EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Նյմ 5, 2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Արևիկ ՕհանյանևՌուբեն Մարկոսյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ է դարձել։ Նախագծում առաջարկվող դրական կարգավորումներին զուգահեռ՝ որոշ փոփոխություններ կարող են վտանգել բուհական համակարգի կարևոր սկզբունքները, ինչն էլ անհանգստացնում է ոլորտի փորձագետներին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացրած օրենքի նախագծում սահմանված մի շարք դրույթներ էականորեն կնպաստեն համակարգի առավել առաջանցիկ ընթացքով զարգացմանը: Հատկանշական է հատկապես․

  • կրթության եռաստիճան համակարգի սահմանումը (բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ),
  • համագործակցային կրթական ծրագրերի, միկրո-որակավորումների շնորհման, ինտեգրված կրթական ծրագրերի իրականացման համար իրավական հենքի ստեղծումը,
  • նորարարությունների խթանման, առևտրայնացման իրավակար­գավորումները,
  • բարձրագույն կրթության միջազգայնացման վերաբերյալ և մի շարք այլ դրույթներ, որոնց կարգավորման բացն էականորեն դանդաղեցնում կամ, կարելի է ասել, կասեցնում էին բարձրագույն կրթության համակարգի առաջընթացը՝ խորացնելով որակական խզումը զարգացած կրթական համակարգ ունեցող երկրների համե­մատությամբ։

Մեծապես դրական կարգավորումների հետ մեկտեղ, այդուհանդերձ, օրենքում տեղ են գտել որոշ արմատական փոփոխություններ, որոնց վտանգները, թերևս, բավարար ուշադրության չեն արժանացել և հիմնավորված չեն նաև հետազոտություններով։

Օրենքի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի հետևյալ կարևոր հիմնարար սկզբունքները․

  •  ժողովրդավարությունը,
  • ազատ մրցակցությունը,
  • բուհերի ինքնավարությունը (չնայած ինքնավարությունը ներկայացվում է որպես կարևոր սկզբունք),
  • երկրի տարածքային համաչափ զարգացումը և ազգային անվտանգությունը,
  •  նորարարությունների խթանումը,
  • բուհական համակարգի բազմաձևությունը և այլն։

 

Պարտադրված միավորումներ

Բարձրագույն կրթության համակարգում միավորումները և բուհերի խոշորացումը տարբեր երկրների կրթական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ The Chronicle of Higher Education պարբերականը բարձրագույն կրթության ոլորտում շարունակվող միավորումների ընթացքը բնութագրել է որպես «Միավորումների մոլուցք»: Վերջին տարիներին միավորումների փորձը տարածվել է ասիական, եվրոպական տարբեր երկրներում, որոնք արձագանքում են արտաքին և ներքին ճնշումներին, ֆինանսական ճգնաժամին և հանրային միջոցների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը։ 2000-ականների վերջում, օրինակ, Չինաստանում ավելի քան 400 միավորման դեպք է գրանցվել, որոնք ներառում էին մոտ 1000 պետական բարձրագույն կրթական հաստատություն:

Սկզբնական շրջանում միավորումների հիմնական նպատակը հանրային ռեսուրսների կառավարման (հատկապես ֆինանսական կառավարման) արդյունավետության բարձրացումն էր։ Այժմ, աշխարհում միավորումների առանցքային նպատակներից է միջազգային մրցունակության և հեղինակության բարձրացումը՝ խթանելով միջազգային տարբեր վարկանիշավորման ցանկերում բուհերի առաջընթացը։ Վերոհիշյալ երկու նպատակները Հայաստանում ոլորտի քաղաքականության մշակողների հանրային հռետորաբանության մեջ ակնհայտորեն արծարծվում են։ Ավելին, «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» սահմանված է թիրախային նպատակ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության չորս բուհեր պետք է ընդգրկվեն բուհերի միջազգային հեղինակավար վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում։

 

Բազմազան առաքելությամբ բուհերի վերացում

Միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ հաստատությունների միավորումները կարող են էականորեն նպաստել բուհի միջազգային ճանաչմանն ու մրցունակության բարձրացմանը՝ ամբողջական գործիքակազմի կիրառման և պատշաճ ֆինանսավորման դեպքում: Դրանք ապահովում են որոշակի առաջընթաց նաև վարկանիշավորման աղյուսակներում՝ հատկապես գիտահետազոտական գործունեության գիտաչափական ցուցանիշների միավորման արդյունքում։   

Այնուամենայնիվ, վարկանիշային աղյուսակներում ավելի բարձր դիրքեր գրավելու նպատակադրումը հաճախ ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնում է հետազոտությունների վրա՝ անտեսելով կրթական նորարարությունները: Միայն միջազգային վարկանիշերի բարձրացման վրա կենտրոնանալը, և սահմանված չափելի թիրախային ցուցանիշին ձգտելու մոլուցքը կարող է նպատակադրել համալսարաններին արհեստականորեն ձգտել այդ թիրախների ապահովմանը և մեծ ներդրումներ կատարել գիտական հետազոտություններում՝ ի վնաս դասավանդման որակի։ Սա պայմանավորված է նրանով, որ միջազգային վարկանիշային համակարգերը հիմնականում շեշտադրում են հետազոտական արդյունքները, հրապարակումների մեջբերումների քանակը, միջազգային հետազոտական համագործակցությունները և այլն։ Այս աղյուսակներում ուսուցման որակի չափանիշները խիստ սահմանափակ են՝ օբյեկտիվ տվյալներ ստանալու դժվարությունների պատճառով․ դրանք հիմնականում սահմանափակվում են ուսանող-դասախոս թվային հարաբերակցությամբ, ակադեմիական հեղինակության հարցումներով։

Օրենքով որդեգրված նոր կարգավորումները (այդ թվում՝ խոշորացում և կենտրոնացում) կարող են հանգեցնել «դասավանդող համալսարանների» (teaching universities) հիմնական առաքելության անտեսման, որոնք կարևոր դեր են խաղում ցածր դասախոս-ուսանող հարաբերակցությամբ լսարաններում ուսանողների գործնական հմտությունների զարգացման և տեղական աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև համայնքների կայուն զարգացման կարիքները բավարարելու գործում: Ոչ բոլոր համալսարանները պետք է ձգտեն դառնալ «հետազոտական համալսարաններ», և կարևոր է հստակ ընդգծել այն շեշտադրումը, որ ինչպես «հետազոտական», այնպես էլ «դասավանդող» համալսարաններն ունեն կարևոր առաքելություն և երկուսն էլ կրթական էկոհամակարգում ծառայում են որոշակի և արժեքավոր նպատակների իրագործմանը: Ավելին, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողություններում որպես երեք առանցքային ցուցիչներից մեկը սահմանված է, որ «բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների 90 տոկոսը»։ Հնարավո՞ր է արդյոք այս նպատակին հասնել՝ ձևավորելով բացառապես հետազոտահեն բարձրագույն կրթության համակարգ, որտեղ գործում են միայն խոշոր համալսարաններ։ 

Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակի ապահովման ուղեցույցը (ESG 2015), առաջնորդվելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի երաշխավորություններով, հստակ ամրագրում է, որ բուհական համակարգն ունի բազմակի նպատակներ, ներառյալ՝ նախապատրաստել ուսանողներին «ակտիվ քաղաքացիությանը», իրենց ապագա կարիերային (օրինակ՝ նպաստել նրանց աշխատունակությանը), աջակցել նրանց անձնական զարգացմանը, ստեղծել առաջադեմ գիտելիքների լայն բազա և խթանել հետազոտություններն ու նորարարությունները։ Ըստ վերոհիշյալ ուղեցույցի՝ շահագրգիռ կողմերը, այդ թվում տարբեր բուհերը, կարող են առաջնահերթությունը տալ տարբեր նպատակներին և բարձրագույն կրթության որակն էլ, ըստ այդմ, դիտարկել տարբեր «դիտակետերից»։ Առաջարկվող օրենքի նախագիծը չի առաջնորդվում բուհական համակարգի բազմազանության վերոհիշյալ հայեցակարգային մոտեցմամբ։ Ավելին, քաղաքականություն մշակողների հռետորաբանության մեջ արծածվում է «հետազոտահեն բարձրագույն կրթության համակարգ» հասկացությունը, ինչը պարունակում է բևեռացման, բազմազան առաքելությամբ բուհերի արագ զարգացման վտանգներ և հնարավոր սահմանափակումներ։ 

Կրթության բարեփոխումներում դասավանդման որակը պետք է դառնա առաջնահերթ, որպեսզի մեր պայմաններում ապահովվի համալսարանների հիմնական առաքելությունը՝ գիտական նվաճումներին զուգահեռ` ապահովել արդյունավետ և ուսանողակենտրոն կրթություն։ Այս համաշխարհային փորձից քաղված կարևոր դասը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի՝ հավասարակշռված քաղաքականություն ապահովելու համար։

 

Արդյոք խոշորն առավել արդյունավետ է

Բուհերի խոշորացումը, այդ թվում Գիտությունների ազգային ակադեմիայի  համակարգի ինստիտուտների միավորումը բուհերի հետ, հանգեցնելու է առավել բարդ և բյուրոկրատական կառավարման համակարգին, ինչը, բնականաբար, բերելու  է կառավարման համակարգի ճկունության աստիճանի նվազեցմանը և ներքին բարեփոխումների և որոշումների ընդունման գործընթացի արագության անկմանը։ Վերջինս էլ իր հերթին հանգեցնելու է բովանդակային փոփոխությունների դանդաղեցմանը՝ արագ փոփոխվող աշխարհում և, արդյունքում, առկա է մեծ վտանգ, որ իրականացվող բարեփոխումները կկրեն զուտ կառուցվածքային և մակերեսային բնույթ՝ անտեսելով որակի միտված փոփոխությունների հրամայականը։  

Տարբեր երկրներում իրագործված ազգային ծրագրերը հանգեցրել են բուհերի կամավոր կամ պարտադրված միավորումների: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միավորումների ընթացքում մասնակցային գործընթացը և շահառուների հետ քննարկումները, ընդհանուր առմամբ, էական դրական ազդեցություն ունեն բարձրագույն կրթության համակարգի բարելավման վրա: Այլ կերպ ասած՝ միավորմանը նախորդող գործընթացն առավել կարևոր է խորքային բարեփոխումների առումով, քան բուն միավորումը։ Տարվող քաղաքականության այս փոփոխությունների վերաբերյալ համաշխարհային հռչակ ունեցող գիտնական Ֆիլիպ Ալտբաքի (Բոստոն քոլեջի Միջազգային բարձրագույն կրթության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Պրոֆեսոր Էմերիտուս) հետ մեր ունեցած խորհրդակցության պարունակում կցանկանայինք մատնանշել նրա հետևյալ դիտարկումը.

«Համալսարանների միավորումներն իրականացվում են տարբեր պատճառներով, այդ թվում ժողովրդագրական անկում, ֆինանսական արդյունավետություն, մասշտաբի էֆեկտներից օգուտները և այլն։ Ֆրանսիայում, օրինակ, վերջին միավորումների արդյունքում, գերազանց բուհեր են ձևավորվել․ միավորումները, սակայն, անհրաժեշտ է իրականացնել մեծ զգուշավորությամբ և բոլոր շահառուների մասնակցությամբ»։

Իրավական կարգավորումները, որոնք որդեգրվել են նոր օրենքով, կարող են սահմանափակել միավորումների մասնակցային գործընթացը, ինչի հետևանքով վտանգվում են երկարաժամկետ դրական արդյունքները։ Այսպես, օրենքում նշված որոշ դրույթներ, հնարավորություն չեն թողնում կամավոր միավորումների համար։ Օրենքով սահմանվում է լիցենզիոն պահանջ, ըստ որի՝ բուհում ուսանողների նվազագույն շեմը սահմանվում է 4000-ը: Դրույթը խնդրահարույց է և ուղղակիորեն պարտադրում է միավորումներ ոչ միայն հանրային, այլև միջպետական և ոչ պետական բուհերի համար։ Գոյատևման համար երկրորդ տարբերակը կտրուկ քանակական աճն է, որը կարող է վտանգել որակը։ Նշենք, որ ի տարբերություն պետական բուհերի՝ միջպետական և ոչ պետական բուհերի ֆինանսավորումը պետության կողմից խորհրդանշական է և որոշ դեպքերում սահմանափակվում է տարեկան մի քանի ուսանողի ուսման վարձի փոխհատուցման տրամադրմամբ։ Եթե պետական բուհերի դեպքում խոշորացման միջոցով ռեսուրսների, այդ թվում ֆինանսական, կառավարման արդյունավետության և միջազգային մրցունակություն ապահովելու նպատակը կարող է ինչ-որ կերպ արդարացվել, ապա միջպետական և ոչ պետական բուհերի դեպքում պարտադրված միավորումներն ինքնանպատակ են և կարող են հանգեցնել որակական, ինչպես նաև հիմնարար իրավական խնդիրների։ Օրենսդրական դրույթով ուսանողների թվի նվազագույն շեմի սահմանումն ուղղակիորեն բացառում է երկրում արդեն իսկ կայացած բուհական համակարգերը, ինչի հեռանկարների վերաբերյալ որևէ կանխատեսում և հիմնավորում ներկայացված չէ։ Ավելին, երկրում գործող բուհական մոդելների արդյունավետության գնահատում նույնպես իրականացված չէ դեռևս։

Վերոհիշյալ կարգավորումը վտանգավոր մարտահրավերներ է նետում  համակարգում՝ հատկապես որակի շարունակական բարելավման առումով։ Ըստ մեր ուսումնասիրությունների և առկա տեղեկատվության, բուհերի գործունեության համար սովորողների նվազագույն սահմանային ցուցանիշ հաստատելը չունի միջազգային նախադեպ, և երկրները բուհական համակարգում որակ ապահովում են բացառապես որակական և ոչ քանակական (կամ կարելի է ասել սովորողների «գլխաքանակի») չափանիշներով և պահանջներով։ Այս պնդման հետ համամիտ էր նաև մեր զրուցակիցը, Ֆիլիպ Ալտբաքը, ում պնդմամբ, «երկները բարձրագույն կրթության ոլորտում որակ ապահովում են որակական և ոչ քանակական պահանջներով՝ անկախ հավատարմագրման կառույցների միջոցով: Հաջողության հասնելու համար համալսարանները պետք է ինքնավար լինեն. այս առաջարկներում առկա կառավարության չափից շատ միջամտությունը հաջողություն չի ապահովի։ Որևէ երկրում համալսարան կոչվելու համար ուսանողների նվազագույն թվի սահմանման փորձ ինձ հայտնի չէ»։ Նշենք նաև, որ թե՛ ազգային, թե՛ միջազգային փորձում բազմաթիվ օրինակներ կան, երբ սովորողների փոքրաթիվ քանակ ունեցող բուհերը, ճկուն կառավարման և աշխատանքային շուկայի պահանջներին արագ արձագանքելու շնորհիվ, գործատուների հետ սերտ համագործակցությամբ, լավագույն դասախոսների ներգրավմամբ և ուսանողակենտրոն ծառայությունների մատուցմամբ, կարողանում են ստեղծել մրցունակ կրթական ծրագրեր և ապահովել սովորողների առաջընթացը, ինչպես նաև բարձր ցուցանիշներ մասնագիտական աշխատանքի տեղավորման ոլորտում: Օրինակ՝ Հայաստանում Ամերիկյան Համալսարանը, մինչ բակալավրիական ծրագրերի ներդրումը, ունեցել է շուրջ 300 ուսանող, սակայն տարիների ընթացքում կարողացել է ստեղծել նորարարական և միջազգային մակարդակի մրցունակ ծրագրեր՝ ապահովելով բարձր աշխատավարձերով աշխատանքի տեղավորման աննախադեպ ցուցանիշներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Միևնույն ժամանակ, հեռու չգնալով, քիչ չեն  դեպքերը Հայաստանում, երբ համեմատաբար մեծ թվով (4000-ից ավելի) սովորողներ ունեցող բուհերն այսօր ունեն մրցակցությանը դիմակայելու, արագ փոփոխվող աշխարհում կրթական ծրագրերի վերափոխման, աշխատաշուկայի պահանջներին համահունչ կրթություն ապահովելու խնդիրներ։ Բուհեր, որոնց շրջանավարտները համալրում են բարձրագույն կրթությամբ գործազուրկների բանակը․ ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության՝ 2023-ի դեկտեմբերի դրությամբ գործազուրկների 12 տոկոսն ունի բարձրագույն և հետբուհական կրթություն։ 

Նշենք, որ նույնիսկ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ), չնայած վերջին տասնամյակների ընթացքում գրանցված միավորումներին, պահպանվում են բազմաչափ և բազմաձև բուհերը։ Ըստ Եվրոպական բարձրագույն կրթության գրանցամտայանի տվյալների (European Tertiary Education Registary), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) բուհերի ութ տոկոսը շատ փոքր հաստատություններ են (մինչև 500 ուսանող), 26 տոկոսը՝ փոքր (500-ից 2000 ուսանող), 42 տոկոսը՝ միջին հաստատություններն են, որոնք ավելի մեծ թիվ են կազմում (2000-ից 20.000 ուսանող): ԵԲԿՏ-ում 10 բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է մեծ (ավելի քան 20.000), իսկ երկու տոկոսը (40 համալսարան) շատ մեծ համալսարաններ են՝ ավելի քան 50.000 ուսանողով, այդ թվում նաև մեկ բուհ Թուրքիայում (Anadolu University)՝ ավելի քան երկու միլիոն ուսանողով: Ըստ նշյալ աղբյուրի, բուհերի բարենպաստ չափը տարբերվում է՝ ըստ բուհի տեսակի և առաքելության։

Ուսանողների նվազագույն քանակի սահմանումը՝ որպես լիցենզավորման պայման, սահմանափակում է բուհերի ինքնավարությունը՝ ստիպելով կենտրոնանալ քանակական ցուցանիշների համապատասխանության վրա, այլ ոչ թե իրենց ռազմավարական նպատակների: Այս մոտեցումը կարող է խոչընդոտել կրթության ոլորտում նորարարությունների խթանումը, սահմանափակել տարբեր առաքելություններ ունեցող բուհերի զարգացումը (օրինակ՝ հետազոտական՝ գիտելիք ստեղծող և ուսանողակենտրոն՝ գիտելիք փոխանցող), ինչպես նաև կրճատել այլընտրանքային կրթական մոդելներով տարբեր թիրախային խմբերի ներգրավումը բարձրագույն կրթության ոլորտում։

Այն բուհերը, որոնք առաջարկում են չափազանց մասնագիտացված ծրագրեր և կրթությունն իրականացնում են փոքր խմբերով (օրինակ՝ մշակույթի և արվեստի ոլորտի բուհերը), ինչպես նաև մարզային բուհերը, ոչ պետական և միջազգային, միջպետական բուհերը չեն կարող ապահովել վերը նշված թվով սովորողների նվազագույն շեմը։ Նշենք, որ մեր ուսումնասիրությամբ, ՀՀ-ում նշյալ խմբերից որևէ բուհ այժմ չի ապահովում 4000 ուսանող ունենալու հնարավոր պահանջը։ Այս փոփոխությունը կխոչընդոտի նաև Հայաստանում մասնագիտացված կրթական ժամանակակից ու նոր գիտակրթական հաստատությունների ստեղծմանը, որը չի համապատասխանում զարգացած երկրներում ներկայումս նկատվող միտումներին:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրության կոմիտեի տվյալների, Հայաստանում 2023/2024 թվականների դրությամբ գործել է 53 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն, որոնցից 42ը՝ Երևանում։  Համեմատության համար նշենք, որ համադրելի երկրներից Էստոնիայում (մոտավորապես 1․5 միլիոն բնաչկությամբ) գործում է 19 համալսարան, որից՝ վեցը  հանրային հետազոտական, մեկը ոչ պետական հետազոտական, յոթը պետական և հինգը ոչ պետական մասնագիտական (ոչ հետազոտական)։ Նշենք, որ վերջին խմբում գտնվող պետական և ոչ պետական մասնագիտական համալսարանների (proffesional universities) ուղղվածությունն առավելապես տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրմամբ կրթական նորարար ծրագրերն են, որոնց առանցքում որակյալ փորձառությունների (պրակտիկաների) կազմակերպումն է, գործատուների հետ սերտ համագործակցությունը, ուսանողների անհատական կարիերայի զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը և այլն։ Էստոնիան ունի մեկ բուհ աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում, մինչդեռ Հայաստանը դեռևս չունի որևէ բուհ վարկանիշավորման աղյուսակների նշված սահմանում։

Ներկայացված վերլուծությունը փաստում է բուհական համակարգում առկա խնդիրները, այդ թվում՝ փոքրաթիվ բնակչությամբ երկրի համար մեծ թվով բուհերի առկայությունը, կենտրոնացումը Երևանում և խնդիրները միջազգային մրցունակության առումով: Ակնհայտ է, որ այս խնդիրները պահանջում են հրատապ կարգավորում, սակայն արդյո՞ք ճիշտ է ընտրված կարգավորման գործիքակազմը: Բնավ, Հայաստանի բուհական գործող համակարգը չի կարող համարվել արդյունավետ և ակնառու է համակարգի լավարկման անհրաժեշտությունը, սակայն ինչպիսի՞ հայեցակարգային մոտեցումներով և որո՞նք են այն վերլուծությունները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող լուծումների համար: Արդյո՞ք ընտրված գործիքակազմը հիմնված է միջազգային փորձարկված նախադեպերի վրա: Ինչպիսի՞ այլընտրանքներ կան խնդիրների լուծման համար՝ նկատի ունենալով, որ այս խնդիրները հատուկ չեն միայն Հայաստանին և արդեն լուծվել են մի շարք երկրներում: Արդյո՞ք նպատակահարմար է փորձարկել աշխարհում գոյություն չունեցող բարձրագույն կրթության մոդելներ, որոնց հետևանքով տասնյակ տարիներ հետո հնարավոր է երկիրը կրի ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների կորուստներ:

Այսպիսով, հաշվի առնելով խոշորացումը՝ որպես ազգային քաղաքականության օրակարգի առանցքային և կարևոր նպատակ, մենք կարծում ենք, որ ընտրված գործիքակազմն էականորեն վտանգում է երկրում որակական և բովանդակային փոփոխությունները՝ հաշվի առնելով հետազոտությունների բացը, ըստ որի «խոշորն առավել արդյունավետ է»․ ավելին, կարծում ենք, համաշխարհային զարգացումներին համահունչ, անհրաժեշտ է Հայաստանում ապահովել բարձրագույն կրթության այնպիսի միջավայր, որում կզարգանան տարբեր առաքելություններով, տարբեր խնդիրների լուծմանն ուղղորդված բարձրագույն կրթական հաստատություններ։ Անհրաժեշտ է նաև վերանայել տարբեր առաքելությամբ հաստատություններին ներկայացվող որակական պահանջները՝ լիցենզավորման և հավատարմագրման պահանջների վերանայմամբ՝ տարանջատելով հետազոտական (research) և ուսուցանող (teaching) բուհերը, որոնց անհրաժեշտությունը տնտեսությունն ունի հավասարաչափ։ Ուսումնասիրությունները փաստում են, որ հետազոտական բուհերում, որտեղ խմբերն ավելի մեծ են, դասավանդումն իրականացվում է հիմնականում դասախոսների օգնականների աջակցությամբ, ինչը նվազեցնում է ուսանողների անմիջական շփումը դասախոսների հետ։ Արդյունքում՝ հատկապես խոցելի խմբերից եկող ուսանողների համար, բուհից դուրս մնալու ցուցանիշը բարձրանում է։ Փոքր, հիմնականում ուսուցանման առաքելություն ունեցող բուհերում, խմբերն ավելի փոքրաթիվ են, ինչը նպաստում է անմիջական շփմանը, գործնական կարողությունների զարգացմանը, ուսանողների ներգրավվածության բարձրացմանը՝ ապահովելով բուհից դուրս մնալու առավել ցածր ցուցանիշ։ Նշենք, որ Հայաստանում բուհերից ուսանողների դուրս մնալու ցուցանիշն այսօր լուրջ խնդիր է՝ տարեկան միջինը հասնելով 4500-ի։ Պատճառը հիմնականում ակադեմիական անբավարար առաջադիմությունն է։ 

Առաջարկում ենք ուսումնասիրել միջազգային փորձը և պարտադրանքի փոխարեն կիրառել ավելի ժողովրդավարական գործիքակազմ՝ խրախուսելով միավորումները խթանման գործիքակազմի միջոցով (ենթակառուցվածքների զարգացման դրամաշնորհներ, նպատակային ծրագրեր, արտոնություններ և այլն): Օրինակ՝ Լեհաստանում նույնիսկ պետական բուհերի միավորումներն իրականացվել են կամավորական հիմունքներով՝ խրախուսման տարբեր գործիքների կիրառմամբ։

 

Բուհերի տեղակայում և համաչափ զարգացում

Օրենքի նախագծի 40-րդ հոդվածը վերաբերում է «Ակադեմիական քաղաքին»։ Ըստ էության, նոր կարգավորումներով, բուհերի գործունեությունը և զարգացումը ակադեմիական քաղաքից դուրս արգելվում է։ Մասնավորապես, վերոհիշյալ հոդվածում նշված է․ 

«Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծում, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկությունների հետ»։

Կարծում ենք, որ բարձրագույն կրթության համար մենաշնորհային տարածքի սահմանումը խիստ վտանգավոր է և, ըստ էության, հակասում է նաև Սահմանադրությանը, որը երաշխավորում է «տարածքային համաչափ զարգացումը» (Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները)։ Արդյո՞ք «Ակադեմիական քաղաք» մղելով և/կամ լիցենզիոն տեղերի 4000 սահմանային նվազագույն շեմ ամրագրելով մարզերում գտնվող բուհերի գործունեության փաստացի կասեցումը համապատասխանում է պետության զարգացման երկարաժամկետ ծրագրերի և տարածքային համաչափ զարգացման պահանջներին։ 

Կարծում ենք, կարևոր է կատարել հավելյալ ուսումնասիրություններ, թե ինչի կարող է հանգեցնել այն իրականությունը, երբ մարզաբնակ երիտասարդությունը չորսից վեց տարի ժամանակահատվածով զանգավածաբար հեռանում է իրենց բնակավայրերից՝ սովորելու «Ակադեմիական քաղաքում» կամ որպես այլընտրանք դիտարկվում է միայն միջին մասնագիտական հաստատություններում ուսումնառությունը։ Օգտակար կլիներ գնահատել նաև արդեն իսկ իրականացված օրինակելի կրթական նախաձեռնությունների սոցիալական, տնտեսական և անվտանգային ազդեցությունները։ Օրինակ՝ Թումոյի ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կրթական ծրագրերը, ԿԳՄՍՆ կողմից իրականացվող մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև մարզային երիտասարդությունը թիրախավորող նախագծեր, որոնց նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը: Կարծում ենք, մարզային բուհերի վերացումը (ինչը վերոհիշյալ քաղաքականության հետևանք է լինելու) և կենտրոնացումն «Ակադեմիական քաղաքում» էականորեն հակասում է Հայաստանի կառավարության ծրագրում սահմանված առաջնահերթություններին, ինչպես նաև ստեղծում է ազգային անվտանգության լրջագույն խնդիրներ։ Ավելին, բարձրագույն կրթության կենտրոնացման այս մոտեցումը, խթանելով  մարզային բուհերի անհետացման կամ թուլացման գործընթացը, եկարաժամկետ հեռանկարում կմեծացնի արդեն իսկ առկա ուրբանիզացման մակարդակը՝ էլ ավելի սրելով Երևանի և մարզերի միջև բևեռացումը։ Ի հակադրություն աշխարհագրորեն բուհերի մեկ տարածքում կենտրոնացման, որը դեռևս միջազգային նախադեպ չունի և փորձարկված ձևաչափ չի հանդիսանում, Lumina հիմնադրամի (2018) կողմից իրականացված հետազոտությունները փաստում են, որ մարզերում բուհական հաստատությունների զարգացումը կարևոր գործիքներից է բարձրագույն կրթության համակարգում խոցելի խմբերի ընդգրկվածության և հասանելիության ապահովման համար։ Շարունակելով Էստոնիայի՝ որպես համեմատաբար համադրելի երկրի փորձի ուսումնասիրությունը, տեսնում ենք, որ դրանք աշխարհագրական մեկ վայրում կենտրոնացած չեն և հատկապես մասնագիտական համալսարանները կամ Տարտու համալսարանի մասնաճյուղերը տեղակայված են տարբեր մարզերում (Վիլյանդի, Կոhտլա-Յարվա, Պարնու, Նարվա և այլն)։ Էստոնիայում մարզային բուհերում շեշտը հաճախ դրվում է կիրառական մասնագիտական կրթության վրա, որը համապատասխանում է տեղական տնտեսական կարիքներին։ Հետազոտական բուհերը տեղակայված են Տալլինում և Տարտուում։

Ըստ օրենքի նախագծի, բուհերի կենտրոնացումն ակադեմիական քաղաքում, ինչպես նաև ուսանողական համակազմի նվազագույն թվի սահմանումը նոր մարտահրավերներ են ստեղծելու ինչպես պետական մասնագիտացված (պրոֆիլային) բուհերի, այնպես էլ մարզային, ոչ պետական և միջպետական բուհերի համար՝ ժամանակի ընթացքում վերացնելով ուսանողի ընտրության հնարավորությունները, ինչպես նաև մրցակցությունը բուհական համակարգում։ Այս փոփոխությունները և օրենսդրական կաղապարները, կարծում ենք, հարիր չեն ազատ շուկայական տնտեսությամբ ժողովրդավար երկրներին։ Միջազգային փորձը փաստում է, որ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային մրցունակություն և որակ հնարավոր է ապահովել առանց քանակական թիրախների և սահմանափակումների, բացառապես որակական պահանջների կիրառմամբ, ինչպես օրինակ՝ Էստոնիայի Հանրապետության վերոհիշյալ փորձը։

Այսպիսով, օրենքով առաջարկվող փոփոխությունները պահանջում են առավել մանրակրկիտ գնահատում՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության համաչափ և կայուն զարգացման նպատակները։ Բուհական համակարգի վերափոխումը պետք է լինի հավասարակշռված և համակարգված՝ հիմնված լայն մասնակցային գործընթացի և միջազգային փորձի վրա, նպատակ ունենալով ապահովել կրթական հասանելիություն բոլորի համար, խթանել սոցիալապես խոցելի խմբերի կրթական հնարավորությունները, նպաստելով երկրի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը, երաշխավորելով նաև ժողովրդագրական անվտանգային խնդիրների երկարաժամկետ լուծումները։ Բարձրագույն կրթության քաղաքականությունը պետք է գիտականորեն փաստակված լինի՝ հաշվի առնելով առանձին երկրների զարգացման և կրթության հիմնախնդիրների լուծման հաջողված փորձը, քանզի բարձրագույն կրթության համակարգից զատ՝ դրա արդյունքներն ուղղակիորեն ազդում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության վրա։ Համակարգային փորձարկումն այս ոլորտում անհիմն կլինի և չի կարող արդարացվել։

Այսպիսով, օրենքի նախագծի վերոհիշյալ առանցքային երկու արմատական փոփոխությունները հիմնավորված չեն: Որպես այլընտրանք առաջարկում ենք դիտարկել և ուսումնասիրել հետևյալ հնարավորությունները։  

  • Ակադեմիական քաղաքը ներկա փուլում անհրաժեշտ է դիտարկել որպես բուհական (այդ թվում հանրակացարանային), գիտահետազոտական, տեխնոլոգիական, մշակութային, մարզական և տրանսպորտային  ենթակառուցվածքների զարգացման կարևոր նախաձեռնություն և նախագիծ, առանց որևէ մենաշնորհային դերակատարության։
  •  «Ակադեմիական քաղաք»-ը կարող է լինել ենթակառուցվածքների զարգացման, արտաքին ներդրումների և դրամաշնորհատու կառույցների աջակցության հեռանկարային շրջանակային նախագիծ։ Ակադեմիական քաղաքի զարգացումը պետք է դիտել որպես երկարաժամկետ (20-30 տարի) զարգացման ծրագիր, իսկ որոշ բուհերի կամ նրանց որոշ ենթակառուցվածքների տեղափոխման համար հիմնական գործոն պետք է հանդիսանա առավել գրավիչ և արդյունավետ միջավայրը և խրախուսողական քաղաքականությունը, այդ թվում՝ տարբեր հարկային արտոնությունները, դրամաշնորհներն ու պետական ֆինանսավորման գործիքակազմը, «ազատ տնտեսական» գոտու ձևավորումը ստարտափների համար և այլն։ Այս մոտեցումը երկրի ռազմավարական նպատակների իրականացումը կապահովեր անցնցում, առավել ներդաշնակ, մասնակցային և համագործակցային միջավայրում, և ամենակարևորը՝ բուհերի կողմից կամավորության սկզբունքով։
  • Ակադեմիական քաղաքը չպետք է բացառի հեռավոր և սահմանամերձ մարզերում (օրինակ՝ Շիրակի և Սյունիքի մարզերում) բուհական համալիրների առկայությունը կամ զարգացումը։ Հակառակը, անհրաժեշտ է նոր գործիքակազմով խթանել մարզերում բարձրագույն կրթության մասնագիտացված հաստատությունների դինամիկ զարգացումը, ինչը կարևոր է սոցիալական, տնտեսական և անվտանգային տեսանկյունից։
  • Բուհերի խոշորացման և միավորումների դեպքում նույնպես, առաջարկում ենք ուսումնասիրել միջազգային փորձը և պարտադրանքի փոխարեն կիրառել ավելի ժողովրդավարական գործիքակազմ՝ խրախուսելով միավորումները խթանման միջոցով (ենթակառուցվածքների զարգացման դրամաշնորհներ, նպատակային ծրագրեր, հարկային արտոնություններ և այլն): Պետության կողմից չհիմնադրված և, ըստ էության, նրա ֆինանսական աջակցությունից դուրս գործող կրթական հաստատություններին կառավարման մոդելի պարտադրումը (ինչն ուղղակի հետևանք է ուսանողների նվազագույն թվի սահմանման) վերացնելու է համակարգում առկա բազմազանությունը (նեղ մասնագիտացված բուհեր, միջպետական, ոչ պետական, «ուսուցանող» և «հետազոտական» բուհեր և այլն), նպաստելու է համակարգում մենաշնորհային պայմանների արմատավորմանը։ Այն սահմանափակելու է միջպետական և ոչ պետական բուհերի կառավարման ճկունությունը, նորարարությունների արագ տեղայնացման հնարավորությունները և դինամիկ աճը՝ նպատակադրումն ուղղելով բացառապես քանակական աճին։ Ավելին, այս փոփոխության արդյունքում ժամանակի ընթացքում վերանալու են մասնագիտացված և մարզային բուհերը։ 
  • Քաղաքականություն մշակելիս անհրաժեշտ է հստակ տարանջատել պետության կողմից հիմադրված, պետական գույքն օգտագործող և պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ ստացող բուհերի և մասնավոր միջոցներով հիմնադրված ոչ պետական բուհերի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների հրամայականները։ Անխոս, այս երկու խմբին պատկանող բուհերը պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության որակի նվազագույն միասնական շրջանակային չափանիշներին և երաշխավորված լինի նրանց իրավահավասարությունն ու արդար մրցակցությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, նրանց առաքելության սահմանման, հանրային պատասխանատվության և գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների, ինչպես նաև հաշվետվողականության, ֆինանսական կառավարման և գործունեության կարգավորման, տեղակայման հարցերում անհրաժեշտ է որդեգրել հստակ տարանջատված մոտեցումներ։ Այդ տարանջատված մոտեցումները պետք է արտահայտվեն նաև այս հոդվածում բազմակողմանիորեն քննարկված ուսանողների նվազագույն թվաքանակի լիցենզավորման պայմաններում, ինչպես նաև ակադեմիական քաղաքում տեղակայման և գործունեության իրականացման հայեցակետում։ Այսպիսի տարբերակված պետական քաղաքականությունը կարևոր է տարբեր բուհերի ներուժի համադրման, բարձրագույն կրթության համակարգում հավասարակշռված քաղաքականության և գերազանցության ապահովման համար։ Քաղաքականություն մշակելիս անհրաժեշտ է հստակ տարանջատել պետական ֆինանսավորմամբ գործող բուհերի արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումները և ինքնաֆինանսավորվող (այդ թվում՝ միջպետական, միջազգային և ոչ պետական) համալսարանների նկատմամբ կիրառվող պահանջներն ու կաղապարները. այն, ինչ արդյունավետ է պետական բուհերի համար, հնարավոր է՝ ամբողջությամբ վերացնի ոչ պետական համակարգը։

Մենք ցանկանում ենք հավատալ, որ երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական նպատակը որակի ապահովումն է ազատ մրցակցության միջոցով, այլ ոչ թե ցանկացած գնով բարձրագույն կրթության համակարգի տարածքային և կառավարման գերկենտրոնացումը, որը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ էլ ավելի դանդաղեցնելով բարձրագույն կրթության ոլորտի զարգացման ընթացքը։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարդացեք նաեւ

The Forks on the Road to the Academic City

Դեպի ակադեմիական քաղաք

Գոհար Աբրահամյան
Հլս 2, 2024

Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։

Read more

Մարդ եւ օրենք

Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Աստղիկ Կարապետյան
Նյմ 4, 2024

Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Մարիամ Տաշչյան
Սպտ 16, 2024

Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։

Read more
Armenia as a Refuge: Who's Seeking Asylum?, Arshalouys Barseghyan

Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում

Արշալույս Բարսեղյան
Օգս 14, 2024

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։

Read more
Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Հարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ

Աստղիկ Կարապետյան
Հլս 11, 2024

Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Արմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով

Արմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով

Աստղիկ Կարապետյան
Մյս 16, 2024

Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։

Read more
Փարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը

Փարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը

Գայանե Մկրտչյան
Ապր 17, 2024

Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։

Read more

Մարդ եւ հասարակություն

Women: The Driving Force in Agriculture

Կանայք` շարժիչ գյուղատնտեսությունում

Գայանե Մկրտչյան
Հկտ 4, 2024

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանայք ավելի շատ են ներգրավված, քան տղամարդիկ։ Ամառվա թեժ շրջանում կանանց աշխատանքային խմբերը շրջում են մարզից մարզ ու վաղ առավոտից աշխատում ընդարձակ դաշտերում՝ հոգալով իրենց ընտանիքի կարիքներն ու նպաստելով երկրի գյուղատնտեսության ոլորտի կայունությանը:

Read more
Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը

Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը

Գոհար Աբրահամյան
Սպտ 12, 2024

Սփյուռքի հետ կապերն ու տարվող աշխատանքները գործուն բնույթ են ունեցել բոլոր ժամանակներում՝ շեշտադրումները փոփոխելով հայապահպանությունից մինչև սփյուռքի ներուժի օգտագործում, հայրենադարձության խթանում, ինչը բոլոր կառավարությունների քաղաքականության մասն է կազմել։

Read more
Միասին՝ քիչ-քիչ Նվիրաբերելու մշակույթը Հայաստանում, Գոհար Աբրահամյան

Միասին՝ քիչ-քիչ

Գոհար Աբրահամյան
Հլս 25, 2024

Հայաստանում փոքր նվիրաբերություններով տարբեր ծրագրեր իրականացնելու մշակույթը թեև դեռ նոր է ձևավորվում, երբեմն բախվում է նաև հասարակության կարծրատիպերին, սակայն, հատկապես վերջին տարիներին, այն դարձել է կենսունակ՝ օգնելով մի շարք հարցերի լուծմանը։

Read more
Chasing Scents

Բույրերի որսորդը

Անի Գևորգյան
Հլս 18, 2024

Արցախի շրջափակման ընթացքում սեփական բույրերը ստեղծած 16-ամյա Հարություն Տոնյանը Ֆրանսիայում ուսումը շարունակելու և իսկական պարֆյումեր դառնալու ցանկություն ունի։ Առայժմ նա գիտելիքներն է շատացնում, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանի անդրադարձը։

Read more

մարդ ԱՌժամանակ

Մարդ ԱՌժամանակ. Անահիտ Ավանեսյան

Մարդ ԱՌժամանակ. Անահիտ Ավանեսյան

EVN Report
Հկտ 24, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կիսվում է բարդ ժամանակահատվածում այս պաշտոնը ստանձնելու փորձառության, կին հանրային գործիչ լինելու պատնեշների, անկատար մնացած բարեփոխումների ու դրական փոփոխությունների տեսլականներից։

Read more

մարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան

EVN Report
Մյս 15, 2024

Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։

Read more

մարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան

EVN Report
Մյս 8, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։

Read more
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

EVN Report
Մյս 1, 2024

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ