
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Հայաթափված և ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից (Արցախից) ռուս խաղաղապահները վերջերս դուրս եկան։ Միաժամանակ, Հայաստանից դուրս են գալիս Ադրբեջանի սահմանի երկայնքով և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները։
Խաղաղապահների և սահմանապահների դուրսբերումը տարածաշրջանից Ռուսաստանի ընդհանուր նահանջն է խորհրդանշում և մեզ հնարավորություն ընձեռնում հետադարձ հայացք նետել նրանց նախնական տեղակայման, գործունեության, ինչպես նաև նրանց մասին մեր տեղեկությունները թարմացնելու և նոր դիտանկյունից տեսնելու համար։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
Ռուս սահմանապահները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են եղել անկախությունից ի վեր։ Ըստ ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, 2000-ականների սկզբին հայ սահմանապահները վերապատրաստում են անցել ռուս գործընկերների կողմից, որից հետո հայ և ռուս սահմանապահներն օդանավակայանում համատեղ ծառայություն են սկսել իրականացնել։ Հայ սահմանապահները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը (ՀՀ ԱԱԾ), իսկ ռուսները՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ՌԴ ԱԴԾ/ФСБ) ենթակայության տակ են գործում։
2018 թվականին, երբ ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելու կոչեր հնչեցին, «Հետք» պարբերականը ԱԱԾ-ից փորձել էր պարզել նրանց տեղակայման իրավական հիմքերը։ Ըստ ԱԱԾ-ի՝ դա կարգավորվում է 1992-ի սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրով։ Պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուս սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը պահպանվում են մինչև երկրների միջև հատուկ համաձայնագրերի կնքումը, որը մինչ օրս չի արվել։ Ըստ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, նրանց տեղակայումը հիմնված է «բանավոր պայմանավորվածությունների» վրա։ Ավելի վաղ Factor.am լրատվականը հայտնել էր, որ ռուս սահմանապահներն օդանավակայանում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։
Փետրվարի 21-ին հենց Factor.am-ն առաջինը հայտնեց, որ ըստ «ՀՀ բարձրաստիճան աղբյուրի» օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնյաներից առաջինն էր, որ դրական արտահայտվեց։
«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենք այնտեղից դուրս գան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սիմոնյանը։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղար Գրիգորյանը հայտարարեց, թե Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները և այդ մասին Ռուսաստանին տեղյակ է պահվել պաշտոնական նամակով։ Օրեր անց՝ մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռուս սահմանապահները կհեռանան օգոստոսի 1-ին։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։
Կրեմլը նույն օրը հաստատեց Հայաստանի կողմի դիմումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան դա կապեց Հայաստանի կողմից «ոչ բարեկամական քայլերի» հետ և հավելեց, որ ՌԴ սահմանապահների դուրսբերումը չի համապատասխանում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգային շահերին։
Պաշտոնական մակարդակով չպարզաբանվեց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման որոշման պատճառը, բայց հավանական է, որ այն կապված է Հայաստանի իշխանությունների՝ Եվոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացն արագացնելու հետ։ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե վիզաների ազատականացման համար նախապայման է, որ Հայաստանն ինքնուրույն հսկի իր սահմանային անցակետերը։
Ռուս սահմանապահներ՝ Ադրբեջանի հետ սահմանին
Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով մի շարք կետերում ռուս սահմանապահներ տեղակայվեցին։ Այդ կետերի թիվն ըստ ԱԽ քարտուղար Գրիգորյանի՝ 17-ն է։ Իսկ ըստ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի՝ ռուս սահմանապահները 11 վայրում են հաստատվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները միջնորդելու և տեղային լարվածությունները լուծելու նպատակով։ Ըստ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ԱԺ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ 2020-ի պատերազմից հետո ռուս սահմանապահներ տեղակայվել են Հայաստանի հինգ մարզերում՝ Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Արարատ։
Ի սկզբանե պարզ չէր նրանց տեղակայման իրավական հիմքը։ Վերջերս ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնյաներ հաստատել են, որ նրանց տեղակայումն իրավական առումով չի կարգավորվել։ Ըստ ԱԽ քարտուղար Գրիգորյանի՝ այն եղել է «բանավոր պայմանավորվածությունների» արդյունք՝ ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին տեղակայված ՌԴ սահմանապահներին, որոնց տեղակայումը հիմնված է 1992-ին կքնված միջպետական պայմանագրով։

ՌԴ ԱԴԾ սահմանապահների տեղակայման վայրերը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում (ինտերակտիվ տարբերակ).
Նախնական տեղակայում
Ռուս սահմանապահների տեղակայումը սկսվեց դեռ 2020-ի պատերազմի ընթացքում։ Առաջին տեղակայումը, որը փաստվում էր լուսանկարներով, Լաչինի միջանցքի մուտքի հատվածում՝ Տեղ գյուղի մոտ էր։ Այնտեղ ռուսական հենակետի մասին առաջին անգամ արտասահմանյան լրագրողները հայտնեցին հոկտեմբերի 23-ին։ Ռուսական ներկայություն պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի սկզբին հաստատվեց նաև Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ։ Ըստ մի տեղացի պաշտոնյայի, ռուսներն եկել էին պատերազմի առաջին իսկ օրը։
2020-ի նոյեմբերի 13-ին Արցախում՝ հրադադարից օրեր անց, ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեսաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ՌԴ սահմանապահները կտեղակայվեն հինգ կետերում՝ Երասխ, Պարույր Սևակ, Մեղրի, Սղերդ[1] և Տեղ։ Նոյեմբերի 20-ին նա նույնատիպ ձևաչափով հայտնեց, որ Հայաստանի խնդրանքով ԱԴԾ-ն հավելյալ 188 սահմանապահ կտեղակայի։
Հետագա զարգացումներ Սյունիքում
Արցախում նոյեմբերի 10-ի հրադադարից ավելի քան մեկ ամիս անց հայկական ուժերը հետ քաշվեցին նախկին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների տարածքի այն մասերից, որոնք հրադարարի պահին դեռ գտնվում էին հայկական վերահսկողության տակ։ Այս տարածքները վարչականորեն պատկանում էին Արցախի Քաշաթաղի շրջանին։ Միաժամանակ, ադրբեջանական զինուժն առաջ գալով դիրքավորվեց նախկին խորհրդային վարչական (դե յուրե) սահմանի երկայնքով։ Ըստ համացանցում հայտնված ռուսերեն մի փաստաթղթի, որը չուներ ամսաթիվ կամ ստորագրություն, 2020-ի դեկտեմբերի 18-ին ռուս սահմանապահներ տեղակայվեցին Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհներին հայկական ուժերի հետքաշման արդյունքում դրանց անվտանգությունն ապահովելու համար։ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը նույն օրն այցելեց Երևան և Բաքու՝ զարգացումները համակարգելու համար։
Այս փաստաթղթի իրական լինելը չի հերքվել։ Ավելին՝ պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը հայտնեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով և համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Այս հատվածում երթևեկությունը փաստացի կանգ առավ 2021-ի նոյեմբերի կեսերին, երբ Ադրբեջանն անցակետեր տեղադրեց ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածներում։
Միաժամանակ, ռուս սահմանապահներ տեղակայվեցին Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում, որոնք ուղղակիորեն տուժել էին ստեղծված իրավիճակից։ Շուռնուխում ռուս սահմանապահները փաստացի միջնորդում էին սահմանի ճշգրտման աշխատանքները, որի հետևանքով գյուղի 12 տուն հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ամիսներ շարունակ ռուս սահմանապահները վերահսկում էին Որոտանից Սրաշեն ընկած ավտոճանապարհի անվտանգությունը։
Հետագա ամիսներին ռուսների ներկայությունը Սյունիքում էլ ավելի ընդլայնվեց։ 2021-ի հունվարի սկզբին ռուս սահմանապահներ էին տեղակայված Կապանի օդանավակայանի մոտ՝ Ողջի գետով անցնող նոր սահմանագծի անմիջապես հարևանությամբ։ 2021-ի փետրվարի կեսերին Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ ռուս սահմանապահներ են տեղակայվել Կապանից ոչ հեռու գտնվող Ագարակ գյուղում։
2021-ի մայիսին վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել։
«Այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել էր նա։
Նույն ամսվա մեջ, կառավարությունը հող էր հատկացրել ՌԴ ԱԴԾ սահմանապահների տեղակայման համար Տեղում, Շիկահողում և Մեղրիի շրջանում՝ Շվանիձորում, Կարճևանում և Նռնաձորում։ Հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը՝ «իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը, հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար»։
2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ներխուժման ընթացքում իշխանամերձ Radar Armenia լրատվականի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սրաշենի հատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված ռուսական ստորաբաժանումներն ադրբեջանական հարձակման առաջին իսկ վայրկյաններին լքել են իրենց վերապահված հենակետերը։ Լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված է ադրբեջանցի զինծառայողների կողմից զբաղեցված ռուսական հենակետը և ռուս սահմանապահների զրահամեքենան։
Ռուս սահմանապահների ներկայության թերևս ամենախնդրահարույց վայրը Սյունիքի Ներքին Հանդ գյուղն է, որտեղ Ադրբեջանը զգալի տարածքային առաջխաղացում է ունեցել վերջին տարիներին։ Ռուս սահմանապահներն այս հատվածում տեղակայվել էին գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում։ Դեռ 2023-ի նոյեմբերին «Ազատությունը» հայտնել էր, որ ռուս սահմանապահները խոչընդոտել են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը (EUMA) այդ հատվածում դիտորդություն իրականացնել։
Ներքին Հանդում 2024-ի փետրվարին չորս հայ զինծառայողների սպանությունից հետո այնտեղ ռուս սահմանապահների ներկայության հարցը դարձավ թեժ քննարկման առարկա։ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարեց, որ ռուս սահմանապահները խոչընդոտում են դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ ԱԽ քարտուղար Գրիգորյանը ռուս սահմանապահներին մեղադրեց միջադեպը չդադարեցնելու մեջ և հայտարարեց, որ Հայաստանը կհասցեագրի այդ խնդիրը։
Ի հակառակ այս պնդումների, ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտնեց, որ գյուղում ռուսական ներկայություն չկա։
«Վերևի հատվածում՝ Ճակատեն-Ծավ ճանապարհի վրա դեպի Ներքին Հանդ իջնող, կա ուղեկալ ռուսական: Անկեղծ ասած՝ իրենք ներկայություն չունեն դիրքերում կոնկրետ, որ կարողանային կանխեին կամ չկանխեին»,- ասել էր Ղահրամանյանը։
Իսկ ԱԱԾ-ն պնդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հատվածում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության համար խոչընդոտներ չկան։ Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ ռուս սահմանապահները Ներքին Հանդում ներկայության մանդատ և պայմանագիր չունեն։
Տավուշ
Տավուշում ռուս սահմանապահները երեք հենակետեր հիմնեցին 2021 և 2022 թվականներին։ Հայաստանյան մամուլը երկար ժամանակ Տավուշում ռուսների ներկայությունը կապել է այնտեղ գտնվող ադրբեջանական անկլավների հնարավոր խնդրի հետ։ Ոսկեպարում, օրինակ, ռուսական սահմանապահները տեղակայվել էին վերջերս իրականացված սահմանազատման ենթակա «չորս գյուղերի» մոտ, իսկ Ազատամուտում՝ ադրբեջանական Սոֆուլու և Բարխուդարլու նախկին անկլավի հարևանությամբ։
2021-ի օգոստոսին Ոսկեպարում ռուսական ուղեկալի լուսանկարներ հրապարակվեցին առաջին անգամ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով որ տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ և նրանց թիկունքային ապահովման շինություններ են կառուցվում։
«Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- հայտնում էին նախարարությունից։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը տեղեկացրել էր, որ ռուսները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում, իսկ ԱԱԾ-ն հրաժարվել էր հավելյալ տեղեկատվութուն տրամադրել։ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ դա արվում է Հայաստանի սահմանային անվտանգությունն ապահոհվելու համար։
Մեկ տարի անց՝ 2022-ի օգոստոսին, ռուս սահմանապահների տեղակայման համար նախատեսված ավելի մեծ կառույցի շինարարություն էր սկսվել Ոսկեպարից հյուսիս ընկած հատվածում։ 2023-ի հոկտեմբերի դրությամբ այն կառուցված էր և գործարկվել էր։
Տավուշի մեկ այլ գյուղում՝ Ազատամուտում ռուսական սահմանապահների ներկայության մասին առաջին անգամ ևս 2021-ի օգոստոսին հաղորդվեց։ Այդ փաստը հաստատվեց համայնքապետի կողմից։ Ռուսներն այնտեղ տեղակայվել են գյուղի փրկարար ծառայության շենքում։
2022-ի հունիսին Factor.am-ը հայտնեց, որ Տավուշի մարզում՝ Բերդի շրջակայքում գտնվող Այգեպարի օդանավակայանի տարածքում կառուցվում է ռուսական ռազմաբազա։ Այն գնտվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջապես հարևանությամբ։ Շինությունն օգոստոսի դրությամբ արդեն իսկ մեծամասամբ ավարտին տեսք ուներ, բայց ռուսներ դեռ չէին տեղակայվել։ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ նրանց ներկայությունն այնտեղ կարգավորվում էր, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հետագայում հայտնել էր, որ տարածքը նախատեսվում է հատկացնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ հետագա ծառայության իրականացման համար։
«Քննարկվում է նշված տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ ծառայություն իրականացնելու հնարավորությունը»,- հայնտել էին նախարարությունից։
Գեղարքունիք
2021-ի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական առաջին լայնածավալ ներխուժումից հետո սկսվեց խոսվել Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման մասին։ Մամուլը գրեց, որ ռուսները ուսումնասիրել են Վարդենիսից արևելք ընկած հատվածի տարածքները՝ հնարավոր տեղակայման նպատակով։ Հունիսի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ ռուս սահմանապահները եկել են և Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում դիտարկել այն հնարավոր տարածքները և կետերը, որտեղ կարող են տեղակայվել։
«Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ»,- ասել էր Փաշինյանը։
Օրեր անց Կութի համայնքապետը հայտարարեց, որ ռուսները կտեղակայվեն գյուղի մերձակա բարձունքներում, որը սակայն մեկ ամիս անց դեռ իրականություն չէր դարձել։ Իսկ 2022-ի ապրիլի դրությամբ ռուսներն արդեն այնտեղ էին։
2022-ի սեպտեմբերի 13-14-ին՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանական հրետակոծման հետևանքով Սոթքում ռուսական բազայի և փոխադրամիջոցի կրած վնասների լուսանկարներ հրապարակվեցին համացանցում։ Մեկ այլ տեսանյութում երևում էր, թե ինչպես է Վերին Շորժայում ռուսական սահմանապահների շարասյունը հայտվել ադրբեջանական ռմբակոծման տակ։ Պաշտպանության նախարարությունը այդ ժամանակ հայտնել էր, որ ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցները տեղում իրականացնում էին հումանիտար առաքելություն։ Ադրբեջանը հերքել էր, որ թիրախավորել է ռուսներին, իսկ ՌԴ ԱԴԾ-ն իր հերթին հայտնել էր, թե կորուստներ չկան։
Օրեր անց Հայաստան ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչը ցույց էր տվել Սոթքում ռուսական բազայի կրած վնասի կադրերը։ Այնտեղ տեղակայված էր եղել 15 սահմանապահ։
Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ ռուս սահմանապահները մարզից դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրերին։
Սահմանապահների դուրսբերում
Տավուշում սահմանազատման գործընթացին զուգահեռ, Փաշինյանն ապրիլի 20-ին ակնարկեց, որ ռուս սահմանապահները մարզից դուրս կգան։
Մայիսի 9-ին՝ Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի հանդիպումից ժամեր հետո ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ սա համաձայնեցվել է երկու ղեկավարների կողմից։
Սյունիքից ռուս սահմանապահների դուրսբերման մեկնարկի մասին հայտնեցին մայիսի 12-ին։ Երասխից նրանց դուրսբերումը սկսվեց օրեր անց։ Հունիսի 5-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնեց, որ ռուս սահմանապահներն արդեն իսկ լքել են Ներքին Հանդը։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը սկսվեց 2020-ի պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց 1960 ռուս զինծառայող։ Նրանց կենտրոնակայանը գտնվում էր Ստեփականերտի օդանավակայանի տարածքում։ Ռուս խաղաղապահները փաստացի անգործության մատնվեցին 2022-ի դեկտեմբերից սկսված շրջափակման ժամանակ, որն ավարտվեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակմամբ և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմամբ։ Ըստ Արցախի Պաշպտանության բանակի զինծառայողների վկայությունների, ռուս խաղաղապահներն ադրբեջանական հարձակումից րոպեներ առաջ լքել էին իրենց դիրքերը, իսկ ըստ վարչապետ Փաշինյանի հիմնած «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ռուսներն Ադրբեջանին էին տրամադրել Լեռնային Ղարաբաղում «բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատներն ու հեռացել նշված վայրերից»։
2023-ի սեպտեմբերյան հարձակման ընթացքում վեց ռուս խաղաղապահ զոհվեց, այդ թվում զորախմբի փոխհրամանատարը, որի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն խնդրեց։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին խաղաղապահներին շնորհակալություն հայտնեց՝ անձնուրաց ծառայության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի շատ զոհերից։
Հայ բնակչության բռնի գաղթից անմիջապես հետո ռուսական պետական մամուլը հայտնեց, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման ժամանակացույցը հստակեցնելու նպատակով։ Չնայած սրա՝ ավելի վաղ Կրեմլի խոսնակն ասել էր, որ հարցը կքննարկվի Բաքվի հետ, քանի որ այն Ադրբեջանի տարածքն է։
Ռուս խաղաղապահների կողմից նախկինում ամենօրյա հաճախականությամբ թարմացվող քարտեզները և ամենօրյա տեղեկագրերը վերջին անգամ հրապարակվեցին 2024-ի հունվարի 9-ին։ Այդ ժամանակ արդեն տարածքի վրա գրված էր «Ղարաբաղ տնտեսական շրջան», իսկ Ստեփանակերտը՝ «Խանքենդի»։
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման փաստի մասին առաջին անգամ գրեց ադրբեջանական մամուլը ապրիլի 16-ին և Կրեմլի կողմից հաստատվեց հաջորդ օրը։ Խաղաղապահ առաքելության ավարտը նշող արարողություն տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Ստեփանակերտի օդանավակայանում։ Ռուս բարձրաստիճան զինվորական հայտարարեց, որ ռուս խաղաղապահները խաղաղություն բերեցին «Ադրբեջանի հողի» վրա։ Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահների և նրանք տեխնիկայի դուրսբերման ավարտի մասին հայտնեց հունիսի 12-ին։
Արցախում իրենց գործունեության աջակցման նպատակով ռուս խաղաղապահները Սյունիքում երկու բազա էին հիմնել՝ Սիսիանում և Գորիսում։ Սիսիանում նրանք տեղակայվել էին օդանավակայանի տարածքում։
Ապրիլի 22-ին ռուս խաղաղապահների շարասյունը մուտք էր գործել Հայաստան՝ նշված երկու ժամանակավոր տեղակայման վայրերում փակման աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Հաջորդ օրը նրանք վերադարձել էին Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանով դուրսբերման համար։ Ավելի վաղ՝ դեռ հոկտեմբերին, վարչապետ Փաշինյանը բացառել էր, որ նրանք կտեղափոխվեն Հայաստան։
«Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում […] Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»,- ասել էր նա։
Ծանոթագրություն.
[1] Սղերդ (նախկինում՝ Սղըրթ) բարձունքը կամ լեռը գտնվում է Սյունիքի և Զանգելանի սահմանին, ծովի մակարդակից 1371 կամ 1488 մետր բարձրության վրա։ Խորհրդային և ռուսական աղբյուրներում այն նշված է որպես Сыгырт (կամ Сыгыр): Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի նոյեմբերի 9-ին՝ պատերազմի վերջին օրը, հայտարարել էր դրա գրավման մասին։
Վերջերս հրապարակված
Տավուշ. հողային և սահմանային մարտահրավերներ
Շատերը, հատկապես Հայաստանից դուրս ապրողները ճշգրիտ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում հանրապետության Տավուշի մարզում։ Սահմանների ու քարտեզների խնդիրներին է անդրադառնում քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։
Read moreՊատմության մոռացված էջերից. Շուշանիկ Կուրղինյան` ճնշվածների ձայնը
Շուշանիկ Կուրղինյանը ճնշվածների ձայնն էր։ Նրա՝ սոցիալիստական ոգով գրված պոեզիան և բանվոր դասակարգի պայքարին նվիրված բանաստեղծությունները ծանոթ էին գրեթե յուրաքանչյուր դպրոցականի, մինչդեռ այսօր նա գրեթե մոռացվել է։
Read moreԱրմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓոխելով սլաքները․ նոր մոտեցում ծերացմանը
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Հիշողության սրճարան»-ում տարեցներն աշխուժորեն խաղում են թերապևտիկ խաղեր, ուղեղի և ձեռքերի վարժություններ կատարում, ձևավորում նոր սոցիալական կապեր՝ խթանելով առողջ ծերացմանն ու սոցիալական փոխազդեցությանը։ Իսկ ի՞նչ է անում պետությունը երկրի տարեց բնակիչների համար, պարզաբանում է Գոհար Աբրահամյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreմարդ ԱՌժամանակ
Փոդքաստ
մարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read more