
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հայաստանի իշխանությունները որոշել են ավելի սեղմել տեղեկությունները գաղտնի պահելու շղթաներն ու նոր սահմանափակումներ կիրառել։ 2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն ու դրան վերաբերելի այլ օրենքներում փոփոխություններ։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հիմքում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքն է՝ վերանայված և գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցված:
Նոր օրենքով պետական գաղտնիք է համարվում Հայաստանի ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսության, գիտության, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել պետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
Սահմանվում է գաղտնիության երեք աստիճան և դրանց համապատասխան՝ պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են դրոշմագրեր՝ «հատուկ կարևորության», երբ առանձնապես ծանր վնաս է հասցվում, «հույժ գաղտնի»՝ ծանր վնասի դեպքում, «գաղտնի»՝ էական վնասի դեպքում:
Գաղտնի պահելու ժամկետները երկարացվում են
Նոր oրենքով գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ավելի երկար ժամկետներ են սահմանվել։
Եթե գործող օրենքով «գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունների պահպանման ժամկետը 10 տարի է, ապա նոր օրենքով 20 տարի է: «Հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները ներկայումս մինչև 30 տարի պահպանման ժամկետ ունեն, իսկ նոր օրենքի համաձայն՝ «հույժ գաղտնիի» դեպքում տեղեկությունների պահպանման ժամկետը 30 տարի է, իսկ «հատուկ կարևորության» աստիճանի դեպքում՝ 40 տարի:
Գործող օրենքով սահմանված է, որ տեղեկությունը պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող պաշտոնյաները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության ժամկետները ոչ ավելի քան 5 տարով:
Նոր օրենքով, սակայն, սահմանվում է, որ այս պաշտոնյաները իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների՝ որպես գաղտնիք պահպանելու ժամկետները՝ յուրաքանչյուր անգամ մինչև 5 տարի ժամկետով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով, այսպիսով՝ պահպանման այս գործընթացն անվերջ է դառնում ու հնարավոր է, որ կոնկրետ փաստաթուղթը շարունակաբար մնա գաղտնի:
«Գործող օրենքով հստակ սահմանված էր, օրինակ, եթե «հույժ գաղտնի» համարվող տեղեկությունների դեպքում պահպանման առավելագույն ժամկետը 30 տարի էր, կարող էր առավելագույնը ևս 5 տարով գաղտնի պահվել, իսկ հիմա կարող են 5 տարին մեկ անընդհատ վերանայել և այդ փաստաթղթի համար հարատև սահմանել գաղտանգրման կարգավիճակ»,- նշում է Դոյդոյանը։
Գաղտնիքները կարող են ոչնչացվել նախատեսվածից շուտ
Նոր օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են այն հիմքերը, թե երբ կարող են գաղտնիք համարվող տեղեկությունները գաղտնազերծվել և ոչնչացվել։
Գաղտնի տեղեկությունները կարող են գաղտանզերծվել, եթե Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել դրանք բաց փոխանցելու վերաբերյալ, կամ օբյեկտիվ հանգամանքներ են փոխվել, որոնց հետևանքով դրանց պահպանումն ու պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար։
Տեղեկությունների գաղտնի պահպանման ժամկետը կարող է կրճատվել կառավարության որոշմամբ։
Տեղեկությունների գաղտնազերծումից հետո դրանք տնօրինող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ տեղեկությունները կարող են փոխանցվել պետական արխիվի պահպանությանը։
Սահմանվում է, որ պահպանման ժամկետները լրացած, սակայն գաղտնազերծման կամ պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա գաղտնի տեղեկությունները ոչնչացվում են:
Ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ժամանակ, պայմանավորված իրավիճակով, ինչպեսև զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության պայմաններում, երբ հնարավոր չէ իրականացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պաշտպանությունը և կա դրանց փաստացի կորստի կամ հրապարակման վտանգ, ապա համապատասխան իրավասու (պատասխանատու) անձանց որոշմամբ դրանք ոչնչացվում են:
Տեղեկությունները կարող են ոչնչացվել նաև մինչև դրանց գաղտնիության պահպանման ժամկետի լրանալը, եթե օբյեկտիվ հանգամանքներ են փոփոխվել, որոնց հետևանքով այդ տեղեկությունների հետագա պահպանությունն ու պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար:
Վերոնշյալ դրույթը նույնպես նոր է։ Սա ենթադրում է, որ եթե որևէ փաստաթուղթ գաղտանագրվել է, ապա այն հավանական է, որ այլևս երբեք հայտնի չի դառնա հանրությանը։
Փաստաբան, «Հետք» հետաքննական պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի դիտարկմամբ, վտանգավոր է ցանկացած դեպք, երբ օրենքի դրույթը կարող է սուբյեկտիվորեն մեկնաբանվել և միատեսակ չկիրառվել։
«Ոչ նպատակահարմար» ձևակերպումն արդեն վտանգավոր է և ունի բարձր ռիսկ՝ տեղեկությունը ժամանակից շուտ ոչնչացնելու առումով,- ասում է Բալասանյանը՝ եզրակացնելով, որ օրենքի փոփոխությունը հենց այդ նպատակով էլ արվել է, որպեսզի ժամանակից շուտ ոչնչացվեն տեղեկությունները, որոնք իշխանությունների ներկայացուցիչների համար ապագայում կարող են խնդիրներ ստեղծել,- Հանրությունն այդպես էլ շատ փաստերի մասին տեղեկություն չի ունենա, ինչը կառաջացնի տեղեկատվական վակուում»:
Խարխլվում են տեղեկատվության ազատության իրավունքի հիմքերը
«Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հետ ԱԺ կողմից ընդունված այլ օրենքներում կատարված փոփոխություններից մեկը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն է, ինչը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», որին ավելացել են «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։
Իսկ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությանը» վերաբերող կարգավորումները սահմանվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ գլխով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ փաստաթղթերի հիմնական մասը, որոնք պետական մարմիններում շրջանառվում են, կարելի է որակել որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն.
«Այդ ձևակերպումը շատ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումների հնարավորություն է տալիս և պետական մարմնի աշխատակիցն ինքը կարող է գնահատել, արդյոք այդ փաստաթուղթը պարունակում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, թե՝ ոչ, ու կարող է հանգիստ մերժել: Այս փոքր փոփոխությամբ արժեզրկված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը»:
Ըստ Դոյդոյանի, այսպիսով, գաղտնիքի պահպանման գործընթացը պաշտոնյան միանձնյա է որոշելու՝ կարիք կա՞ գաղտնագրելու, թե՝ ոչ։
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո՝ մարտի 13-ին, լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ նախագահից չստորագրել ընդունված օրենքները և վիճարկել դրանց սահմանադրականությունը։ Այս հայտարարության մեջ նշվում է, որ նույն տրամաբանությամբ փոփոխություններ են արված «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքում։ Այնուհետև հիշեցում կա, որ քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը ևս տեղեկատվական ոլորտում կամայական և անհամաչափ սահմանափակումներ կիրառելու համար հնարավորություններ է տալիս։
«Այսպիսով, գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ հետընթաց շղթա։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետական մարմիններից պաշտոնական տվյալներ ստանալն առանց այն էլ անասելի բարդությունների հետ է կապված, և բազմաթիվ անհիմն մերժումների են բախվում և՛ անհատ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները»,- նշվում է հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, մարտի 24-ին հանրապետության նախագահը ստորագրել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը։ Նախատեսվում է, որ դրա պաշտոնական հրապարակումից 10 ամիս անց այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։
Լինե՞լ ավելի թափանցիկ, թե՞ ոչ
Ըստ փորձագետների՝ Հայաստանում գաղտնազերծման գործընթացը բավականին բարդ է իրականացվում։
«Անցած 10 տարվա ընթացքում Հայաստանում 10 գաղտնի փաստաթուղթ չի գաղտնազերծվել կառավարության կողմից»,- ասում է Դոյդոյանը և օրինակ բերում Ալբանիան, որտեղ տարեկան 1000-ից ավելի փաստաթուղթ է գաղտնազերծվում և հրապարակվում պաշտոնական հարթակներում։
Ըստ Դոյդոյանի՝ բազմաթիվ փաստաթղթեր կարող են լույս սփռել անցյալի վրա, մինչդեռ Հայաստանում գաղտնագրված տեղեկություններն ընդմիշտ մնում են փակի տակ․
«Դրանց վերանայում ընդհանրապես չի արվում։ Հակառակը, «Պետական գաղտնիքի մասին» օրենքն է փոխվում ճիշտ հակառակ ուղղությամբ՝ ավելի փակելու և սահմանափակելու մարմաջով»։
Աշոտ Մելիքյանի կարծիքով էլ՝ եթե գործող իշխանությունը ժողովրդավարությունն իր համար դարձրել է բրենդ, ապա պարտավոր է զգուշորեն մոտենալ այդ սահմանափակումներին։
«Այո՛, մենք շատ բարդ իրավիճակում ենք, մշտական տեղեկատվական պատերազմի մեջ ենք: Այո՛, հասկանալի է, որ ռազմական գործողությունները կարող են ցանկացած պահի սկսել, բայց այդ ամենն ավելի ողջամիտ պետք է լինի ու չպետք է խաթարի տեղեկատվության ազատությունը»,- ասում է Մելիքյանը։
Գրիշա Բալասանյանը հիշում է մի դեպք, երբ գաղտնիք պարունակող տեղեկությունը, ի վերջո, գաղտնազերծվել է։ Այս դեպքում լրագրողները պահանջել էին հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման գործարքներին վերաբերող փաստաթղթեր, որոնք, կառավարության որոշմամբ, համարվել էին ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներ։
«Դիմեցինք վարչական դատարան, դատարանի որոշմամբ՝ մասամբ տրամադրվեց, բայց այդ գործընթացից հետո, քանի որ իշխանափոխությունը նոր էր եղել, նոր իշխանությունները գաղտնազերծեցին: Ստացվում է՝ նախկինում իրենց համար անընդունելի որոշումները դառնում են լավ էլ ընդունելի հիմա, ու իրենք էլ իրենց հերթին փորձում են էլ ավելի խիստ սահմանափակել տեղեկատվության ազատությունը»,- ասում է Բալասանյանը՝ հավելելով, որ նոր օրենքներով, օրինակ, պետական գնումների կամ բարձրաստիճան պաշտոնյաների ճամփորդությունների մասին տեղեկությունները կարող են դիտարկվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն» ու գաղտնի պահվել։
Բալասանյանի մտավախությունն այն է, որ դրանով խոչընդոտվում է ոչ միայն տեղեկատվության ազատությունը, այլև իշխանությունների հրապարակային, թափանցիկ, հաշվետվողական լինելը․
«Սահմանադրությունն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական երկիր է: Այդ դեպքում, եթե ժողովրդավարական ու իրավական երկիր է, ինչո՞ւ եք ժողովրդին զրկում տեղեկություն ստանալ իշխանությունների ծախսերի, ծառայողական առանձնատներում վերանորոգումների և այլնի մասին»։
Բալասանյանը հիշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին օրերին կառավարական առանձնատան ամեն անկյունը նկարում ու ցույց էր տալիս՝ իբր հաշվետվողական է լինելու, ցույց է տալու՝ ինչ պայմաններում են ապրելու և թաքցնելու բան չունեն։
«Պարզվեց՝ այդ ամենը ժամանակավոր էր: Հիմա ընդհանրապես իշխանությունները չեն ուզում լինել թափանցիկ ու հաշվետվողական: Սա ոչ միայն ՀՀ Սահմանադրության հետ, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և միջազգային այլ իրավական ակտերի հետ կարող է խնդիրներ առաջացնել»,- ասում է Բալասանյանը՝ եզրափակելով՝ ինչքան նեղանում է տեղեկատվության ազատության իրավունքը, այնքան տուժում է երկրի ժողովրդավարությունը։
Մարդ և օրենք
Բազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՉգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ
Վերջին երեք տարիներին աշխատողներին չգրանցելու փաստով արձանագրված դեպքերը շատացել են։ Ի հեճուկս բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին ու հսկող գործիքակազմերին, չգրանցված աշխատանքը դեռևս արդիական խնդիր է։
Read moreՌազմական դրություն․ արդարացում՝ սահմանափակումների համար
Ռազմական դրության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները խնդրահարույց հարցեր են առաջացրել։ Ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read moreԳործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ
Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read more