EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Օգս 11, 2026

Հայաստանի անօդաչուների երկար ճանապարհը

Hovhannes Nazaretyan
An Armenian Drone Fleet At Last?

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Երբ 2020-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երկրորդ պատերազմը, հայկական կողմը, փաստացի, չուներ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զինանոց։ Հայկական սպառազինությունում առկա էին հետախուզական, բայց գրեթե չկային հարվածային դրոններ։ Չնայած 2016-ի քառօրյա պատերազմի դասերին՝ Հայաստանի ռազմական վերնախավը թերագնահատել էր Ադրբեջանի անօդաչուների սպառնալիքը։ Մինչդեռ Ադրբեջանը պատերազմին նախորդած տասնամյակում բոլորովին այլ մակարդակի կարողություններ էր զարգացրել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի անօդաչուները ջախջախիչ հարված հասցրեցին հայկական կողմի կենդանի ուժին և զինտեխնիկային, այնինչ հայկական կողմը գրեթե չուներ այդ հարվածներից պաշտպանվելու կամ դրանց պատասխանելու արդյունավետ միջոցներ։

Շուրջ վեց տարի անց՝ մայիսի 28-ի զորահանդեսին առաջին անգամ հայկական բանակի դրոնների իսկական զինանոց ցուցադրվեց։ Արտասահմանյանների կողքին ներկայացվեցին հայրենական վեց ընկերությունների ստեղծած տասներեք անօդաչու սարքեր։ Օրեր անց կայացած ցուցահանդեսում ներկայացվեցին նաև նոր ԱԹՍ նախատիպեր։ Շնորհիվ մասնավոր ներդրումների և պետական աջակցության՝ վերջին շրջանում դրոնների տեղական արտադրությունը զգալիորեն աճել է։ Իսկ թե արդյոք ցուցադրված դրոնները համապատասխանում են իրենց տեխնիկական բնութագրերին և կարող են արտադրվել մեծ ծավալներով, հարց է, որին կարող են պատասխանել միայն մարտական պայմանները։

Ինչպես Հայաստանը հետ մնաց ԱԹՍ-ների մրցավազքում

1994-ի մայիսյան զինադադարից հետո, երբ ավարտվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը և հակամարտությունը շփման գծի երկայնքով սառեցվեց, Բաքուն նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման արգելքների բախվեց, հատկապես արևմտյան երկրներից։ Իսրայելը զենքի վաճառքի հարցում ուներ պակաս խստապահանջ քաղաքականություն և դարձավ Բաքվի գլխավոր մատակարարներից։ Ադրբեջանի Իսրայելից ձեռք բերված առաջին հետախուզական ԱԹՍ-ները («Աէրոսթար» և «Օրբիտեր» (Aerostar և Orbiter), առաջին անգամ ցուցադրվեցին 2008-ի հունիսին Բաքվում կայացած զորահանդեսում: 2011-ին արդեն Բաքուն իսրայելական ԱԹՍ-ներ արտադրող «Աերոնոտիքս» (Aeronautics) ընկերության հետ համատեղ ձեռնարկություն հիմնեց Ադրբեջանում՝ անօդաչու սարքերի հավաքման նպատակով։

Հայաստանում ԱԹՍ-ներ ստեղծելու մասին առաջին անգամ խոսվեց 2010-ի մարտին, սակայն աշխատանքները, ըստ որոշ տեղեկությունների, սկսվել էին չորս տարի առաջ՝ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտում: Երբ 2011-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իսրայելական արտադրության հետախուզական ԱԹՍ խոցվեց, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե «հաստատապես անքննարկելի է, որ Հայաստանին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, և ոչ մեկ-երկուսը», և «թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»: Նա նշում էր, որ մինչ Բաքուն գնում է իսրայելական անօդաչուներ, Հայաստանը զրոյից կառուցում է իր տեղականը, ինչը մի քանի տարի անց Հայաստանը կարող է ոլորտի առաջատար դարձնել:

Առաջին հայկական հետախուզական ԱԹՍ-ն՝ «Կռունկ-25»-ը ներկայացվեց 2011-ի սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ, թեև այն, ըստ որոշ տեղեկությունների, մշակվել էր դեռևս 2009-ին։ Զորահանդեսի ժամանակ «Կռունկ-25»-ը ներկայացվեց որպես արտերկրում արտադրված նմուշներին իր մարտավարատեխնիկական տվյալներով չզիջող սարք։ Ռազմական ավիացիայի ինստիտուտի օդային դիտարկման և լուսանկարահանման համար մշակած այս սարքն ուներ թռիչքի 3,5 ժամ տևողություն և 70 կմ գործողության շառավիղ: Նշվում էր, որ զինված ուժերն ուներ 15 միավոր «Կռունկ»՝ հինգ շարժական կառավարման կետերով, որոնք համակցված էին հրետանու կրակի կառավարման ինքնաշխատ համակարգին: Այդ ժամանակ հայ պաշտոնյաները «Կռունկ»-ը ներկայացնում էին որպես բանակի արդիականացման ապացույց, իսկ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում էր, որ հայկական անօդաչուները «բավականին մրցունակ կդառնան միջազգային շուկայում»: 2013-ին իշխանությունները հայտնում էին, որ «Կռունկ»-ները «ինտենսիվորեն կիրառվում են» զինված ուժերում:[1]

Մեկ այլ տեղական արտադրության հետախուզական ԱԹՍ՝ «X-55»-ը, ներկայացվեց 2014-ի ապրիլին և հիշեցնում էր երկու տարի առաջ ձեռք բերված ռուսական «Պտերո-Е4»-ը (Птеро-Е4), որի հիման վրա էլ այն, հավանաբար, ստեղծվել էր:[2] «X-55»-ը կարող էր թռչել վեց ժամ և ուներ 100 կմ գործողության շառավիղ: Ի տարբերություն «Կռունկ»-ի, այն թռիչքուղու կարիք չուներ, արձակվում էր կատապուլտի միջոցով: Այս ԱԹՍ-ի կատարելագործված տարբերակը, որը կոչվում էր «Արմի-55M» (Armi-55M), ներկայացվեց 2017-ի օգոստոսին և երկու տարի անց համալրեց հայկական բանակի զինանոցը: Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է «X-55»-եր խոցելու մասին:

Այս վաղ շրջանի հայկական ԱԹՍ-ներն ունեին համեմատաբար սահմանափակ կարողություններ: Հայաստանի զինանոցում չկային ո՛չ կամիկաձե (հարվածային կամ պարեկող), ո՛չ էլ մարտական (մարտագլխիկ կրող) տեսակի դրոններ։

Անտեսված նախազգուշացում

Այդ տարիների ընթացքում Ադրբեջանն արագորեն ընդլայնում էր իր զինանոցը՝ ձեռք բերելով իսրայելական արտադրության հետախուզական և հարվածային դրոններ։ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված կամիկաձե անօդաչու սարքերից առաջինը «Հարոպ»-ն (Harop) էր, որի հարյուր միավոր Բաքվին փոխանցվեց 2015-2018 թվականներին։ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը լայնորեն կիրառեց դրանք։ «Հարոպ»-ի առաջին կիրառումն ակտիվ ռազմական գործողություններում հատկապես մեծ միջազգային հետաքրքրություն առաջացրեց:[3]

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների մասնակիցները, վերլուծաբանները և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջնորդները Հայաստանի անօդաչու թռչող սարքերի ընձեռած կարողությունների բացակայությունը միաձայն որակեցին որպես լուրջ թերություն։ Պաշտոնական արձագանքը մեծամասամբ արհամարհական էր: Պաշտպանության նախարարությունը վկայակոչում էր պատերազմի ընթացքում ադրբեջանական 14 անօդաչու սարքերի խոցումը՝ որպես ապացույց, որ հայկական զինուժը գիտեր, թե ինչ է անում: Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որը 2011-ից ղեկավարում էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի և պաշտպանության նախարարության համագործակցության խորհուրդը, այնուամենայնիվ, ազատվեց պաշտոնից։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նրա ղեկավարած խորհրդին մեղադրում էին «պրակտիկորեն զրո արդյունք» տալու համար։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին դժգոհեց, որ հայրենական արդյունաբերությունը զինվորականներին երբեք չի ներկայացրել պատրաստի արտադրանք․ նկատառում, որն ավելի խորքային հարցեր առաջ բերեց առաջին հերթին պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման և զարգացման միասնական քաղաքականության բացակայության վերաբերյալ։

2016-ի սեպտեմբերի զորահանդեսին նոր դրոններ չներկայացվեցին, սակայն հայրենական արդյունաբերությունը վերջապես սկսեց որոշակի առաջընթաց գրանցել հարվածային ԱԹՍ-ների ստեղծման գործում: Դրանց մշակման մասին առաջին անգամ հայտարարվեց 2017-ի սեպտեմբերին և մի քանի նմուշներ ներկայացվեցին 2018-ի մարտին անցկացված ցուցահանդեսում: Երկու հարվածային տարբերակ, որոնք ստացան պայմանական «Կռունկ-9» և «Կռունկ-11» անվանումները, նույն տարում համալրվեցին զինված ուժերում, սակայն դրանց մարտական կիրառումն այդպես էլ չհաստատվեց։ 2019-ի հունիսին ներկայացվեց «ՅուէյՎի Լաբ» (UAV Lab) ընկերության մշակած «Բզեզ» կոչվող հարվածային կվադրոկոպտերը, որը կրում էր 4,6 կիլոգրամանոց մարտագլխիկ և ուներ 8-9 կմ հեռահարություն:[4]

ԱԹՍ-ները կրկին հայտնվեցին ակտիվ մարտական գործողությունների կենտրոնում 2020-ի հուլիսին Տավուշում սահմանային բախումների ժամանակ: Այդ ժամանակ հայկական կողմը հայտնեց հայրենական արտադրության հարվածային դրոններով ադրբեջանական երեք տանկ խոցելու մասին։ Բաքուն հիմնականում օգտագործում էր «ՍքայՍթրայքեր» (SkyStriker) իսրայելական թեթև անօդաչու սարքը: Հուլիսյան մարտերից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրեց նախորդ տարիների ընթացքում Ադրբեջանի կիրառած և հայկական կողմի խոցած իսրայելական արտադրության անօդաչուները, իսկ նույն տարվա օգոստոսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակեց հայրենական արտադրության հարվածային դրոնների փորձարկումների երկու տեսանյութ:

Աղետ և իրավիճակի վերագնահատում

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ մինչ 2020-ի պատերազմի մեկնարկն Ադրբեջանն Իսրայելից ձեռք էր բերել հինգ տարբեր նմուշի առնվազն 36 միավոր հետախուզական ԱԹՍ, ինչպես նաև երեք նմուշի 450 միավոր հարվածային դրոն։ Բազմակի օգտագործման մարտական անօդաչուների մասով ունեցած բացը լրացնելու համար Ադրբեջանը ձեռք բերեց նաև թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» (Bayraktar TB2) անօդաչուներ, որոնք ի տարբերություն կամիկաձե դրոնների՝ ինքնաոչնչացվող չեն։ «Բայրաքթարները», որոնք Բաքվի առաջին ոչ իսրայելական ԱԹՍ-ներն էին, ունակ են ինչպես հետախուզություն, այնպես էլ ճշգրիտ հարվածներ իրականացնել։

Թեև 2020-ի պատերազմը որոշները համարում էին աշխարհում «անօդաչուների առաջին պատերազմը», այն, իրականում, խորն անհավասարությամբ հատկանշվեց։ Իսրայելական և թուրքական արտադրության դրոններն Ադրբեջանին բացարձակ առավելություն տվեցին հայկական կողմի նկատմամբ։ Հայկական զինուժն ուներ քիչ քանակությամբ և սահմանափակ կարողություններով հետախուզական և հարվածային անօդաչու սարքեր։ Պատերազմի մեկնարկից ընդամենը ամիսներ առաջ Բաքուն ձեռք էր բերել շուրջ 12 «Բայրաքթար», որոնք պատերազմի ժամանակ ղեկավարում էին թուրքական անձնակազմերը: Հայկական ուժերին հաջողվեց խոցել դրանցից երկուսը կամ երեքը: Հայ զինծառայողների զոհերի մեծ մասը «Բայրաքթարների» հարվածների հետևանք էր։

Հայկական կողմից անօդաչուների կիրառումը պատերազմի ժամանակ բավականին սահմանափակ էր:[5] Վեց շաբաթ տևողությամբ ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց հարվածային դրոնի կիրառման ընդամենը մեկ տեսանյութ, որտեղ երևացողը հնարավոր է նույնն էր, ինչ 2020-ի մայիսին ցուցադրվածը, որը, իշխանությունների հավաստմամբ, պետք է առաջիկա ամիսներին անցներ սերիական արտադրության:

2020-ի պատերազմը, որն ավարտվեց կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներով, ցնցեց հայ հանրությանը, որին տարիներ շարունակ հավաստիացրել էին, թե ունենք «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը»: Իրականում, Հայաստանը չուներ ոչ միայն անօդաչուների պատշաճ զինանոց, այլև դրանց դեմ արդյունավետ պայքարելու բավարար միջոցներ: 2021-ին լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքում ռազմական վերլուծաբան Դուգլաս Բարին գրում է, որ Հայաստանը, տեսնելով, թե ինչպես է Բաքուն համակարգված զարգացնում անօդաչուների իր կարողությունները, ըստ երևույթին, պատշաճ ուշադրություն չի դարձրել այդ սպառնալիքին։ Ընդ որում՝ մարտի դաշտում հայկական բանակը չի կարողացել օգտագործել պասիվ հակազդեցության միջոցները (քողարկում, ուժերի ցրված տեղաբաշխում և ապակողմնորոշում), ինչի հետևանքով զորքերը հայտնվել են խոցելի վիճակում։ Գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը, որը ներկայումս Գլխավոր շտաբի պետի օգնականն է, 2022-ին հրապարակված վերլուծության մեջ նշում է, որ թեև անօդաչուների սպառնալիքը հստակ էր դեռևս 2016-ին, հայկական ռազմական ղեկավարությունը կարծում էր, որ ապագա ռազմական գործողությունները լինելու են դիրքային բնույթի և մղվելու են հյուծող ռազմավարությամբ։

Քաղվա՞ծ դասեր

Պատերազմից գրեթե վեց տարի անց՝ մայիսի 28-ի զորահանդեսին ներկայացվեցին հայրենական արտադրության և արտասահմանյան մի շարք ԱԹՍ-ներ, որոնք արդեն համալրվել են զինված ուժերում: Զորահանդեսը նշանավորվեց նաև բանակում ԱԹՍ զորքերի կազմավորման մասին հայտարարությամբ։

«ԱՊՐԻ Արմենիա» կենտրոնի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ պատերազմական վիճակը ստիպել է պետական կառույցներին դառնալ ավելի ճկուն՝ նվազեցնելով բյուրոկրատիան և այդպիսով զարկ տալով ԱԹՍ-ների ստեղծման և գնման գործընթացին։ Ավելին, ըստ նրա, բիզնես շահից բացի, ընկերությունները նաև մղված են Հայաստանը պաշտպանելու շարժառիթով։ 2023-2025 թվականներին կառավարությունը 171 միլիարդ դրամի (շուրջ 450 միլիոն դոլար) պայմանագրեր է կնքել հայրենական պաշտպանական ընկերությունների հետ, որոնց մի զգալի մասն ուղղվել է անօդաչու սարքեր արտադրողներին՝ էականորեն ընդլայնելով հայրենական զինանոցը:

Զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական արտադրության ընդհանուր առմամբ 13 ԱԹՍ՝ ստեղծված վեց ընկերություններում: Ոլորտի ակնհայտ առաջատարը «Դավարո» ընկերությունն է, որի ստեղծած վեց անօդաչու սարք ցուցադրվեց շքերթի ժամանակ:[6] Հիմնադրվելով 2007-ին որպես էլեկտրոնիկայի վաճառքի կետ՝ «Դավարո»-ն իր առաջին ԱԹՍ-ն ներկայացրեց 2016-ին: Երկու տարի անց ընկերությունն արդեն մշակել էր 11 նմուշ։ Այն իր առաջին պետական պայմանագիրը կնքեց 2019-ին, իսկ ընկերության հարվածային դրոնը հաջորդ տարի արդեն կիրառվեց ակտիվ ռազմական գործողություններում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը վերջերս հարցազրույցում նշեց, որ «Դավարո»-ն ներկայումս ունի 300 աշխատակից և «Արսենալ»-ի հետ հայրենական ռազմարդյունաբերության ամենախոշոր խաղացողն է: Հայրապետյանի խոսքով՝ վերջին ութ տարիներին «Դավարո»-ի արտադրական տարածքը իննից հասել է ավելի քան 5,600 քառակուսի մետրի:

Հայաստանի անօդաչուների զինանոցն այսօր

Հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի շարքում թերևս ամենամեծ ուշադրությանն արժանացավ «Դավարո»-ի «Դև-Կ» հակաօդային ԱԹՍ-ն։ Այն ռեակտիվ շարժիչով աշխատող որսող (կալանիչ) սարք է՝ նախատեսված մինչև 9000 մետր բարձրության վրա թռչող միջին արագության օդային թիրախները խոցելու համար, ինչպիսին է օրինակ նույն «Բայրաքթարը»։

Զորահանդեսին ցուցադրվեցին «Դավարո»-ի մշակած հարվածային դրոնների երեք նմուշ: Թեթևաքաշ «Դև-1.1»-ը նախատեսված է ռադիոլոկացիոն կայանների ոչնչացման, հակառակորդի հակաօդային պաշտպանության ճնշման համար՝ մինչև 50 կմ հեռավորության վրա: Զգալիորեն ավելի մեծ և հզոր են նույն ընկերության «Դև-3» և «Դև-3.1» դրոնները։ 

Դրանք կիրառում են թիրախավորման տարբեր ձևեր: «Դև-3»-ն ունի 300 կմ թռիչքի հեռավորություն և 10 կիլոգրամանոց մարտագլխիկ, սակայն սահմանափակված է 50 կմ հեռահարությամբ տեսակապով։ Կառավարողը ձեռքով է ընտրում թիրախները: «Դև-3.1»-ը նախորդի արդիականացված տարբերակն է, կարող է թռչել 150 կմ և ունի 5 կգ մարտագլխիկ։ Սա, սակայն, օժտված է էլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) նկատմամբ բարձր դիմադրողականությամբ և կարող է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով թիրախներն ինքնավար նույնականացնել և ընտրել: Արտաքնապես երկուսն էլ հիշեցնում են իսրայելական արտադրության «Հարոպ»-ը: «Դավարո»-ն դրանց մշակումը սկսել էր 2019-ից ոչ ուշ, ընդ որում՝ «Դև-3.1»-ը պետական փորձարկումներ էր անցնում դեռևս 2021-ի փետրվարին:

PXL_20260603_090402455
«Դավարո» ընկերության «Դև-3.1» և «Դև-Կ» դրոնները «ՌԱՅԶ» ցուցահանդեսի ժամանակ։

«Դև-4»-ը նախատեսված է ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործողությունների համար: Այն ունի 200 կիլոմետր առավելագույն թռիչքի հեռավորություն և կարող է կրել մինչև ութ կիլոգրամ ընդհանուր քաշով 20 մարտագլխիկից բաղկացած օգտակար բեռ։ Դրա հարվածի ճշգրտությունը 20 մետր է։ 

«Դավարո»-ի միակ զուտ հետախուզական անօդաչուն՝ «Բիբ-10»-ը, նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսադիտարկման և հրետանու կրակի կառավարման (ուղղորդման) համար: Այն ունի մինչև 100 կիլոմետր գործողության շառավիղ:

«Դավարո»-ի ԱԹՍ-ներից զատ ցուցադրվեցին նաև «Աէրոդինամիկս» ընկերության մշակած երկու հարվածային դրոններ «Մեղու» անունով: «Մեղու-1»-ն ունի 60 կմ գործողության շառավիղ և վեց ԱԹՍ-ների միաժամանակյա արձակման հնարավորություն, իսկ «Մեղու-5»-ը՝ մինչև 40 կմ հեռահարություն:[7]

DSC_0396
«Մեղու-1»

Զորահանդեսում ներկայացված մյուս բոլոր հայրենական արտադրության ԱԹՍ-ները հետախուզական են։ Դրանք հիմնականում տարբերվում են թռիչքի տևողությամբ, առավելագույն բարձրությամբ և արձակման եղանակով։ Դրանց շարքում «ԱյԴիԷս» (IDS) ընկերության ստեղծած «Շտորմ-320 (Storm-320)»-ը զինված ուժերում ներկայումս համալրված միակ սարքն է, որն ունի ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) կարողություն: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2024-ի հունիսին կայացած զորավարժության ժամանակ: «ՅուԷյՎԻ Լաբ» ընկերության «UL-350» և «UL-450» տարբերակներն առաջին անգամ ներկայացվել են 2022-ին, ստեղծվել են, համապատասխանաբար, ռուսական «Սուպերքեմ S350»-ի (Supercam S350) և իսրայելական «Օրբիտեր-3»-ի (Orbiter-3) հիման վրա:[8] «ԷյրՎորքեր» (AirWorker) ընկերության ստեղծած «AW5R» սարքը նախատեսված է քարտեզագրման համար: Վերջինի մշակումն սկսվել է 2019-ին, ընկերության ինժեներն այն բնութագրում է որպես թուրքական «Բայրաքթար Մինի» (Bayraktar Mini), ռուսական «Էլերոն-3» (Eleron-3) և ամերիկյան «RQ-11 Ռավեն» (RQ-11 Raven) տեսակների տեղական համարժեքը: Վերջին հետախուզական անօդաչու սարքը՝ «SBM-1»-ը, մշակել է «Սկարիֆ» ընկերությունը, որի մասին քիչ բան է հայտնի։

Զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվեցին նաև Հայկական բանակի անօդաչուների արտասահմանյան նմուշները: Դրանք բոլորը, ըստ երևույթին, չինական արտադրության են։ Ամերիկյան «V-BAT» անօդաչու սարքը, որի ձեռքբերման մասին ավելի վաղ էր հայտնի դարձել, զորահանդեսին չցուցադրվեց։

Հայտարարվեց, որ «Կայծակ» անունով թեթև քաշ ունեցող հարվածային դրոնն ունակ է խոցել շարժական և անշարժ թիրախներ մինչև 17 կիլոմետր հեռավորության վրա: Այն համալրվել է հատուկ նշանակության ստորաբաժանումներում և նախատեսված է հակառակորդի ներթափանցման փորձերը հետ մղելու համար:[9] Այն, ամենայն հավանականությամբ, չինական արտադրության CH-901/FH-901 տարբերակն է, որը Չինաստանի ավիատիեզերական գիտության և արդյունաբերության պետական (CASC) ընկերության մշակած խողովակից արձակվող դրոն է և համեմատելի է ամերիկյան «Սուիչբլեյդ 600»-ի (Switchblade 600) հետ:[10]

Հաջորդիվ ներկայացվեցին երկու ավելի խոշոր հարվածային դրոններ՝ «Որոտ-1» և «Որոտ-2» անվանումներով: Դրանց ծագումը չներկայացվեց, սակայն տարբեր մասնագետներ այս նմուշները բավականին արագ նույնականացրին չինական հակառադիոլոկացիոն «FL-300A» սարքի հետ: Առաջինը ցուցադրվեց բաց թափքով ավտոմեքենայի վրա, իսկ երկրորդը՝ բեռնատարի թափքում վեց արկղանոց կազմաձևով: Չնայած տարբեր անվանումներին՝ երկուսն էլ, ըստ երևույթին, նույն «FL-300A» տեսակն էին, որն ունի 280-300 կմ գործողության շառավիղ:

Զորահանդեսին «Որոտ-1»-ը ներկայացվեց որպես մինչև 220 կմ/ժ արագություն զարգացնելու ունակ սարք, ինչը, դրա ռադարային որոնիչը պարունակող ուռուցիկ քթային հատվածի հետ միասին, հուշում է, որ դա «FL-300A»-ն է (արտահանման համար հայտնի է «ASN-301» անվանումով): Սակայն, «Որոտ-2»-ի պարագայում զգալի անհամապատասխանություն ի հայտ եկավ: Թեև այն տեսքով նույնական է «FL-300A»-ի հետ, զորահանդեսի հաղորդավարն այն նկարագրեց որպես հեռահար հարվածային ԱԹՍ, որն ունակ է օդում մնալ վեց ժամ: Այս բնութագրերը չեն համապատասխանում «FL-300A»-ին՝ փոխարենը, դրանք ավելի մոտ են «Նորինկո» (Norinco) ընկերության «Ֆեյլոնգ» (Feilong) ընտանիքի մեկ այլ տեսակի՝ «FL-300D»-ին, որը խոշոր հեռահարությամբ (շուրջ 1000 կմ) հարվածային ԱԹՍ է։ Արդյոք Հայաստանն իրականում գնել է այս երկրորդ տարբերակը՝ մնում է անհայտ, քանի որ ցուցադրված տեխնիկան նման չէր «FL-300D»-ին:

DSC_0398~2
Չինական հակառադիոլոկացիոն «FL-300A» ԱԹՍ-ն, որը զորահանդեսին ներկայացվել է «Որոտ-1» անվանմամբ։

Զորահանդեսում ցուցադրված ամենախոշոր ԱԹՍ-ն չինական «CH-4B»-ն էր՝ թևերի 18 մետրանոց բացվածքով: Հանրապետության հրապարակում երևում էր այս նմուշի երեք միավոր: Արտաքնապես փոքր ինքնաթիռ հիշեցնող այս համակարգը հայկական զինուժում ստացել է «Աղեղ» անվանումը: Սա հնարավորությունների միանգամայն նոր մակարդակ է։ Որպես միջին բարձրության և թռիչքի մեծ տևողությամբ (MALE) միակ ԱԹՍ-ն Հայաստանի զինանոցում՝ այն իր դասում եզակի է: Զորահանդեսին երևաց, որ այս անօդաչուները կրում են «AR-1» և «AR-2» տեսակի օդ-ցամաք դասի կառավարվող հրթիռներ, որոնք նախատեսված են, համապատասխանաբար, զրահապատ տեխնիկայի ու ամրաշինական կառույցների և չզրահավորված մեքենաների ու կենդանի ուժի խոցման համար:

2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից գնել է «V-BAT» տեսակի անօդաչու սարքեր: Վենսն այն ներկայացրեց որպես ռազմական տեխնոլոգիաների առաջին խոշոր ամերիկյան վաճառքը Հայաստանին և նշեց գործարքի արժեքը՝ 11 միլիոն դոլար: Այդ ԱԹՍ-ի մեկ միավոր ցուցադրվեց նախագահական նստավայրում, սակայն մայիսի 28-ի շքերթին ոչ մի «V-BAT» չներկայացվեց, և փետրվարյան հայտարարությունից հետո այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ամերիկյան «Շիլդ ԷյԱյ» (Shield AI) ընկերության մշակած «V-BAT»-ն ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի (VTOL) հետախուզական անօդաչու սարք է, որը հարմար է Հայաստանի լեռնային տեղանքում կիրառելու առումով:

Իրական առաջընթաց, բաց հարցեր

Զորահանդեսի անցկացումը՝ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններից ընդամենը տասն օր առաջ, խիստ քաղաքականացված էր: Այդուհանդերձ, Հայաստանի զինուժի նոր սպառազինության ցուցադրումը ողջունելի էր: Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները գովեստի խոսքեր ստացան իրենց ստեղծած նմուշների և գրանցած զգալի առաջընթացի համար։

Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրանք անվանեց «ազգային հպարտության վերածվող ընկերություններ»: Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը, քննադատելով պետական աջակցության մակարդակը, միևնույն ժամանակ նշեց, որ շատ ընկերությունների հաջողվել է տեղայնացնել արտադրությունը և գտնել արտահանման շուկաներ՝ մեծ մասամբ սեփական ուժերով: 

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանն էլ նկատեց, որ հայրենական ԱԹՍ-ների վերաբերյալ միանշանակ գնահատականներ տալը վաղ է, քանի որ «դրանց իրական արդյունավետությունը կարող է որոշվել միայն բարդ պայմաններում շահագործման հիման վրա և, առաջին հերթին, իրական մարտական միջավայրում հնարավոր կիրառման արդյունքներով»։ Մեկ այլ հարց, որն արձանագրեց հայտնի ռուսական «Վոյեննիյ Օսվեդոմիտել» (Военный Осведомитель/Ռազմական Տեղեկատու) տելեգրամյան ալիքը, վերաբերում է ընկերությունների արտադրական ծավալներին։

Առաջ նայելով

Շքերթից օրեր անց անցկացված «ՌԱՅԶ» (RISE) ցուցահանդեսը թույլ տվեց որոշակի պատկերացում կազմել հայրենական ԱԹՍ արդյունաբերության զարգացման ուղղության շուրջ։ Ոլորտի առաջատար «Դավարո» ընկերությունը ներկայացրեց իր շարունակաբար աճող զինատեսակների ամբողջությունը՝ փոքր հարվածային դրոններից մինչև կառավարվող սավառնող ավիացիոն ռումբ:

«ՅուԷյՎի Լաբ» ընկերությունը ներկայացրեց «UL-650»-ը՝ թռիչքի մեծ տևողությամբ անօդաչու սարք, որը կրում է երկու միավոր «GBL» տեսակի «կրակիր և մոռացիր» սկզբունքով աշխատող կառավարվող զինամթերք: Սա մարտական (զինամթերք կրող) անօդաչու սարքի երկրորդ հայրենական նախատիպն է՝ «Դավարո»-ի «Արալեզ»-ից հետո, որը ներկայացվել էր 2022-ին:[11] Ընկերության ներկայացուցիչը EVN Report-ին հայտնել է, որ անօդաչու սարքը կշռում է 40 կգ և կարող է օդում մնալ ավելի քան ինը ժամ: «GBL» զինամթերքը մշակվել է «Լոկատոր» ընկերությունում և առաջին անգամ ցուցադրվել անցյալ տարի Աթենքում կայացած ցուցահանդեսում և հետաքրքրություն առաջացրել մի քանի գործընկեր երկրների շրջանում:

Ցուցահանդեսում նկատված երկու միտում կարելի է առանձնացնել: Առաջինը՝ թեև քիչ բան է հայտնի բանակում մատչելի և թեթև առաջին դեմքից կառավարվող (FPV) դրոնների համակցման, դրա ծավալների և չափերի մասին։ Եղած տեղեկությունները հուշում են, որ որոշակի ջանքեր, այդուհանդերձ, գործադրվում են:[12] Հայրենական ընկերությունները, հատկապես «Ֆերոն»-ը, «ՌԱՅԶ» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեցին մարտագլխիկներով հագեցած տարատեսակ առաջին դեմքից կառավարվող տարբերակներ:

Երկրորդ միտումը վերաբերում է անօդաչուների որսիչներին, որոնք ավելի հաճախ են կիրառվում ուկրաինական պատերազմում: Առնվազն երկու հայկական ընկերություն ներկայացրին իրենց նախատիպերը: «Դավարո»-ի «RD-1»-ը ցուցադրված էր «ՌԱՅԶ»-ում, «Երևան Աէրոսփեյս ինժեներինգը» (Yerevan Aerospace Engineering)» ընկերության մշակած «Նեմեսիս»-ը ցուցադրվեց Փարիզի «Եվրոսատորի» (Eurosatory)» ցուցահանդեսում:

Լուսանկարները՝ Հովհաննես Նազարեթյանի։

 

Ծանոթագրություններ․

[1] «Ազնիվ» անվանումը ստացած դրոնը «Կռունկ-25»-ի նոր տարբերակն էր, որը հայտնի էր նաև որպես «Կռունկ-25-2»։ Այն առաջին անգամ ներկայացվեց 2014-ի ապրիլին։ Մեկ այլ՝ ավելի փոքր չափերով հետախուզական ԱԹՍ՝ «Բազե» անունով, ներկայացվեց 2012-ի մայիսին Ստեփանակերտում կայացած զորահանդեսին։ Այն, ըստ հայտարարված տվյալների, ուներ 30 կմ առավելագույն հեռահարություն և մեկ ժամ թռիչքի տևողություն:
[2] Թեև ռուսական «Պտերո-Е4» անօդաչուները սկզբնապես տրվել էին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, հետագայում դրանք փոխանցվեցին զինված ուժերին:
[3] Կամիկաձե դրոնի հարվածի հետևանքով Սիսիանի կամավորական խմբի ինն անդամ Մարտակերտի ճանապարհին զոհվել էր։
[4] «Հրեշ» անունով մեկ այլ հարվածային ԱԹՍ-ի նախատիպը ներկայացվեց 2018-ի մարտին: Այն հիշեցնում է իսրայելական «Hero-30»-ի X-աձև կառուցվածքը: Կրելով 1,6 կգ մարտագլխիկ՝ այն կարող էր թռչել մինչև 20 կմ: Այն վերանվանվել է «HDS-7» («Hornet-7») և ենթադրաբար անցել «Դավարո»-ին: Չկա որևէ տեղեկություն, որ այն զինված ուժերում կիրառվում է։
[5] Պատերազմի ժամանակ Ադրբեջանը խոցել է «X-55» հետախուզական ԱԹՍ, «Բզեզ» կվադրոկոպտերի և մեկ այլ՝ չնույնականացված կվադրոկոպտեր:
[6] «Դավարո»-ի ԱԹՍ նմուշներից յուրաքանչյուրը հայտնի է երեք անվանումով: Հոդվածում օգտագործված են զորահանդեսում հնչած անունները: Ընկերության կայքում օգտագործվող այլընտրանքային անվանումներն են՝ «DDS-10K» և «Draco-10K»՝ «Դև-Կ»-ի համար, «DDS-1» և «Dragonfly-1»՝ «Դև-1.1»-ի համար, «DDS-3» և «Dragonfly-3»՝ «Դև-3»-ի համար, «DDS-3.1» և «Dragonfly-3.1»՝ «Դև-3.1»-ի համար, «DDS-4» և «Dragonfly-4»՝ «Դև-4»-ի համար:
[7] Զորահանդեսից օրեր հետո կայացած «ՌԱՅԶ» ցուցահանդեսում այս երկու նմուշները ներկայացվեցին համապատասխանաբար «Zeel A1» և «Zeel A5» անուններով՝ «Զիլ ԷյԱյ» (Zeel AI) բրենդի ներքո: «Զիլ ԷյԱյ»-ի գլխավոր տնօրենը Պարույր Աբրահամյանն է, որի կապերը «Աէրոդինամիկս» ընկերության հետ հստակ չեն: 2024-ի դրությամբ «Աէրոդինամիկս»-ն ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը: «Աէրոդինամիկս»-ը հրաժարվեց մեկնաբանել երկու ընկերությունների կապերը, սակայն, ըստ ամենայնի, դրանք գործում են նույն հասցեում:
[8] Վերջինս կարող է կրել նաև մեկ միավոր «AGB-003» կառավարվող ռումբ՝ 2 կգ մարտագլխիկով:
[9] Համացանցում որոշ էջեր այն սխալմամբ նույնականացրել են որպես «Դավարո»-ի «MDS-1» («Մոծակ-1»), սակայն այն զորահանդեսի ժամանակ չի հայտարարվել որպես «Դավարո»-ի կամ ընդհանրապես հայրենական արտադրանք:
[10] Համակարգն ունի նաև բեռնատարի վրա տեղադրված 48-խողովականոց երամային (swarm) արձակման տարբերակ, սակայն պարզ չէ՝ արդյոք Հայաստանը ձեռք բերել է այն, թե ոչ։
[11] «Դավարո» ընկերության «Արալեզ» մարտական անօդաչու սարքը ներկայացվել էր «ԱրմՀայԹեք-2022» ցուցահանդեսում՝ «ԱՈՒՐՍ»-ի ստեղծած չորս միավոր «SMA-A5» կառավարվող զինամթերքով։ Անօդաչու սարքն ուներ թռիչքի 6 ժամ հայտարարված տևողություն և 600 կմ հեռահարություն, մինչդեռ զինամթերքներն օժտված էին 7 կգ-անոց մարտագլխիկներով: Այն կարող էր կրել նաև ավելի փոքր՝ «ՅուԷյՎի Լաբ»-ի արտադրած «AGB-003» զինամթերք: «Արալեզ»-ի նախագիծը, ըստ երևույթին, սառեցված կամ դադարեցված է:

Մեր հայերեն էջից

the cost of Ruling Armenian Cover

Իշխանավարման գինը և հակաիշխանական ընտրազանգվածի աճը

Nerses Kopalyan
Հլս 22, 2026

Հայաստանում 2026 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թեև հաղթեց գործող իշխանությունը, սակայն միաժամանակ բացահայտվեցին «իշխանավարման գնի» ազդեցության խորացումը, հակաիշխանական ընտրազանգվածի ձևավորման ուղղությունները և ընտրողների քաղաքական վարքագծի փոփոխությունները։ Փաստական տվյալների վրա հիմնված վերլուծությամբ Ներսես Կոպալյանը բացահայտում է Հայաստանի փոփոխվող քաղաքական իրականության հիմնական միտումները։

Read more
Armenia’s Next Democratic Challenge: Building a Credible Opposition

Հայաստանի ժողովրդավարության հաջորդ մարտահրավերը. վստահելի ընդդիմություն

Armine Bagiyan
Հլս 16, 2026

Ժողովրդավարական համակարգերում գնահատվում է ոչ միայն իշխանությունների, այլ նաև նրանց մարտահրավեր նետող ուժերի աշխատանքը։ Անդրադառնալով Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Արմինե Բագիյանը պնդում է, որ վստահելի ու կառուցողական ընդդիմության ձևավորումն առանցքային նշանակություն ունի երկրի ժողովրդավարության ամրապնդման համար։

Read more
Beyond Symbolism: Israel, the Armenian Genocide and Gaza

Խորհրդանիշներից անդին․ Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը և Գազան

Davit Khachatryan
Հլս 15, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ո՛չ իրավական վճիռ է, ո՛չ էլ զուտ բարոյական արարք, գրում է Դավիթ Խաչատրյանը: Այն դեպքում, երբ Իսրայելն ինքն է բախվում Գազայի հարցով ցեղասպանության մեղադրանքներին, այս որոշումը բարդ հարցեր է առաջացնում իրավունքի, քաղաքականության, հիշողության և պետական ճանաչման հետևողականության վերաբերյալ:

Read more
Armenia’s Wildlife Exports

Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»

Mariam Tashchyan
Հլս 9, 2026

Վտանգված կենդանիների Հայաստանից Հնդկաստանի վիճահարույց «Վանտարա» վայրի բնության կենտրոն տեղափոխման վերաբերյալ հետաքննությունը բացահայտում է մտահոգիչ հարցեր գործընթացի թափանցիկության, բնապահպանական նպատակների, վայրի բնության միջազգային առևտրի և Հայաստանի դերի վերաբերյալ համաշխարհային ցանցում, որը մշուշոտում է կենդանիների փրկության և միջազգային առևտրային շահերի սահմանը։

Read more
The Enclave Issue Between Armenia and Azerbaijan

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը

Sossi Tatikyan
Հլս 2, 2026

Ինչպե՞ս են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի անկլավները, ի՞նչ իրավական հիմքեր ունեն դրանք և ի՞նչ դեր կարող են խաղալ խաղաղության գործընթացում։ Անդրադառնալով այս հարցերին՝ Սոսի Թաթիկյանը ներկայացնում է նաև համեմատական միջազգային փորձը՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև վերլուծում կարգավորման հնարավոր տարբերակները, ուղիներն ու դրանց հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար։

Read more
Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Tigran Grigorian
Հնս 23, 2026

Պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատությունը 20-րդ դարի հումանիտար մտքի ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը հիմնովին փոխեց Արևելքի մասին ձևավորված պատկերացումների ուսումնասիրության մոտեցումները։ Գրքի հայերեն թարգմանության առիթով արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ՝ անդրադառնալով հարցերի, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր։

Read more
COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

Mariam Tashchyan
Հնս 22, 2026

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։

Read more
The Skills Left on the Playground cover

Խաղահրապարակում մնացած աշխարհը

Vaghinak Ghazaryan
Հնս 1, 2026

Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը, այլև աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերությունը։ Մի ոտանի սև սատանայից մինչև զիլինա, հավալա ու հալամուլա բակային խաղերի դերը վերլուծելով՝ ֆոտոպատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը նվազագույնի է հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։

Read more
Unfinished Conversations of WAR

Ետպատերազմյան հետագիծ

Vaghinak Ghazaryan
Մյս 28, 2026

Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, անավարտ հարցեր տալով՝ վերհանել պատերազմի թողած հետքը։

Read more

Փոդքաստ

«Տարօրինակ պարտության» զուգահեռներ

«Տարօրինակ պարտության» զուգահեռներ

EVN Report
Հնս 25, 2026

Զրույց քաղաքագետ, միջազգային հարաբերությունների դասախոս Թալին Փափազեանի հետ՝ Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գրքի հայերեն թարգմանության առթիվ՝ պատմությունից դասեր քաղելու, ֆրանսիական փորձառության, հետպատերազմյան Հայաստանի համար Բլոկի պարտության զննության գիտակարգի կարևորության մասին։

Read more
Nerses podcast

Քարոզարշավ չորս տոկոսի համար

EVN Report
Մյս 12, 2026

Հայաստանում, ինչպես զարգացող բոլոր հասարակություններում, դեռևս ձևավորվում է քաղաքական մշակույթ։ Ներսես Կոպալյանի հետ զրուցել ենք հունիսյոթյան ազգային ժողովի հնարավոր կազմի, ընտրությունների երկրորդ փուլի հավանականության, ընտրությունների արդյունքների վրա քվեարկության մասնակցության թվերի ազդեցության և EVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող հարցախույզի այլ մանրամասների մասին։

Read more

Դիվանագիտական չեզոքություն բազմաբևեռ իրավիճակում

EVN Report
Մրտ 4, 2026

ԱՄՆ, Իսրայել, Իրան շարունակվող հակամարտության ընթացքն ու ազդեցությունը գնահատել վաղահաս՝ միջազգային առումով և տարածաշրջանի համար։ Սակայն հատկապես նման իրավիճակում, ըստ Արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի նախագահ Սոսի Թաթիկյանի՝ Հայաստանի համար դիվանագիտական չեզոքությունն առանցքային է։

Read more

Ախուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ

EVN Report
Փտր 19, 2026

Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ