
Հայ փախստականների, տեղահանվածների խնդիրը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր էջերով, թերևս այդպես էլ չգտնելով իր ծանրակշիռ ներկայությունը՝ որոշում կայացնողների օրակարգում։
Արցախի հայ բնակչության ինքնորոշման պաշտպանության նպատակով 1988 թվականի փետրվարին մեկնարկած Ղարաբաղյան շարժմանը զուգընթաց Ադրբեջանում սկսվեցին տեղի հայ բնակչության նկատմամբ բռնություններ՝ նպատակ ունենալով ճնշել ու կանխել հայերի ձգտումները։ Այս դեպքերի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանից տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, նրանցից 360.000-ն ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997-ին իրականացված հաշվառման տվյալներով՝ Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիների ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:
Սակայն Հայաստան հասած փախստականների հետագա կյանքն այդքան էլ հարթ չի եղել․ նրանցից որոշները 30 տարուց ավելի շարունակում են բնակվել երբեմնի ժամանակավոր կացարաններում, որոշներն էլ՝ կրկնակի տեղահանվել են 2020-ի Արցախյան պատերազմի հետևանքով։
4 տեղահանություն՝ մի կյանքում
«Երբ տատս պատմում էր, թե ինչպես են 1915 թվի գաղթի ժամանակ օրերով սոված-ծարավ քայլել, իսկ, երբ գետով անցնելիս մեջքին կապած երկու երեխաներից մեկին կպել է թուրքի գնդակը, արնաքամ երեխային ստիպված է եղել նետել գետը, որ գոնե մյուս երեխայի՝ հորս, ծանրությանը դիմանա, մեզ համար հեքիաթ էր թվում, ու չէի էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի հետո այդ դաժան հեքիաթի մեջ ես էի հայտնվելու»,- ցեղասպանությունից մազապուրծ եղած ու ներկայիս Ադրբեջանի Տերտերի շրջանում հաստատված տատից է պատմում 4 անգամ տեղահանված, 63-ամյա Վիկտորյա Թևանյանը։
Հետո հիշում, թե ամուսնանալով՝ արդեն Եվլախ քաղաքում ինչ շքեղ տուն, կահ-կարասի ու անհոգ կյանք ուներ մինչև 1988-ը, երբ «ադրբեջանական մի շարք քաղաքներում սկսեցին ատել ու մորթել երբեմնի սիրելի համարվող հայերին»։
«Հնարավոր չէր հասկանալ, թե ինչ է կատարվում, ահավոր լարված էր, փախանք մոտակա սարեր, որտեղից էլ անվնաս հասանք Միր Բաշիրի շրջանի (ներկայիս Տերտեր) Բեգումսարով գյուղ»,- հիշում է կինը: Սակայն չորս մանկահասակ երեխաներով ընտանիքն այստեղից էլ երկու ամիս անց ստիպված է լինում հեռանալ ու հասնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Մարտակերտի շրջանի հայաբնակ Չայլի գյուղ։
Մտածում էին այսքանով կավարտեն իրենց դեգերումներն ու ունեցած ամբողջ գումարով այստեղ գնում են տուն, երկրորդ տան կառուցմամբ զբաղվում, ևս մեկ զավակ ունենում, փորձում ջնջել տեղահանության ծանր հիշողություններն ու վերաիմաստավորել կյանքը։
1992-ին ադրբեջանական կողմը գրավում է գյուղը, վեցերորդ երեխային սպասող Վիկտորյա Թևանյանը հինգ երեխաների հետ կրկին բռնում է գաղթի ճանապարհը․
«Ամուսինս արդեն կռվի դաշտում էր, երեխաներիս, մյուս գյուղացիների հետ մի կերպ փախանք։ Կինո էր, կիլոմետրերով քարավանի պես գնում էինք, ոնց ցեղասպանության ժամանակ։ Ցավերս բռնել էին, էն էլ ինչ ցավեր, հիշում էի տատիս ու սարսափում, որ հանկարծ ես էլ ստիպված չլինեմ երեխուս թողնել»։
Գյուղի գիտակ կանայք հենց սարերում, մի ծառի տակ օգնում են Վիկտորյային լույս աշխարհ բերել զավակին:
«Բոլորը կանգնել սպասում էին, երբ երեխայի ճիչը լսեցին, կամաց-կամաց շարժվեցին, մինչև մենք էլ կհասնեինք։ Երեխուն ունեցա ու վեր կացա քայլելու, ամեն րոպեն շատ թանկ էր»,- հիշում է կինը։
Հասնում են Ստեփանակերտ, որտեղ «ռումբերի անձրև էր», կանայք, երեխաները դուրս էին գալիս քաղաքից ու ոտքով, անտառների մեջով քայլում ու քայլում։
Վիկտորյայի քույրն այդ ժամանակ ապրում էր Չարենցավանում, որոշում են այս անգամ էլ այստեղ տեղավորվել։ Շուրջ երկու տարի ապրելով հանրակացարանում, 1994-ին, երբ սկսվում է Արցախի՝ այն ժամանակ ազատագրված Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը, Թևանյանների բազմանդամ ընտանիքը տեղափոխվում է Բերձոր, ստանում տուն, այգի, ունենում 7-րդ երեխային ու կրկին փորձում ոտքի կանգնել։ 1996-ին դժբախտ պատահարի հետևանքով մահանում է ընտանիքի հայրը։ 3 դստրերի ու 4 որդիների հետ միայնակ մնացած Վիկտորյան չի ընկրկում, շարունակում է իր բաժին հաղթանակներին հասնելու համառ պայքարը։
26 տարիների ընթացքում ամուր կանգնում են վերագտած հայրենիքում, զավակներն ամուսնանում են այստեղ, երեխաներ ունենում ու թվում է, թե կյանքի դժվարությունները վերջապես մոռանում են կնոջ մասին, մինչդեռ սկսվում է նոր պատերազմը, որն այդպես էլ չավելացրեց նոր տարածքներ, փոխարենը՝ կորցրեց ազատագրված հայրենիքի զգալի մասը, դեռ նոր կյանք մտնող մի քանի հազար երիտասարդի, տեղահանվել ստիպեց շուրջ 91,000 մարդու։
Պատերազմի ընթացքում զոհվում է նաև Թևանյանների ավագ փեսան, նրանք կրկին ստիպված են լինում լքել շեն տանիքը, վերադառնում՝ ՀՀ Կոտայքի մարզ՝ Չարենցավան։
«13-րդ հարկում, տանիքից կաթացող անձրևաջրերով տան մեջ, 12 հոգով վարձով ենք ապրում։ Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չեն տալիս փախստականի կարգավիճակ, մինչդեռ այդքան բան եմ կորցրել, մինչդեռ Ադրբեջանն այդքան խոսում է իր փախստականներից, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ»,- անպատասխան մնացող հարցերը խեղդում են կնոջ կոկորդը, մաքրում է աչքերն ու անզորությունից ուսերը թափ տալիս։
Ովքե՞ր են փախստականները
2008-ին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի, որի հիմքում ընկած է Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան և 1967 թվականին ընդունված արձանագրությունը, որոնց Հայաստանը միացել է 1993-ին, 6-րդ հոդվածի 1 և 2 կետերը հանգամանորեն սահմանում են, թե ովքեր են համարվում փախստական՝ շեշտելով նրանց՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկվելը։
Այս օրենքը բավական լայն հնարավորություններ է նախատեսում փախստականների համար և երաշխավորում նրանց իրավունքների իրացումը։ Սակայն փախստականի կարգավիճակ ունեցողներն ասում են, թե ոչ միշտ են ունեցել այդ հնարավորությունները։
«Փախստականի կարգավիճակը փաստող մեզ տրված գրքույկը կարծես ոչինչ լիներ, այնպիսի պայմաններ էին, որ չէինք կարողանում շարժվել հանգիստ։ Ես հիշում եմ, որ գրադարանում ինձ անգամ գիրք չէին տալիս այս փախստականի կարգավիճակով, բժշկական օգնություն, կրթություն և այլն, ակնհայտ խտրականություն կար փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց նկատմամբ», -հիշում է «Փախստականի ձայն» ՀԿ նախագահ Օկսանա Մուսայելյանը։
Մուսայելյանի ընտանիքն Ադրբեջանի ժողովրդական ճակատի ոճրագործություններից մազապուրծ լինելով՝ 1990-ին Բաքվից Հայաստան է եկել ձեռնունայն։
«Հունվարի 14-ին մենք ընկանք այդ խմբերի ձեռքը, մեզ տնից հանեցին, մորս փրկեցինք նրանց ձեռքերից, գնացինք մորաքրոջս տուն, մի քանի բարեկամներ արդեն հավաքվել էին, ցանկանում էինք դուրս գալ երկրից, սակայն անհնար էր, հայերի ունեցվածքը թալանում էին, այրում։ Հաջորդ օրն արդեն այդ տուն էլ հասան խմբավորումները, կապել էին մեզ, մորեղբորս սարսափելի ծեծի էին ենթարկել, մի կերպ փրկվեցինք, լաստանավով հասանք Կրասնովոդսկ (Թուրքմենստան), որտեղից էլ արդեն ինքնաթիռով եկանք Հայաստան»- վերհիշում է այդ ժամանակ 13 տարեկան եղած Մուսայելյանը։
Կինն ասում է, որ Հայաստան գալու պես դիմում են գրել, ներկայացրել են, թե ինչ են թողել Ադրբեջանում, ինչերի միջով են անցել, կարծում է՝ այս ամենը պետք է ներկայացվեր միջազգային հարթակներում, իրենք պետք է տուժող հանդես գային, մինչդեռ հիմա պարզ չի, թե ով են։
«Ադրբեջանական կողմը շատ ակտիվ օգտագործում է իր փախստականների խնդիրն ու պարբերաբար բարձրաձայնում նրանց վերաբերող հարցերը, մինչդեռ Հայաստանում այս խնդիրները տարիներ շարունակ լռեցվել են։ Մեր իրավունքները որևէ կերպ չեն պաշտպանվել, մեր խնդիրները որևէ տեղ չեն բարձրաձայնվել»,-ասում է Մուսայելյանը։
Դժվար ընտրություն․ փախստականի կարգավիճակն ընդդեմ բնակապահովման
Հայաստանի իշխանությունները 1990-ականների կեսերից որոշեցին մեկնարկել նատուրալիզացիայի՝ քաղաքացիություն հատկացնելու ծրագիրը, որն ըստ փախստականներից շատերի՝ իրենց խնդիրը կոծկելու քաղաքականություն է։ Մուսայելյանը բացատրում է, որ Ադրբեջանից բռնագաղթածները ոչ թե չեն ցանկանում դառնալ ՀՀ քաղաքացի, այլ մտավախություն ունեն, որ այսպիսով փակված կհամարվի իրենց խնդիրը, կմոռացվի, որ իրենք այդքան բան են թողել Ադրբեջանում, այդքան դժվարությունների միջով են անցել։
«Ես նույնիսկ հիշում եմ, որ մեզ ասում էին՝ ընդունեք քաղաքացիություն ու մենք երկու-երեք տարվա ընթացքում կկարգավորենք ձեր բնակպայմանները։ Իրականում, քաղաքացիություն ընդունած մարդիկ այդ պարտադրված նատուրալիզացմանը ենթարկվեցին, սակայն դրանից հետո այս մարդիկ կրկին մնացին առանց որևէ բանի, մնացել են նույն վայրերում, սոցիալական նույն խնդիրներն ունեն, սակայն ՀՀ քաղաքացի են»,-ասում է Մուսայելյանը։
1997-ից Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարաններով ապահովելու ծրագրերի կարևորագույն պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է։
Ըստ Մուսայելյանի ունեցած տվյալների՝ այս ամենի հետևանքով Ադրբեջանից բռնագաղթածներից փախստականի կարգավիճակ այժմ ունի շուրջ 20․000 մարդ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը հայտնում է, որ 2019-ից պետությունը մեկնարկել է փախստականներին բնակարան տրամադրելու նոր ծրագիր, որով պայմանավորված՝ կրկին շատերը ստիպված կլինեն հրաժարվել այս կարգավիճակից։ Ի դեպ, 2019 թ-ի հունիսին ամփոփված տվյալներով՝ Ադրբեջանից բռնագաղթված բնակարանային ապահովման կարիք ունեցող 882 ընտանիքներ կան Հայաստանում՝ 628-ը Երևանում, 254-ը՝ մարզերում, իսկ այս ծրագրով կլուծվի Երևանում ծայրահեղ վատ պայմաններում ապրող 250 ընտանիքի բնակարանի հարցը։
«Նման իրավիճակում, իհարկե, փոքր-ինչ դժվար է խոսել այն մասին, թե ունենք փախստականներ ու նրանք որոշակի պահանջներ ունեն»,-ասում է Մուսայելյանը։
Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանից բռնագաղթածներին տարիներ շարունակ ոչ միայն չապահովեց կենցաղային տարրական պայմաններով, նրանցից ոմանք դեռևս ապրում են խոնավ ու ցուրտ հանրակացարաններում, անգամ՝ շնաբուծարաններում, այլև կորցրեց նրանց՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևոր կողմ։
Դարձ ի շրջանս յուր
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն ասում է, որ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրն անտեսելը դրսևորվել է ոչ թե նրանց բոլորին բնակարաններով չապահովելու, այլ Ադրբեջանի կողմից նրանց ոտնահարված շահերի ու իրավուքների պետական քաղաքականության մակարդակում պաշտպանությունից կտրականապես հրաժարվելու միջոցով:
Ասատրյանը կարծում է, որ Հայաստանն ի վիճակի ու պարտավոր էլ չէ բոլոր փախստականներին անվճար բնակարանով ապահովել, սակայն պարտավոր էր ապահովել այդ մարդկանց իրավաքաղաքական հետևողական ու արդյունավետ պաշտպանությունը միջազգային համապատասխան հարթակներում, ինչի բացակայությունն ինքը համարում է հստակորեն դրսևորված քաղաքական միտում:
Ըստ Ասատրյանի՝ Հայաստանը միջազգային կառույցներում ադրբեջանահայ փախստականների խնդրով, ըստ էության, չի զբաղվել: Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները, միջազգային կառույցների աջակցությամբ, իրականացրել են Հայաստանում փախստականների ինտեգրման քաղաքականություն, որի էությունն էր՝ ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը զրոյացնելը և, դրա շնորհիվ, այն բանակցային գործընթացի քաղաքական օրակարգի մաս դարձնելուն խոչընդոտելն ու կանխելը:
«Հայտնի է, որ ադրբեջանահայ փախստականի կողմից ՀՀ քաղաքացիության ընդունումն ամենևին էլ չի երաշխավորում, որ նա բնակարանով կապահովվի: Դրա փոխարեն, տասնյակ հազարավոր ադրբեջանահայ փախստականներ ՀՀ քաղաքացիություն ընդունեցին՝ միայն Հայաստանից լեգալ արտագաղթելու համար: ՀՀ իշխանություններն, ադրբեջանահայերին ՀՀ քաղաքացիություն ընդունելը պարտադրելով, «փակեցին» փախստկանների հարցն իրենք իրենց համար, սակայն փախստականների նոր ալիքի դուռը բացեցին արդեն արցախահայության համար՝ 2020-ին»,-ասում է Ասատրյանը։
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում նշվում էր, որ ավելի քան 91․000 բնակիչ (բնակչության շուրջ 60 տոկոսը) լքել է մշտական բնակության վայրերը՝ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի 2021-ի հունիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք, 22․177 մարդ (անճշտությունը` 5%)։
Հատկանշական է, որ նրանք կրկին՝ չունեն որևէ կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի «Ե» կետով սահմանվում է․ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Մինչդեռ արցախցիները համարվում են ՀՀ քաղաքացիներ, կրում են ՀՀ անձնագրեր։
30 տարիների ընթացքում Ադրբեջանից բռնագաղթածների սոցիալական ու քաղաքական առկախված խնդիրներին փաստորեն գումարվեցին 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածների խնդիրները։
«2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բռնագաղթած մեր հայրենակիցներին տեսնելիս ես հիշում եմ այն ամենը, ինչի միջով մենք անցանք»,-ասում է 1988-ին Կիրովաբադից (ներկայիս Գյանջա) Հայաստան բռնագաղթած 42-ամյա Արմեն Հակոբյանը։
Թեև հայրենի բնակավայրը լքելիս 9 տարեկան է եղել, սակայն հիշողության մեջ անջնջելիորեն դաջվել են այն ահասարսուռ տեսարանները, որոնց ականատեսն է եղել, իսկ հետո էլ՝ արդեն Հայաստանում հանդիպած վերաբերմունքը։
«1988 թվականի դեկտեմբերի 1-ին մեզ մոտ՝ Կիրովաբադում, ամեն բան ավիրեցին, վառեցին։ Երբ եկանք Հայաստան, ամբողջ ժողովրդով միացում էին գոռում, մեր գալուց մի քանի օր հետո եղավ երկրաշարժն ու մեր մասին ընդհանրապես մոռացան, ամբողջ ազգով օգնում էինք երկրաշարժի հետևանքով տուժածներին, էլ ում էին հետաքրքիր բռնագաղթածները, որոնք եկել ու պարզապես դրսերում էին մնում»,-ասում է Հակոբյանն ու ցավով հիշում, թե իրենց ինչպես էին ծաղրում ու անգամ քարերով հարվածում հայերեն չհասկանալու և ռուսերեն խոսելու համար, մինչդեռ Ադրբեջանում տարիների ընթացքում փակվում էին հայկական դպրոցները՝ տեղի հայ բնակչությանը փաստացի զրկելով հայերեն սովորելու հնարավորությունից։
Հակոբյանի ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրը, եղբայրն ու ինքը, 1993-ին վերջապես տեղավորվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող նախկինում Պրագա անվանումով հյուրանոցի 13 և 16 քառակուսիանոց սենյակներում։ Այժմ այս նույն վայրում ապրում է կնոջ և երեխայի հետ․ որոշվել է, որ նրանք «ապահովված են» ու բնակպայմանների բարելավման կարիք չունեն։
«Ադրբեջանը փախստականների շարք էր ստեղծում դատարկ տեղից, պարզապես լուր էր տարածում ամբողջ աշխարհում, քարոզչություն էր վարում, մինչդեռ մեզ մոտ փաստացի փախստականները ձեռքի տակ, որևէ մեկը չզբաղվեց նրանցով, չբարձրաձայնեցին խնդիրները, ցույց չտվեցին աշխարհին այս մարդկանց, փոխհատուցում չպահանջեցին, ամեն բան պարզապես կոծկեցին»,-ասում է Հակոբյանն ու ցավում, որ այս տարիների ընթացքում դասեր չեն քաղվել և նույն սխալներն արդեն կրկնվում են արցախահայության դեպքում։
Բռնագաղթածները ցավով են արձանագրում, որ Հայաստանում նրանց մասին պատկերացումներն աղավաղված են․ այստեղ մտածում են՝ մարդիկ են, հայ են, որոնք եկել են իրենց հայրենիք, պետք է այդքանով բավարարվեն ու գոհ մնան, սակայն այս մարդիկ կորցրել են իրենց տունը, շատ դեպքերում՝ հարազատներին, սոցիալական կապերը, աշխատանքը, լեզուն․․․ Մինչդեռ, նրանց խնդրածն ընդամենը արժանապատիվ կյանքն է։
1988
Սումգայիթում հիմա խաղաղության աղավնու արձան կա
Որոշում կայացնել երբեք չօգտագործել ցեղասպանություն բառը եւ կրկին դեմ առ դեմ կանգնել եղելությանը նոր համատեքստում: Գրող Լուսինե Հովհաննիսյանը անսպասելիորեն բացահայտում է ընդհանուր, բայց ակնհայտ կապ երբ կրկին ու կրկին կարթում է Սումգայիթյան զոհերի կենսագրություններն: "Զոհվածների ցանկի վերջում նշված է՝ «կրծքի երեխա», անունն անհայտ է: Նա հիմա երեսուն տարեկան կլիներ..." գրում է հեղինակը:
Read moreՂարաբաղյան Շարժում կամ ի՞նչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 30 տարի առաջ
Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:
Read moreԻմ «ղարաբաղյան շարժումը»
Լրագրող Լուսինե Հովհաննիսյանը պատմում է իր հուշերը որպես համալսարանական ուսանող եւ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերի մասնակից: Նա գրում է. «Մենք եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման, ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում»:
Read moreԻնչպիսին էր սկիզբը. խորհրդային ազգային քաղաքականությունը և Ղարաբաղյան հիմնախնդրի արմատները
Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ առաջին հանրահավաքներից և բախումներից շատ առաջ մոտեցող փոթորկի մի շարք նախանշաններ եղան, գրում է Միքայել Զոլյանը: Դրանցից մեկը «հիշողության պատերազմն» էր, որը ոչ թե զինվորներն էին վարում, այլ պատմաբանները:
Read moreՂարաբաղյան շարժում 88. իրադարձությունների ժամանակագրություն
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ բյուրեղացման պահ էր: Շարժման մասին պատմող հոդվածների շարքից այս առաջինում EVN Report-ը ներկայացնում է 1988թ. իրադարձությունների ժամանակագրությունը. իրադարձություններ, որոնք ի վերջո ճանապարհ հարթեցին դեպի անկախություն:
Read more2020 թվականի Արցախյան պատերազմից հետո
Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read moreԻնչպե՞ս հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի ընթացքում խուսափել փակուղուց կամ ուժի կիրառումից
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի ձևաչափ ստեղծելու առումով տարբեր քայլեր են արվում, որոնք, սակայն, զուգորդվում են Ադրբեջանի կողմից սողացող անեքսիայի և ռազմական ագրեսիվ գործողությունների հետ։ Հոդվածն անդրադառնում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, առաջարկություններ են արվում փուլերի, ձևաչափերի և սկզբունքների վերաբերյալ։
Read more30 տարվա իրավիճակային կառավարման տեղապտույտը
Հայաստանի բոլոր իշխանությունները շարունակաբար ստեղծել են հատվածական ռազմավարական օրակարգեր, որոնք ուշ թե շուտ դատապարտվել են անհաջողության։ Արդյունքում Հայաստանը 30 տարի շարունակ գոյատևել ու զարգացել է առանց համազգային ռազմավարական օրակարգի։
Read more