EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Ապր 22, 2024
18 min read

Պեղումներ. Աղոթքը, I-XXI դարեր

Վահրամ Մարտիրոսյան


Your browser does not support the
audio element.

Ի՞նչ խորք կարող է ունենալ աղոթքը հավատացյալի համար, Վահրամ Մարտիրոսյանը ներկայացնում է «Հայր մեր»-ի օրինակով՝ «Ինչո՞ւ քրիստոնեություն» շարքի վերջին ՁայնաՊատումում, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հայոց պատմության մեջ եղել են շրջաններ, երբ երկիրը պայքարել է ոչ թե այլակրոն, այլ քրիստոնյա պետությունների դեմ։ Բայց դա միայն մեր դժբախտությունը չէ։ Միայն XX դարում տեղի ունեցած երկու աշխարհամարտի ընթացքում համարյա նույնքան քրիստոնյա է սպանվել (իրար սպանել), ինչքան Քրիստոսի օրոք եղել է… Հռոմեական կայսրության ամբողջ բնակչությունը (60-80 մլն)։ Եվ այսօր էլ, այս պահին ընթանում է Ուկրաիայի դեմ Ռուսաստանի հրահրած պատերազմը, որն արդեն հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանք է խլել։ 

Տարբեր եկեղեցիների կողմից այլ եկեղեցիների հանդեպ ճնշումները տևել են դարեր, նաև Հայոց եկեղեցու հանդեպ… և՝ կողմից։ Միաժամանակ առաջին դարերից սկսած քրիստոնյաներին միավորել է որոշակի արժեհամակարգ, որը բխում է Նոր կտակարանից։ Օրինակը… «Հայր մեր» աղոթքն է, որը 2007 թվականի Սուրբ Զատկի կիրակի օրը նույն ժամին արտասանեցին շուրջ երկու միլիարդ քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ, անգլիկաններ, արևելյան ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որոնց թվին է դասվում նաև հայ առաքելական եկեղեցին։

Գրիգոր Տաթևացի, 1449 թվականի ձեռագրից

Արժե, թերևս, հենց «Հայր մեր»-ի օրինակով ցույց տալ, թե ինչ խորք կարող է ունենալ աղոթքը հավատացյալի համար։ Տերունական կոչվող այս աղոթքը մեկնաբանել են… V դարում Սուրբ Ավգուստինոսը (354 –430) և XX դարի նրբազգաց փիլիսոփա, քրիստոնեություն ընդունած հրեա, ֆաշիզմի դեմ Դիմադրության շարժման մասնակից Սիմոնա Վեյլը (1909-1943), Եղիշեն, Գրիգոր Նարեկացին, Վահրամ Րաբունին, Հայոց և այլ եկեղեցիների բազմաթիվ հայրեր, այդ թվում՝ աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ Գրիգոր Տաթևացին (1346-1409)։ 

Երևելի գործերի ու երկերի համար նա կոչվել է Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ, հիմնել է Տաթևի և Ապրակունիսի համալսարանները, որտեղ կրթություն է ստացել շուրջ 300 ուսանող։ Ղրիմի գրիչների պատկերած մանրանկարում Տաթևացու թիկունքում համալսարանն է, շուրջը` իր ուսանողները։ Նա ինքը նաև նկարազարդել է՝ մեզ է հասել Տաթևացու ձեռքով ծաղկած 1378 թվականի մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիր 7482)։ Տաթևացին մշտապես կրել է մազեղեն ծակծկող հագուստ, նրա հանդեպ պատկառանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ Հայաստանը ավերած Լենկ Թեմուրը նրա համալսարաններին վնաս չի պատճառել։ 

Վերհիշենք աղոթքը տարածված աշխարհաբար թարգմանությամբ։ 

Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Թող սու՛րբ լինի Քո անունը,
Թող գա Քո թագավորությունը,
Թող Քո կամքը լինի՛
Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին,
Ու մեզ փորձության մի տար,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։  

Մինչև աղոթքի բուն մեկնությանն անցնելը, Տաթևացին պարզաբանում է, թե ինչու է, եկեղեցու մեծ վարդապետների կարծիքով, ասվում «Հայր մեր» և ոչ՝ «Հայր իմ»։ Նախ, դա ցույց է տալիս քրիստոնյաների միությունը. յուրաքանչյուր ոք պետք է ոչ միայն իր համար աղոթի, այլև բոլոր հավատացյալների։ Ապա՝ ընդհանուր աղոթքն առավել լսելի է Աստծուն, որն առատաձեռն է՝ նրան ավելի հաճելի է շատերին բարիք պարգևել, քան մեկին։ Իսկ ինչո՞ւ ենք Աստծուն կոչում «Հայր»։ «Երբ Աստծուն Հայր ենք կոչում», պատասխանում է Տաթևացին, 

պարտավոր ենք բարությամբ և սրբությամբ Նրա որդին լինել, ոչ թե չարությամբ ու մեղքով` խորթ որդին։ 

Տերունական աղոթքի առաջին տողի վերջին բառը «երկինքն» է։ «Հա՛յր մեր, որ երկնքում ես»։ Այս տողը լիարժեք ըմբռնելու համար կարևոր է իմանալ, որ «երկինք» բառը եզակի չէ գրաբարում։ «Ք» ածանցով կազմված բազմաթիվ բառեր՝ ձեռք, ոտք, դեմք, տարիք, հնում որպես հոգնակի են ընկալվել՝ ձեռ-ք, ոտ-ք, տարի-ք։ 

Կան ուրիշ լեզուներ ևս, որտեղ «երկինք» բառը թե´ հոգնակի ունի, թե´ եզակի` Sky-Heaven – անգլերեն, Небо-Небеса – ռուսերեն, իսկ եբրայերենում Շամաիմ բառը նշանակում է երկու երկինք՝ երկու հատ երկինք։ Այսինքն, աղոթքում երկինքը եզակի չէ, քանի որ այն որպես բազմաշերտ, բազմահարկ է ընկալվել։ Մի հարկում երկնային թռչուններն են, մյուսում` մոլորակներն ու աստղերը, երրորդում` դրախտը, ամենավերևում` Աստված։ Քրիստոսը միակն է, որ Երկնքից իջել է երկիր ու նորից համբարձվել։ 

Դուք ներքևից եք, ես վերևից եմ։ Դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ։ (Ավետարան ըստ Հովհաննեսի, 8:23)

«Տերունական աղոթքը» Աստծուն ուղղված 7 աղերս է պարունակում։ Սուրբ գրքերում կան թվեր, որոնց առանձնահատուկ իմաստ է վերագրվում, դրանցից է նաև 7-ը։ 7 թվին հայերենի այբուբենում «է» տառն է համապատասխանում։ Այն «Էություն» բառի սկզբնատառն է, որն օգտագործվել է որպես Աստծո հոմանիշներից մեկը: (Այս համընկնումները բազմաթիվ գաղտնածիսական տեսությունների է ծնունդ տվել մեր ժամանակներում, որոնք, ըստ իս, քիչ կապ ունեն հավատի խորհրդի հետ)։ 

Աղոթքի յոթ խնդրանքներից առաջին երեքը փառաբանում են Աստծուն.

Թող սու՛րբ լինի Քո անունը,
Թող գա Քո թագավորությունը,
Թող Քո կամքը լինի՛
Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ 

Գրիգոր Տաթևացին այսպես է բացատրում դրանց անհրաժեշտությունը.

Խնդրելուց առաջ քաղցրությամբ ու գովաբանությամբ փառաբանենք Աստծուն, ինչպես նրանք, ովքեր թագավորներից ունեցվածք են խնդրում, նախ գովում և փառավորում են նրանց, որ քաղցրանա նրանց սիրտը։ 

Արդյոք Աստված կարիք ունի սիրաշահության՝ այսօրվա տեսանկյունից հազիվ թե, բայց աղոթողը, ի վերջո, անցնում է խնդրանքներին. 

Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ 

Առաջին հայացքից այս խնդրանքը հակասում է Քրիստոսի հայտնի հորդորին, թե՝ «Վաղվան թող վաղվա հոգսը, այսօրվանն իրեն հերիք է»։ Բայց Հիսուսը այն գեղեցիկ օրինակով է զարդարում.

Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք։ (Մատթեոս 6։26)

Այսինքն, Տերը չի զլանա ձեր «ամենօրյա հացը» տալ՝ խնդրեք պարզապես, որ շարունակի այն ընծայել։ Միաժամանակ այս աղերսը քրիստոնեական ասկետիզմի՝ քչով բավարարվելու դրսևորում է. աղոթողը միայն հաց է ուզում, ուրիշ ոչինչ։ Ըստ Գրիգոր Տաթևացու մեկնության, այս խնդրանքը ներառում է թե´ մարմնական, թե´ հոգևոր հացը և ազատում է մի շարք մեղքերից։ Այդ թվում` որկրամոլությունից, քանի որ շատերը տասն օրվա կերակուր են ուտում, «որի համար արդարադատ Աստված տասը օրը մեկ օրվա է կարճում»։ Այսինքն՝ տասնապատիկ կրճատում է շատակերների կյանքը։ Այդպիսինների որդիները, ըստ սրբի, դատապարտված են մուրալու, «որովհետև նրանց կերակուրն իրենց հայրերը կերան»։ Տերունական աղոթքի այս տողը

«վերացնում է նաև առանձին ուտելը և հրամայում է Աստծուց տրված հացը բոլորով ուտել, քանի որ չի ասում իմ հացը, այլ` մեր. որովհետև հարուստները Աստծո ձեռքերն են, պարտավոր են իրենց ունեցվածքը շատերին և աղքատներին բաշխել։ (Տաթևացի)

Հետաքրքիր է, որ Տաթևացին չի դատապարտում հարուստներին, ինչպես հաճախ անում էին հոգևորականները միջնադարում, այլ, այսօրվա լեզվով ասած, սոցիալական պարտավորություն է հասցեագրում նրանց։ 

Հայերեն աղոթքը՝ Երուսաղեմի «Հայր Մեր» եկեղեցու գավթում

Աղոթքի հինգերորդ և վեցերորդ խնդրանքներն ավելի դրամատիկ են, խոսքը արդեն հոգու կորստյան սպառնալիքների մասին է. 

«Եվ մեզ փորձության մի տար,
Այլ փրկիր մեզ չարից»։  

Գրիգոր Տաթևացին դարերի հեռվից հուսադրում է. «Փորձությունը մեծ օգուտ է հոգուն և պսակն է ավելացնում»,- բայց հետո՝ ավելացնում, որ մահկանացու մարմնով մարդը չի կարող «փորձությունները մինչև վերջ տանել»։

Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես որ մենք կներենք մեր պարտապաններին։ 

Աղոթքի այս հատվածը մի էական պահանջ է դնում հավատացյալի առաջ, որը հասկանալու համար պետք է իմանալ, որ «պարտք» բառն այստեղ մեկնաբանվում է որպես «հանցանք», «մեղք»։ Արամեերեն աղոթքում բառը երկու նշանակությունն էլ ունի` թե´ պարտք, թե´ մեղք։ Ապա շատ կարևոր է, որ գրաբարում «որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց» արտահայտությունը աշխարհաբար թարգմանվի այսպես՝ «ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին», և ոչ թե կներեք։ Այսինքն, հավատացյալը նախօրոք պիտի ների իր պարտատերերին, հետո դիմի Աստծուն։ Այլապես կստացվի, որ նա պայման է դնում Աստծու առաջ, թե՝ մեզ ներիր, որ մենք էլ մեր պարտապաններին ներենք։ Տաթևացին հստակ ներկայացնում է, թե որն է սկզբնականը, որը` հետևանքը. «նախ պարտավոր ենք ներել նրանց մեղքերը, ովքեր մեզ են պարտք, և հետո մերը կներվի, որովհետև եթե մերը` մեր պարտքը, որ քիչ է, չենք ներում, Աստված էլ մերը` մեր ունեցած պարտքերը չի ների, որ բազմաթիվ են»։ Եկեղեցու վարդապետները մեղքը համարում են պարտք, որը մարդը վերցրել է սատանայից` գրավ դնելով իր հոգին, ասում է Տաթևացին։ Այս պարտքը տոկոսով է. որքան մարդը երկար մնա մեղքի մեջ, այնքան չարչարանքները կավելանան։

Վարդան Այգեկցի վարդապետի առակը նկարագրում է որոշ փորձությունների վտանգները. 

Սատանան և իր յոթ դուստրերը

Մի օր սատանան մտածեց ամուսնանալ և ծնել յոթ դուստր, նրանց ուրիշների հետ ամուսնացնելու և փեսաներին իր տունը, այսինքն՝ դժոխք, տանելու համար։ Ամուսնացավ և կին առավ մեկին, որ կոչվում էր Անիրավություն, որից ծնվեցին յոթ դուստրեր՝ նրա փափագի համաձայն։ Առաջինին անվանեց Հպարտություն և ամուսնացրեց ոստիկանների հետ, երկրորդին կոչեց Ագահություն և հարսնացրեց մեծամեծներին, երրորդին հորջորջեց Խաբեություն և կնության տվեց ռամիկներին, չորրորդին անվանակոչեց Նախանձ և տվեց արվեստագետներին, հինգերորդի անունը դրեց Կեղծավորություն և պսակեց կրոնավորների հետ, վեցերորդին Սնափառություն կոչեց և հանձնեց կանանց, յոթերորդին, որի անունը Ողջախոհություն կնքեց, չկամեցավ հարսնացնել ո՛չ մեկին։ 

Այս սրամիտ առակն ուղղորդում է մարդուն Ողջախոհությո՛ւնը նախընտրել որպես հարսնացու՝ ի հեճուկս սատանայի, և ոչ՝ Անիրավությունը։ Ցույց տալով մեղքերի բաշխումը, ըստ խավերի, մասնագիտությունների, նույնիսկ՝ սեռի, այն հուշում է նաև, թե ով ինչից զգուշանա կամ ինչի համար ապաշխարի։ 

Մոլորյալ որդու վերադարձը, Ռեմբրանդտ, 1661-1669 թթ.

Հիսուսի մեկ ուրիշ հայտնի առակ, որը պատմում է մոլորյալ որդու մասին, ցույց է տալիս, որ քրիստոնեության խնդիրը մոլորյալ որդու բացակայությունը կամ «բացակայության» տևողությունը չէ, այլ դեպի Հայրը, դեպի օրինավորություն վերադառնալու կամքը։

«Հայր մեր»-ը ավարտվում է նույնպես փառաբանական տողերով. 

…Քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն… 

Սա հանդիսավորությամբ է օժտում սակավաբառ աղոթքը։

Ահա այսպիսի ուղերձներ է պարունակում «Տերունական աղոթքը» Տաթևացու հինավուրց մեկնաբանությամբ, որոնք որդեգրելով՝ քրիստոնյա Արևմուտքը այսօր հասել է առաջադիմական արժեհամակարգի, ընդհանուր բարեկեցության։ Այն առանձին թովչությամբ է հնչում գրաբարով. 

Հայր մեր որ յերկինս ես…
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի…
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս
Ամէն

Երեկ և այսօր 

Յոթ տասնամյակ Հայաստանը Սովետական Միության կազմում է եղել, որի կրոնը… անաստվածությունն էր։ Հայաստանում լույս է տեսել «Անաստված» անունով պարբերական (1928-1935), գործել է նույնանուն կինոթատրոն, «Անաստվածների միություն» է հիմնվել, հետապնդել են հոգևորականներին ու հավատացյալներին, հատկապես՝ 1920-30-ական թվականներին, քանդել են հնագույն տաճարները։ 

 «Անաստված», ամսագիր, հետո՝ թերթ, 1928-1935

«Անաստված» պարբերականի նշանաբանն էր՝ «Կրոնի դեմ պայքարը՝ պայքար է սոցիալիզմի համար», «Անաստվածների միության» անդամները համոզված էին, որ «Պայքարը կրոնի դեմ՝ պայքար է մշակույթի համար»։ 

Իհարկե, յուրաքանչյուր մարդ իրավասու է սիրել սոցիալիզմն ու մշակույթը, բայց այս կարգախոսների ներքո բոլշևիկները Սովետական Հայաստանի տարածքում վերացրել էին 1917 եկեղեցի՝ 1938 թվականին թողնելով ընդամենը 4-ը իրենց իշխանության առաջին տարին՝ 1921-ին գործող 1921-ից (թվային խոսուն զուգադիպություններ)։ Ամեն ինչ արվում էր, որ ջնջվի հայ ժողովրդի հազար ինը հարյուրամյա հավատը, որի երեք դարը եղել է դիմակայություն հանուն այն դավանելու ազատության, իսկ պետականորեն քրիստոնյա դառնալուց ի վեր՝ նրա պահպանման։

Pew Research Center-ի 2023 թվականի տվյալներով աշխարհում քրիստոնեություն դավանում է ավելի շատ մարդ, քան ուրիշ որևէ կրոն՝ 31.0 տոկոս (շուրջ 25 տոկոս են մուսուլմանները, 15.2 տոկոս հինդու, 6.6 տոկոս բուդդայական հավատացյալները)։ Քրիստոնյա է համարյա ամբողջ Եվրոպան, զույգ Ամերիկաները, շատ երկրներ Աֆրիկայում, մի քանիսը՝ Ասիայում։ Աշխարհի քրիստոնյաների կազմում է նաև Հայաստանի բնակչության 93 տոկոսը (նույնն է պատկերը Վրաստանում, The Telegraph, 2022)։ 

Թեև պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում վիճակագրությունը լուրջ ձախողումների է բախվում։ «Կովիդ-19» համավարակի ընթացքում, օրինակ, հետազոտությունների մեկի ընթացքում հարցվածների 90 տոկոսից ավելին ասել է, թե պահպանում է սահմանված կանոնները, մինչդեռ տուգանքների քանակը էականորեն տարբեր է եղել (սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի տվյալներով)։ Այսինքն, մի կողմից՝ բոլշևիզմի 70-ամյա ճնշումները ձախողվել են, մյուս կողմից քրիստոնեությունը 1920-ի և 2020-ի հայաստանցու համար նույնական չեն՝ վերջինիս ծնողներն ու պապերը, մի քանի սերունդ շարունակ, նույնիսկ «Հայր մեր» աղոթքը չեն իմացել, և դա չէր կարող չազդել նրանց հավատի գիտակցականության աստիճանի վրա։ 

Անկախությունից հետո մեր երկիրը Սահմանադրությամբ հռչակեց դավանանքի ազատություն (1995, ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը)։ Նրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխություններով (2005) Մայր օրենքում ներառվեց հոդված, որում արձանագրվեցին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր-մշակութային բացառիկ դերն ու վաստակը «ազգային ինքնության պահպանման գործում»։

Բայց։ Առօրեական է դարձել հարցադրումը, թե արդյո՞ք կրոնը, հայ եկեղեցականների գործունեությունը վնասաբեր չեն եղել հայ ժողովրդի և պետականության համար։ Ավելի վաղ՝ XIX-XX դարերում հանրային ու մշակութային այնպիսի երևելի գործիչներ, ինչպես՝ Միքայել Նալբանդյանը, Լեոն, ժամանակի առաջադիմական դիրքերից քննադատել են Հայ առաքելական եկեղեցին, իսկ Րաֆֆին հանգել է շատ կտրուկ եզրակացության. «Հայերն ունեցել են փառավոր անցյալ, դա եղել է … հեթանոսական դարերում»։ Առաջին հայացքից այս խոսքերին համահունչ է մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի (1871-1942) կարծիքը, թե «Հայոց պատմությունը բառի բուն իմաստով սկսում է Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակներից», բայց ավելի հավանական է, որ նա որպես գիտնական նկատի ունի այն, որ ավելի վաղ ժամանակների մասին տեղեկություններն խիստ սակավ են և լուրջ քննության առարկա չեն կարող լինել։

ՀԱԵ վերջին հարյուրամյակի քննադատության հիմնական ելակետը real politic-ն է՝ իրապաշտական քաղաքականությունը։ Այս տեսության ակունքներում մաքիավելականությունն է, հիմնադիրը՝ Լյուդվիգ ֆոն Ռոհաուն, նրա նշանավոր հետևորդները՝ Օտտո ֆոն Բիսմարկը, Զբիգնև Բժեզինսկին, Շառլ դը Գոլը)։ Բնորոշ օրինակ է XX դարի գործիչ, Գարեգին Նժդեհի սերտ գաղափարակից Հայկ Ասատրյանի տեսակետը. «Տրդատը և Գրիգորը ճակատագրական սխալ թույլ տվեցին՝ անտեսելով քրիստոնեության աշխարհաքաղաքացիական բնույթը» (աշխարհաքաղաքացիական=կոսմոպոլիտ)։

Ուրեմն, չարժե խուսափել «Պե՞տք էր արդյոք հին հավատը պահպանել» հարցից։ Թեկուզև միայն հակադարձ հարցը տալու համար՝ իսկ տարածաշրջանի որևէ պետություն մինչև վերջ հավատարիմ մնա՞ց բազմաստվածությանը։ Հռոմը/Բյուզանդիան Հայաստանից ոչ շատ ուշ՝ նույնպես IV դարում քրիստոնեացավ։ Իրանի բազմաստված բնակչությունը իսլամ ընդունեց արաբական նվաճումից ոչ թե հարյուրամյակներ, այլ ընդամենը տասնամյակներ անց, VII դարում (միայն քչերը մնացին կրակապաշտ՝ դաժանագույն հալածանքների արժանանալով հետագայում, ընդհուպ մինչև XX դար)։ 

Ուրեմն, տեղի էր ունենում կրոնական նոր գլոբալացում։ Այն ժողովուրդները, որոնք չբարձրացան քրիստոնեության գնացքը, հարյուրամյակներ անց նստեցին մուսուլմանականը, որը նույնպես «աշխարհաքաղաքացիական» էր, նեղ ազգային չէր։ «Ինչո՞ւ քրիստոնեություն» հարցին, որ պատումների այս շարքիս վերնագիրն է, հայ ժողովուրդը պատասխանեց I դարից մինչև III դարի ինքնազոհաբերություններով, որոնք համարյա անտեսված են մեր պատմաբանների կողմից։ Բայց Հայ առաքելական եկեղեցու որպես հաստատության, «գերատեսչության» ընդհանուր գործունեությունը միահյուսված է պետության, ժողովրդի պատմությանը. դա նշանակում է, որ այն պետք է գնահատել համալիր ձևով, որ նրա հաղթանակներն էլ, պարտություններն էլ բոլորինս են՝ դրանք քննադատելու կամ սիրելու հավասար իրավունքով։ 

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

0:00:00 առաջաբան
0:00:53 միջկրոնական բախումներ
0:02:08 աղոթքի մեկնությունը
0:10:52 Սատանան և իր յոթ դուստրերը
0:13:22 երեկ և այսօր
0:16:43
Հայ առաքելական եկեղեցին և real politic-ը

«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։

Պեղումներ

Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Վահրամ Մարտիրոսյան
Ապր 15, 2024

Անկախ հոգևորական վերնախավի վարքից, նրա և աշխարհիկ իշխանության միջև հարաբերություններից, տասնյակ միլիոնավոր հայերի համար քրիստոնեությունը եղել է արժեհամակարգային խարիսխ, հաղորդակցություն՝ վերին բարձրագույն արդար զորության հետ, գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով XV-XVIII դարերի մարտահրավերներին։

Read more

ՁայնաՊատում. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Վահրամ Մարտիրոսյան
Ապր 8, 2024

Հայերեն տպագրված «Աստվածաշունչը» ահռելի նշանակություն ունեցավ հայերի քրիստոնեական ինքնությունը, ազգային արժանապատվության զգացումն ամրապնդելու առումով։ Վահրամ Մարտիրոսյանն անդրադառնում է «կաթոլիկական գրաքննության» ոչ դյուրին ժամանակներում ստեղծված գրքի պատմությանն ու ներկայացնում այն իրականություն դարձրած երախտավորներին։

Read more

ՁայնաՊատում. Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Վահրամ Մարտիրոսյան
Ապր 1, 2024

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սուրբ Երուսաղեմն ու Արևելքի քրիստոնյա եղբայրներին։ Արշավանքի մասնակիցները մեջքին խաչ նկարած թիկնոցներով էին, և երբ նրանք հուսահատ ու անօգնական վիճակում էին, ընդառաջ եկավ հայերի թափորը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով XI-XIV դարերի իրադարձություններին։

Read more

ՁայնաՊատում. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Վահրամ Մարտիրոսյան
Մրտ 25, 2024

Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:

Read more

ՁայնաՊատում. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Վահրամ Մարտիրոսյան
Մրտ 18, 2024

Հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը, անգամ հնարավոր դարձրել Հայոց թագավորության վերականգնումը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով VII-IX դարերի ռազմարշավներին։

Read more

ՁայնաՊատում. VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Վահրամ Մարտիրոսյան
Մրտ 11, 2024

Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more

ՁայնաՊատում. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Վահրամ Մարտիրոսյան
Մրտ 4, 2024

Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։

Read more

ՁայնաՊատում. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Վահրամ Մարտիրոսյան
Փտր 19, 2024

Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։

Read more

ՁայնաՊատում. Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Վահրամ Մարտիրոսյան
Փտր 12, 2024

Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։

Read more

ՁայնաՊատում. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Վահրամ Մարտիրոսյան
Փտր 5, 2024

Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։

Read more

ՁայնաՊատում. Ինչո՞ւ քրիստոնեություն

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ