
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Հայաստանում գերակա ճյուղ համարվող զբոսաշրջության զարգացման մեջ վերջին տարիներին կարևոր ներդրում են ունենում փոքր հյուրատները, որոնք առանձնանում են իրենց մատուցած ծառայություններով, անմիջական մթնոլորտով, երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով։
2003 թվականին ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով է համակարգվում այս ոլորտը։ Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է հյուրանոցային ծառայությունները՝ նշելով, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից են նաև զբոսաշրջային տները։ Ըստ 9-րդ հոդվածի վերջին 10-րդ կետի՝ զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում ու մատուցվում են սննդի ծառայություններ:
Զբոսաշրջային տունը կամ ինչպես հիմա առավել հաճախ կոչվում է՝ հյուրատունը, Բի ընդ Բի (bed and breakfast), «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի մշակած «Հյուրատնային բիզնես. հիմնադրում և կառավարում» ուղեցույցում սահմանվում է որպես առանձնատուն, որի սենյակները հյուրեր ընդունելու նպատակով վերափոխվել են առանձին համարների: Գիշերակացից բացի՝ այստեղ սովորաբար առաջարկվում է նախաճաշ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ճաշ, ընթրիք: Նշվում է նաև, որ գիշերակացի վճարը սովորաբար անհամեմատ ցածր է հյուրանոցային տարբերակից: Հյուրերին մատուցվում է տեղական առողջ սնունդ: Հյուրատները հիմնականում ընտանեկան բիզնեսներ են, և շատ հաճախ հյուրընկալող ընտանիքն ապրում է կա՛մ տան հարևանությամբ, կա՛մ դրա առանձին հատվածում և հանդես է գալիս որպես սպասարկող անձնակազմ:
Ուղեցույցում նշված համեմատության համաձայն՝ օրինակ՝ եթե հյուրանոցներում սնունդը ստանդարտացված է ու նախապես սահմանված, ապա հյուրատանը սնունդը լինում է տնական, համայնքային բնորոշ, օգտակար ու հյուրերի նախասիրություններին համապատասխանող։ Եթե սենյակների դասավորվածությունը հյուրանոցներում միօրինակ ու միանման է, ապա հյուրատներում դրանք ունեն իրարից տարբերվող ու յուրահատուկ կահավորում։ Ինչ վերաբերում է այլ հյուրերի հետ հաղորդակցմանը, ապա հյուրանոցների դեպքում այդ շփումներն առավել սահմանափակ են, մինչդեռ հյուրատներում շփվելու մեծ հնարավորություններ կան։
Սովորական տնից՝ պահանջված բիզնես
Շփումներն արդյունավետ են լինում նաև հենց հյուրընկալների համար․ 75-ամյա Գոհար Գևորգյանը, որը հիմնադրել է հայաստանյան առաջին հյուրատներից մեկը, ասում է, որ իր փոքրիկ բիզնեսի կայացման ու զարգացման գործում մեծ ներդրում ունեն հենց իր հյուրերը։
«1994-ն էր, ծանր տարիներ մեր երկրի համար, բայց հենց այդ շրջանում սկսեցին արտերկրից մեծ թվով կամավորներ գալ Եղեգնաձոր (Վայոց ձորի մարզ)՝ գյուղատնտեսության ու այլ ոլորտներին վերաբերող խորհրդատվություն տալու նպատակով։ Մեկ, երկու, երեք հոգի էին լինում, առաջարկեցին պահել մեր տանը, կերակրել, քնելու տեղ տալ, որի համար էլ կվճարեն։ Անկեղծ ասած՝ շատ գայթակղիչ միտք էր այդ ժամանակաշրջանի համար,- ասում է կինը՝ հիշելով, սակայն, որ այդ ժամանակ տանը գրեթե հարմարություններ չունեին․ ապրում էին երկհարկանի տան առաջին հարկում, իսկ երկրորդ հարկը գրեթե ազատ էր,- մի քանի մահճակալ ունեինք ընդամենը, որոնք չէինք օգտագործում, տուալետ չկար, սովորական սովետական տուն էր։ Բայց մենք լավ սնունդ ունեինք, իսկ իրենք էլ թոշակառուներ էին՝ տնական սննդի կարոտ»։
Մանկավարժ Գևորգյանն ինժեներ ամուսնու հետ խորհրդային կարգերի փլուզումից հետո սեփականաշնորհած հողերը մշակելով, կենդանիներ պահելով ու հավուր պատշաճի ընդունելով իրենց առաջին հյուրերին՝ մեծ համբավ են ձեռք բերում։
«Մի կազմակերպությունը մյուսին էր հայտնում մեր մասին, որ լավ տուն է, լավ հաց են տալիս, բարեհամբյուր մարդիկ են, բայց մեզ շատ բան սովորեցրին հենց իրենք՝ եկողները։ Մենք հարցնում էինք, թե ինչ կարելի է անել, այդ ժամանակ մենք անգամ չգիտեինք, թե ինչ է նշանակում bed and breakfast։ Իսկ մեր հյուրերը շատ կիրթ մարդիկ էին ու մեզ շատ էին օգնում ճիշտ կողմնորոշման, ուղղության հարցում»։
Տարեց տարի բարելավում են տան պայմանները, իսկ արդեն 2000-ին մասնակցում են ոլորտին վերաբերող դասընթացների, վերլուծում տան առավելությունները, թերությունները, գնահատում այլ պահանջարկներ ու կարճ ժամանակ անց հիմնում են նաև վրանային ճամբար՝ քեմփինգ, որի պահանջարկն այժմ նույնպես բավական մեծ է։
«Մեր տանը միշտ շատ ենք հյուրեր ընդունել ու մեզ համար պարզապես շատ անսովոր էր փողով հյուր ընդունելը։ Բայց մենք կարծես հոգով մտանք այդ գործի մեջ, ու փողն արդեն երկրորդական էր,- ասում է կինը՝ նշելով նաև, որ այդ տարիներին շատերը չէին հասկանում, թե ինչպես կարելի է օտարին կացարան տրամադրել,- Շատ հետաքրքիր հայացքներ էին, մենք անցանք դրա միջով, ասում էին՝ ոնց եք անելու, օտար մարդիկ տան մեջ, սակայն հատկապես ամուսնուս մահից հետո՝ 2000-ին, ես ասացի, որ պետք է շարունակենք արժանավայել ապրել, չենք նայելու ուրիշի ձեռքին»։
Գևորգյանն ասում է, որ հիմա Եղեգնաձորում բավական մեծ թվով հյուրատներ կան, սակայն կինը շեշտում է՝ ամեն մարդ չէ, որ պետք է զբաղվի այս գործով, մարդիկ, ընտանիքի բոլոր անդամները միշտ պետք է պատրաստ լինեն ամեն պահի իրենց տանն օտար մարդ տեսնելուն, ինչը շատ դժվար է․
«Եթե տանը կա զբոսաշրջիկ, ուրեմն դու արթնանում ես աշխատանքի վայրում, իրավունք չունես տնային հագուստով, խալաթով, հողաթափերով մարդկանց առաջ դուրս գաս։ Մարդը պիտի պատրաստ լինի ոչ թե փող աշխատելուն, այլ գործը նորմալ, սիրով, սրտով անելուն»։
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, բիզնեսի կառավարման փորձագետ-խորհրդատու Սամվել Գևորգյանն ասում է, որ այս ոլորտը մեծ պոտենցիալ կարող է ունենալ Հայաստանում, որն աշխարհի քարտեզի վրա շատերը նոր են հայտնաբերում ու ընտրում որպես զբոսաշրջային նոր ուղղություն։
«Շատ գաղափարներ են փոխվում․ մարդիկ իրար հետ շփվելու, նոր մարդկանց բացահայտելու, նոր երկրի կենսակերպը հասկանալու ցանկություն ունեն ու սրա լավագույն լուծումը տալիս են հյուրատները, մասնավորապես, բարձրանում է գյուղական հյուրատների դերը»,- ասում է Գևորգյանը, ով շուրջ երկու տասնամյակ բազմաթիվ դասընթացներ է վարել հյուրատների հիմնադրմամբ հետաքրքրվողների հետ, ինչպես նաև աջակցել է սկսնակ բիզնեսների զարգացմանը, հրատարակել գրքեր։
Սակայն, չնայած ոլորտի դրական կողմերին, այստեղ էլ կան խնդիրներ, ու ըստ Գևորգյանի, պետությունը պետք է կարողանա նախ ապահովել ենթակառուցվածքներով․
«Ունենք գյուղական տուրիզմի համար հրաշալի վայրեր, սակայն չունենք այնտեղ հասնող ճանապարհներ։ Համայնքների մեծ մասում չկան գրադարաններ, մշակույթի տներ, որոնք ևս կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Ունենք ոլորտի կրթության պակաս, հարկային դաշտի հետ կապված խնդիրներ կան, հարցեր են, որոնց հասցեատերը պետությունն է»։
Գևորգյանը վստահ է՝ հյուրատնային ոլորտին շուրջ հինգ տարի լրջագույն ուշադրություն դարձնելը շեշտակի զարգացում կապահովի՝ նպաստելով պետությանը։
Սակայն պետության ղեկավարները, թերևս, այդքան էլ առաջամարտիկ չեն այս հարցում։ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող զբոսաշրջության կոմիտիեի խորհրդական Անահիտ Ոսկանյանն ասում է, որ եթե նույնիսկ լինում են աջակցության ծրագրեր, ապա դրանք, սովորաբար ուղղվում են հնարավորինս մեծ ներդրումների վրա, որոնք համայնքներում ստեղծում են մեծ թվով աշխատատեղեր։
«Եթե պետական որևէ գրանտային ծրագիր լինի, գյուղացին իր տունը պետության հաշվին կնորոգի, հետո կասի չաշխատեց հյուրատունը, ես չկարողացա ամեն ինչ անել։ Դրա համար այդ հատվածը հիմա ավելի շատ ծածկում են դոնոր կազմակերպությունները, որոնց կողմից դրամաշնորհներ են հայտարարվում կոնկրետ թիրախային մարզերում»,- ասում է Ոսկանյանը՝ հավելելով, որ զբոսաշրջության կոմիտեն ևս ունի ներկայացուցիչ դրամաշնորհների տրամադրման գնահատման հանձնաժողովներում։
Ոսկանյանը, միաժամանակ, հավելում է՝ կորոնավիրուսի համավարակից հետո նկատում են, որ խմբային տուրիզմի ոլորտում անկում է նկատվում, փոխարենն ակտիվացել է անհատական, ընտանեկան տուրիզմը, որի թիրախում են հենց փոքր հյուրատները։
Ըստ Ոսկանյանի՝ գյուղացիները ոչ այնքան ֆինանսի, որքան գիտելիքի պակաս ունեն․
«Հատկապես հաջողում են այն ընտանիքները, որտեղ տանը կան երիտասարդ ամուսիններ, որոնք այս թվային հարթակներին ավելի շատ են ծանոթ ու կարողանում են իրենց հյուրատունը ներկայացնել հենց անմիջապես սպառողին։ Բայց երբ տարեց ամուսիններ են, իրենք չեն հաջողում էս գործում»։
Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 30 հյուրատների ներկայացուցիչներից բաղկացած Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա ՀԿ համահիմնադիր Սերգո Դավթյանն իր փորձով հակառակն է ապացուցում. 65-ամյա Դավթյանը 2013-ից է սկսել զբաղվել ոլորտով՝ Օձունի իր ոչ շատ շքեղ տան ընդամենը երկու սենյակը փոքր-ինչ բարեկարգելով։
«Հյուրերի հոսքի խնդիր մենք չունենք, 2019-ին մեր շատ համեստ պայմաններում հյուրընկալել ենք 920 զբոսաշրջիկ, դրանով ոգևորվելով 2019-ին մի նոր շենք կառուցեցինք՝ առանձին ութ սենյակներով։ Սակայն, եղավ այն, ինչ եղավ, տեսանք համավարակն ու պատերազմը, բայց կյանքը կանգ չի առել, ամեն բան իր տեղը կընկնի»,- ասում է Դավթյանը:
Նա կարծում է, որ հյուրատների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա ու սա գյուղաբնակների համար մի եզակի հնարավորություն է՝ իրենց տան, այգու պայմաններում զբաղվել բիզնեսով։
«Գյուղական համայնքում գտնվող մարդը, կատարելով որոշակի ներդրում ու ստեղծելով որոշակի կենցաղային պայմաններ, հնարավորություն է ունենում գումար վաստակել։ Սակայն, եթե անգամ հյուրեր էլ չընդունեն, միևնույն է, բարելավում են տան, ընտանիքի կենցաղը, իսկ ո՞վ է ասել, որ ամբողջ օրը պետք է հյուրեր ընդունեք,- ասում է Դավթյանը՝ նշելով, որ այս գործի մեջ անգամ ռիսկի գործոն չկա,- ներդրում ես անում քո սեփական տան վրա, ենթադրենք 10 հոգի պայմանավորվել է, որ գա ընթրելու, բայց չեն գալիս, ի՞նչ է պատահել, մենք կուտենք այդ ընթրիքը»։
Դավթյանը նշում է, որ իրենց ասոցիացիան էլ ակտիվ աշխատում ու համագործակցում է՝ տարբեր հնարավորություններ ստեղծելով։ Մասնավորապես, ասոցիացիայի միջոցով ՄԱԿ-ի Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացման ծրագրի շրջանակներում 2018-ին զբոսաշրջային հյուրատներին տրամադրվել են 2 կվտ հոսանքի և 300 լ ջրի արևային համակարգեր, որոնք, ըստ ոլորտի ներկայացուցչի, մեծ օգնություն են այս գործունեությունը ծավալող մարդկանց համար։
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համավարակն ու հատկապես 2020-ի Արցախյան պատերազմը, ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ փոքր բիզնեսի վրա ունեցել են իրենց բացասական հետևանքը։
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Գևորգյանն էլ 2019-ին որոշում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի իր տան մի հատվածը հրամցնել զբոսաշրջիկներին՝ հաշվի առնելով, որ քաղաքում հյուրանոց գրեթե չկա։
«Գաղափարն առաջացավ, քանի որ Մարտունին ճանապարհների խաչմերուկն էր Արցախի հետ, այստեղ տուրիզմը զարգացավ, սակայն եկավ 2020-ը՝ քովիդով ու պատերազմով։ Շուրջ 2,5 ամիս ամբողջ հյուրատունը տրամադրել էի Մարտակերտից տեղահանվածներին։ Հիմա արդեն մենք ենք սահմանի բերան,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ այս ամենին գումարվել է նաև գների բարձրացումը,- գազի գինն է բարձրացել, ջեռուցման խնդիր կա, ձմռանը գրեթե հնարավոր չի լինում գործարկել, ինչն ազդում է նաև ծառայության վրա, սննդի գներն են շատ բարձրացել, ամաչում ես նայել մարդու աչքերին ու ասել, որ այսքան թանկ է, դժվարություններ շատ կան»։
Տուժել են նաև վերջին շրջանում դոլարի արժեզրկումից, ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ խնդիրներ են ունեցել բանկային փոխանցումների հետ. արտերկրի հյուրերն ամիսներ շարունակ չեն կարողացել գումար փոխանցել։
Սակայն այս ոլորտի ամենախրթին խնդիրն առանձնացնում են դեպի Հայաստան թռիչքների բարձր գները։ Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ այս հարցը քանիցս բարձրացրել են պատկան մարմինների մոտ, սակայն լուծումների հույս առայժմ չունեն։
Չկորցնելով հույսը
65-ամյա Իրինա Իսրայելյանը թավջութակահարուհի է, դասավանդել է Ալավերդու արվեստի դպրոցում։ 2000-ականների սկզբներին, երբ ուսուցչի աշխատավարձը բավական ցածր էր, կինը սկսում է այլ ոլորտներ ուսումնասիրել։ Իսկ 2003-ին ընտանիքին պատուհասած դժբախտությունը՝ բանակում որդու սպանությունը, կնոջը ստիպում է առհասարակ հեռանալ ուսուցչի աշխատանքից ու ինքն իրեն վերագտնել այլ դաշտում։
Լինելով ակտիվ, անդամակցելով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային (ՀԵԿԱ), 2009-ին սկսում է մասնակցել տուրիզմի ոլորտում գործունեության դասընթացների:
«Մասնակցեցի խմորեղենի արտադրություն ստեղծելու նպատակով, վերջացրի՝ հյուրատուն բացելու նպատակով,- ասում է կինը՝ հիշելով, որ հենց այդ դասընթացավարներն էլ մնում են իրենց տանը, քանի որ այդ ժամանակ Ալավերդիում (Լոռու մարզ) չկար ո՛չ հյուրանոց, ո՛չ էլ հյուրատուն,- մնալով մեր ամառանոցում, բավականին հավանեցին այն, 1600 կտոր գրքով գրականություն ունենք, նկատեցին, որ կարող է լինել լավ հյուրատուն, որը հատկապես օտարերկրացիներին շատ կհետարքրքրի»։
Իսրայելյանը հիշում է, որ իր կառուցվածքով, բնույթով այս աշխատանքն իրենց ընտանիքին բավական դուր էր գալիս ու միանգամից տիրապետում են գործի նրբություններին, չորս սենյակից վերածվում 10 սենյականոց հյուրատան։
Սկզբնական շրջանում, ըստ Իսրայելյանի, հայերն այդքան էլ չէին հետաքրքրվում հյուրատնով․
«Արտասահմանի ժողովուրդը շփման կարիք ունի, իրենց հետաքրքրում է այլ երկրի նիստ ու կացը, որը լավագույնս ցույց են տալիս հենց հյուրատները, սակայն, կորոնավիրուսը փոխեց նաև մերոնց։ Այդքան տանը նստելուց հետո մենք էլ ուզեցինք ոտքով ման գալ, սահմանները փակ լինելուց հետո ստիպված եղանք մնալ մեր սահմանների մեջ, պարզեցինք, թե ինչքան բան չգիտեինք մեր երկրի մասին։ Բացի այդ, օգնում ենք մեկս մյուսին, ու մեր փողը մնում է մեր երկրում»։
Իսրայելյանն ասում է, որ հետաքրքրությունները ստանդարտ տուրիստական վայրերից շեղվել են, հիմա արդեն գալիս են ավելի մոռացված ու քիչ հայտնի վայրեր այցելելու նպատակով, շատ են գալիս էկո սննդի համար, մեծ զարգացում ունի գաստրո տուրիզմը։
Իսրայելյանը հիշում է՝ երբ սկսել էր այս ոլորտով զբաղվել, փառատոն բառն անգամ չգիտեին, մինչդեռ այժմ տարատեսակ փառատոններն են նաև զարգացնում զբոսաշրջությունը։ Ու առհասարակ, գրեթե ամեն տարի այս ոլորտում մի նորարարություն երևում է։
«Նախկինում վարպետաց դասերի մասին ո՞վ էր լսել, մինչդեռ հիմա հյուրատներում առաջարկվում են տարբեր դասեր, այսօր ընտանիքները չարչարվում են, գտնում են մեր կենցաղում գոյություն ունեցող արվեստի ճյուղեր, զարգացնում են դրանք, ու ներկայացնում ինչպես տեղացիներին, այնպես էլ աշխարհի տարբեր կետերից Հայաստան այցելած մարդկանց՝ է՛լ գորգագործություն, է՛լ կավագործություն, արվեստներ, որոնք մոռացության եզրին էին,- ասում է Իսրայելյանը՝ նշելով, որ ինքն էլ այժմ ներկայացնում է հացի փուռը, բացահայտում դրա գաղտնիքներն ու կարևորությունը,- ամբողջ Հայաստանում թոնիրն է տարածված, սակայն Լոռիում, որտեղ շատ խոնավ է, լավաշը չէր կարող պահվել, հետևաբար, հատուկ փուռ են կառուցել»։
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը ևս կարծում է, որ տուրիզմը պետք է համակցվի արտադրության, գյուղատնտեսության հետ, օրինակ՝ Երևանին մոտ մարզերի դեպքում, երբ մարդիկ գիշերակացի կարիք չունեն, անցկացնում են ընդամենը մեկ օր, նրանց կարելի է առաջարկել արտադրության ցուցադրություններ, համտեսներ, թանգարաններ։
«Կամայական տուրիստ ունի գումար, որը պատրաստ է ծախսել, իրեն պետք է շանս տալ այդ գումարը ծախսելու համար»,- ասում է Գևորգյանը։
Մեր հայերեն էջից
Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read more1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը և միջազգային խորը հակասությունները
1850-ականների Ղրիմի պատերազմը չլուծեց ներգրավված կողմերի աշխարհաքաղաքական մրցակցության հարցը: Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու համար պայքարը շարունակվում է նաև այսօր։
Read moreՄաս 1. Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս
Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreԳլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ
Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:
Read moreԱրցախ
Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read moreՄաս 2. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։
Read moreՄաս 3. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:
Read more