EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Միջավայր
Հկտ 13, 2026

Մարդ-արջ, թե՞ մարդ-մարդ ընդհարում. անդարձությունից մեկ կանգառ վերև

Մարիամ Տաշչյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

«Ընդհարում» եզրույթը, սովորաբար, ենթադրում է երկու գիտակից կողմերի միտումնավոր հակամարտություն: Բախում, որտեղ կան ռազմավարություններ, հաղթողներ ու պարտվողներ։ Սակայն, երբ խոսքը մարդ-վայրի բնություն բախման մասին է, գիտական այս եզրույթը դառնում է չափազանց պայմանական: Իրականում, արջը մարդու դեմ պատերազմ չի վարում. նա պարզապես փորձում է գոյատևել փոփոխվող էկոհամակարգում, որտեղ հաճախ ամենահեշտ ճանապարհը ոչ թե անտառի խորքում է, այլ գյուղամիջյան բաց աղբամանում, անպաշտպան մեղվափեթակում կամ գյուղատնտեսի խնձորի այգում։

Միջազգային փորձը վաղուց ցույց է տվել, որ այսպես կոչված «մարդ-կենդանի ընդհարումը» իրականում խորքային սոցիալ-տնտեսական և «մարդ-մարդ» ճգնաժամ է։ 

Եվ մինչ մշակվում են համակեցության տեսական ռազմավարություններ, Հայաստանի գյուղերում ձևավորվել է մի վիճակագրություն, որը ցույց է տալիս խնդրի աշխարհագրական անհամաչափ կենտրոնացումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2022-2025 թվականների ընթացքում Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արջերի կողմից վնաս հասցնելու և ոչ մի դեպք չի գրանցվել։ Շիրակում և Արագածոտնում դրանք հաշվվում են մատների վրա։ Բայց այս նույն չորս տարիների ընթացքում Հայաստանի հարավում՝ Վայոց ձորում, արձանագրվել է արջերի կողմից համայնքներին վնաս հասցնելու ավելի քան 440 դեպք։

Այս փոքրիկ, սակայն կենսաբազմազանությամբ հարուստ մարզը և հատկապես Եղեգիսի կիրճը դարձել է այն բացօթյա լաբորատորիան, որտեղ իրական ժամանակում փորձարկվում է Հայաստանի՝ վայրի բնության հետ համագոյատևելու (կամ ձախողելու) ունակությունը։ Իսկ ի՞նչն է իրականում ստիպում Վայոց ձորի արջերին լքել իրենց բնական միջավայրն ու մտնել մարդու տարածք. տեղական կարծրատիպերն ու գիտական փաստերն այստեղ խիստ տարամիտվում են։

Համաշխարհային ճգնաժամից՝ տեղային շեղում

Մարդ-վայրի բնություն ընդհարումը զուտ հայաստանյան կամ տեղային երևույթ չէ. այն 21-րդ դարի բնապահպանության ամենասուր համաշխարհային ճգնաժամերից է։ Եզրույթը միջազգային շրջանառության մեջ մտավ, երբ մարդկային ենթակառուցվածքներն ու գյուղատնտեսությունը սկսեցին անխնա կլանել վայրի կենդանիների բնական բնակության տարածքները։ Այսօր, ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) «Մարդ-վայրի կենդանիներ ընդհարման» մասնագիտական խմբի ղեկավար Ալեքսանդրա Զիմեռմանի և Համաշխարհային բանկի հետազոտությունների, աշխարհի երկրների շուրջ 75 տոկոսը սա համարում է կենսաբազմազանության պահպանման գլխավոր մարտահրավերներից մեկը։

2022 թվականին Մոնրեալում (COP 15) ընդունված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի 4-րդ թիրախով (Target 4) պատմության մեջ առաջին անգամ մարդ-վայրի կենդանի համակեցության ապահովումն ամրագրվեց որպես միջազգային պարտադիր առաջնահերթություն։

Այս բախումն ունի ամենադաժան դրսևորումներն աշխարհի տարբեր ծայրերում։ Հնդկաստանում կորուստներից սնանկացած գյուղացիները պարբերաբար թունավորում կամ էլեկտրահարում են իրենց ցանքատարածքները տրորող փղերին ու գյուղ մտնող ընձառյուծներին: Ճապոնիայի հյուսիսում ծերացող ու դատարկվող գյուղերի փողոցներն ու լքված այգիներն աստիճանաբար գրավում են արջերը՝ հանգեցնելով մարդկանց վրա հարձակումների աննախադեպ, արյունալի ռեկորդների: Իսկ Քենիայում հովիվները թունաքիմիկատներով ոչնչացնում են պահպանվող առյուծներին՝ սեփական նախիրները փրկելու համար։

Սակայն Հայաստանում այս համաշխարհային խնդիրը ստացել է խիստ յուրահատուկ աշխարհագրական բաշխվածություն։

Եթե նայենք մարզպետարաններից ստացված պաշտոնական տվյալներին, տպավորություն է ստեղծվում, թե երկրի մի կեսում արջերը պահպանում են լռելյայն չեզոքություն, մինչդեռ մյուս կեսում անցել են ակտիվ գործողությունների։ 2022-2025 թվականներին Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արջի՝ բնակավայր մտնելու կամ վնաս հասցնելու և ոչ մի դեպք չի արձանագրվել։ Զրոյական այս ցուցանիշին հաջորդում են Արարատը, Արագածոտնը և Լոռին, որտեղ դեպքերը, թեև առկա են, սակայն հաշվվում են մատների վրա։ Նույնիսկ Շիրակի մարզում վերջին չորս տարում գրանցվել են ընդամենը կետային միջադեպեր, օրինակ՝ 2022-ին արջը հայտնվել է Գյումրի քաղաքում առանց վնաս տալու, իսկ 2024-ին Ամասիայում և Աշոցքում վնասել է մի քանի փեթակ և մեկ ոչխար։ Նույնն է պատկերը նաև Սյունիքում․ 2017–2021 թթ․ ամբողջ մարզում արձանագրվել է ընդամենը 27 դեպք։ 

Բայց թվերի իրական պոռթկումը երկրի հարավում է։ Հայաստանը, իսկ մասնավորապես Վայոց ձորի մարզը, համաշխարհային Կենսաբազմազանության թեժ կետերից (Biodiversity Hotspots) մեկն է՝ Կովկասյան տարածաշրջանի առանցքային հանգույցը։ Միջազգային դասակարգմամբ՝ «թեժ կետեր» են կոչվում այն տարածքները, որոնք աչքի են ընկնում տեսակային բացառիկ հարստությամբ ու էնդեմիկությամբ, սակայն միաժամանակ գտնվում են մարդածին ճնշման ու կորստի լուրջ սպառնալիքի տակ։

Վայոց ձորն իր ուղղահայաց ժայռոտ տեղանքով, Եղեգիսի կիրճով և լեռնաշղթաների միջև ձգվող բնական միջանցքներով հենց այդպիսի էկոլոգիական տարածք է, որտեղ վայրի բնությունն ու մարդկային բնակավայրերը պատմականորեն սեղմված են կողք կողքի։ Սակայն վերջին տարիներին այս բնական համակեցությունը վերածվել է մարդ-արջ բախման գլխավոր էպիկենտրոնի։

Մարզպետարանի տրամադրած տեղեկագրերի համադրումը ցույց է տալիս դեպքերի ոչ միայն աննախադեպ ծավալ, այլև տագնապալի աճ։ Եթե 2022-ին մարզում գրանցվել էր համայնքներում վնասների ու հարձակումների 69 դեպք, ապա 2023-ին այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 141-ի։ 2024-ին արձանագրվել է որոշակի նվազում (115 դեպք), սակայն 2025-ին կորագիծը կրկին սողացել է վեր՝ գրանցելով 123 միջադեպ։

Չորս տարում 448 գրանցված դեպք․ ընդ որում, մարզպետարանի և շրջակա միջավայրի նախարարության տվյալներն ու փորձագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ընդհարումն այստեղ ունի խիստ արտահայտված տնտեսական բնույթ։ Արջերը «թիրախավորում են» մեղվափեթակները, մրգատու այգիները և ընտանի կենդանիներին։ Սակայն այս անհամաչափությունն ընդամենը մակերեսային ախտանիշն է, իսկ դրա հետևում թաքնված է էկոլոգիական շղթայի խզումը, պետական տվյալների բացակայությունն ու մարդու կողմից անգիտակցաբար ձևավորվող վարքագծային շեղումը:

Չհաշված արջեր, խողովակներում խեղդված գետեր և կույր բնօգտագործում

Ցանկացած ճգնաժամ զսպելու առաջին նախապայմանը խնդրի ծավալներն իմանալն է։ Սակայն Հայաստանում մարդ-արջ ընդհարման կառավարումը հիշեցնում է մութ սենյակում կատու փնտրելու գործընթաց. փորձ է արվում կառավարել մի պոպուլյացիա, որի հստակ քանակի մասին գաղափար անգամ չունենք: Երկրում չկա գորշ արջերի թարմացված, գիտականորեն հիմնավորված պետական հաշվառում։

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) «Մարդ-վայրի կենդանիներ ընդհարման» մասնագիտական խմբի ղեկավար Ալեքսանդրա Զիմեռմանը հատուկ ընդգծում է տարածական ծրագրման և թվերի տիրապետման կենսական կարևորությունը.

«Այն տեսակների դեպքում, որոնք ֆիզիկապես վտանգավոր են մարդկանց համար, շատ օգտակար է իմանալ, թե որտեղ են նրանք տեղաշարժվում: Եթե երկիրը կարողանա լրացուցիչ ուսումնասիրություններ անել, թե որտեղ են նրանք և ինչ քանակությամբ, ապա կարելի է հիմնական անվտանգությունն ապահովել: Արջերի դեպքում սա կենսական է, որպեսզի բնակիչները սեփական համայնքում անակնկալի չգան»։

Թեպետ անհայտ է՝ արջերի թվաքանակն է աճել, թե՞ նույն քանակի արջերն են սկսել ավելի հաճախ մտնել բնակավայրեր, մասնագիտական դաշտային ուսումնասիրությունները, այդ թվում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և կենդանաբանների դիտարկումները, վեր են հանել էկոլոգիական այն շղթան, որի խզումը գիշատչին դուրս է բերել անտառից։ Եվ այդ շղթայի առաջին օղակը ջուրն է։

Տասնամյակներ շարունակ Եղեգիս գետի ափերով ձգվող կիսավայրի այգիները՝ թթենիներով, ընկուզենիներով ու վայրի խնձորենիներով, եղել են արջերի սննդային հիմնական միջանցքը։ Սակայն այսօր Եղեգիսը Հայաստանի ամենածանրաբեռնված և ագրեսիվ շահագործվող գետերից է. դրա վրա և վտակներում կառուցված 17-ից ավելի փոքր ՀԷԿ-երը գետը մտցրել են խողովակների մեջ՝ խաթարելով բնական ջրային ընթացքը։ 

Գետի հունի ցամաքեցումն ու էկոլոգիական թողքի խախտումը հանգեցրել են կրկնակի կորստի․ մի կողմից կտրուկ կրճատվել են ձկնային պաշարներն ու ջրային կենսաբազմազանությունը, որոնք արջերի համար սպիտակուցային և խոնավության կարևոր աղբյուր էին, մյուս կողմից՝ զրկվելով գրունտային սնուցումից, չորացել են ափամերձ պտղատու ծառերը։

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կենդանաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Անդրանիկ Գյոնջյանն ասում է, որ գետի ջրային ընթացքի փոփոխության հետևանքով է այդ տարածքի այգիների մեծ մասը չորացել, խաթարվել են ձկնային պաշարներն ու ջրային միջավայրը։ 

«Գետն այլևս առաջվա ծավալն ու կենսաբանական պաշարը չունի, իսկ դա արջերի համար սննդի ու գոյատևման հստակ միջավայր էր»։

Ջրային պաշարի ցամաքեցումն ու ձկնապաշարների ու պտղատու գոտիների զանգվածային կորուստը կենդանիներին զրկել են բնական կերից՝ ստիպելով նրանց իջնել ավելի ցած՝ դեպի գյուղացիների մշակովի այգիներն ու տնտեսությունները։

Վայրի բույսերի հավաքը. անտեսանելի շուկան ու տվյալների բացակայությունը

Տարբեր վարկածների համաձայն` երկրորդ գործոնը վայրի բույսերի ու հատապտուղների հավաքն է։ Գյուղերում տարածված է այն կարծիքը, որ անտառի բերքի գերհավաքն է սովամահ անում արջերին: Թեև ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը հակված է մտածելու, որ հավաքչության ծավալները պատմականորեն չեն փոխվել, և բույսերի պակասն ավելի շատ համաշխարհային տաքացման ու երաշտի հետևանք է։ 

Ըստ Ֆայվուշի՝ արջի սննդային բազան ապահովող հիմնական վայրի տեսակները՝ կովկասյան տանձենին (Pyrus caucasica), արևելյան խնձորենին (Malus orientalis), սզնին (Crataegus), մասրենին (Rosa) և ընկուզենին (Juglans regia), չափազանց զգայուն են եղանակային շեղումների նկատմամբ: Գարնանային անսպասելի ցրտահարությունները կամ ամառային երաշտը կարող են ընդամենը մեկ մրցաշրջանում իսպառ զրկել անտառը բերքից։ Ավելին, լեռնային չորային տարածքներում վայրի պտղատու ծառերը ծերանում են, իսկ կլիմայական չորացման պատճառով դրանց բնական վերարտադրությունը կտրուկ դանդաղել է՝ տարեցտարի նվազեցնելով անտառի բնական կերային ծավալը։

Միաժամանակ, Ֆայվուշը շեշտում է մի առանցքային փաստագրական բացթողում. Հայաստանում երբևէ չեն իրականացվել վայրի պտղատուների ու հատապտուղների ընդհանուր բիոմասայի պատմական գույքագրումներ: Ասել է թե՝ գիտությունը չունի չափելի թվային տվյալ, թե քանի տոննա վայրի տանձ կամ մասուր էր աճում անտառում 20-30 տարի առաջ, և քանիսն է աճում այսօր. հետևաբար «գերհավաքի» մասին պնդումները հիմնված են ավելի շատ ենթադրությունների, այլ ոչ թե փաստերի վրա։

Ակամայից արձանագրվում է պետական վիճակագրության բացարձակ բացակայություն։

Հայաստանի սպառողական շուկայում լայնորեն տարածված են վայրի ուտելի բույսերի պահածոներ, թեյեր և հատապտուղներ, սակայն բացակայում է դրանց բնական պաշարների համապարփակ գնահատումն ու մշտադիտարկումը: Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան տրամադրել է 2020-2025 թվականների ընթացքում վայրի բույսերի հավաքի աղյուսակներ, որտեղ նշված են միայն ԳԱԱ-ի և ՀԿ-ների գիտական նպատակով իրականացված չորացված բույսերն (հերբարիում) ու սերմնային նմուշառումները, և առևտրային նպատակներով հավաքված եզակի դեպքեր։

Նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ գործող «Բուսական աշխարհի մասին» օրենքով կարգավորված չէ Հայաստանի բուսական աշխարհի օգտագործման գործընթացը։ 

Այլ կերպ ասած՝ պետությունը չունի հիմքային հաշվառում, չգիտի, թե իրականում քանի տոննա մասուր, չիչխան կամ ընկույզ կա մեր անտառներում, որ մասն է անվերահսկելիորեն դուրս բերվում այնտեղից։ Եվ հենց այս տեղեկատվական բացն է ստեղծում իրավիճակ, երբ անհնար է հասկանալ՝ արջը սովա՞ծ է մնացել կլիմայի, թե՞ անվերահսկելի բիզնեսի պատճառով:

Միևնույն ժամանակ, նախարարությունը նշում է, որ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որով նախատեսվում է կանոնակարգել բուսական աշխարհի օգտագործման տեսակներն ու ընթացակարգերը։ Որպես սննդային հիմքի վերականգնման երկարաժամկետ գործնական լուծում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն իրականացնում է անտառվերականգնման ծրագիր՝ նպատակային տնկելով վայրի ուտելի պտղատու ծառատեսակներ՝ կենդանիների համար բնական կերային աղբյուր ձևավորելու ակնկալիքով։ 

Խզված շղթայի հաջորդ օղակն անասնապահությունն է։ Վայոց ձորի մարզպետարանի տրամադրած՝ 2018-2026թթ. անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների վիճակագրությունը փաստում է դաշտերում կենդանիների գլխաքանակի կայուն և ահագնացող անկում։ 

Մարզպետարանի անասնապահական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս ուշագրավ մի պատկեր․ եթե մանր եղջերավորների (ոչխար, այծ) քանակը որոշ համայնքներում տատանողական է կամ նույնիսկ աճել է (օրինակ՝ Արենիում կամ Մալիշկայում), ապա խոշոր եղջերավոր անասնապահությունը (կովեր, ցուլեր) կայուն անկում է գրանցել գրեթե բոլոր խոցելի բնակավայրերում։ Եղեգիս համայնքում 2018-ի շուրջ 5000 գլուխ խոշոր եղջերավորից 2026-ին մնացել է 3345-ը, Վայքում 2022-ի 6379-ից՝ 4611-ը, իսկ Գլաձորում ցուցանիշը 448-ից կրճատվել է հասնելով 174-ի։

Ինչպե՞ս է սա կապվում արջի հետ։ Գյոնջյանը բացատրում է պարզ կենսաբանական լեզվով. անասնապահության նվազմանը զուգահեռ բնությունից անհետացել են հովիվների մորթած կամ սատկած անասունների լեշերը, որոնք տասնամյակներ շարունակ արջերի համար դյուրամարս սպիտակուցի հիմնական աղբյուր են հանդիսացել։ Զրկվելով այս պաշարից՝ կենդանին սկսել է սպիտակուցային քաղցը բավարարել՝ ուղիղ թիրախավորելով գյուղացու ոչխարն ու հավը։

Երբ սոված կամ պաշարից զրկված արջը մոտենում է գյուղին, նա հանդիպում է բաց աղբավայրերի և սննդային թափոնների: Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատում է, որ սա հանգեցնում է կենդանու վարքագծային շեղման՝ ստիպելով նրան բնակավայրը կապել անվտանգ սննդի հետ։ Բայց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ազդակիր համայնքներում իրականացված սոցիալական հարցումները վերջերս բացահայտեցին ավելի անհեթեթ և վտանգավոր մի իրողություն. պարզվում է՝ կան մարդիկ, որոնք միտումնավոր կերակրում են արջերին՝ վնասներից խուսափելու, զբոսաշրջիկներին գրավելու կամ զուտ զվարճանքի համար։

Այս ամենի պատճառով արջը կորցնում է բնական վախը մարդուց։ Ալեքսանդրա Զիմեռմանն այս երևույթը բացատրում է գիշատչի սառը հաշվարկով.

«Նրանք շատ-շատ բանական են: Նրանք որոշումներ են կայացնում վտանգի վերաբերյալ․ «Արդյո՞ք արժե փորձել անցնել այս ցանկապատը, որը ցավեցնում է, բայց դրա հետևում շատ համեղ բան կա»: Եթե արջերը տեսնում են ավելի հեշտ, ավելի քաղցր սնունդ, նրանք վերցնում են դա. ինչո՞ւ ոչ»։

Զիմեռմանի պնդմամբ՝ երկարաժամկետ լուծումները պահանջում են նախևառաջ տեղանքը տեսնել արջի աչքերով։

Եթե սրան գումարում ենք նաև այն փաստը, որ մայր արջերը երբեմն միտումնավոր են իրենց ձագերին իջեցնում գյուղամեջ՝ անտառում ագրեսիվ արուներից պաշտպանելու համար, ստանում ենք արդեն մարդկային տարածքներում ծնված ու դաստիարակված պոպուլյացիա։ Այս մասին վկայում են Անդրանիկ Գոյնջյանի դիտարկումները։ 

Պոպուլյացիա, որի համար մարդը վտանգավոր թշնամի չէ, այլ ընդամենը անվճար սննդի ու աղբամանների մատակարար: Եվ քանի դեռ փորձում ենք խնդիրը լուծել առանց թվերի ու վիճակագրության, համակեցության վերաբերյալ ռոմանտիկ պատկերացումներն ուղիղ ճանապարհ են հարթում դեպի անխուսափելի ողբերգություն։

Կոշտ միջոցներ, «կոսմետիկ» լուծումներ, թե՞ վտանգների համատեղ կառավարում

Երբ մարդ-արջ ընդհարումը հասնում է ծայրահեղ կետի, տեղական համայնքներն ու որոշում կայացնողները սովորաբար պահանջում են արագ, տեսանելի և կոշտ լուծումներ: Շրջակա միջավայրի նախարարությունն իր պաշտոնական պարզաբանման մեջ դիտարկում է մի շարք տեխնիկական և կանխարգելիչ միջոցառումներ։ Դրանց թվում են GPS վզկապներով մշտադիտարկումը, էլեկտրական ցանկապատերի տեղադրումը, բաց աղբահանության վերացումն ու թափոնների պատշաճ կառավարումը, ինչպես նաև նախարարության, մարզպետարանի, ոստիկանության, փրկարար ծառայության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և մասնագետ-կենդանաբանների ներգրավմամբ արագ արձագանքման խմբերի ձևավորումը։

Գործնականում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում խոցելի համայնքներին արջակայուն աղբամանների տրամադրման գործընթացը։ Սրանք հատուկ ամրացված կառուցվածքով և փականներով տարաներ են, որոնք կանխում են կենդանիների մուտքը սննդային թափոններ։

Սակայն փորձագիտական դաշտում միասնական մոտեցում չկա այն հարցում, թե որքանով են այս միջոցներն արդյունավետ երկարաժամկետ կտրվածքով:

ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի փորձագետ Անդրանիկ Գյոնջյանը պնդում է, որ միայն էլեկտրական ցանկապատերն ու «փափուկ» մեթոդները բավարար չեն, և կենդանուն վնասազերծելու ու գյուղերից վանելու համար անհրաժեշտ է դիմել գործուն վախեցման՝ ներառյալ ռեզինե փամփուշտների կիրառումն ու հատուկ վարժեցված շների օգտագործումը.

«Մենք պետք է կենդանուն հասկացնենք, որ մարդու տարածք մտնելը ցավոտ է և վտանգավոր։ Եթե արջը գիտենա, որ գյուղ մտնելիս իր վրա կրակելու են ռեզինե փամփուշտով կամ հարձակվելու են վարժեցված շները, նա կորցնելու է այդ վստահությունը և այլևս չի մոտենալու բնակավայրին»։

Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարձր բանականություն ունեցող կենդանիների դեպքում գործուն վախեցումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս։ Ալեքսանդրա Զիմեռմանն ընդգծում է, որ այս միջոցը համաշխարհային փորձում ունի խիստ հակասական արդյունքներ.

«Դուք փորձում եք ստեղծել խթան, որը նրանց սովորեցնում է՝ «ես դա չեմ անի, որովհետև ամեն անգամ, երբ դա անում եմ, ցավ եմ զգում»: Բայց շատ բանական կենդանիները այնքան հիմար չեն․ նրանք պարզապես շրջանցող ճանապարհ են գտնում: Շատ բանական կենդանիներին այդ ձևով վարժեցնելը չափազանց բարդ է… Դուք պարզապես տեղափոխում եք խնդիրը մի այգուց կամ գյուղից մյուսը»։

Զիմեռմանի հիմնարար թեզն այն է, որ մարդ-արջ ընդհարումը հնարավոր չէ լուծել միայն բնական գիտությունների, ցանկապատերի կամ վանող սարքերի միջոցով: Հայաստանում պետական և հասարակական կազմակերպությունների հիմնական շեշտադրումներից մեկը բնակչության «իրազեկումն ու կրթումն» է։ Սակայն իրավիճակն ավելի է սրվում նրանով, որ Հայաստանում ներկայումս չկա պետական համակարգ, որը ֆինանսապես կփոխհատուցի գյուղացուն արջի պատճառած վնասները: Այս պարունակում միջազգային փորձագետը զգուշացնում է՝ առանց աջակցության մնացած համայնքին միայն «կրթելը» կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Զիմեռմանի համոզմամբ՝ ցանկացած տեխնիկական կամ վախեցնող միջոց աշխատում է միայն այն դեպքում, երբ որոշումը կայացվում է ազդակիր համայնքի հետ: Եթե պետությունը կամ ՀԿ-ները միակողմանիորեն գյուղում տեղադրում են էլեկտրական ցանկապատ կամ կիրառում են վանող սարքեր, և արջը շրջանցում է դրանք, համայնքը ձախողման ողջ պատասխանատվությունը գցում է արտաքին կողմի վրա՝ ավելի խորացնելով «մարդ-մարդ» և «մարդ-պետություն» ընդհարումը։

Իսկ երբ համայնքն ինքն է մասնակցում լուծումների ընտրությանն ու ծրագրմանը, նա դառնում է արդյունքի համասեփականատերը: Սա է պատճառը, որ աշխարհում մարդ-վայրի բնություն ընդհարման կառավարումը բնապահպանությունից վաղուց վերածվել է դիվանագիտության, սոցիալական արդարության և կառավարման արվեստի։

Ճգնաժամի շեմին. հնարավոր ողբերգությունից մեկ կանգառ վերև

Հայաստանն այս պահին կանգնած է չերևացող, բայց չափազանց վտանգավոր կարմիր գծի վրա։ Չնայած Վայոց ձորում արձանագրված հարյուրավոր հարձակումներին ու տնտեսական խոշոր վնասներին՝ երկրում դեռևս մարդկային զոհեր կամ ծանր վնասվածքներ չեն գրանցվել։ Սակայն սա ոչ թե համակարգված կառավարման արդյունք է, պարզապես բարեբախտություն ու ժամանակի հարց, ցանկացած պահի կարող է վերածել ողբերգության։

Ինչպես զգուշացնում է Ալեքսանդրա Զիմեռմանը, ընդամենը մեկ մահացու կամ ծանր ելքով միջադեպը բավարար է, որպեսզի հանրային տրամադրությունները 180 աստիճանով շրջվեն: Եթե այսօր դեռ հնարավոր է գիտական հարթակներում քննարկել Կարմիր գրքում գրանցված կենդանու պահպանության հարցը, ապա առաջին իսկ արյունալի դեպքից հետո սոցիալական ցանցերն ու ազդակիր համայնքները պահանջելու են արջերի զանգվածային ոչնչացում․

«Մեդիա ծածկույթի կտրուկ աճ կլինի, լուծում տալու խիստ պահանջներ կառաջանան… Այնպես որ, այն, ինչ կարծում եմ այնքան կարևոր է Հայաստանի համար հենց հիմա, սրան այժմ լուծում տալն է: Թույլ մի տվեք, որ այն հասնի ճգնաժամային կետի»։

Փոխարենը սպասելու այդ ճգնաժամային կետին, միջազգային փորձը հուշում է դուրս գալ «կույր կառավարման» ընթացքից և անցնել խնդրի համապարփակ կանխարգելման: 

«Ես մեծ ներդրում կանեի կանխարգելման մեջ: Երկրների մեծ մասը դա չի անում, նրանք սպասում են ճգնաժամին,- շեշտում է Զիմեռմանը՝ մատնանշելով պետական համակարգի գլխավոր խոչընդոտը,- Դա պահանջում է մեծ համակարգում և մի փոքր իմաստնություն: Եվ ահա թե որտեղ է քաղաքականությունը հաճախ բարդանում․ դուք պետք է ստիպեք մարդկանց համակարգել իրենց գործողությունները»։

Ոլորտի մասնագետները շեշտում են կենդանիների պոպուլյացիայի և սննդային հիմքի կանխատեսելու կարևորությունը դեռ այն փուլում, երբ արջերը սարերում են: Իսկ բուն գյուղերում, ըստ Ալեքսանդրա Զիմեռմանի, առաջնահերթ է ձևավորել գործուն անվտանգության մշակույթ: Որպես արդյունավետ օրինակներ՝ նա մատնանշում է Ճապոնիայի և Հնդկաստանի հաջողված փորձերը։ Օրինակ` Հարավային Հնդկաստանի Վալպարայի սարահարթում վայրի փղերի հարձակումներից խուսափելու համար ներդրված վաղ ահազանգման կարճ հաղորդագրությունների ցանցի միջոցով մարդիկ հեռախոսով անմիջապես ծանուցում են ստանում կենդանիների տեղաշարժի մասին, ինչի արդյունքում զոհերի թիվը կտրուկ նվազել է: Իսկ Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում պետությունը բնակչությանը սովորեցնում է կրել և ճիշտ կիրառել հատուկ արջ վանող ցողիչներ (bear sprays) կծու պղպեղի՝ կապսաիցինի հիմքով այս ցողիչները թույլ են տալիս անակնկալ հանդիպման ժամանակ չեզոքացնել կենդանուն մի քանի մետր հեռավորությունից՝ անվտանգ պահելով և՛ մարդու կյանքը, և՛ կենդանուն:

Որպես պետական մակարդակով միջոլորտային համակարգման հաջողված օրինակ՝ Զիմեռմանը նշում է նաև Բութանը։ Այս լեռնային երկիրը չսպասեց ճգնաժամային պայթյունին․ պետությունը մշակեց և ներդրեց մարդ-վայրի բնություն ընդհարման կառավարման ազգային համապարփակ ռազմավարություն։ Բութանի օրինակը ստիպեց բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու գյուղատնտեսներին գործել մեկ միասնական շղթայով՝ պահպանելով էկոլոգիական միջանցքները և ներդնելով կանխարգելիչ աջակցության աշխատող համակարգեր։

«Քաղաքականության տեսանկյունից՝ սա հստակորեն ամրագրված է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 4-րդ թիրախում: Այնպես որ, COP 17-ին Կողմերը ստիպված են լինելու գնահատել գրանցված առաջընթացը»,- հիշեցնում է Զիմեռմանը՝ ավելացնելով, որ Բնության պահպանության միջազգային միության «Մարդ-վայրի կենդանիներ ընդհարման» մասնագիտական խումբն այժմ մշակում է մշտադիտարկման միասնական մեթոդաբանություն. «Հայաստանը կարող է արագ գնահատում իրականացնել՝ հասկանալու համար ընդհարման ներկայիս վիճակը բոլոր տեսակների համար, ոչ միայն արջերի: Իսկ հինգ տարի անց կրկնել նույն գնահատումը և տեսնել ընթացքը՝ իրավիճակը վատթարացե՞լ է, թե՞ բարելավվել»։

Եվ ամենակարևորը՝ որևէ տեխնիկական լուծում չի աշխատի, եթե պետությունն ու ՀԿ-ները որոշումները կայացնեն գրասենյակներում՝ անտեսելով վնաս կրող գյուղատնտեսների ձայնը։ Մարդ-վայրի բնություն ընդհարումը հնարավոր չէ լուծել արջերին գնդակահարելով, ոչ էլ՝ գյուղացուն իր կորուստների հետ միայնակ թողնելով: Այն պահանջում է և՛ էկոլոգիական հավասարակշռման, և՛ սոցիալական արդարության վերականգնում:

Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ցույց տալու տարածաշրջանին ու միջազգային հանրությանը, թե ինչպես կարելի է խելամտորեն կառավարել ճգնաժամը՝ նախքան դրա ողբերգության վերածվելը: Հակառակ դեպքում, մարդուց վախը կորցրած արջերի այս էկոլոգիական լաբիրինթոսում կորչելու ենք բոլորս՝ և՛ մարդը, և՛ բնությունը:

Միջավայր

Armenia, Nagoya and the Long History of Who Owns Nature

Հայաստանը, Նագոյան և բնության տնօրինման հարցի երկար պատմությունը

Դավիթ Խաչատրյան
Սպտ 3, 2026

Դարեր շարունակ բույսերի տեղափոխումն աշխարհի մի ծայրից մյուսը ծառայել է կայսրությունների հարստացմանն ու ազդեցության ընդլայնմանը։ Այդ գործընթացը երկար ժամանակ գրեթե որևէ իրավական սահմանափակման չի ենթարկվել։ Սակայն առաջին հայացքից պարզ մի հարց՝ ո՞ւմ է պատկանում բնությունը, և ո՞վ պետք է շահի, երբ դրա պաշարները տնտեսական արժեք են ստանում։ Դավիթ Խաչատրյանի անդրադարձը Նագոյայի արձանագրությանը և բնության տնօրինման հարցին։

Read more
Armenia’s Wildlife Exports

Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»

Մարիամ Տաշչյան
Հլս 9, 2026

Վտանգված կենդանիների Հայաստանից Հնդկաստանի վիճահարույց «Վանտարա» վայրի բնության կենտրոն տեղափոխման վերաբերյալ հետաքննությունը բացահայտում է մտահոգիչ հարցեր գործընթացի թափանցիկության, բնապահպանական նպատակների, վայրի բնության միջազգային առևտրի և Հայաստանի դերի վերաբերյալ համաշխարհային ցանցում, որը մշուշոտում է կենդանիների փրկության և միջազգային առևտրային շահերի սահմանը։

Read more
COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

Մարիամ Տաշչյան
Հնս 22, 2026

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։

Read more
The Unloved Others: Invertebrate Conservation in Armenia

Չսիրվածները․ անողնաշարավորների պահպանությունը Հայաստանում

Անահիտ Ղազախեցյան
Փտր 14, 2026

Հայաստանում բնապահպանական առաջնահերթությունները հաճախ անտեսում են անողնաշարավորներին՝ չնայած դրանց կենսական դերին։ Անահիտ Ղազախեցյանն անդրադառնում է պատճառներին՝ հասարակական կարծրատիպերից մինչև կենսամիջավայրերի կորուստ, և կոչ է անում ստեղծել նոր պատումներ, որոնք արժևորում են էկոհամակարգերը պահպանող այդ «չսիրված» տեսակներին։

Read more

Մեր հայերեն էջից

Anatomy of a Process: The Kaps Reservoir, Four Decades On

Կապսի ջրամբարը՝ չորս տասնամյակ անց

Հրանուշ Դերմոյան
Հկտ 9, 2026

Կապսի ջրամբարի կառուցումը ձգվում է արդեն չորս տասնամյակ՝ Խորհրդային տարիներից մինչ օրս։ Ջրամբարի պատմությունն արտացոլում է այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը՝ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը հավակնոտ նախագծերից մինչև ավարտ հասցնելու ճանապարհին։

Read more
The PISA Results Armenia Feared

PISA-ի այն արդյունքները, որոնցից Հայաստանը խուսափում էր

Արևիկ Անափիոսյան
Սպտ 28, 2026

Աշակերտների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրում Հայաստանի առաջին արդյունքները մտահոգիչ են՝ բացահայտելով աշակերտների գիտելիքների և կարողությունների լուրջ բացեր ու բարձրացնում են հարցեր, որոնք դուրս են կրթական ծրագրերի բարեփոխման շրջանակներից։ Արևիկ Անափիոսյանն անդրադառնում է, թե ինչ են արդյունքները բացահայտում ուսումնառության, քննադատական մտածողության, հաճախելիության և դասարանային ուսուցման մասին, և թե ինչպիսին պետք է լինի փաստերի ու ապացույցների վրա հիմնված արձագանքը։

Read more
Juris Prudence Armenian 2

Մեկ հանրապետություն

Դավիթ Խաչատրյան
Սպտ 22, 2026

Հայաստանի և միջազգային իրավունքի փոխհարաբերություններին անդրադարձող նոր սյունակի առաջին հոդվածում հեղինակ Դավիթ Խաչատրյանն անդրադառնում է պետականության, ինքնիշխանության, պետության շարունակականության, իրավական դիրքորոշումների ու պարտավորությունների հարցերին, որոնք կարող են վճռորոշ լինել ապագայի համար։

Read more
The Future We Keep Postponing

Ապագան, որն այդպես էլ չի գալիս

Սիրանուշ Սարգսյան
Սպտ 17, 2026

Արցախի էթնիկ զտումից երեք տարի անց արցախցիների կյանքում անսովորն աստիճանաբար դարձել է կյանքի սովորական մասը։ Տեղահանությունից հետո նոր բնակավայրերում տուն, աշխատանք ու նոր կյանք կառուցելու փորձերը զուգահեռվում են կորստի, չավարտվող վշտի, հիշողությունների, հայրենիք վերադառնալու սպասման և ապագայի անորոշության հետ։ Սիրանուշ Սարգսյանն անդրադառնում է անցյալի հիշողությունների և այդպես էլ չեկող ապագայի միջև ապրող իր ու հայրենակիցների ողբերգությանը։

Read more
Reclaiming Yerevan’s Green Spaces

Երևանի կանաչ տարածքների դանդաղ վերադարձը

Հովհաննես Նազարեթյան
Սպտ 2, 2026

Երևանում կասկածելի պայմաններով մասնավորեցված կանաչ տարածքները համայնքին վերադարձնելու և դրանք վերականգնելու գործընթացը դանդաղ է, իսկ արդյունքները՝ ոչ միշտ գոհացնող։ Զբոսայգիների կառուցապատման աղմկահարույց պատմությունների և ապօրինի մասնավորեցումների շուրջ ծավալված դատական վեճերին անդրադարձով EVN Report-ը սկսում է շարք՝ ուսումնասիրելու Երևանի կանաչ տարածքների վերականգնման ընթացքը՝ ներկայացնելով նաև քաղաքային իշխանությունների վերջին տարիների քայլերը՝ սրճարանների ապամոնտաժումից մինչև այգիների հիմնանորոգում։

Read more
An Armenian Drone Fleet At Last?

Հայաստանի անօդաչուների երկար ճանապարհը

Հովհաննես Նազարեթյան
Օգս 11, 2026

Արցախյան երկրորդ պատերազմից գրեթե վեց տարի անց, երբ բացահայտվեց Հայաստանի խոցելիությունն անօդաչուների կիրառմամբ պատերազմում, երկրի զինված ուժերը ներկայացրել են զգալիորեն ընդլայնված անօդաչու թռչող սարքերի զինանոցը։ Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է, թե ինչպես Հայաստանը հասավ այս կետին, և արդյոք նոր կարողությունները կկարողանան իրենց արդյունավետությունն ապացուցել իրական մարտական պայմաններում։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Սյունակեր
        • իրավ[ա]գիտություն
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ