
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա ակտիվ և արժեքավոր դերակատարի դիրք զբաղեցնելու հավակնության իրացում», այս հավակնոտ նպատակով է սկսվում կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ Լայնածավալ ծրագիրը, որի նախագծման հատվածն արդեն սկսվել է, ոչ միայն կասկածներ է հարուցել, այլև դարձել է վրդովմունքի պատճառ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակադեմիական քաղաք կառուցելուց սկսեց խոսել 2021-ի մարտին՝ անդրադառնալով կրթական ոլորտում առկա խնդիրներին։
«Բուհերում կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնք կապված են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, և՛ բովանդակության հետ։ Եվ մենք ունենք էսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, էդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական դասախոսական պոտենցիալը»,- ասել էր Փաշինյանը՝ շեշտելով, որ բուհերում շենքային պայմանները արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։
«Նոր քաղաքի» մասին հայտարարությունը, որտեղ նշվում էր նաև բուհերի շենքերի վաճառքի մասին, մեծ արձագանք առաջացրեց։ Մարտի 31-ին լրագրողների հարցերին ի պատասխան, այն ժամանակվա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, թե որոշում չկա, կա գաղափար, այլ հարց է, թե որքանով է դա իրատեսական.
«Եթե այդ քաղաքը իրականություն կդառնա, բնական ցանկություն կառաջանա շատ բուհերի մոտ տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը։ Սակայն այն, ինչի մասին խոսվում է, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա, այդ բոլոր շենքերն էլ, որ վաճառվեն, այդ գումարը չի բավարարելու այն իրականություն դարձնել, այնտեղ լրջագույն ներդրումներ են պետք»։
Ու չնայած նախարարի թերահավատությանը, արդեն հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո օգոստոսին ընդունված կառավարության ծրագիրն ամրագրեց՝ «ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն», մինչդեռ կուսակցության նախընտրական ծրագրում որևէ բան նշված չէր ակադեմիական քաղաքի մասին։
2022-ի նոյեմբերի 16-ին ընդունվեց «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որտեղ ընդլայնվեց ակադեմիական քաղաքի տեսլականի կառուցվածքը.
«Ակադեմիական քաղաքի ստեղծում` որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը` ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները»։
Շուրջ 6 ամիս անց ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն ու հաստատվեց հիմնադրամի կանոնադրությունը։
2023-ի հուլիսին Փաշինյանը, կրկին խոսելով բուհական համակարգը խորը ճգնաժամից դուրս բերելու կառավարության պարտքի մասին, ընդգծեց, որ պարտավորվում են ունենալ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող բուհեր, որոնց 100 տոկոսանոց ֆինանսավորումը կառավարությունը պետք է իր վրա վերցնի։
«2027-ից հետո թույլ չենք տալու հավաստագրման արտոնագրման լիցենզավորման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ում բուհեր գործելու են միայն ակադեմիական քաղաքում, մենք բոլորի համար տեղ կնախատեսենք, բոլորը պետք է համակերպվեն այս ընտրության հետ», ասել էր Փաշինյանը։
Արդեն հոկտեմբերի 19-ին ընդունված «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն ամրապնդեց կառավարության բոլոր մոտեցումները։
Ըստ հայեցակարգի՝ «Ակադեմիական քաղաք»-ը հանդիսանում է նաև կրթության մինչև 2030-ի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։ Ի դեպ, կրթության մինչև 2030-ի զարգացման ծրագրում նախատեսվում է նաև պետական բուհերի խոշորացում` ըստ ուղղությունների, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորում` հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով։ Այս կետերըը փորձագետները խնդրահարույց են համարում ու կարծում են, որ նոր՝ ակադեմիական քաղաք ունենալու հիմքերում է նաև այս գաղափարների իրագործումը։
Քաղաքը
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի համաձայն՝ այն կայանալու է Հայաստանում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և պետական գիտական կազմակերպությունների հենքի վրա։ Քաղաքի տարածքները հնարավորություն են ունենալու ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ:
Այս ծրագրի թերևս ամենակարևոր կետն այն է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերից.
- տեխնոլոգիական կլաստեր. նախատեսված է լինելու մոտ 14.500 ուսանողի, 500 աշակերտի, շուրջ 3000 ակադեմիական կազմի աշխատակցի համար, միավորելու է մի շարք հետազոտական ու տեխնոլոգիական կենտրոններ։ Տեղակայվելու է նաև Տեխնոլոգիական ավագ դպրոցը, որում ավագ դասարանների համար կիրականացվի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ու, մասնավորապես, տեխնոլոգիական խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր։
- արվեստների կլաստեր. նախատեսված է լինելու մոտ 2000 ուսանողի, 200 աշակերտի, շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակցի համար, միավորելու է մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը, արվեստների ավագ դպրոցը, ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, Հայաստանի ազգային թանգարան-պահոցը, աշխատանոցներ/արվեստանոցներ։ Նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում։ Նույն տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում։
- կրթական կլաստեր. նախատեսված է լինելու մոտ 15.000 ուսանողի, շուրջ 1400 ակադեմիական կազմի աշխատակցի համար, ներառելու է նաև կրթական հետազոտությունների կենտրոնը։
- սպայական կլաստեր. նշվում է, որ սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում, սպայական համալսարանը կունենա երկու բաղադրիչ (ֆակուլտետ, դպրոց կամ այլ կազմակերպական ձև)` արտաքին անվտանգային և ներքին անվտանգային: Գործելու են նաև Սպայական ավագ դպրոցը և քոլեջը։
Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, հիմնադրամը, ինչպես նաև ըստ նպատակահարմարության` ոլորտին առնչվող այլ պետական և մասնավոր կառույցներ։
Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու հարակից տեղամասեր` Երևանից Աշտարակ գնացող, միջպետական Մ1 ճանապարհի մոտ գտնվող Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, ընդհանուր առմամբ, շուրջ 700 հա։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, իսկ արդեն քաղաքի ներսում տեղաշարժն ունենալու է հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։
Ըստ հայեցակարգի՝ ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44.000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):
Ակադեմիական քաղաքը ենթադրում է նաև մի շարք այլ ենթակառուցվածների կառուցում, որոնցից հավակնոտներից է նաև մինչև 35.000 հանդիսատեսի համար նախատեսված ազգային ստադիոնի կառուցումը։
Ըստ հայեցակարգի՝ ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները: Ամենանախնական հաշվարկով քաղաքի կառուցման համար նախատեսվում է 1,2 տրիլիոն դրամ։ Նշվում է նաև, որ կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով` գլխավոր հատակագծին համապատասխանելու և ապագայում քաղաքի ներդաշնակությունը չխաթարելու համար:
Ինչ վերաբերում է քաղաքի կառուցման ժամանակացույցին, ապա այն կազմված է երեք հիմնական փուլերից՝
- նախագծման փուլ. մեկնարկել է 2023-ի հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ի սեպտեմբերին:
- կառուցման փուլ. նախատեսվում է մեկնարկել 2025-ի հոկտեմբերից, նախնական գնահատմամբ կավարտվի 2029-ի դեկտեմբերին:
- սպասարկման փուլ. նախատեսվում է սկսել 2030-ի հունվարից։
Խնդիրքը
Ընդամենը վեց տարում բարձրագույն կրթության գրեթե հիմնահատակ վերաձևման փորձը բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել։ Գրեթե բոլոր մեծ բուհերը հասցրել են դեմ արտահայտվել խոշորացումներին, այլ վայր տեղափոխմանը, հատկապես հաշվի առնելով նաև այն, որը հայեցակարգի համաձայն՝ «բուհերի տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքն ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար», չնայած կառավարության ղեկավարն այս ծրագրի ամենասկզբում խոսում էր շենքերի վաճառքի մասին։
Այնուամենայնիվ, թե ինչ է լինելու պատմություն ունեցող ու քաղաքին դիմագիծ հաղորդող շենքերի հետ, այդքան էլ հստակ չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հարցազրույցներից մեկում նշել էր.
«Բուհական ստարտափները կարող են բան անեն, այլ՝ գիտատար էլի կազմակերպություններ կան, որոնք տեսականորեն կարող են վարձակալեն այդ տարածքները։ Բաց է, ես չեմ կարող լուծումներ հիմա ասեմ, որովհետև այդ լուծումների համար մենք մասնագետ ենք վարձելու։ Շենքային առհասարակ խոսակցություններին վերջ տալու համար, նաև կառավարության կողմից կա հանձնարարական հստակ՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, այսինքն՝ այն գույքը, որն ազատվում է քաղաքում, այդ գույքի օգտագործումը բերի համապատասխան եկամուտներ «Ակադեմիական քաղաքին» առանց օտարման և առանց վաճառքի»։
Հայաստանում 2023-ի տվյալներով կա 67 բարձրագույն ուսումնական հաստատություն, որից 31-ը՝ ոչ պետական։ Ուսանողների թիվը 71.732 է, որից 59.169-ը կրթություն է ստանում պետական բուհերում։ (Պետական բուհերում աշխատողների թվաքանակը՝ 15.252 է, ոչ պետականում՝ 1883)։
Այն հարցում, որ Հայաստանի չափսերի, ուսանողների թվի համեմատ բուհերի քանակը բավական շատ է, և դրանք պետք է կրճատել՝ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, փորձագետները, կարծես, համամիտ են, սակայն խնդիրներ են տեսնում ակադեմիական քաղաքի միջոցով դա անելու պարագայում։
«Համաձայն եմ, որ Հայաստանում բուհերի թիվը շատ է ու կարելի է որոշակի միավորումներ անել, սակայն այս մասշտաբային ծրագիրը, որը հիմա առաջարկվում է, բավական վտանգում է ինչպես համալսարանական կրթությունը, այնպես էլ գիտությունը»,- կարծում է կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, թե այս քայլի հիմքում չկա հետազոտություն, որը ցույց կտա, թե ինչ խնդիրներ ունեն բուհերն այսօր։
Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանի կարծիքով՝ բուհերի խոշորացումը ոչ միայն հրատապ է, այլ գուցե՝ նույնիսկ ուշացած է՝ հաշվի առնելով ի շարս այլ գործոնների, ուսանողների ու կրթական ծառայություններ տրամադրողների թվի հարաբերակցությունը։
«Այս իրավիճակից դուրս գալու համար նախաձեռնվեց բուհերի միավորում, որը նաև ուղեկցվում է գիտության և բարձրագույն կրթության ներառմանն ուղղված գործողություններով, մյուսը գիտության և բարձրագույն կրթության ինտեգրումն է, ստեղծել մի մոդել, որտեղ բարձրագույն կրթությունն ու գիտությունը կենտրոնացած են համալսարաններում,- ասում է Կարաբեկյանը՝ նշելով, որ նման մոտեցումը ենթադրում է ֆինանսական, դասախոսական, միջավայրի և այլ ռեսուրսների միավորում,- Այլ հարց է, թե ինչպես պետք է դա իրականացվի, և այստեղ բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս։ Դրանցից մեկը ձևավորվելիք խոշորացված համալսարանների բնույթն է։ Ներկա ծրագիրը նպատակադրված է պրոֆիլային համալսարաններ ունենալու»։
Ըստ Կարաբեկյանի, ժամանակակից գերակշռող միտումը համալսարանական մոդելն է, համալսարան, որն իր ռազմավարությամբ նախատեսված նպատակների շրջանակներում կիրականացնի տարբեր գործողություններ և կաշկանդված չի լինի մեկ պրոֆիլով։ Կարաբեկյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ գնալ բազմապրոֆիլ 2-3 համալսարան ունենալով, որոնք, սակայն, կարող են ունենալ իրենց կրթավանները տարբեր քաղաքներում։
«Որպես միավոր կունենանք 2-3 համալսարան, բայց իրենց որոշակի կրթական ծրագրերը դրանք կկազմակերպեն տարբեր կամպուսներում՝ ապահովելով նաև ազդեցությունը այս կամ այն տեղական համայնքի զարգացման վրա,- ասում է կրթության փորձագետը՝ նշելով, որ համալսարանների առջև բացի զուտ կրթական ու հետազոտական գործընթացից կա նաև տեղական միջավայրի վրա ազդեցության խնդիր,- Համալսարանները քաղաքակրթաստեղծ, միջավայրաստեղծ գործառույթ ունեն, հատկապես փոքր քաղաքներում»։
Ներկայումս Երևանի բուհերի մեծ մասը տեղակայված է քաղաքի կենտրոնական, ամենաբանուկ հատվածում՝ ինքնին հանդիսանալով երիտասարդական, բուհական թաղամաս։ Դեռևս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մշակած Երևանի զարգացման գլխավոր հատակագծով՝ մայրաքաղաքի հյուսիսային հատվածը հատկացվել է ուսանողական գոտուն, որտեղ էլ կառուցվել են պետական մի շարք բուհերը։ Այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը՝ Հայաստանի ազգային գրադարանը, մշակութային, գիտական այլ կազմակերպություններ, որոնց ծառայություններից մշտապես օգտվում են ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները։
«Կոնսերվատորիայի հարևանությամբ է գտնվում Օպերային թատրոնը, երաժշտական դպրոցներ, որոնք անմիջական կապի մեջ են, կամ բժշկական համալսարանը քիչ վերևում ունի համալսարանական հիվանդանոցներ, որտեղի աշխատակիցները դասավանդում են, սովորողները պրակտիկա անցնում և այլն,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ այսպիսով քանդվում է այս ցանցը,- Ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների զգալի մասն աշխատում է, իսկ իրենց աշխատավայրերը գտնվում են հիմնականում կենտրոնում, իրենց հարմար է համատեղել, առհասարակ, Երևանի կենտրոն հասնելը շատ ավելի հեշտ է»։
Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, թե այսպիսով կբեռնաթափվի Երևանն ու հատկապես կենտրոնը, Խաչատրյանը խիստ հարաբերական է համարում՝ հաշվի առնելով, որ նախատեսված վայրը՝ 17-րդ թաղամասն էլ է Երևանի մեջ և սա նշանակում է, որ ծանրաբեռնվելու են քաղաքի մյուս՝ հարակից հատվածները՝ Աջափնյակը, Արաբկիրը։
Այնուամենայնիվ, բացի տեխնիկական խնդիրներից, մասնագիտական համայնքն ահազանգում է բովանդակային լուրջ հարցերի մասին։ Հայաստանը գիտության ու տեխնոլոգիաների միջոցով հզորացնելու առաքելությամբ գործող «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանի կարծիքով ծրագրում շատ հարցեր հիմնավորված չեն, ու թեև լինում են հանդիպումներ, սակայն բովանդակային քննարկում չկա, տպավորություն է, թե «դոգմատիկ որոշում է կայացվել, որ արվելու է այսպես և վերջ»։ Ըստ Շահվերդյանի՝ այն, որ պետք է միավորումներ անել գիտական ինստիտուտների միջև, իրենք ևս բազմիցս հաստատել են, սակայն քննարկում չկա, թե ինչ նպատակների, թիրախների և չափանիշների հիման վրա են որոշվելու այն գիտահետազոտական կազմակերպությունները և դրանց ստորաբաժանումները, որոնք պետք է միավորվեն կամ չմիավորվեն։
«Մինչդեռ արդեն հատակագիծ են քննարկում, տեղ են հատկացնում և այլն։ Եթե մենք ուզում ենք լինել մրցունակ պետություն, պետք է կարողանանք գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համակարգը զարգացնել այնպես, որ այդ համակարգը ծառայի մեր երկրի խնդիրների լուծմանը, իսկ իրենք զբաղված են փորձերով՝ առանց մեր երկրի կարիքներից բխող հստակ նպատակներ և թիրախներ սահմանելով»,- ասում է Շահվերդյանը՝ հավելելով, թե իրենք կիսում են այն մտահոգությունը, որ ամբողջ մտավոր ներուժը մեկ տեղում կենտրոնացնելու հետ կապված ռիսկեր կան։ Բացի այդ, սա անհասկանալի մասշտաբի ծրագիր է, որի բյուջեն և իրականացման փուլերը ևս հստակեցված չեն։
Այս ծրագրի իրագործման կարևորության մեջ նշվում է նաև, թե այն լուծելու է բարձրագույն կրթության ու գիտության իրարից հեռացած լինելու խնդիրը, սակայն Շահվերդյանը կարծում է, որ դա բացարձակապես չի արդարացնում ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորումով գործող բոլոր գիտական ինստիտուտները համալսարաններին միավորելու նպատակը, եղած համակարգում էլ հնարավոր է այդ մերձեցումն իրականացնել, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը.
«Մերձեցումն իրականացնելու երկու ձև կա, մեկը, երբ հետազոտական բաղադրիչը զարգացնում են համալսարաններում, երկրորդը՝ երբ հետազոտողներն ունեն երկակի կարգավիճակ՝ լինելով դասախոս համալսարանում և աշխատելով ինստիտուտներում, և դա ամբողջ աշխարհում կիրառվող փորձ է, սակայն այս երկրորդ տարբերակի մասին լռում են»։
Մեծածավալ այս ծրագրի շուրջ մտավախություններն ու անորոշությունները դեռևս բավական շատ են, ընդունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ապրիլի 12-ին Մատենադարանում ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը։
«Գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել էր նախարարը:
Այնուամենայնիվ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ հայաստանյան բուհերի առանցքային խնդիրն այն է, որ կրթական համակարգի երկու հիմնական խաղացողները չունեն սովորելու և սովորեցնելու շարժառիթ։
«Մեր խնդիրն այն է, որ ուսանողների զգալի մասը չի ցանկանում սովորել, չունի մոտիվացիա։ Մենք ունենք հազարավոր ուսանողներ, որոնք առանց սովորելու, առանց նորմալ գիտելիքների ավարտում են, և ունենք զգալի թվով դասախոսներ, որոնք առանձնապես մոտիվացված չեն լավ դասավանդելու»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, թե նրանց տեղափոխելով 17-րդ թաղամաս, միևնույնն է, խնդիրը չեն լուծելու, մինչդեռ հսկայական ներդրումներ են նախատեսված՝ առանց երաշխիքի։ Ինչ վերաբերում է շենքային առավել լավ պայմաններին, Խաչատրյանը նշում է, թե հայաստանյան բուհերի շենքային ներկայիս պայմանները ևս վատը չեն։
Սամվել Կարաբեկյանն էլ վստահ է, որ ակադեմիական քաղաք նախագծի իրականություն դառնալուն՝ զուտ քաղաքաշինական առումով, դեռ երկար պետք է սպասել.
«Այս համակարգը չի սպառնում առնվազն առաջիկա տասնամյակին։ Ճիշտ չենք գնահատում մեր կարողությունները, չափից դուրս կարևոր է իրատեսական ծրագիր մշակելն ու հաշվարկել այն ամբողջ ռեսուրսը, որով դա իրականացվելու է»։
Ակադեմիական քաղաք ունենալ ոչ բոլոր երկրներն են իրենց թույլ տվել, դրանց թիվն այսօր էլ մեծ չէ, դժվար է գնահատել, թե բազմաթիվ մարտահրավերներ ունեցող Հայաստանի համար նման ձգտումները որքանով են արդարացված, սակայն անհերքելի է նաև այն փաստը, որ բարձրագույն կրթությունն ունի վերաձևման կարիք:
Մարդ և հասարակություն
Արմաշ. տիեզերքի մասին մտածող գյուղը
«Ավստրիական տիեզերական ֆորում»-ի առաջատար հետազոտական ծրագրի գիտափորձը սահմանամերձ Արմաշում դեռ երկար են հիշելու։ Փոքր գյուղի մեծ իրադարձության հետքին է անդրադառնում Անի Գևորգյանի ֆոտոպատմությունը։
Read moreԱշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է
Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը հայ կանանց ևս ստիպում են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիան, ԱՄՆ։ Աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացման, կանանց խոցելիության ու հայկական ընտանիքների ձևափոխմանն է անդրադառնում Գայանե Մկրտչյանը։
Read moreՊատմության մոռացված էջերից. Շուշանիկ Կուրղինյան` ճնշվածների ձայնը
Շուշանիկ Կուրղինյանը ճնշվածների ձայնն էր։ Նրա՝ սոցիալիստական ոգով գրված պոեզիան և բանվոր դասակարգի պայքարին նվիրված բանաստեղծությունները ծանոթ էին գրեթե յուրաքանչյուր դպրոցականի, մինչդեռ այսօր նա գրեթե մոռացվել է։
Read moreՓոխելով սլաքները․ նոր մոտեցում ծերացմանը
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Հիշողության սրճարան»-ում տարեցներն աշխուժորեն խաղում են թերապևտիկ խաղեր, ուղեղի և ձեռքերի վարժություններ կատարում, ձևավորում նոր սոցիալական կապեր՝ խթանելով առողջ ծերացմանն ու սոցիալական փոխազդեցությանը։ Իսկ ի՞նչ է անում պետությունը երկրի տարեց բնակիչների համար, պարզաբանում է Գոհար Աբրահամյանը։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 3. Արամի 54
Երևանի կենտրոնում 1902 թվականին կառուցված, իսկ 1934-ին վերակառուցված ու որպես հիվանդանոց օգտագործված շենքը, թեև հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի, սակայն այսօր անբարեկարգ վիճակում է և լքված։ «Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով» շարքի երրորդ մասում Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է այս շենքի մասնավորեցման ընթացքն ու հետագան։
Read moreԸնտանեկան խճանկար․ ո՞րն է ավանդականը
Սոցիալ-մշակութային մի շարք փոփոխությունների արդյունքում ընտանիքի մոդելը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել, գրում է Անի Ղուլինյանը՝ անդրադառնալով ընտանիքների կառուցվածքներին, ամուսնու ընտանիքի հետ ապրելու խնդիրներին ու հայկական ընտանիքի զարգացման պատմությանը։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreՎերջերս հրապարակված
Ռուսաստանի ելքը. սահմանապահների ու խաղաղապահների դուրսբերումը
Ռուս խաղաղապահները վերջերս դուրս եկան հայաթափված և ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից, միաժամանակ, Հայաստանից դուրս են գալիս Ադրբեջանի սահմանի երկայնքով և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները, ինչը տարածաշրջանից Ռուսաստանի ընդհանուր նահանջն է խորհրդանշում։
Read moreՏավուշ. հողային և սահմանային մարտահրավերներ
Շատերը, հատկապես Հայաստանից դուրս ապրողները ճշգրիտ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում հանրապետության Տավուշի մարզում։ Սահմանների ու քարտեզների խնդիրներին է անդրադառնում քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։
Read moreԱրմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreմարդ ԱՌժամանակ
մարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read more