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read moreՀոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Տեսեք նաեւ
Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում
Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:
Read moreՀարաբերությունների կարգավորման Ադրբեջանի 5 կետերը և Հայաստանի արձագանքը
Բաքուն հետևողականորեն տապալում է հետպատերազմյան ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր բանակցություններն ու առկա ձևաչափերը, քանի որ Ալիևի վարչակարգի թերևս միակ օրակարգը Հայաստանի ու Արցախի տոտալ տապալումն է:
Read moreԼեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read moreԻնչպե՞ս հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի ընթացքում խուսափել փակուղուց կամ ուժի կիրառումից
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի ձևաչափ ստեղծելու առումով տարբեր քայլեր են արվում, որոնք, սակայն, զուգորդվում են Ադրբեջանի կողմից սողացող անեքսիայի և ռազմական ագրեսիվ գործողությունների հետ։ Հոդվածն անդրադառնում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, առաջարկություններ են արվում փուլերի, ձևաչափերի և սկզբունքների վերաբերյալ։
Read moreՍահմանագծման խնդրի արմատները
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:
Read moreՌազմական ծախսեր և տնտեսություն
Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով. սա տարեկան աճի ամենամեծ ցուցանիշներից է Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ Հետ չի մնում նաև Հայաստանը։
Read moreՄարդ և հասարակություն
Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreԽախտված իրավունքներ․ Եվրադատարանի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի
Դեկտեմբերի 10-ը աշխարհը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ 2001-ի հունվարի 25-ին Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահին ստորագրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան։ Ներկայացնում ենք Կոնվենցիայով ամրագրված այն իրավունքները, որոնց խախտումներն առավել հաճախ են հաստատվել Եվրադատարանի վճիռներով՝ ընդդեմ Հայաստանի։
Read moreԸնտանեկան իրավունքի զարգացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում
Կապված ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումների, ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։
Read moreՁայնագիր. Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read moreՀիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2
Բուժման նպատակով մարդիկ հաճախ նախընտրում են մեկնել Գերմանիա՝ հույսով ու մեծ ակնկալիքներով, սակայն որոշ դեպքերում «հեքիաթային երկրում» ապրելու պատկերացումները սխալ են լինում ու մնում են ձեռնունայն։
Read more