EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Նյմ 17, 2025

Աղմկահարույց բացահայտումների և անձնական կյանքի ու հանրային շահի սահմանը

Անուշ Բեգոյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

2025 թվականի հոկտեմբերի 25-ին հայկական սոցիալական ցանցերում արագորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ կարելի էր տեսնել, ենթադրաբար, կուսակրոն հայ արքեպիսկոպոսի սեռական բնույթի գործողությունները։ Տեսանյութը, ըստ երևույթին, նկարահանվել էր անձնական բնակարանում: Հանրային արձագանքը մեծամասամբ կենտրոնացած էր տեսանյութի հրապարակման եղանակի վրա՝ ակնհայտորեն գաղտնի նկարահանում, որը տարածվել էր առավելագույն դիտումներ հավաքելու նպատակով։ Տեսանյութն անմիջապես կապվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հրապարակման հետ, որտեղ նա՝ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հետ շարունակվող տարաձայնությունների պարունակում, առանց հստակ անուն նշելու, ակնարկել էր բարձրաստիճան հոգևորականի և նրա անձնական կյանքի մասին։

Վարչապետը հետագայում ներողություն էր խնդրել գրառման մեջ օգտագործված կոպիտ լեզվի համար, սակայն բովանդակության վերաբերյալ որևէ պարզաբանում կամ մեկնաբանություն չեր ներկայացրել։

Տեսանյութի արտահոսքը լայն քննարկումների և ենթադրությունների առարկա դարձավ թե՛ դրվագներում երևացող երկրորդ անձի ինքնության, թե՛ նկարահանման ժամանակի, որը, կարող էր նկարահանված լինել մոտ մեկ տասնամյակ առաջ, ինչպես նաև արտահոսքի դրդապատճառների և հնարավոր կազմակերպիչների մասին։ Քաղաքական գործիչները, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, լրատվական մեկնաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները մեծ մասամբ միաձայն դատապարտեցին անձնական կյանքի նման կոպիտ խախտումը՝ հաստատելով անհատի անձնական կյանքի իրավունքը և բացահայտման նման ձևերից բխող լայնածավալ վտանգները։

2025-ի հոկտեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց տեսանյութի տարածման փաստով։

Ակնհայտ է, որ հասարակության բնազդային վրդովմունքը նման նյութերի հրապարակման նկատմամբ առողջ և ողջունելի արձագանք է։ Անձնական կյանքի անձեռնմխելիությունն ազատ հասարակության հիմնասյուներից է, մինչդեռ ապօրինի հսկողությունը քայքայում է վստահությունը՝ թողնելով շատ ավելի ծանր հետևանքներ, քան մեկօրյա աղմուկը։ Սակայն անձնական կյանքի իրավունքը բացարձակ չէ։ Յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը գոյակցում է մեկ այլ հիմնարար արժեքի հետ՝ հանրության համայնքի շահերին առնչվող հարցերի մասին իրազեկման իրավունքի հետ։

Ամենաբարդ հարցը, հատկապես երբ խոսքը վերաբերում է կրոնական առաջնորդներին, այն է, թե որտեղ պետք է գծվի սահմանը։ Բարեբախտաբար, օրենքը սա չի թողել միայն անձնական գնահատականներին։ Տասնամյակների ընթացքում դատարաններն ու գիտական շրջանակները ձևավորել են սկզբունքների մի ամբողջություն, որոնք օգնում են տարբերակել՝ երբ է հրապարակումն արդարացված, և երբ է այն պարզապես վուայերիզմ և շահարկում։

Այս հոդվածը նպատակ չունի վերլուծել վերոնշյալ դեպքը, քանի որ նման վերլուծությունը կպահանջեր գործի բոլոր հանգամանքների և մանրամասների խորքային ուսումնասիրություն, որոնք ներկայումս անհայտ են և, հավանաբար, հնարավոր կլինեն միայն ձայնագրության և հետագա հրապարակման վերաբերյալ լիարժեք հետաքննության և դատական ​​նիստի արդյունքում։ Փոխարենը, առաջարկում եմ անդրադառնալ այն իրավական շրջանակին և սկզբունքների համակարգին, որոնք մշակել են անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ուսումնասիրությամբ զբաղվողները, սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) և հաստատվել են համապատասխան նախադեպային իրավունքով։ Սահմանելով այս սկզբունքները՝ հանրային քննարկումը անհատական «ճշտի» և «սխալի» տիրույթից կտեղափոխենք գիտակցված դաշտ։ Այսպիսի զգայուն հարցում հավասարակշռություն գտնելու և թույլատրելիի ու անթույլատրելիի միջև նուրբ սահման գծելու համար անհրաժեշտ է սկսել հիմնարար տարբերակումից՝ ինչն է իրականում բխում հանրային շահից, և ինչն է պարզապես հետաքրքրում հանրությանը։

«Հանրային շահը» նույնը չէ, ինչ «հանրությանը հետաքրքրողը»

Այս առաջին տարբերակումն ամենակարևորն է։ Հանրային շահը վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանը վերահսկել իշխանություններին, պաշտպանել խոցելի խմբերին, պահպանել համակարգային ամբողջականությունը կամ բացահայտել լուրջ չարաշահումներ՝ օրինակ՝ համակարգային ձախողումներ, միջոցների վատնում, պաշտոնեական դիրքի չարաշահում, հարկադրանք կամ հանցավոր վարք։ Ի տարբերություն դրա, հանրությանը հետաքրքրում է այն, ինչը զուտ մարդկանց հետաքրքրասիրության տիրույթում է՝ մասնավոր, անձնական կամ անպարկեշտ մանրամասներ, որոնք կարող են գրգռել հետաքրքրությունը, բայց չեն ծառայում հանրային կամ քաղաքացիական որևէ նպատակի։

Անձնական տեղեկության և հանրային շահի սահմաններն ավելի լավ պատկերացնելու համար դիտարկենք բժշկական տվյալների օրինակը, որոնք, սովորաբար, համարվում են գաղտնի և պաշտպանված են օրենքով։ Առողջական վիճակի մասին տեղեկություններն անձնական կյանքի ամենազգայուն ոլորտներից են։ Սովորական քաղաքացու դեպքում ախտորոշման կամ բուժման մասին տվյալների հրապարակումն ակնհայտորեն կխախտեր թե՛ անձնական կյանքի, թե՛ տվյալների պաշտպանության կարգերը։ Սա վերաբերում է նաև հայտնի դերասանի կամ երգչի բժշկական տվյալներին՝ տեղեկատվություն, որը կարող է զգալի հետաքրքրություն առաջացնել հանրության շրջանում։ 

Այնուամենայնիվ, եթե խոսքը պետության ղեկավարի մասին է, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը, հատկապես այն դեպքում, երբ առկա է ծանր հիվանդություն, որն ուղղակիորեն ազդում է պաշտոնեական պարտականությունների կատարման վրա, կարող է բխել կենսական հանրային շահից։

Պլոն հրատարակչությունն ընդդեմ Ֆրանսիայի (2004) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորեց կարևոր նախադեպ։ Ֆրանսիայի դատարանները նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի մահից հետո անժամկետ արգելք էին սահմանել մի գրքի վրա, որի համահեղինակն էր հանգուցյալ նախագահի անձնական բժիշկը և որը բացահայտում էր երկար տարիներ գաղտնի պահված հիվանդության մանրամասները։ ՄԻԵԴ-ը գտավ, որ այդ անժամկետ արգելքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն)։ Չնայած բժշկական գաղտնիության և անձնական կյանքի պաշտպանության կարևորությանը, դատարանը համարեց, որ մշտական արգելքն անհամաչափ միջոց էր՝ հաշվի առնելով գրքի ներդրումը գործող նախագահի առողջության, բուժման և հանրության հանդեպ անկեղծության վերաբերյալ հանրային քննարկումներում։

Իր որոշման մեջ դատարանը ճանաչել է, որ հրապարակումը կատարվել է հանրային օրակարգում առկա՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի շրջանակում՝ «պետության ղեկավարի ցանկացած լուրջ հիվանդության և այն հարցի մասին, արդյոք անձը, ով գիտեր իր ծանր հիվանդության մասին, կարող էր զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը» (պարբերություն 45): ՄԻԵԴ-ի այս որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ առողջական տեղեկատվության բացահայտման հիմնական ուղեցույցի առանցքային մաս է կազմում, երբ խոսքը հանրային շահի մասին է:

Հաշվի առնելով այս սկզբունքն ու հանրային ակնկալիքները՝ ժողովրդավարական կառավարությունները նախաձեռնողաբար հրապարակում են պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ առողջական կարևոր տեղեկություններ: Օրինակ, Սպիտակ տունը պարբերաբար ներկայացրել է նախագահ Ջո Բայդենի բժշկի զեկույցները (օրինակ՝ 2024-ի փետրվարի 28-ի առողջական վիճակի ամփոփագիրը, 2024-ի հուլիսի պարզաբանումները և 2025-ի ապրիլի լրացուցիչ գրությունները): Նույն կերպ, Դաունինգ Սթրիթ 10-ը (Բրիտանիայի վարչապետների պաշտոնական նստավայր) թարմացումներ է տրամադրել այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավարակի ընթացքում (ապրիլ–հունիս 2020)։ Այս նախադեպը վկայում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում թափանցիկությունը կարևորվում է, ուստի վերջիններս իրենց առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիություն չպետք է ակնկալեն, հատկապես, եթե այն վերաբերում է անմիջապես իրենց աշխատանքային գործունեությանը։

Սեռական վարքագիծը, անձնական հարաբերությունները, ինչպես նաև ընտանեկան կամ ամուսնական հանգամանքները, սովորաբար, որևէ մեկին չեն վերաբերում (քանի դեռ խոսքը չափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ է), և շարքային քաղաքացու դեպքում նման տեղեկությունների հրապարակումը կհամարվի անհիմն միջամտություն անձնական կյանքին և գաղտնիության խախտում։ Սակայն իրավիճակն այլ է հանրային գործիչների դեպքում, որոնց պարագայում առկա է անձնական կյանքի գաղտնիության նվազեցված ակնկալիք։ Երբ հանրային գործչի անձնական վարքագիծը հիմնարար կերպով հակասում է նրա հրապարակային բարոյական դիրքորոշմանը կամ պաշտոնեական պարտավորություններին՝ օրինակ՝ կուսակրոն հոգևորականի մասնակցությունը սեռական հարաբերություններին, իրավիճակը փոխվում է։ Այդպիսի դեպքերում տեղեկատվության հրապարակումը կարող է արդարացվել համակարգային ամբողջականությունը պաշտպանելու կամ կեղծ բարոյականության բացահայտման անհրաժեշտությամբ, թեև հրապարակման ձևն ու եղանակը վճռորոշ նշանակություն ունեն։

Ովքե՞ր են «հանրային գործիչները» և որտեղից է կրճատվում անձնական կյանքի սահմանը

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ անձնական և հանրային կյանքի սահմանը որոշվում է ոչ թե տեղեկության բնույթով, այլ տվյալ անձի դերով և հրապարակման նպատակով։ Նույն փաստերը, որոնք շարքային քաղաքացու պարագայում կլինեին անթույլատրելի և պաշտպանված գաղտնիության շրջանակում, այլ դեպքում կարող են դառնալ օրինական հանրային շահի հարց, եթե վերաբերում են հանրային գործչի։ Ինչպես ընդգծում է «ՀՈԴՎԱԾ 19»-ի «Խոսքի ազատության և անձնական կյանքի գաղտնիության սկզբունքները», վճռորոշ է ոչ թե ինչ տեղեկություն է հրապարակվում, այլ՝ ինչու է այն կարևոր։

Իրավական և բարոյագիտական պարունակում «հանրային գործիչ» չի նշանակում պարզապես ճանաչված կամ հաճախ լրատվամիջոցներում հայտնվող անձ։ Այս եզրույթը վերաբերում է այն անձին, որի գործողությունները կամ որոշումները հանրային հետևանքներ ունեն՝ անհատներ, ովքեր ունեն իշխանություն, ձևավորում են քաղաքականություն, տիրապետում են համակարգային կարողություններին կամ ազդում են հասարակական կարծիքի և բարոյական կարգերի վրա։ Նրանց ազդեցությունը՝ լինի քաղաքական, տնտեսական, մշակութային կամ հոգևոր, ձևավորում է հաշվետվողականության և թափանցիկության օրինական ակնկալիք։

Հիմնավորումը պարզ է. որքան շատ է անձի պաշտոնը կախված հանրային վստահությունից, այնքան նեղ է անձնական կյանքի գաղտնիության սահմանը։ Դատարանները բազմիցս ընդունել են այս տարբերակումը՝ ընտրությունների արդյունքում պաշտոն զբաղեցնող անձանց, բարձրաստիճան պետական ծառայողների, դատավորների, հանրության վրա ազդեցություն ունեցող խոշոր գործարարների, ինչպես նաև արվեստագետների կամ լրատվական դեմքերի գործերով, ովքեր միտումնավոր ձևավորում են հանրային ազդեցություն։ ՄԻԵԴ-ը բազմիցս ընդգծել է, որ նրանք, ովքեր «մտնում են հանրային ասպարեզ» կամ զբաղեցնում են հանրային պատասխանատվության պաշտոններ, պետք է հանդուրժեն ավելի խիստ վերահսկողություն, քան շարքային քաղաքացիները:

Այս շրջանակը սահմանում է այն անձանց խումբը, որոնց անձնական կյանքի գաղտնիության իրավունքն անխուսափելիորեն ավելի սահմանափակ է․ իշխանություն ունեցողներ, հանրային ռեսուրսների կառավարիչներ, ինչպես նաև նրանք, ում խոսքը կամ օրինակը ձևավորում է հավաքական բարոյականություն կամ համոզմունքներ։ Այս խմբի մեջ ակնհայտորեն ներառվում են նաև բարձրաստիճան հոգևորականները, հատկապես Հայ առաքելական եկեղեցու վերնախավը։

Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կարգում բարձրաստիճան հոգևորականի դերը վեր է զուտ անձնական հավատքի կամ հոգևոր խորհրդատվության շրջանակից։ Նրա համակարգային հեղինակությունը, հանրային քարոզչական գործունեությունը, եկեղեցական գործերի կառավարման մասնակցությունը, ինչպես նաև բարոյական և բարոյագիտական ուղեցույց լինելու պարտականությունը նրան դարձնում են հանրային գործիչ դասական իմաստով՝ անձ, որի որոշումներն ու վարքագիծն ազդում են ուրիշների վրա և որը, համապատասխանաբար, ենթակա է առավել խիստ հանրային վերահսկողության։

 

Հայաստանում այս հանգամանքն առավել ընդգծված է, քանի որ Սահմանադրության 18-րդ հոդվածը հստակորեն ճանաչում է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Այսպիսով եկեղեցին սահմանվում է ոչ թե պարզապես որպես հավատքի մասնավոր համայնք, այլ որպես համազգային նշանակության հանրային հաստատություն։ Հետևաբար, այդ իշխանության հասարակական կարգի վրա ազդեցություն ունեցող բարձրաստիճան հոգևորականի վարքագիծը մտնում է հանրային դաշտ այնպես, ինչպես երբեք չի կարող պատահել սովորական հավատացյալի անձնական վարքագծի դեպքում։

Ամփոփելով՝ համակարգային կարողության, հանրային վստահության, բարոյական առաջնորդության և սահմանադրական կարգավիճակի համակցությունը նշանակում է, որ բարձրաստիճան հոգևորականի համար անձնական կյանքի գաղտնիության շեմը նվազեցված է․ հանրային դաշտում իրականացվող իշխանությունն անխուսափելիորեն ենթադրում է նաև հաշվետվողականություն։

Թվային դարաշրջանում ակնթարթային հրապարակման վտանգները․ երեք սկզբունքի հայեցակարգ

Թվային միջավայրն արմատապես փոխել է տեղեկատվության մուտքը հանրային դաշտ։ Այսօր հրապարակումն այլևս գործընթաց չէ, այլ մեկ սեղմում։ Ձայնագրված կամ արտահոսած նյութը մի ակնթարթում կարող է տարածվել ամբողջ աշխարհում՝ նախքան որևէ խմբագրական կամ իրավական ստուգման, հաճախ անհայտ օգտատերերի միջոցով։ Թվային դաշտի վարակիչ բնույթը նշանակում է, երբ անձնական նյութն արդեն հրապարակված է, գործնականում տարածումը անշրջելի է․ նույնիսկ ջնջելը կամ դատական արգելքներն անկարող են վերականգնել հասցված վնասը քանի որ կան սքրինշոթները, ներբեռնումները և հայելային կայքերը։ Այս պայմաններում հաշվետվողականության ավանդական երաշխիքները՝ փաստերի ստուգումը, խմբագրական և իրավական վերահսկողությունը շրջանցվում են։ Արդյունքում, երբ պատասխանատվություն կրողը նույնիսկ չի հստակեցվել, անհատական վնասն արդեն հասցված է։

Յանիսկի-Ռավիդը և Լահավը դիպուկ ձևակերպել են այս մարտահրավերն իրենց «Հանրային շահն ընդդեմ անձնական կյանքի. հանրային գործիչների անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությունը թվային դարաշրջանում. երեք սկզբունքից բաղկացած զտման ձևաչափը» հոդվածում: Նրանք պնդում են, որ առցանց հրապարակումների արագությունը, անանունությունն ու հավերժական բնույթը խաթարում են այն հավասարակշռությունը, որը փորձում էր պահպանել անձնական կյանքի և արտահայտման ազատության միջև նախապես ընդունված դատական ընկալումը։ Երբ հրապարակումը տեղի է ունենում առանց հաստատութենական միջնորդության, ինչպես իրենք են նշում, «չկա այնպիսի ընթացակարգային պահ, երբ բացահայտման օրինականությունը ստուգվում է»։ Արդյունքում, առաջինը հասցվում է վնասը, իսկ իրավական հիմնավորումը մնում է հաջորդիվ։

Այս իրողությունը ոչ թե թուլացնում, այլ հակառակը՝ ամրապնդում է հրապարակելուց առաջ կառուցվածքային վերլուծական շրջանակ կիրառելու անհրաժեշտությունը։ Խորհելու կորսված պահը վերականգնելու համար հեղինակներն առաջարկում են երեք սկզբունքից բաղկացած զտման ձևաչափ՝ վերաբերելիություն, անհրաժեշտություն և համաչափություն։ Ձևաչափը միտված է ստիպել հրատարակիչներին, խմբագիրներին և նույնիսկ շարքային օգտատերերին այս հարցերը նախապես տալ իրենց՝ ակնթարթային արձագանքի միջավայրում կշռադատված մոտեցում վերագործարկելու նպատակով։

Երեք սկզբունքների զտման ձևաչափի տրամաբանությունը վերացական տեսություն չէ։ Այն գործնական կողմնացույց է լրագրողների, խմբագիրների և նույնիսկ սոցիալական ցանցերի սովորական օգտատերերի համար՝ անձնական տեղեկատվության տարածման նպատակահարմարությունը և ձևը որոշելիս։ Ներկայիս հայաստանյան դեպքի պարունակում այս ձևաչափը տալիս է համակարգված մոտեցում՝ տարանջատելու իրավաչափ հանրային վերահսկողությունը սովորական սկանդալից։

Առաջին հարցը վերաբերում է վերաբերելիությանը․ արդյո՞ք ենթադրվող վարքագիծն ուղղակիորեն հակասում է այն պարտավորություններին, որոնք բնորոշ են հոգևորականին, ինչպես օրինակ՝ տվյալ դերը զբաղեցնելու համար առանցքային ուխտը։ Եթե պատասխանը դրական է, ապա հրապարակումը կարող է ծառայել հանրային շահին։ Եթե ոչ, եթե այդ վարքագիծն ընդամենը անձնական բարոյական վրիպում է՝ առանց համակարգային հետևանքների, ապա այն մնում է անձնական կյանքի տիրույթում և չի հանդիսանում հանրային մտահոգության առարկա։

Հաջորդն անհրաժեշտության սկզբունքն է․ անգամ եթե պատմությունն էական է հանրային շահի տեսանկյունից, դրանից չի հետևում, որ բացահայտման յուրաքանչյուր ձև արդարացված է։ Խիստ անձնական բնույթի պատկերները կամ գաղտնի նկարահանումները գրեթե երբեք չեն ավելացնում հանրային արժեք։ Փաստաթղթերով, վկայություններով կամ պաշտոնական արձագանքներով հիմնավորված գրավոր պատումը, սովորաբար, բավարար է հանրությանը տեղեկացնելու համար՝ միաժամանակ խուսափելով հավելյալ վնասից։

Վերջապես, համաչափության սկզբունքն է՝ զսպվածության ստուգարքը։ Լուսաբանումը պետք է նվազագույնի հասցնի վնասը. անհրաժեշտ է քողարկել դեմքերը, պաշտպանել երրորդ կողմերին, բացառել ավելորդ անձնական մանրամասները և խուսափել աղմկահարույց ձևակերպումներից։ Մասնավոր բնակարանում գաղտնի նկարահանմամբ ստացված նյութի հրապարակումն ի սկզբանե խիստ անընդունելի է. դրա ծագումն ինքնին խաթարում է սփռման բարոյական օրինականությունը։

Այս սկզբունքներն օդից չեն ընկել։ Դրանք ամփոփում և համակարգում են այն մոտեցումները, որոնք դատարանները տարիներ շարունակ կիրառել են, հատկապես Եվրոպայում․ կշռադատել (ա) հանրային նշանակության աստիճանը, (բ) անձի դերը և նախկինում նրա հանրային վարքագիծը, (գ) տեղեկության ձեռքբերման եղանակը (օրինական, թե անօրեն միջամտությամբ), (դ) լուսաբանման բովանդակությունն ու երանգը, և (ե) արդյոք հնարավոր էր բավարարվել նվազ վնաս հասցնելով։ Կարճ ասած՝ դրանք բաղադրիչ հարցեր են, որ կարող են կանոնակարգել խմբագրական որոշումները կամ սոցիալական հարթակներում տեղեկությունը տարածել-չտարածելու ընտրության հավասարակշռումը:

Ո՞ւր է սա տանում

Քաղաքացիների դեպքում ստուգարքը պարզ է․ հաջորդ վիրուսային տեսանյութը տարածելուց առաջ ինքներդ ձեզ տվեք երեք հարց՝ արդյո՞ք սա հանրությանը վերաբերող հարց է, արդյո՞ք հենց այսպիսի բացահայտում է անհրաժեշտ, և արդյո՞ք սա արդար է։ Եթե երեքին էլ չեք կարող վստահ «այո» ասել, ապա խոսքը սոսկ հետաքրքրասիրության մասին է, ոչ թե հանրային շահի։ Իսկ իրական ժողովրդավարության դեպքում այդ տարբերակումը վճռորոշ է։

Փորձագիտական հանրույթի և լրագրողների դեպքում պետք է հիշել՝ որքան բարձր է իշխանությունը, այնքան նեղ է անձնական կյանքի անձեռնմխելիությունը, բայց միայն անհրաժեշտության և համաչափության սահմաններում։ Սա այն մոտեցումն է, որը կիսում են մարդու իրավունքների միջազգային համայնքը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ժամանակակից ժողովրդավարական երկրների մեծ մասը. անձնական կյանքի գաղտնիությունն ու թափանցիկությունը հակադիր արժեքներ չեն, այլ երկու իրավունքներ, որոնք մշտական բանակցությունների մեջ են։

Ամենաբարդ որոշումներն այժմ պետք է կայացնի եկեղեցին։ Փաստերը, անկախ դրանց բացահայտման անհամաչափ եղանակից, այլևս հանրային տիրույթում են։ Մասնավոր տանը կատարված գաղտնի տեսագրությունը չունի արդարացում՝ որևէ բարոյական կամ իրավական չափանիշով։ Այդուհանդերձ, իրողությունն այն է, որ տեղեկությունն առկա է, լայնորեն տարածվել է և այլևս հնարավոր չէ այն ջնջել։ Սա առանձնահատուկ պատասխանատվություն է դնում ոչ միայն լրատվամիջոցների ու հանրության, այլև եկեղեցու՝ որպես հաստատության վրա։

Հայ առաքելական եկեղեցին, իր կազմական և բարոյական հեղինակության բերումով, այժմ կանգնած է խաչմերուկում։ Եկեղեցու արձագանքը ցույց կտա՝ արդյո՞ք հաշվետվողականությունն եկեղեցին ընկալում է որպես ներքին բարոյական կարգապահության խնդիր, թե՞ սոսկ որպես հանրային կապերի անպատեհություն։ Եկեղեցին կարող է ընտրել իր անդամների պաշտպանության ուղին՝ հետամուտ լինելով տեսանկարահանումը տարածողների նկատմամբ իրավական քայլերի ձեռնարկմանը, ինչն անձնական կյանքի պաշտպանության և օրենքի գերակայության օրինական պահանջ է։ Միևնույն ժամանակ, այն կարող է անդրադառնալ տեսագրության բովանդակությանը՝ քննելով, արդյո՞ք տվյալ հոգևորականի վարքագիծը խախտում է կանոնական ուխտը կամ նրա պաշտոնին բնորոշ բարոյական հանձնառությունները։ Իրականում այն կարող է և, թերևս, պետք է անի երկուսը միաժամանակ՝ պնդելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և միաժամանակ պահպանել ներկայացված բարոյական չափանիշները։

Այն, ինչ եկեղեցին չի կարող իրեն թույլ տալ, անգործությունն է։ Լռությունը կամ ժխտումը ոչ միայն չեն պահպանի արժանապատվությունը, այլև կխարխլեն վստահությունը։ Թվային դարաշրջանում, երբ տեղեկությունն այլևս հնարավոր չէ չտեսնել, հեղինակությունը կախված է թափանցիկ և սկզբունքային արձագանքից։ Ձևացնել, թե դեպքը չի եղել, վտանգում է հաստատել այն ընկալումը, թե կրոնական հաստատությունները հաշվետու չեն իրենց քարոզած սկզբունքների առջև։ Հետևաբար, եկեղեցու առնչությունն այս հարցին պետք է հիմնված լինի ոչ թե բնազդային պաշտպանողականությամբ, այլ ժողովրդավարական հասարակության սկզբունքներին ու օրենքներին համահունչ՝ հարգանք անձնական կյանքի գաղտնիության հանդեպ, արդարադատության պահպանում և այն գիտակցումը, որ հաստատութենական բարեվարքությունն աճում է միայն թափանցիկության ու հաշվետվողականության միջոցով։

Մեր էջից

A Print Shop in Kapan Turns the Page for Former Inmates

Կապանի տպագրատունը նոր էջ է բացում նախկին դատապարտյալների համար

Լորի Յումշաջեքեան
Փտր 6, 2026

Կապանում գործող իր տեսակի մեջ եզակի տպարանը ներառման հազվադեպ ձևաչափ է առաջարկում։ Սոցիալական ձեռնարկությունը նախկին դատապարտյալների համար կայուն աշխատանքի հնարավորություն է ստեղծել՝ օգնելով նրանց վերագտնել հասարակության հետ կապերն ու ձերբազատվել դատապարտյալի խարանից։

Read more
the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
DigiTec 2025: Where Armenia’s Tech Future Never Sleeps

ԴիջիԹեք 2025. որտեղ տեխնոլոգիական ապագան երբեք չի քնում

Անի Թորոյան
Հկտ 8, 2025

Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական հավաքը՝ «ԴիջիԹեք»-ն այս տարի նշելով 20-ամյակը խոստանում է առանց դադարի եռօրյա հագեցած միջոցառումների ծրագիր: Ստարտափների հիմնադիրների և գաղափար ունեցող թիմերի համար սա ոչ միայն տեսանելիության հնարավորություն է, այլ նաև՝ փորձարկումների, գրում է Անի Թորոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր միջոցառմանը։

Read more
Armenia’s Balancing Act in a Multipolar World

Հայաստանի հավասարակշռումը բազմաբևեռ աշխարհում

Հովհաննես Նազարեթյան
Սպտ 25, 2025

Մինչ համաշխարհային գերտերությունները ձգտում են բազմաբևեռության, Հայաստանը բախվում է անորոշության։ Ռուսաստանի նահանջի և տարածաշրջանային շարունակական ճնշումների պայմաններում, Երևանը վարում է «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերություններն ինչպես Արևմտյան երկրների, այնպես էլ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլոց հետ՝ իր անվտանգության և դիվանագիտության համարձակ վերակարգավորմամբ։

Read more
Law,_Power_and_Perception, Gor Samvel

Օրենք, իշխանություն և ընկալում. ընդլայնելով ​​դատական անկախ համակարգի շուրջ քննարկումը

Գոռ Սամվել
Սպտ 23, 2025

Դատական անկախությունը Հայաստանում պարզապես իրավակարգերի համակցություն չէ․ այն մշակույթի, ընկալման և գործելաոճի խնդիր է։ Գոռ Սամվելն ընդլայնում է քննարկման սահմանները՝ ուսումնասիրելով, թե ինչպես են օրենքը, բարոյականությունը և հասարակական ուժերը հատվում միմյանց հետ՝ միաժամանակ կոչ անելով իրականացնել խորքային գիտական հետազոտություններ՝ հասարակական ընկալումը փաստերի վրա հիմնված գիտելիքով ձևավորելու համար։

Read more
Armenia’s Young iGaming Workers: Opportunities and Ethical Considerations

Երիտասարդ աշխատողներն առցանց շահումով խաղերի ոլորտում․ հնարավորություններ և էթիկական հարցադրումներ

Աննա Սուքիասյան
Սպտ 18, 2025

Հայաստանի արագ զարգացող առցանց խաղերի ոլորտը նոր հնարավորություններ է ստեղծել երիտասարդ մասնագետների համար, միևնույն ժամանակ մտահոգություններ առաջացնելով կայունության և բարոյագիտության վերաբերյալ: Աննա Սուքիասյանն ուսումնասիրել է աշխատաշուկայի վրա ոլորտի ազդեցությունը, երիտասարդների հավաքագրման սոցիալական խնդիրներն ու երկրի զարգացման հետևանքները:

Read more
Tech Diplomacy: Reshaping Global Power Dynamics?

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Անահիտ Բուդաղյան
Սպտ 11, 2025

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների մեջ է, և պետությունները ստիպված են ավելի շատ ներգրավվածություն ապահովել տեխնոլոգիական գործընթացներում։ Անահիտ Բուդաղյանն ուսումնասիրել է Դանիայի Սիլիկոնյան հովտում դեսպան նշանակելու փորձից մինչև Հայաստանի «լուռ» նորարարական ռազմավարությունը։

Read more

Հայկական ձեռնարկությունների անհավասարաչափ թվայնացումը

Քնարիկ Բաղդասարյան
Սպտ 1, 2025

Հայաստանում որոշ ձեռնարկություններ հաջողությամբ կիրառում են առցանց գործիքներ և փոխկապակցված համակարգեր, շատերը շարունակում են գործել հնացած եղանակներով և բախվում են անհավասար թվայնացման։ Քնարիկ Բաղդասարյանը վերլուծում է թվային խզվածքը՝ ըստ ընկերությունների չափի, գործունեության ոլորտի և աշխարհագրական դիրքի։

Read more
Bringing AI Home

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Անի Թորոյան
Օգս 26, 2025

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ