
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
Փոքր նվիրաբերությունների միակցմամբ տարբեր խնդիրներ լուծելու մշակույթը տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ևս ձևափոխվում է ու տարատեսակ լուծումներ ստանում։
Եթե նախկինում «պետության ձեռքը չհասած խնդիրներին» լուծում տալու «մենաշնորհը» հիմնականում բարեգործական կազմակերպություններինն էր, հիմա արդեն անհատները չեն սպասում կազմակերպություններին ու երբեմն փորձում են ինքնուրույն լուծել հանդիպած խնդիրը, օրինակ, սոցիալական ցանցերում մեկ գրառումով մարդկանց մեծ խմբի իրազեկելով։
Համացանցի ընձեռած հնարավորությունները հայաստանյան տիրույթում լավագույն կերպով օգտագործելու ամենահաջողված պատմությունը, թերևս, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արմեն (Արմոս) Մարտիրոսյանինն էր։ 2010 թվականին մի երեխայի բուժման ծախսերը հոգալու համար նա, միանալով նախաձեռնված դրամահավաքին, կատարեց գրառում՝ դիմելով մարդկանց ու խնդրելով աջակցել։ Մարտիրոսյանը հիշում է, որ հավաքված գումարով հնարավոր էր եղել երեխայի բուժումը կազմակերպել նախ Ռուսաստանում, ապա՝ Իսրայելում։
«Ցավոք, երեխայի կյանքը փրկել չհաջողվեց, բայց այդ դեպքը մեծ արձագանք ու ազդեցություն ունեցավ։ Այդ ժամանակ Հայաստանի համար աննախադեպ էր, «Ֆեյսբուք»-ում նման մասշտաբի դրամահավաք չէր եղել»,- ասում է Մարտիրոսյանը, ով շարունակեց կիրառել փոքր նվիրաբերությունների հնարավորությունը՝ աջակցության ձեռք մեկնելով օգնության կարիք ունեցող հարյուրավոր այլ երեխաների ևս։ Իսկ արդեն 2021-ին, որակյալ բուժօգնությունն առողջական ծանր խնդիրներ ունեցող ավելի շատ երեխաների հասանելի դարձնելու գիտակցումով, Մարտիրոսյանն անձնական նախաձեռնությունը համակարգայինի վերաձևեց՝ ստեղծելով «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամը։
«Այժմ, երբ կա հիմնադրամն ու երեխաներին աջակցությունն իրականացվում է ավելի պրոֆեսիոնալ ձևով, փորձում եմ անել ամեն բան, որպեսզի նպաստենք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելման ծրագրերի միջոցով օգնենք երեխաներին, որպեսզի նրանց մի մասն ընդհանրապես չհիվանդանան,- ասում է Մարտիրոսյանը՝ հավելելով նաև, որ անում են ամեն բան, որպեսզի հարկ եղած դեպքում երեխաների բուժումն էլ իրականացվի Հայաստանում,- նախկինում ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող մեծ թվով երեխաների ուղարկում էինք արտասահման, հիմա, նաև հիմնադրամի համեստ ներդրմամբ, կարողացել ենք հասնել նրան, որ այդ ամենն արվի Հայաստանում»։
Մարտիրոսյանն ասում է, որ մեծ թվով անհատների կողմից փոքր նվիրաբերությունները մեծ կարևորություն ունեն և բազմաթիվ հարցեր կարող են լուծել։
«Մեր հիմնադրամը, որն իր տեսակի մեջ ամենազանգվածայիններից է, այս տարիների ընթացքում 45.000-ից ավելի նվիրատվություն է ստացել, երկու օրում մի քանի տասնյակ միլիոն դրամի հասնող դրամահավաքներ ենք կարողացել իրականացնել, որոնց մեծ մասը հավաքվել են անհատների փոքր նվիրաբերումների միջոցով»,- ասում է Մարտիրոսյանը՝ նշելով, թե սա օգնում է ոչ միայն դրամահավաքների ոլորտում համակարգային հենքեր ստեղծելուն և ներդրումների բազմազանեցմանը, այլ նաև մեծ մշակույթ է փոխում ներդրողների կյանքում էլ։
Մեկ քայլ էլ առաջ
Անհատների կողմից կազմակերպված փոքր նվիրաբերությունների միջոցով լուծված խնդիրները բազմաթիվ են. բուժօգնությունից մինչև կրթության վարձ, վիրավոր զինծառայողների պրոթեզավորումից մինչև վերականգնողական կենտրոնի ստեղծում, անտուն կենդանիների բուժումից մինչև կացարանով ապահովում, անկախ մամուլի գործունեությանն աջակցում և այլն։
Սակայն 2020-ի պատերազմն ու դրա հետևանքներն ազդեցին նաև փոքր նվիրաբերությունների մշակութային կազմաձևի վրա. համախմբվածության կարևորության գիտակցմամբ՝ 2021-ին ստեղծվեց «ռեԱրմենիա» հարթակը, որը պարզապես սոցիալական ցանցում գրառում կատարելուց մեկ քայլ առաջ է անցել՝ դրամահավաքի համար ավելի համակարգային մոտեցում առաջարկելով։
«ռեԱրմենիա» թիմի անդամ Գևորգ Պողոսյանը պատմում է, որ շուրջ 25 տարի բիզնես ոլորտում աշխատելով կարծել է, թե պետությանը հարկավոր է հզոր բիզնես միջավայր, սակայն պատերազմի հետևանքները հասկացրել են, որ ոչ թե նոր ֆինանսատնտեսական ուժ է պետք ձևավորել, այլ արդեն գոյություն ունեցող ուժերի համախմբան հարցն է պետք լուծել։
«Արդեն 2,5 տարի է գործում է հարթակը, 100-ից ավելի նախագիծ է իրագործվել, 3 մլն դոլարից ավելի գումար են հավաքել նախագծերը, 15.000 հոգանոց համայնք է ձևավորվել,- ասում է Պողոսյանը՝ նշելով, որ բացի դրամահավաքից, նաև արդյունավետ գործարկել են մասնագետների համայնքի գործիքը, երբ աշխարհի տարբեր երկրներից մասնագետները կարողանում են Հայաստանում գտնվողներին օժանդակել խորհրդատվությամբ,- Օրինակ, Արցախի հեռավոր գյուղի մի երիտասարդ կապ էր հաստատել ԱՄՆ-ից, «Գուգլ»-ում աշխատող մեր հայրենակցի հետ, ով շաբաթական 1-2 ժամ օգնում էր երիտասարդին՝ փոխանցելով մասնագիտական հմտություններ»։
Ըստ Պողոսյանի՝ հանրային խնդիրների լուծման մեջ այս կամ այն կերպ ուղիղ մասնակցություն ունենալով՝ սեփականատիրոջ զգացումն է ուժեղանում, հետևաբար, նաև վերաբերմունքն է ամբողջի նկատմամբ փոխվում ու շատ ավելի բարձր որակի հանրություն է ձևավորվում։
«ռեԱրմենիա»-ն հենց այն հարթակն է, որտեղ քո 1000 դրամը համադրվում է նույն խնդիրը լուծելու ցանկություն ունեցող մյուսների 1000 դրամների հետ, դառնում է միլիոններ ու իրական լուծում են ստանում այդ խնդիրները։ Ամեն մեկի ամենափոքր ներդրումը կարող է մեծ հնարավորություն ընձեռել այլոց՝ դա կլինի գումարի, թե, օրինակ, շաբաթական մեկ ժամ խորհրդատվություն տալու ձևով»- ասում է Պողոսյանը։
Համախմբվածության ու փոքր նվիրաբերություններով մեծ հնարավորություն ստեղծելու մասին է նաև «ռեԱրմենիա» հարթակում իրականացվող «Մունք» տեխնոդպրոցի նախագիծը։ 2021-ին Արցախի Մարտունու շրջանի շուրջ 215 բնակիչ ունեցող Հաղորտի գյուղի երիտասարդները որոշեցին ոչ թե իրենք գնան լավագույն կրթության հետևից, այլ լավագույն կրթությունը բերեն իրենց գյուղ։ Երկու ամսում հարյուրավոր մարդկանց տարբեր չափերի նվիրաբերությունների միջոցով հավաքելով շուրջ 70 մլն դրամ (շուրջ 180.000 դոլար), 2022-ի հունիսին Հաղորտիի գյուղապետարանի՝ նորոգված ու անհրաժեշտ սարքավորումներով ապահովված շենքում բացվեց տեխնոդպրոցը՝ ընդհանուր հաշվով 11 մասնագիտացման հնարավորություն տալով՝ ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայնի ոլորտներում։ Անգամ շրջափակման ընթացքում տեխնոդպրոցը չի դադարեցրել աշխատանքը, իսկ արդեն Արցախի հայաթափումից ամիսներ անց այն իր գործունեությունը շարունակում է իրականացնել Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում՝ շուրջ 400 ուսանողի հնարավորություն ընձեռելով անվճար ուսուցում ստանալ 3 փուլից բաղկացած ծրագրում։
«Հնարավոր չի ասել, թե ինչքան ենք շնորհակալ մեր նվիրաբերողներից՝ իրենց տված հնարավորության համար, հատկապես այն ուսանողների դեպքում, որոնք ֆինանսապես չէին կարող հոգալ իրենց ծախսերը՝ խորացված մասնագիտություն, կրթություն ստանալու համար»,- ասում է տեխնոդպրոցի գործադիր տնօրեն Սասուն Դավիդյանը՝ նշելով, որ իրենք հիմնականում կենտրոնական վայրերից հեռու գտնվող համայնքներում են իրականացնում իրենց ծրագրերն ու ներառում են նրանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում կրթության համար տեղափոխվել այլ վայրեր։
Չնայած դրամահավաք սկսելու տարբեր միջոցների ընձեռած հնարավորություններին, հոգեբանորեն այդ քայլն այդքան էլ հեշտ չէ․ մի կողմում նպատակն է, մյուս կողմում՝ հասարակության կարծրատիպերն ու ճնշումները՝ «բա ամոթ չի՞ ուրիշից փող ուզելը», «երկիրն էս վիճակում դու քեզ համար փող ես հավաքում»։
Այս պահին իրականացվող դրամահավաքներից մեկի հեղինակ Տաթև Խաչատրյանը, ով բազմիցս նվիրաբերություններ է կատարել այլոց համար, երբևէ չի մտածել, որ մի օր էլ ինքն է փորձելու օգտվել այս հնարավորությունից։ Գերմանիայի համալսարաններից մեկում ուսումնառությունը շարունակելու ծախսերի համար ստանալով 40 տոկոս կրթաթոշակ, մնացյալ մասի համար տարբեր հիմնադրամների է դիմել, սակայն, հիմնականում մերժման նամակներ ստանալով, երկար մտորումներից հետո դժվարությամբ կայացրել է հանրությանը դիմելու որոշումը։
«Վերջին գործողությունս մնացել էր դրամահավաք սկսելը, ինքս ինձ հաղթահարելով՝ գրեցի դրամահավաքի ծրագիրն ու դիմեցի հանրությանը։ Մեզ հաճախ թվում է, թե մեր նվիրաբերությունը կարող է շատ քիչ լինել, սակայն ինձ նման ուսանողների դեպքում այդ քիչը գումարվում ու կլորիկ գումար է դառնում՝ լուծելով բավականին մեծ հարց»,- ասում է Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ իր համար այդքան կարևոր ուսումնառությանն աջակցելը ևս կարժանանա հանրության ուշադրությանը։
Անվստահությունից վստահություն
Դրամահավաքների դրական արձագանքների կողքին, սովորաբար, լինում են նաև հարցադրումներ, թե՝ «որտե՞ղ է պետությունը», «ինչո՞ւ պետությունն այդ հարցերի լուծմամբ չի զբաղվում»։ Սակայն, անգամ ամենազարգացած երկրներն ունեն դրամահավաքների մշակույթ ու կան նախագծեր, որոնց իրագործումն իրականացվում է հենց դրամահավաքների միջոցով։
2010-ից բրիտանական Charities Aid Foundation-ը հրապարակում է World Giving Index զեկույցը, որն անցկացվում է գրեթե 150 երկրներում և հաշվի է առնվում այդ երկրների բնակչության սոցիալական ակտիվությունը՝ մարդկանց քանի տոկոսն է օգնում անծանոթներին, քանի տոկոսն է նվիրաբերություն կատարում բարեգործական կազմակերպություններին, քանի տոկոսն է կամավորական աշխատանք կատարում։
Հատկանշական է, որ Հայաստանը, որը պարբերաբար առերեսվում է ճգնաժամային իրավիճակների և օգտվում է ինչպես նվիրաբերություններից, այնպես էլ կամավորների աջակցություններից, այնուամենայնիվ, բարեգործության համաշխարհային դասիչում, սովորաբար, ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է գտնվում։ 2023-ին 142 երկրներից 122 է, ըստ այդմ՝ երկրի բնակչության 59 տոկոսն է օգնում անծանոթներին, բարեգործական կազմակերպություններին նվիրաբերություններ կատարում է 17 տոկոսը, իսկ կամավորական աշխատանք կատարում է միայն 10 տոկոսը։ Հատկանշական է, որ 2023-ին հարևան երկրներից Հայաստանն առաջ է եղել միայն Թուրքիայից, որը 126-րդն էր։ Նախորդ տարիներին ևս Հայաստանի դիրքերը գրեթե նույնն են եղել։
Զեկույցի ցուցանիշները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում անծանոթներին ավելի շատ են վստահում և նվիրաբերություններ կատարում, քան բարեգործական կազմակերպություններին, որոնցից, ի դեպ, կարող են պահանջել առավել բարձր թափանցիկություն և հաշվետվողականություն։
Համահայկական ցանց ստեղծելու և դրանով Հայաստանին ու աշխարհի հայերին աջակցելու նպատակով 1992 ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաքների նախաձեռնությունների հայաստանյան նախատիպը դարձավ։ Հիմնադրամի միջոցով ինչպես Հայաստանում, նախկինում էլ նաև Արցախում կայուն ու համաչափ զարգացում ապահովող բազմահազար ծրագրեր են իրագործվում։ Սակայն, կառավարության հոգաբարձության ներքո գործող կառույցի նկատմամբ վստահությունը ոչ միշտ է միանշանակ եղել։
2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում էլ բազմաթիվ նվիրաբերություններ կատարվեցին աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում նաև համահայկական հիմնադրամին, որոնց հետագիծը, սակայն, ոչ բոլորին հայտնի դարձավ։ Ռուսաստանաբնակ ձեռնարկատեր Հայկ Հայրապետյանը ևս, թեև փոխանցումներ է կատարել հիմնադրամների, սակայն իր կատարած ներդրման անմիջական արդյունքը չստանալով՝ չի իմացել՝ արդյոք իր ներդրումը ծառայել է որևէ գործի։ Այսպիսով, որոշել է ստեղծել հավելված, որի միջոցով նվիրաբերություն անելով՝ մարդիկ պարբերաբար ստանում են ծանուցումներ, հասկանում են իրենց փոքր քայլի օգտակարությունը։
2023-ի հոկտեմբերին գործարկված «Իմաստ» հավելվածի ծրագրերի համակարգող Անի Ավոյանը ևս շեշտում է՝ Հայաստանում բարեգործական կազմակերպությունների նկատմամբ անվստահություն կա, որն իրենց հավելվածի թափանցիկ աշխատանքի միջոցով ցանկանում են կոտրել.
«Հավելվածում գրանցվելուց առաջ կազմակերպություններն անցնում են մանրակրկիտ զննում՝ թե՛ իրավական, թե՛ ֆինանսական, որից հետո միայն համագործակցում ենք։ Այսպիսով, մենք փորձում ենք ոլորտում եղած անվստահությունը վերածել վստահության»։
Ավոյանն ասում է, որ բացի հարթակ տրամադրելուց, դրամահավաքներ կազմակերպողներին աջակցում են նաև խորհրդատվությամբ, օգնում են գովազդային արշավներ կազմակերպելու հարցում, սակայն, ամենակարևորը՝ փորձում են ձևավորել համայնք ու, առհասարակ, նվիրաբերելու մշակույթ։
«Իմաստ»-ը Հայաստանում ստեղծվեց, որ մարդիկ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում փորձեն օգնություն տրամադրել, այլ նաև այդ ներդրումները բերվեն առօրյա կյանք»,- ասում է Ավոյանը։
Դրամահավաքների գործընթացը գրագետ կազմակերպելու, այդ ուղղությամբ աշխատողներին մասնագիտական կրթություն, հմտություններ, ոլորտին նոր որակ հաղորդելու նպատակով 2024-ին ստեղծվել է Ֆոնդահայթայթման ակումբը՝ 2018-ից գործող միության հիմքի վրա։
Ակումբի համահիմնադիր և ղեկավար Շարմաղ Սաքունցն ասում է, որ սա հարթակ է բոլոր դրամահավաք իրականացնողների համար, որտեղ հնարավոր է սովորել իրարից, ինչպես նաև տեղական ու միջազգային լավագույն մասնագետներից, կիսվել սեփական փորձով, մշտապես ստանալ աջակցություն և խորհրդատվություն, այսպիսով՝ նպաստել Հայաստանում տարբեր սոցիալական ծրագրերի ավելի մեծ արդյունավետությանն ու այդ նպատակների համար ավելի շատ գումար հայթայթելուն։
«Բոլոր նպատակները, որոնց համար հավաքվում են գումարներ, շահառուներն ենք բոլորս, ինչքան Հայաստանում ավելի քիչ խնդիրներ լինեն, այնքան բոլորի համար ավելի քիչ խնդիրներ կլինեն»,- կարծում է Սաքունցը։
Նա հիշում է, որ 2020-ի պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագա շրջանում, բավական խառն էր ոլորտը, բայց նաև ատիվ, քանի որ նոր հիմնադրամներ, հարթակներ էին ստեղծվում, տարբեր անհատներ էին գումար հավաքում տարբեր խնդիրների լուծման համար։
«Պատերազմից հետո, առավել քան երբևէ, պետք էր կառույց, որը կկարողանար ուղղորդել, թե ինչպես աշխատեն նոր ստեղծվող կազմակերպությունները, ոլորտում քաոս էր, սկզբում ուշադրությունը սևեռված էր պատերազմի առաջացրած խնդրներին, ու կազմակերպություններ, որոնք շատ կարևոր գործ էին անում, բայց որոնց շահառուների շրջանակը պատերազմից տուժածների մեջ չէր, բավական մեծ դժվարություններ սկսեցին զգալ, քչերն էին հետաքրքրված աջակցություններով»,- ասում է Սաքունցը:
«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշում է, թե աշխատում են այն ուղղությամբ, որ պետությունը բավականաչափ հարկային և այլ արտոնություններ տրամադրի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, որպեսզի նրանք հետաքրքրված լինեն նման աջակցություններով ու դա անեն ոչ միայն խղճի խայթից, բարեխղճությունից ելնելով, այլ նաև ունենան ֆինանսական շահ։ Ըստ Մարտիրոսյանի՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններն էլ լավ արդյունքի հասնելու համար պետք է աշխատեն բիզնեսի կանոններով՝ կանոնակարգված, վճարվող աշխատակազմ ունենան, ապահովագրություններ իրականացնեն, զարգացման հնարավորություններ դիտարկեն, ինչպես նաև ունենան ճկուն կառավարում։
Հայաստանում փոքր նվիրաբերություններով տարբեր ծրագրեր իրականացնելու մշակույթը թեև դեռ նոր է ձևավորվում, երբեմն բախվում է նաև հասարակության կարծրատիպերին, սակայն, հատկապես վերջին տարիներին, այն դարձել է կենսունակ։ Դրամահավաքները դարձել են առավել համակարգված, գրագետ ու թիրախային, կիրառվում են զանազան հարթակներ ու միջոցներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս մշակույթն ավելի մեծ հանրահռչակում ունենալու և ավելի լայն հանրության վստահությանը արժանանալու ներուժ ունի։
Մարդ և հասարակություն
Բույրերի որսորդը
Արցախի շրջափակման ընթացքում սեփական բույրերը ստեղծած 16-ամյա Հարություն Տոնյանը Ֆրանսիայում ուսումը շարունակելու և իսկական պարֆյումեր դառնալու ցանկություն ունի։ Առայժմ նա գիտելիքներն է շատացնում, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանի անդրադարձը։
Read moreԴեպի ակադեմիական քաղաք
Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։
Read moreԱշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է
Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը հայ կանանց ևս ստիպում են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիան, ԱՄՆ։ Աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացման, կանանց խոցելիության ու հայկական ընտանիքների ձևափոխմանն է անդրադառնում Գայանե Մկրտչյանը։
Read moreՊատմության մոռացված էջերից. Շուշանիկ Կուրղինյան` ճնշվածների ձայնը
Շուշանիկ Կուրղինյանը ճնշվածների ձայնն էր։ Նրա՝ սոցիալիստական ոգով գրված պոեզիան և բանվոր դասակարգի պայքարին նվիրված բանաստեղծությունները ծանոթ էին գրեթե յուրաքանչյուր դպրոցականի, մինչդեռ այսօր նա գրեթե մոռացվել է։
Read moreՓոխելով սլաքները․ նոր մոտեցում ծերացմանը
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Հիշողության սրճարան»-ում տարեցներն աշխուժորեն խաղում են թերապևտիկ խաղեր, ուղեղի և ձեռքերի վարժություններ կատարում, ձևավորում նոր սոցիալական կապեր՝ խթանելով առողջ ծերացմանն ու սոցիալական փոխազդեցությանը։ Իսկ ի՞նչ է անում պետությունը երկրի տարեց բնակիչների համար, պարզաբանում է Գոհար Աբրահամյանը։
Read moreՎերջերս հրապարակված
Ընդլայնվում է ռազմական համագործակցությունների շրջանակը
Հնդկաստանը և Ֆրանսիան վերջին երկու տարում դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ռազմական կարողությունները հզորացնելու նպատակով Երևանը փորձում է ընդլայնել ռազմական հարաբերությունները այլ երկրների հետ ևս։
Read moreՀարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreմարդ ԱՌժամանակ
մարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read more