
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Այսօր Հայաստանում բավական մեծ ծավալով թարգմանական գրականություն է հրատարակվում, փորձ է արվում բավարարել թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական գրականության պահանջարկը։ Գեղարվեստական գրականությունը ներկայացվում է սկսած անտիկ հեղինակներից մինչև 20-րդ դարի դասականներ, հայերեն լույս են տեսնում և՛ «լուրջ», և՛ հեշտ ընթերցվող ժամանակակից ստեղծագործություններ, սիրավեպեր, դետեկտիվներ։
Վերջին տարիներին ընդլայնվել է լեզուների աշխարհագրությունը․ երբեմնի գերիշխող ռուսերենից, ապա «դասական»՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եռյակից բացի հիմա արդեն թարգմանություններ են արվում նաև իսպաներենից, իտալերենից, պորտուգալերենից, հունարենից, ճապոներենից, շվեդերենից, վրացերենից, լեհերենից, լատվիերենից, պարսկերենից, արաբերենից, եբրայերենից և այլն։ Ոչ շատ վաղուց կատարվող միջնորդ լեզվից՝ հիմնականում ռուսերենից, թարգմանությունները վերացել են։ Անգամ որոշ գրական կոթողներ, որոնք ժամանակին ներկայացվել էին միջնորդավորված, հիմա նորովի են թարգմանվում բնագրից հայերեն։ Թարգմանիչ-խմբագիր-սրբագրիչ միասնական աշխատանքի արդյունքում աճում է որակը, հաղթահարվում են բազմազան լեզվական անհարթություններ, տեքստերն ավելի հղկված վիճակում են հասնում ընթերցողին։
Բնականաբար, այդ ծավալներին համապատասխան աճում է նաև թարգմանիչների թիվը։ Համաշխարհային գրականության իսպանալեզու բաժինը պատկառելի է։ Խոսքը վերաբերում է 21 երկրներից բաղկացած մի աշխարհի՝ յուրաքանչյուրն իր պատմա- աշխարհագրական պարունակի առանձնահատկություններով, իրեն հատուկ խոսակցական լեզվով, ինչպես նաև՝ դասական ու ժամանակակից գրականությամբ։ Ուստի, այդ անծայրածիր գրականության նույնիսկ լավագույն նմուշների ընտրանին թարգմանելու համար ավելի ու ավելի մեծ թվով թարգմանիչների կարիք է զգացվելու։
Հատկանշական է, որ իսպանալեզու լսարանը հսկայական է, իսպաներենը չորրորդ ամենաշատ խոսվող լեզուն է (աշխարհում մոտավորապես 550 միլիոն մարդ խոսում է այդ լեզվով)։ Հրաշալի կլիներ ընդլայնել թարգմանվող իսպանալեզու հեղինակների շրջանակը։ Եթե շատ հայտնի արձակագիրների պարագայում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, և թարգմանության համար ընտրվում են ժամանակի փորձությունն անցած և իրենց արդիականությունը պահպանող ստեղծագործություններ, ապա արդի գրողների դեպքում, սովորաբար, ընտրվում են հեղինակավոր մրցանակներ ստացածները։ Դա, իհարկե, տրամաբանական, բայց երբեմն ոչ բավարար չափանիշ է։ Այսօր մեր հրատարակիչները, գրքի միջազգային տոնավաճառներին մասնակցելով, հնարավորություն ունեն շփվելու իրենց այլազգի գործընկերների հետ։ Օգտվելով այդ հանգամանքից, ցանկալի է, որ մեր հրատարակիչները ձեռք բերեն հնարավորինս շատ իսպանալեզու (պարտադիր չէ մրցանակակիր) հեղինակների երկեր։ Թարգմանիչները, ծանոթանալով դրանց, կարող են ներկայացնել ստեղծագործությունները հրատարակիչներին, որից հետո, համատեղ քննարկման արդյունքում, կորոշվի գրքերի լույս ընծայման նպատակահարմարությունն ու առաջնայնությունը։ Դա կարևոր է հետևյալ պատճառով․ իսպանալեզու ընթերցողների լսարանը հսկայական է, և երբեմն պատահում են յուրահատուկ «տեղային» թեմաներ, որոնք նախատեսված են խնդիրներին ծանոթ ընթերցողական շրջանակի համար։ Նման գործերում պարունակը լիարժեք չի բացահայտվում, ու եթե անտեղյակ ընթերցողը չփորձի ինքնուրույն պարզել հարցի էությունը, ապա կկորցնի հետաքրքրությունը գրքի հանդեպ։ Եթե, այնուամենայնիվ, որոշվում է թարգմանել այն, ապա ծավալուն առաջաբանն ու մանրամասն ծանոթագրությունները պարտադիր են, նույնիսկ եթե դա զգալիորեն ավելացնում է հայերեն տարբերակի ծավալը։
Կարիք կա անդրադառնալու նաև 20-րդ դարի անվանի հեղինակների տեսական աշխատանքներին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել անցյալ դարի գրականության վրա։ Նշենք, օրինակ, իսպանացիներ Միգել դե Ունամունոյին, Խոսե Օրտեգա-ի-Գասսետին, մեքսիկացի Օկտավիո Պասին, որոնց աշխատությունները դեռ սպասում են իրենց թարգմանիչներին։ Նրանց երկերը, անկասկած, հետաքրքիր կլինեն գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության և քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող հասարակության համար։
Չպետք է անտեսել նաև հայազգի օտարագիր հեղինակների ստեղծագործությունները։ Նախ, եթե աշխատանքները վերաբերում են Հայաստանին կամ հայերին, արժե ծանոթ լինել դրանց։ Ցանկալի է ընդլայնել այդ ուղղությամբ արդեն տարվող աշխատանքները[1]՝ ընդգրկելով նաև իսպաներենը[2]։
Հետաքրքիր կլիներ թարգմանել նշված հեղինակների հումանիտար ոլորտին վերաբերող գիտական ուսումնասիրությունները, ինչպես նաև հայկականությանը չվերաբերող գեղարվեստական աշխատանքները, որոնք հաճախ բարձր են գնահատվում իսպանալեզու աշխարհում և թարգմանվում են այլ լեզուների։ Այսպես, օրինակ, արգենտինահայ փիլիսոփա և արձակագիր, Կորդոբայի համալսարանի փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դիեգո Տատյանի՝ Բարուխ Սպինոզային վերաբերող աշխատությունները [3] մեծ հետաքրքրությամբ ընթերցվում են ոչ միայն Արգենտինայում և իսպանալեզու աշխարհում, այլև թարգմանվում են, այդ թվում, օրինակ՝ թուրքերեն։ Վերջերս Տատյանը Ստամբուլում կազմակերպված փիլիսոփայական սիմպոզիումի հյուրն էր։ Մինչդեռ հայ ընթերցողը ծանոթ է նրա պատմվածքների ժողովածուներից մի փոքր ընտրանուն միայն [4]։
Կարևոր է հետևել նաև օտարագիր ոչ հայազգի հեղինակների՝ Հայաստանի կամ հայերի հետ կապված թեմաներին վերաբերող ստեղծագործություններին։ Նախ, հայկական թեմային նրանց անդրադառնալու դրդապատճառներն ինքնին արդեն հետաքրքիր պատմություններ են։ Այսպես, օրինակ, էկվադորցի երիտասարդ բանաստեղծ Կարլա Բադիլյո Կորոնադոն՝ ներշնչվելով Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, իր նույնանուն պոեմում ներկայացրել է Սայաթ-Նովա երևույթի իր ընկալումը[5]՝ արժանանալով LOEWE միջազգային մրցանակի։ Մի բան, որ հավելյալ առիթ է Հայաստանի հանդեպ ուշադրություն հրավիրելու համար։ Միաժամանակ, դա հնարավորություն է ավելի լավ պատկերացնելու Հայաստանի և հայկական մշակույթի ընկալումն օտարների կողմից։
Մյուս, չափազանց կարևոր խնդիրը, որ պետք է դնենք մեր առջև՝ հայերենից իսպաներեն թարգմանություններն են։ Գաղտնիք չէ, որ մարդկանց վրա շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում գեղարվեստական գործերը, քան արդեն սովորական դարձած սարսափելի լուրերն ու կադրերը, զոհերի ու վիրավորների թվերը։ Որքան էլ տարօրինակ է, մարդիկ ավելի են տպավորվում մեկ անձի կամ մեկ ընտանիքի պատմությունից, քան մի ամբողջ ազգի ողբերգությունից։
Անդրադառնանք այս հարցի հետ կապված մի քանի տեխնիկական բարդությունների։ Կարևորներից մեկը բառարանների խնդիրն է։ Հայերենից իսպաներեն բառարանների պակաս կա, առայժմ այս հարցը լուծվում է միջնորդ լեզուների բառարանների և Իսպանիայի թագավորական ակադեմիայի բացատրական բառարանի[6] օգնությամբ։ Ի դեպ, վերջինս բառարան պատրաստելու նախանձելի օրինակներից է․ ակադեմիան գրեթե բոլոր իսպանալեզու երկրներում մասնաճյուղեր ունի, մի քանի տարին մեկ լրամշակում և հարստացնում է բառարանը՝ ներառելով բոլոր նորամուծությունները, այդ թվում՝ փոխառությունները Լատինական Ամերիկայի բնիկ ժողովուրդների լեզուներից։
Մյուս խնդիրը կազմակերպչական բնույթի է։ Պետք է գտնել հայերենից իսպաներեն թարգմանությամբ հետաքրքրված հրատարակչություն, որը պատրաստ կլինի հոգալ տպագրության հետ կապված ծախսերը, այնուհետև ապահովել թարգմանչի հետ աշխատող խմբագիր (որի մայրենի լեզուն իսպաներենն է)։ Բացառությամբ շատ քիչ դեպքերի, երբ գործը գլուխ են բերում ոլորտի մասնագետները, թարգմանիչն ինքն է հրատարակչությանը կամ այլ հնարավոր շահառուների շրջանակին գաղափարը ներկայացնողն ու գովազդողը, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ թարգմանիչն օժտված լինի կազմակերպական այդ բոլոր ունակություններով:
Գործին կարող են աջակցել իսպանախոս երկրներում բնակվող մեր հայրենակիցները, եթե, իհարկե, նրանք կապ ունեն տեղի գրական-հրատարակչական շրջանակների հետ և կարող են գտնել նման հաստատություններ ու ներկայացնել թարգմանչական ծրագիրը։ Այնուհետև, շատ ցանկալի է տպագրված գիրքը ներկայացնել աշխարհում հայտնի տոնավաճառներում։ Այդ ջանքերի արդյունքում կարող են գտնվել հետաքրքրված հրատարակիչներ։ Այսպես, օրինակ՝ «Լեզուն հրդեհ է նաև․ Հայաստանի 20 ժամանակակից պոետներ» [7] պոեզիայի հավաքածուն լույս տեսավ սկզբում Արգենտինայում, այնուհետև՝ Մեքսիկայում և Կոլումբիայում։ Որոշ ժամանակ անց, արգենտինացի մեկ ուրիշ հրատարակիչ, ծանոթանալով գրքին և հետաքրքրվելով Մարինե Պետրոսյանի բանաստեղծություններով, լույս ընծայեց պոետի առանձին մի ժողովածու[8]։ Շատ չանցած կյանքի կոչվեց մեկ այլ՝ կոնֆլիկտների վերաբերյալ ծրագիր, որի շրջանակում հայ ընթերցողին ներկայացվեց Մալվինների խնդիրը[9], իսկ արգենտինացիներին՝ Արցախի հերոսամարտին նվիրված Լևոն Խեչոյանի և Հովհաննես Երանյանի երկերից քաղված «Լարը խոտերում չէր երևում»[10] պատմվածքների ժողովածուն։
Թարգմանությունների լույս ընծայումը լավ առիթ է հեղինակներին հրավիրելու համապատասխան երկիր։ Այսպես, Մարինե Պետրոսյանը և Հովհաննես Երանյանը հյուրընկալվեցին Բուենոս Այրեսում և հանդիպում-զրույցներ ունեցան համայնքային հաստատություններում, նրանց հետ հարցազրույցները ներկայացվեցին արգենտինյան մամուլում և հեռուստատեսությամբ։ Նման մշակութային դիվանագիտությունը, իր հուզականությամբ հանդերձ, քաղաքական վերլուծություններից շատ ավելի մարդկային, ուղիղ և ընկալելի ձևով է «տեղ հասցնում» մեզ համար կարևոր հարցերը։
Երբեմն մենք չենք էլ անդրադառնում, թե որքան նմանություն կարող են ունենալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, այլազան մտածելակերպ ու խնդիրներ ունեցող մարդիկ։ Թվում էր, թե Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների համար 1982-ի մղված պատերազմն ու մարդկային ճակատագրերը ոչ մի նմանություն չպետք է ունենային մեր՝ 2020-ի Արցախյան պատերազմի հետ, սակայն բավական է մի քիչ մոտիկից ծանոթանալ Մալվինյան պատերազմի ընթացքին [11] և զուգահեռներն ակնհայտ են դառնում։
Թարգմանությունների շնորհիվ տարատեսակ խնդիրների շուրջ առաջացած փոխընկալումը ստեղծում է ընդհանուր մշակութային դաշտ, նպաստում է ազգային մտածելակերպի ճանաչելիությանը։ 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում «Արի» գրական գործակալության առաջարկով տարբեր լեզուների՝ այդ թվում և իսպաներեն թարգմանվեցին և տպագրվեցին Արամ Պաչյանի [12] ու Նարինե Կռոյանի [13] պատմվածքները։ Բոլիվիացի մի հեղինակ, որի հետ քննարկում էինք պատմվածքները նախքան դրանց լույս տեսնելը «Ինմեդիասիոնես» առցանց լրագրում, զարմացավ` իմանալով, որ մենք ունենք «որդեկորույս» բառը։ Թեև լսել էր հայերին բաժին ընկած արհավիրքների մասին, բայց իր համար այս նոր բառն էր, որ պատկերացում էր տալիս թե որքան «արնաշաղախ» կերպով են արտահայտվում մարդկային կորուստները մեր լեզվամտածողության մեջ։
Իսպանալեզու խմբագրի հետ աշխատանքն առանցքային է. պարտադիր չէ, որ թարգմանչի մասնագիտական պատրաստվածությունը համընկնի խնդրո առարկա երկրի լեզվական միջավայրին։ Չխորանալով լեզվաբանական խնդիրների մեջ` նշենք, որ, օրինակ՝ Արգենտինայի և Ուրուգվայի իսպաներենը, ունենալով քերականական առանձնահատկություններ, որոշ չափով տարբերվում է այլ իսպանալեզու երկրներից։ Անշուշտ, իսպանախոս ընթերցողի համար դա մեծ խնդիր չէ, սակայն պետք է հաշվի առնել, թե որ երկրում է լույս տեսնելու թարգմանությունը, քանի որ բացի վերը նշվածից, յուրաքանչյուր երկիր ունի իր բառամթերքն ու հոմանիշային համակարգը։ Երբ թարգմանում էի Արմեն Շեկոյանի «Երևան հյուրանոց» պոեմից մի հատված, ծանոթագրելով մեծ քանակությամբ մեջբերվող մականունները, շատ անհանգիստ էի, որ դրանց ստվար քանակը կարող է վանել ընթերցողին։ Սակայն պոեմը շատ լավ ընդունվեց, քանի որ Լատինական Ամերիկայի երկրներում, մասնավորապես Արգենտինայում և Ուրուգվայում, շատ ընդունված է միմյանց մականուններով դիմելը։
Թարգմանությունն ինքնին բավական մեկուսի զբաղմունք է, ինչը չի նշանակում, որ թարգմանիչները մասնագիտական շփման կարիք չունեն, ընդ որում՝ ոչ միայն միմյանց, այլև հրատարակիչների, խմբագիրների ու սրբագրիչների հետ։ Քանի որ թարգմանությունը բավական արագ զարգացող ոլորտ է, ցանկալի կլիներ ի մի բերել մեծ քանակի նորաբանությունները, վերջապես պայմանավորվել տառադարձության (այդ թվում և հատուկ անունների) շուրջ: Ողջունելի է, որ այսօր կազմակերպվում են նման հանդիպումներ, սակայն յուրաքանչյուր հրատարակչություն ունի իր «կանոնները» ինչն ընթերցողին մշտական լարման մեջ է պահում, քանի որ միևնույն բառը տարբեր ձևով է տառադարձվում։
Ամփոփելով՝ նշենք, որ թարգմանական աշխատանքի գնահատականը թե՛ ընթերցողներն են տալիս, և թե՛ մրցույթները։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանում նման հնարավորություն ստեղծվեր, ինչը մեծապես կնպաստեր հայերեն թարգմանությունների գնահատման չափանիշների հստակեցմանը։
Ծանոթագրություններ․
1- Որպես օրինակ կարող են ծառայել «Նյումեգ» հրատարակչության լույս ընծայած Շարլ Ազնավուրի, Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Վարդան Գրիգորյանի, Սաթի Սպիվակովայի արժեքավոր հուշագրությունները։
2- Բոլորովին վերջերս լույս տեսավ Մագդա Թախտաջյանի «Ռոջավա» վեպը։
3- Ի թիվս մի շարք այլ աշխատությունների․ Spinoza: una introducción; Barouch; Spinoza y el arte; Spinoza disidente; Spinoza: filosofía terrena; Spinoza: el don de la filosofía.
4- Հետմիջօրե /պատմվածքներ/, Դիեգո Տատյան, Երևան, Առեդիտ, 2012։
5- Նռան գույնը, Կարլա Բադիլյո Կորոնադո, Լորենի, Երևան, 2021։
6- Real Academia Española, Diccionario de la lengua española.
7- Un idioma también es un incendio. 20 poetas de Armenia, Alción Editora, Bs.As., 2013.
8- Disparó el arma, Mariné Petrossian, Audisea, Bs.As., 2015.
9- Մալվիններ, Մարիո Սամպաոլեսի, Անտարես, Երևան, 2014։
10- El alambre no se percibía entre la hierba /relatos sobre la guerra de Karabagh/, ediciones Hecho atómico, Bs.As.2014.
11- Մալվինյան (Ֆոլքլենդյան) պատերազմի դասերը, Ալիք մեդիա։
12- Guerra, vivos o muertos, Aram Pachyan; Bolivia, 2020.
13- El ángel tuerto, Nariné Kroyan; Bolivia, 2020.
Տեսեք նաեւ
Ալան Բադիուի «Դարը»
Լույս է տեսել ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից Ալան Բադիուի «Դարը» գրքի հայերեն թարգմանությունը: Արման Ղարագուլյանն անդրադառնում է աշխատությանը։
Read moreՄիշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ
Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։
Read moreՀանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն
Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։
Read moreՈչ թե իսկական, այլ իրական պատմություններ
«Սարսափ» տունը
Այս «ճշմարիտ, բայց ոչ իրական պատմության» մեջ Վերդյանները չեն անհանգստանում, որ իրենց գնած տունը, ըստ ամենայնի կիսելու են ուրվականների և չար ոգիների հետ: Նրանց անհոգության պատճառը չապազանց մարդկային է:
Read moreՆստատեղ
Մի փոքրիկ, ինքնահռչակված և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները, նախագահականի աշխատակազմի հետ թեյի ժամին Անահիտը պատմում է, որ պարզել է որ շեֆերն ու պատվավոր հյուրերը ունեն մի շքեղ պետքարան, մինչդեռ իրենք` աղջիկներով հարմարվել են իրենց առանց նստատեղի մութ ամբարին:
Read moreԳլազոկը
Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:
Read moreԶարմանազան
Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:
Read more