
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Մաս I. ԵՄ-ի և Միացյալ Նահանգների մոլորեցումը և շահարկումը` Լեռնային Ղարաբաղը կլանելու նպատակով
Ադրբեջանը ռազմական և դիվանագիտական պարտադրանքն օգտագործում է Հայաստանի և հայերի նկատմամբ իր առավելապաշտական, ծավալապաշտական և հեգեմոնիստական նպատակներին հասնելու համար: Այն նաև օգտագործում է հիբրիդային պատերազմի գործիքների լայն տեսականի, ինչպիսիք են՝ պատմական ռևիզիոնիզմ, ապատեղեկատվություն, իրավական և գիտակցական (կոգնիտիվ) պատերազմ (գիտակցական պատերազմը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք նպատակ ունեն փոփոխելու վերաբերմունք ու վարքագիծ՝ ազդելով անհատի, խմբի կամ բնակչության գիտակցության վրա՝ հակառակորդի հանդեպ առավելության հասնելու նպատակով): Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը նաև մոլորեցնում և հալածում է միջազգային խաղացողներին։ Մասնավորապես, Բաքուն շահարկում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և չմիջամտելու հասկացությունները, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում։
Փուլ 1. 2020 թվականի պատերազմը և դրա նախապատրաստումը
Երբ Ադրբեջանը նախաձեռնեց 2020 թվականի Արցախյան պատերազմը, այն ստեղծեց միապետ պետությունների կողմից՝ իրենց ավելի փոքր ժողովրդավար հարևանների նկատմամբ վեճերը կարգավորելու համար ռազմական ուժ կիրառելու նախադեպ: Միջազգային դերակատարների մեծ մասը կարծում էր, որ Բաքուն կբավարարվի իր ձեռքբերումներով և կանգ կառնի հաղթանակից հետո։
Նրանք կարծում էին, որ Ալիևը վերահսկողություն կհաստատի Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ են եղել Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր: Այդ տարածքների նկատմամբ հայկական վերահսկողությունը և ադրբեջանական բնակչության տեղահանումը իսկապես խնդրահարույց էին միջազգային իրավունքի տեսանկյունից, և դա արժանի է առանձին, երկարատև քննարկման:
Սակայն վճռական նշանակություն ունի այն, որ Ադրբեջանն էր սանձազերծել առաջին Ղարաբաղյան պատերազմը, իսկ դրանից առաջ Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղի էին ունեցել հայերի զանգվածային ջարդեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում հայերի ինքնորոշման խաղաղ շարժման: Դրան հաջորդեցին հայերի զանգվածային ջարդերն ու բռնի տեղահանումները Լեռնային և Ստորին Ղարաբաղի տարբեր վայրերում։
1989-1992 թվականներին Ադրբեջանն իրականացրեց նաև Լաչինի միջանցքի շրջափակումը՝ այդպիսով մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի հայերին՝ միաժամանակ նրանց Աղդամից ռմբակոծելով։ Հայկական զինված ուժերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս և, ի վերջո, հարակից շրջանների գրավումը, արձագանք էին այդ գործողություններին:
Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և Ստորին Ղարաբաղի հայաբնակ շրջանները՝ Գետաշենը և Շահումյանը Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր մնացել են ադրբեջանական բռնազավթման տակ՝ առանց հայ բնակչության:
Lեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները հարկ է բաժանել երկու խմբի՝ հինգ շրջաններ, որոնք միշտ ենթակա էին վերադարձման, և Լաչինն ու Քելբաջարը, որոնք կենսական նշանակություն ունեին Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կենսունակության և Հայաստանի հետ կապի համար: Այս երկու տարածաշրջանների համար տարբեր պայմանավորվածություններ են դիտարկվել Ղարաբաղյան երկու պատերազմների միջև ընկած բանակցությունների ընթացքում, որոնց մասին մանրամասնել է Լոուրենս Բրոերսը իր վերջին հոդվածում: Ավելի ուշ իշխող վերնախավի մաս կազմող հայ ազգայնական ուժերը դադարեցին տարանջատել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ), այն Հայաստանի հետ կապող երկու շրջանների և հարակից հինգ շրջանների միջև սահմանը: Սակայն ըստ բանակցություններում ներգրավված աղբյուրների՝ հայ առաջնորդները փորձել են վերադարձնել այդ տարածքները՝ Լեռնային Ղարաբաղում հայերի համար ընդունելի կարգավիճակի և անվտանգության երաշխիքների դիմաց: Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները՝ հետապնդելով առավելապաշտական նպատակներ։
2005-ից ի վեր Ադրբեջանը նավթի և գազի արդյունահանումից ստացված զգալի եկամուտներն ուղղել է իր բանակի ամրապնդմանը՝ ակտիվորեն զինվելով և պատրաստվելով նոր պատերազմի:
Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը սանձազերծեց նարատիվների ագրեսիվ պատերազմ հայերի դեմ: Ժամանակի ընթացքում Բաքվին հաջողվել է փոխել հակամարտության նարատիվը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենի հողում անվտանգ կյանքի և ինքնակառավարման համար գոյաբանական պայքարից դեպի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնազավթման, բռնակցման և ագրեսիայի պատմության: Այս նարատիվը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ աչքաթող արեցին այն փաստը, որ Ադրբեջանը հայերի զանգվածային ջարդերի, ինչպես նաև առանց բացառության բոլոր պատերազմների և ռազմական հարձակումների նախաձեռնողն էր եղել։ Նրանք չունեին այն ընկալումը, որ Հայաստանի գործողությունները պատասխանն էին գոյաբանական սպառնալիքներին և ինքնապաշտպանության անհրաժեշտությանը՝ ի տարբերություն Կոսովոյի նույնանման հակամարտությունում միջազգային միջամտության բացակայության պայմաններում։
2020-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանը խախտեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարները և շարունակեց պատերազմն այնքան ժամանակ, մինչև վերահսկողություն հաստատեց նաև Լեռնային Ղարաբաղի մի մասի նկատմամբ: Այս գործողությունները խախտեցին տարածաշրջանի տարածքային ամբողջականությունը՝ կրկնելով Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տեղի ունեցածը։ Ավելին, Ադրբեջանը մերժեց միջազգային խաղաղապահների տեղակայման գաղափարը, առաջարկ, որն ավելի վաղ քննարկվել էր խաղաղ բանակցությունների ընթացքում: Փոխարենը Բաքուն համաձայնեց հրադադար հաստատել Ռուսաստանի միջնորդությամբ և ռուս «խաղաղապահներին» տեղակայել առանց միջազգային մանդատի։ Չնայած հակամարտության կարգավորմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու ռուս խաղաղապահների հանձնառության հանդեպ շարունակվող թերահավատությանը` ակնկալվում էր, որ նրանց համար առնվազն Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունն առաջնային կլիներ:
Փուլ 2. 2020 թվականի պատերազմից հետո
Սակայն Ադրբեջանը կանգ չառավ նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից հետո։ Բաքուն հակամարտությունը հայտարարեց կարգավորված, մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, հրաժարվեց հայերին Լեռնային Ղարաբաղում որևէ ինքնավար կարգավիճակ տրամադրել և քննարկել միջազգային հանրության (ՄԱԿ, ԵԱՀԿ կամ ԵՄ) կողմից արտոնված ցանկացած ներկայություն: Նրանք նաև սկսեցին հանդես գալ ռուսական խաղաղապահ ներկայության դեմ: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղը հայերի բնաշխարհիկ երկիրը չէ, այլ, որ հայերն այնտեղ արհեստականորեն բնակեցվել են ռուսների կամ պարսիկների կողմից և Ադրբեջանի բազմաթիվ փոքրամասնություններից միայն մեկն են հանդիսանում: Ոչ պաշտոնական ադրբեջանական քարոզչությունն իրենց հայրենի հողում ապրող Լեռնային Ղարաբաղի հայերին անվանում էր «զավթիչներ», «անօրինական վերաբնակիչներ», «գաղթականներ» և նույնիսկ «ահաբեկիչներ»: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ որպես միասնական պետության ժխտումը նպատակ ուներ ջնջել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների միջև եղած տարբերությունը՝ ներառել այն ավելի լայն Ղարաբաղ տարածաշրջանում, հայերին մեծամասնությունից դարձնել փոքրամասնություն և նրանց զրկել ինքնակառավարումից: Արդյունքում, ինքնորոշման սկզբունքը, որը ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերում ճանաչվել էր կիրառելի Լեռնային Ղարաբաղի համար, փաստացի արգելված թեմայի է վերածվել միջազգային միջնորդների համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում:
Օգտվելով 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և դրան հաջորդած տարածքային ամբողջականության սկզբունքի բացարձակացումից՝ Ադրբեջանն առաջ էր տանում այն գաղափարը, որ միջազգային հանրությունն անտեսում է Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության խախտումը, ի տարբերություն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման։ Գործելով հանդերձ Միլոշևիչի պես՝ Ադրբեջանը խոչընդոտեց Կոսովոյի հակամարտության կարգավորման համար օգտագործված մեխանիզմների կիրառմանը և խորացրեց այն կեղծ զուգահեռները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ուկրաինայում (Դոնբաս և Ղրիմ), Վրաստանում (Աբխազիա և Հարավային Օսիա) և Մոլդովայում (Մերձդնեստր) Ռուսաստանի կողմից հրահրված հակամարտությունների միջև, որոնք այն ստեղծել էր 30 տարի շարունակ իր նարատիվների ագրեսիվ պատերազմի ընթացքում։
Զուգահեռաբար, Ադրբեջանը սկսեց նաև ռազմական հարձակումներ և սողացող բռնակցում Հայաստանի ինքնիշխան տարածքում 2021-2022 թվականներին։ Ադրբեջանական իշխանություններն ու փորձագետները կոչ էին անում Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ սպառնալով հրաժարվելու դեպքում հավակնություններ ներկայացնել հայկական Սյունիք տարածաշրջանին, որն իրենք անվանում են Զանգեզուր: Միացյալ Նահանգները, ԵՄ-ն և նույնիսկ Հայաստանի իշխանությունները, ըստ երևույթին, կարծում էին, որ Ադրբեջանի ծավալապաշտական գործողությունները հայելային արտացոլման և հարկադրանքի ռազմավարության համադրությունն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն, և որ այդ գործողությունները կդադարեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից հետո: Որոշ հայ փորձագետներ պնդում էին, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը միայն կուժեղացնի Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները Հայաստանի նկատմամբ, սակայն դա Արևմուտքում չէին հասկանում:
Այսպիսով՝ Ադրբեջանը մանիպուլացրեց ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որպեսզի համոզի Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Զուգահեռաբար, նրանք պետք է համոզեին Ադրբեջանին համաձայնելու Լեռնային Ղարաբաղի հայերի համար ինքնավարության որոշակի աստիճանի և ՄԱԿ-ի, կամ ԵՄ-ի կողմից արտոնված միջազգային խաղաղապահ ներկայության տեղակայմանը։ Սակայն նրանց չհաջողվեց համոզել Ադրբեջանին ընդունել այդ երկու պարտադիր նախապայմանները՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման համար։ Արդյունքում, լիբերալ խաղաղության քաղաքականությունը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի փափուկ միջնորդությունն անարդյունավետ եղան Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար:
Մի կողմից՝ Ադրբեջանը պնդում էր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործում են որպես Ռուսաստանի խամաճիկներ՝ Ուկրաինայում ռուսական ներխուժումից մեկ շաբաթ անց Լեռնային Ղարաբաղում իր սկսած սողացող էթնիկ զտումը ներկայացնելով որպես «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացում»։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին համատեղ հռչակագիր ստորագրեց՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ: Պարադոքսալ կերպով, Ադրբեջանին հաջողվեց հասնել Ռուսաստանի լիակատար համագործակցությանը՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ էթնիկ զտում իրականացնելու հարցում։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի համար որևէ հատուկ կարգավիճակի կտրականապես մերժումը, ի տարբերություն նրանց ինքնավարությանը անգամ խորհրդային շրջանում, 1990-ականներին Միլոշևիչի կողմից Կոսովոյի կարգավիճակի վերացման հայելային արտացոլումն է: Նման դիրքորոշումը հակասում է էթնիկ կազմավորումների համար ընդունված միջազգային նորմերին, ինչպես կիրառվել է Արևմտյան Եվրոպայում, որտեղ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, Կորսիկան և Նոր Կալեդոնիան, Կատալոնիան և Բասկերի երկիրը վայելում են ինքնավարության բարձր մակարդակ:
Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղում ցանկացած (ՄԱԿ, ԵԱՀԿ կամ ԵՄ) միջազգային ներկայությունից հակասում էր աշխարհում նմանատիպ հակամարտությունների փորձին, որոնք պահանջում էին երկարաժամկետ միջազգային խաղաղապահ ներկայություն: Բռնապետական Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ էթնիկ ատելություն էր հրահրել, պնդում էր, որ կապահովի հայերի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում և կպաշտպանի նրանց մարդու իրավունքները՝ միասնական երկրի իր Սահմանադրությանը համապատասխան՝ առանց ինքնավարության որևէ կարգավիճակի։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի ծրագրավորված հպատակեցումը ներկայացրել է «ինտեգրում»՝ դրական հասկացություն ԱՄՆ-ում և ԵՄ-ում, որը ենթադրում է հավասար հնարավորություններ և իրավունքներ ազգային փոքրամասնությունների, ինչպես օրինակ՝ միգրանտների համար: Սակայն մի երկրում, որը «Ֆրիդըմ Հաուս»-ի և եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է Եվրասիայում մարդու իրավունքների պահպանության և ժողովրդավարության տեսանկյունից վատթարագույններից մեկը և որն օգտագործում է հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը՝ որպես պետականաշինության գործիք, «ինտեգրումը» նշանակում էր տեղի հայերին զրկել իրենց էթնիկ ինքնությունից, նրանց մարդու իրավունքներն իջեցնել ամենատարրական կենցաղային մակարդակի, նրանց զրկել քաղաքացիական և քաղաքական իրավունքներից և նրանց նկատմամբ լիակատար քաղաքական վերահսկողություն հաստատել:
Համոզելով Հայաստանին հեռավորություն որդեգրել Լեռնային Ղարաբաղի խնդրից և միջազգային պաշտպանության ու ինքնակառավարման փոխարեն առաջ մղելով անվտանգության և մարդու իրավունքների անորոշ հասկացությունը՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձեցին համոզել Ադրբեջանին ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ։ Սակայն Ադրբեջանը, Ռուսաստանի հետ համակարգված գործելով, մերժեց Արևմուտքի այդ առաջարկը։ Այն մի քանի անգամ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միայն Ռուսաստանի միջնորդությամբ, և բանակցությունները կենտրոնացած էին զինաթափման և հանձնվելու, ոչ թե նրանց իրավունքների և անվտանգության վրա:
2022-ի մարտ-օգոստոս ամիսներին ռազմական նոր հաջողությունների հասնելուց հետո Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերին սկսեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ որպես գործիք օգտագործելով էներգետիկ, պարենային և հումանիտար օգնությունը, ինչպես արել էր նաև 1989-1992 թվականներին։ Երբ իրավիճակը դարձավ ծայրահեղ, 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը սանձազերծեց ևս մեկ ռազմական հարձակում և վերահսկողություն հաստատեց ամբողջ տարածքի, այդ թվում՝ մայրաքաղաքի հանդեպ։ Բաքուն դա անվանեց «հակաահաբեկչական գործողություն»՝ օգտագործելով նույն լեզուն, ինչ Սրեբրենիցայում սերբ հրամանատարները, կամ «հատուկ գործողություն», ինչպես Պուտինն է անվանում Ուկրաինայում իր պատերազմը:
Մերժելով միջազգային խաղաղապահ ներկայությունը և կանաչ լույս ստանալով ռուս խաղաղապահներից՝ շրջափակելու և Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ռազմական հարձակում սկսելու համար, Ադրբեջանը հարձակվեց տեղի քաղաքացիական ինքնապաշտպանական ուժերի վրա։ ԼՂ հայ համայնքի անդամներին՝ տեղի բնակչության տղամարդ զորակոչիկներին անվանելով «ահաբեկիչներ»՝ այն ժխտում էր տեղի հայերի ինքնապաշտպանության իրավունքը: Դա հիմնավոր մտահոգություններ առաջացրեց Լեռնային Ղարաբաղի բոլոր հայ տղամարդկանց հանդեպ հնարավոր հաշվեհարդարի՝ սպանության կամ ձերբակալության վերաբերյալ։ Վախերն էլ ավելի սրվեցին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը խլեց ևս նույնքան կյանք, որքան ռազմական հարձակումը, առաջին հերթին արական բնակչության շրջանում: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղում հայերի դիմակայունությունը կոտրվեց, ինչը հանգեցրեց զանգվածային բռնագաղթի և ղեկավարության ձերբակալության։
Ադրբեջանը, իրականացնելով շրջափակում և ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղում, անտեսեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր որոշումները, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ շահագրգիռ կողմերի նախազգուշացումներն այն մասին, որ հայերի էթնիկ զտումն անընդունելի է: Երբ Ադրբեջանը ԵՄ-ին և ԱՄՆ-ին օգտագործեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար՝ Ադրբեջանը նաև նրանց միջոցով օրինականացնեց Աղդամի ճանապարհը բացելու պահանջը՝ որպես 2023-ի հուլիսին Լաչինի ճանապարհի ապաշրջափակման նախապայման: Մինչ Վաշինգտոնն ու Բրյուսելը կարծես թե կարծում էին, որ Ադրբեջանին Աղդամի ճանապարհի բացումն անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու, այնտեղ մուտք գործելու և Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանում «ինտեգրելու» համար, Ադրբեջանի օրակարգը լիակատար ռազմական վերահսկողության և կամ քաղաքական գերակայության հաստատումն էր Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ, կամ, որ ավելի գերադասելի էր, նրանց տարածքից դուրս մղելը։ Ավելին, Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց սեպտեմբերի 19-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները համաձայնեցին բացել Աղդամի ճանապարհը։
Փուլ 3. Լեռնային Ղարաբաղի անկումից հետո
Դե ֆակտո պետության վերացումից և բնակչության զանգվածային բռնագաղթից հետո Ադրբեջանը հայտարարեց «իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման» մասին։ Ավելին, այն սկսեց ժխտել, որ հայերը էթնիկ զտման կամ անգամ բռնի տեղահանման են ենթարկվել Լեռնային Ղարաբաղից՝ պնդելով, որ նրանք ինքնակամ են հեռացել, քանի որ վախենում էին իրենց հանցագործությունների համար հատուցումից, կամ այն պատճառով, որ նրանք ռասիստ են և չեն ցանկանում գոյակցել ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանը սկսեց իրեն այնպես պահել, կարծես երեք տարվա ընթացքում չի իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակ՝ հերքելով շրջափակումը և ձգտելով օրինականացնել ռազմական հարձակումը: Այս ժխտումը հակասում է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մի շարք առանցքային նորմերին, որոնք թույլ չեն տալիս մետրոպոլ պետությանը ուժ կամ ճնշման այլ միջոցներ կիրառել և հավաքական պատիժ սահմանել ինքնորոշման ձգտող էթնիկ կազմավորման դեմ:
Ադրբեջանը ձգտել է չեզոքացնել միջազգային խիստ դատապարտումը՝ մասնավորապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, պնդելով, որ եթե հայերը մնան՝ նրանց մարդու իրավունքները պաշտպանված կլինեն և նրանք ապահով կլինեն, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, այդպիսով նրանք կարող են վերադառնալ, եթե դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: Սակայն Բաքուն շարունակում է ցուցադրել ռազմական բռնապետության հաստատումն այդ տարածքում այնպիսի ցուցադրական գործողությունների միջոցով, ինչպիսիք են՝ ռազմական շքերթները, Ադրբեջանի նախագահ Ալիևի տրորելով անցնելը Լեռնային Ղարաբաղի դրոշի վրայով, ինքնակառավարման մարմինների նախկին տարածքների շինությունների, հուշարձանների և սեփականության ոչնչացումը։ Այս գործողությունները գործնականում Լեռնային Ղարաբաղի հայերի համար անհնարին են դարձնում դիտարկել վերադարձի հնարավորությունը՝ առանց միջազգային հանրության կողմից արտոնված խաղաղապահ ներկայության և ինքնակառավարման որոշակի աստիճանի վերականգնման:
Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը մեղմ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ Քանի որ ԵՄ խորհուրդը ձեռնպահ է մնացել դատապարտող հայտարարությամբ հանդես գալուց, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ինքն է այդ մարմնի անունից հանդես եկել հայտարարությամբ: Չնայած հայտարարություններին, որևէ պատժամիջոցներ կամ, օգտագործելով Եվրամիության եզրույթը՝ «սահմանափակող միջոցներ» չեն կիրառվել։ Նման իրավիճակի պատճառ է դարձել այն պետությունների կողմից կոնսենսուսի բացակայությունը, որոնք էներգետիկ կախվածություն ունեն Ադրբեջանից, և կամ էլ այլ ընդհանուր շահեր այդ երկրի հետ: Ադրբեջանը չեզոքացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոշտ արձագանքն իր գործողություններին, որոնք հակասում են մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքներին՝ օգտագործելով ԵՄ-ում և առանձին անդամ երկրներում գազի մատակարարի իր դերը:
Սակայն, չնայած Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո Ռուսաստանին՝ որպես էներգիայի այլընտրանքային մատակարար Ադրբեջանի աճող դերին, Ադրբեջանը սկսեց մասամբ ռուսական գազը Եվրոպա մատակարարել ավելի բարձր գնով, ինչից ստացված շահույթը, ամենայն հավանականությամբ, նպաստում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը և Ուկրաինայում ռուսական պատերազմի շարունակմանը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ շահագրգիռ կողմերի պատժամիջոցների և վճռական դատապարտման բացակայությունը նաև պայմանավորված է այն համոզմունքով, որ հենց Ադրբեջանը հասնի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո պետության վերացմանը և հայ բնակչության ամբողջական տեղահանմանը, այն խաղաղության համաձայնագիր կստորագրի Հայաստանի հետ: Ենթադրվում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից և միջազգային հարթակներում չբարձրաձայնի էթնիկ զտումների հարցը, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային նկրտումները, ռազմական հարձակումներն ու ինքնիշխան Հայաստանի սողացող բռնակցումը։ Նրանք, հավանաբար, կարծում էին, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային կամ ծավալապաշտական նկրտումներն օգտագործում է որպես հարկադրանքի մարտավարություն և կդադարի դրանք հետապնդել Լեռնային Ղարաբաղի անկումից հետո: ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարծում էին, որ մեղմ միջնորդությունն առավել արդյունավետ կլիներ, քան վճռական դատապարտումն ու պատժամիջոցները, որոնք կարող էին հանգեցնել Ադրբեջանի առավել ապակառուցողական վարքագծին, խաղաղ գործընթացը խաթարելուն և առավել անկառավարելի վարքագծին:
Արևմուտքի և Հայաստանի լավատեսական սպասումները չարդարացան։ Լեռնային Ղարաբաղի միացումից հետո Ադրբեջանը սկսեց խոչընդոտել Արևմուտքի աջակցությամբ իրականացվող խաղաղ գործընթացին և սկսեց ավելի ու ավելի միավորվել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Հայաստանի: Այն նաև ակտիվացրեց իր պատմական ռևիզիոնիզմը, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները և Հայաստանի ինքնիշխանությունը խարխլելու ջանքերը։ Ինչ վերաբերում է միջազգային հեղինակավոր դերակատարներին, ապա Ադրբեջանը մոլորեցումից և մանիպուլացումից անցել է նրանց հալածելուն և սպառնալուն՝ Ադրբեջանի հասցեին ցանկացած քննադատության և Հայաստանին ցուցաբերվող ցանկացած աջակցության համար:
Ազդեցությունը մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային իրավակարգի վրա (Կոսովո, Վրաստան, Գազա, Հյուսիսային Կիպրոս)
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման և նրանց դե ֆակտո պետության վերացման համար գործիքների լայն շրջանակի օգտագործումը նշանավորում է միջազգային իրավակարգի ավարտ, որը հիմնված էր մարդու իրավունքների պահպանման վրա և, հավանական է, որ այն վտանգավոր նախադեպ կդառնա այլ էթնիկ հակամարտությունների համար:
Կոսովո
Ի հակադրություն Կոսովոյի, որը դարձավ դե ֆակտո պետության միջազգային ճանաչման և առավելագույն աջակցության նախադեպ, Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, դարձավ դե ֆակտո պետության վերացման նախադեպ:
Սա արդեն շահարկվում է Սերբիայի նախագահ Վուչիչի կողմից, որն ակնարկել է, թե Ալիևն իր համար օրինակ է, և զարմանք է հայտնել, որ նրան հաջողվում է պատասխանատվությունից խուսափել ամեն ինչի համար: 2023-ի դեկտեմբերին Վուչիչը հայտարարել էր, թե Ալիևը «աշխարհի ամենաժողովրդավար տղան է», և որ ավելի կարևոր է, նա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման նախադեպը կօգտագործի որպես Կոսովոյի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու՝ Սերբիայի ձգտման համար օրինակ. «նրանք 27 տարի սպասել են հատուկ աշխարհաքաղաքական հանգամանքների»՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար։ Բնականաբար, Սերբիան չի կարող հետևել Ադրբեջանի օրինակին՝ Կոսովոյում ՆԱՏՕ֊ի կողմից ղեկավարվող խաղաղապահ ներկայության (KFOR) և Եվրամիության առաքելության (EULEX) ներկայության պատճառով, բայց դա նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար ահնարին է դարձնում Կոսովոյում իրենց խաղաղապահ ներկայությունը դադարեցնելու ռազմավարությունը: 2024-ի փետրվարի 23-ին Վուչիչը Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նաև ակնարկել է, որ Չինաստանն իրավունք ունի Թայվանի խնդրի «ռազմական լուծման»: Զարմանալի չէ, որ Ադրբեջանն էներգակիրներ է մատակարարում Սերբիային, 2024-ի փետրվարին երկու երկրները ռազմական համագործակցության ծրագիր ստորագրեցին, և Սերբիան դարձավ Ադրբեջանի համար ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարներից մեկը:
Վրաստան
Ադրբեջանի շահարկող և կեղծ հայտարարությունների պատճառով Ուկրաինայում և Վրաստանում որոշ գործիչներ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնում, հետևաբար՝ «լավ նախադեպ» հետխորհրդային տարածքում: Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին ակնարկել է, որ Վրաստանը պետք է հետևի Ադրբեջանի օրինակին՝ ենթադրաբար նկատի ունենալով Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական միջամտության միջոցով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Մի երկրի համար, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, որն ակնկալում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների բարձր չափանիշները, խնդրահարույց կլինի հետևել միապետական Ադրբեջանի օրինակին, ռազմական միջամտության միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Աբխազիային ինքնակառավարման ցանկացած մակարդակ տրամադրելուց:
Գազա
Ադրբեջանը նախ անտեսեց ու մերժեց ՄԱԿ֊ի արդարադատություն դատարանի միջանկյալ միջոցները, այնուհետև միտումնավոր սխալ մեկնաբանեց և նույնիսկ ծաղրեց դրանք, որպեսզի արդարացնի դրանց՝ իր ոտնահարումը, այսինքն՝ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը, էներգիայի, սննդամթերքի և հումանիտար օգնության մատակարարման խոչընդոտումը, ինչպես նաև ռազմական և հոգեբանական գործողությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմաններն անտանելի դարձնելու և նրանց բռնի տեղահանման մղելու համար: ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից էթնիկ զտումները կանխելուն ուղղված միջանկյալ միջոցները կիրառելու անկարողությունը վնասեց դատարանի հեղինակությանը, և մտահոգություններ առաջացրեց նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակում դրա որոշումների գործադրման համար գործիքակազմի բացակայության վերաբերյալ: Հունվարի 11-ին Հարավային Աֆրիկան ընդդեմ Իսրայելի դատական գործի՝ ՄԱԿ֊ի միջազգային դատարանում լսման ժամանակ իռլանդացի իրավաբան Բլին Նի Գրալայգը, որը հանդես է գալիս որպես Հարավաֆրիկյան Հանրապետության իրավական խորհրդատու փաստաբան, վկայակոչել է այն փաստը, որ դատարանի միջանկյալ միջոցները չեն կանխել հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: Ավելին, դրանք նախադեպ ստեղծեցին Արդարադատության միջազգային դատարանի այն վճիռները չկատարելու համար, որոնք իրավական պարտադիր ուժ ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի հետևել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարանի միջոցներին և չի ընդունել դրանց խախտումը դատապարտող բանաձև՝ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո։
Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի միջոցների չկատարումը նախադեպ ստեղծեց Գազայում Իսրայելի գործողությունների համար, ինչը, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ռազմական սերտ համագործակցությունը: Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնության խոչընդոտումը, Գազայում ռազմական գործողությունների շարունակումը և պաղեստինցիների բռնի տեղահանման փորձը սաստկացնում են այդ մտավախությունները։ Դրանց նախադեպ են հանդիսացել Կարմիր Խաչի Միջազգային Հանձնախմբի, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի մարզային իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության կանխարգելումը, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը և հայերի բռնի տեղահանման հարկադրելը:
Հյուսիսային Կիպրոս
Միաժամանակ, վերոնշյալ տարածքների համար հնարավոր հետևանքները չեն նշանակում, թե Ադրբեջանը որդեգրել է չճանաչված դե ֆակտո պետությունները մերժող սկզբունքային մոտեցում: Բաքուն այս հարցում ևս երկակի չափորոշիչների վրա հիմնված շահարկող դիրքորոշում ունի։ Որպես դրա վերջին դրսևորում ՝ Ադրբեջանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությանը որպես դիտորդ հրավիրեց մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ 2024-ի հուլիսին: Թեև Ադրբեջանը Թուրքիայից տարբերվող դիրքորոշում ունի Կոսովոյի հարցում, սակայն, զարմանալի չի լինի, եթե Ադրբեջանը որոշի ճանաչել Հյուսիսային Կիպրոսը՝ հիմնվելով թուրքական միասնության և «ուժն իրավունք է» սկզբունքի, այսինքն՝ վերահսկողություն հաստատելու համար ուժի գործադրման՝ ամբողջատիրական ռեժիմների կողմից լեգիտիմացման փորձի վրա։
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Արդարադատության միջազգային դատարանի և այլ միջազգային ինստիտուտների հեղինակությունը
Այս բոլոր փաստերը, անկասկած, խաթարում են միջազգային այն առանցքային դերակատարների հեղինակությունը, որոնք չեն կարողացել կանխել էթնիկ զտումը, չդատապարտեցին Ադրբեջանին և Բաքվի հանդեպ պատժամիջոցներ չսահմանեցին: Աչք ծակող հակասությունը, թե ինչպես են նույն դերակատարները վերաբերվում նույնանման հակամարտություններին այլ տարածաշրջաններում, ինչպիսին է Կոսովոյի հակամարտությունը, ամրապնդում է տարածված կարծրատիպերը նրանց աշխարհաքաղաքական շահերի առաջնահերթության վերաբերյալ: Նրանք նաև կասկածներ են հարուցում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքներին իրենց նվիրվածության, կամ իրենց հանձն առած արժեքները պաշտպանելու լծակների վերաբերյալ: Այս ամենը խաթարում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը՝ թույլ չտալով միջազգային խաղաղապահ կամ անգամ մարդասիրական առաքելություններ լիազորել երկարատև և սուր հակամարտությունների գոտիներում։ Ընդհանուր առմամբ, սա ևս մեկ ապացույց է, որ կանոնների վրա հիմնված միջազգային իրավակարգը ճգնաժամում է և ստորակայվում է աշխարհաքաղաքական շահերին ու դառնում է հեգեմոնիայի հավակնող բռնապետական պետությունների դաշինքի ուժային խաղերի զոհ։
Անվտանգության զեկույց
Անվտանգության զեկույց. հուլիս 2024
Հայաստանի անվտանգային համայնապատկերում Ամերիկայի ներգրավածությունն ուղղորդող ռազմավարական շրջանակն ավելի հստակ հասկանալու և ամերիկյան դիրքորոշման ու Հայաստանի քաղաքական մտածողության մերձեցման հայեցակարգային հիմքը մշակելու համար, այս ամսվա զեկույցում ներկայացվել է «ռազմական դիվանագիտություն» հասկացությունը:
Read moreՔաղաքականություն
Ընդլայնվում է ռազմական համագործակցությունների շրջանակը
Հնդկաստանը և Ֆրանսիան վերջին երկու տարում դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ռազմական կարողությունները հզորացնելու նպատակով Երևանը փորձում է ընդլայնել ռազմական հարաբերությունները այլ երկրների հետ ևս։
Read moreՌուսաստանի ելքը. սահմանապահների ու խաղաղապահների դուրսբերումը
Ռուս խաղաղապահները վերջերս դուրս եկան հայաթափված և ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից, միաժամանակ, Հայաստանից դուրս են գալիս Ադրբեջանի սահմանի երկայնքով և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները, ինչը տարածաշրջանից Ռուսաստանի ընդհանուր նահանջն է խորհրդանշում։
Read moreԴասեր Ֆինլանդիայի արտաքին և անվտանգային քաղաքականությունից
ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաստանում խոսվում է Ֆինլանդիայի մոդելի մասին՝ նախկինում արծարծվող Իսրայելի և Սինգապուրի փոխարեն։ Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի նմանությունների ու տարբերությունների, և ֆինլանդական փորձի կիրառելիությանն է անդրադառնում Սոսի Թաթիկյանը։
Read moreՄեր հայերեն էջից
Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում
Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։
Read moreԺառանգությունից՝ «հայփ»
Անդրադարձ, որը կոչ է անում երկխոսություն սկսել Հայաստանի մշակութային փառատոների համադրման և մշակութային ժառանգության վայրերի ու հանրության հետ փոխազդեցության հայեցակարգային որոշ մտահոգությունների շուրջ:
Read moreՄիասին՝ քիչ-քիչ
Հայաստանում փոքր նվիրաբերություններով տարբեր ծրագրեր իրականացնելու մշակույթը թեև դեռ նոր է ձևավորվում, երբեմն բախվում է նաև հասարակության կարծրատիպերին, սակայն, հատկապես վերջին տարիներին, այն դարձել է կենսունակ՝ օգնելով մի շարք հարցերի լուծմանը։
Read moreԲույրերի որսորդը
Արցախի շրջափակման ընթացքում սեփական բույրերը ստեղծած 16-ամյա Հարություն Տոնյանը Ֆրանսիայում ուսումը շարունակելու և իսկական պարֆյումեր դառնալու ցանկություն ունի։ Առայժմ նա գիտելիքներն է շատացնում, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանի անդրադարձը։
Read moreՀարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԴեպի ակադեմիական քաղաք
Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։
Read moreԱշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է
Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը հայ կանանց ևս ստիպում են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիան, ԱՄՆ։ Աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացման, կանանց խոցելիության ու հայկական ընտանիքների ձևափոխմանն է անդրադառնում Գայանե Մկրտչյանը։
Read moreՏավուշ. հողային և սահմանային մարտահրավերներ
Շատերը, հատկապես Հայաստանից դուրս ապրողները ճշգրիտ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում հանրապետության Տավուշի մարզում։ Սահմանների ու քարտեզների խնդիրներին է անդրադառնում քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։
Read moreԱրմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreԲաժանորդագրվեք մեր ամփոփագրին