EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Ապր 25, 2025

Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին

Վարդան Ջալոյան
Պատկերապատումը փոխառում է Դավիթ Քոչունցի հեղինակային նկարազարդումից։
«Պարտության պատմություն»
 Գեմաֆին Գասպարյան
«Գրանիշ» հրատարակչություն
2024

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Ինչպե՞ս ենք մենք ներգրավվում պատերազմի խոսույթի մեջ: Ինչո՞ւ հեռու մնալու հնարավորություն չկա: Նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ դա իրենց չի վերաբերում, ինքնախաբեության ճիրաններում են, քանի որ տեղեկատվական հեղեղը նրանց էլ է հասնում։

Անկարելի է պաշտպանվել ժամանակակից աշխարհի բանավոր և տեսողական բռնությունից, որն ակտիվ գործողության իր կոչերով, դիմելով խղճին և բարոյականությանը, բոլորին ներքաշում է պատերազմի տարածք: Եվ ի՞նչ ենք արել մենք․ ստատուս ենք գրել․


հանուն երկրիս

ի՞նչ ես արել.
– ստատուս եմ գրել, ստատուս:

էլ ի՞նչ ես արել.
– ստատուս եմ գրել, ստատուս:

իսկ հետո ի՞նչ ես արել.
– ստատուս եմ գրել, ստատուս:

բա վերջում ի՞նչ ես անելու.
– ստատուս եմ գրելու, ստատուս:

2021, դեկտեմբերի 8
[էջ 6]

Այսպես է սկսվում Գեմաֆին Գասպարյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն՝ «Պարտության պատմությունը»։ Ընթերցողը ստանում է առաջին ուղերձը․ այս գիրքը նաև պատերազմի «ընդունված» խոսույթի դեմ է։

Բայց «Գրանիշ» հրատարակչության կողմից 2024-ին թողարկված այս գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման։ «Պարտության պատմությունը», ըստ հեղինակի, ամբողջական գործ է, այլ ոչ թե ստեղծագործությունների ժողովածու։ Ստեղծագործությունների տրամադրությունը տատանվում է ծաղրերգությունից և հեգնանքից մինչև ողբերգական լրջություն, ինչը գիրքը դարձնում է դինամիկորեն հագեցած։

Պատերազմը դիմում է մեր գոյության հիմքերին՝ մերկացնելով և ստիպելով վերանայել «սովորական» հասկացությունները՝ ազգություն, մահ, ընտանիք, սեր, հիշողություն… Գեմաֆին Գասպարյանի գրքում վերանայումն անընդհատ է։ Բայց պարտությունը, կարծում եմ, ավելի խոր շերտ է, այն սոսկ վերանայում չէ, այլ՝ փլուզում, հանրային խեղում, որ մենք շարունակում ենք վերապրել։ 

Գեմաֆին Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում նշում է, որ մեր հասարակությունն ապրում է պարտության իրականությունում, որը չի ընդունում, չի գիտակցում։ Հեղինակը 2020 թվականի Արցախյան պատերազմին մասնակցել է որպես կամավոր, մարտերով անցել նահանջի ճանապարհը Ջաբրայիլից մինչև Զանգելան։ Պատերազմի ժամանակ գրված նրա բանաստեղծությունները լավագույններից են։ Գիրքը ձևավորել է նկարիչ Դավիթ Քոչունցը՝ նույնպես պատերազմի մի մասնակից, որի բազմաթիվ նկարազարդումներն անքակտելիորեն միահյուսվել են գրվածքին։

Պատերազմի մասին ճշմարտացի, հազվադեպ, բայց գրվել է։ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո գրվեցին շատ արժեքավոր գործեր, այդ թվում պատերազմի բռնությունը և բարբարոսությունը դատապարտող երկեր։ Սակայն այս պատերազմը միանգամայն այլ պատերազմ էր։

Առաջինը, որ աչք է զարնում գրքում՝ բանաստեղծությունների ոչ ուղղագիծ ժամանակագրական շարվածքն է։ Այն սկսվում է 2021 թվականով, վերադառնում պատերազմի օրերին՝ 2020, և ապա հետ շարժվում մինչև 2013։ Վերջին բանաստեղծությունը թվագրված է 2024-ով։ Երբ Գեմաֆին Գասպարյանն անդրադառնում է պատերազմի կամ հոգեխեղման փորձին, ապա այն ներկայացնում է իբրև շարունակական իրադարձություն, որը չի սահմանվում գծային ժամանակագրությամբ։

Երկու պահ արձանագրենք։ Մեկը, որ պարտությունն իրադարձություն չէ, այլ երևույթ՝ սփռված անցյալում և ապագայում, իրադարձության պահին և հետո։ Պարտությունը եղել է մինչև պարտություն, ու պարտությունը (հենց դա է նրա խեղող էությունը) շարունակվում է ծավալվել՝ չթուլացնելով իր խեղդող օղակը։

Պարտությունը Գեմաֆինի գրքում մեկը չէ, այն պարտությունների շարք է։ Գրքի բանաստեղծական շարքերից մեկը 2018-ի հեղափոխության պարտության մասին է [էջ 22-56]։ Առանձնացնենք մի բանաստեղծություն․


Ասպատակություն

Դուռը,
դռան հետևի դուռը,
դռան հետևի դռան հետևի դուռը,
այս միջանցքներով հուշիկ անցել են
նրանք, որ գիտեին ինչպես բացել
դռան հետևի դռան հետևի դռան
հետևի դուռը:

2019, փետրվարի 28 — 2020, մայիսի 15
[էջ 35]

Հեղափոխության պարտությունը դռների հետևում է։
Կամ զինվորի պարտությունը բանակին.

***
նորից զինվոր է զոհվել,
սովորական, անանուն,
հաջորդ գրառումը չի հիշի դեպքը:

 [էջ 97]

Հավանաբար, գրքի հիմնական ուղերձը նույնիսկ պարտությունը կամ պատերազմը չէ, այլ այն լեզուն, որի միջոցով այն արտահայտվում է։ Դեռ 2013-ին գրված իր բանաստեղծության մեջ նա գրում է․


Հ.Գ.

Մեկը.
կանոնավոր բառերի ներքո կքած,
իր ստեղծածի կամոք,
վայելում էր
հեղեղը:

Մեկն էլ.
կանոնավոր բառերի փոխարեն
իմաստ էր փնտրում,
տրվում էր` առանց սպասումի՝
ավելին տեսնելով նրանց մեջ.
քան կան,
իրենով էր պատնեշում
հեղեղը: 

ևս Մեկը.
կանոնավոր բառերի շրջանառություն,
հենց ինքն էր
հեղեղը:

2013
[էջ 116]

Դեռևս անորոշ այս մոտեցումը, որ պետք է լինի երրորդ՝ ժամանակակից բանաստեղծական խոսք, տարիների ընթացքում զարգանում և որոշակիանում է, ու առավել հստակ ձևակերպում է ստանում «Ս․․․ Հասմիկ» բանաստեղծության մեջ։ «Հայաստան» շարքում խոսվում է այն բանաստեղծական լեզվի մասին, որը ծառայում է պաշտոնական խոսույթին՝ իբրև պետականության կառուցման գործիք։ Ինը «սևագիր» անվանված տեքստերում փորձ է արվում ստեղծել այդ խոսույթի տարբերակներ, և ամեն անգամ այն փլուզվում է։ 

Հարկ է նշել, որ օրինաչափական-պաշտոնական, այդ թվում պոետիկ լեզվի մասին խոսելիս պետք է հիշել, որ դրա արմատները տանում են դեպի խորհրդային ամբողջատիրություն, որի լեզվական քաղաքականությունը պահանջում էր «հարթ» գրություն, իբրև օժտված իմաստալից ամբողջականությամբ, սակայն, ինչպես նշում է Գեմաֆին Գասպարյանը, լիովին օտարված մարդկային կենսափորձից։

Այդ հարթը, կոկիկը, հարմարը ներկա է նաև հիմա․ «…այստեղ դու ավելորդ ես, կարծես, քեզ համար տեղ չկա, ամեն ինչ մտածված է, կոկիկ, հարմար, նույնիսկ մութն ընկնելուն պես գլխավերևումդ վառվող լուսամփոփն, որն ուժգնանում է մթության խտությանը համաչափ, արհեստական է, կամ ես այստեղ չպետք է լինեմ, ես եմ մանրուքը, թերությունը այս տարածքի. տեղ չունեմ»[էջ 60]։ «Հարթ, կոկիկ, հարմար» պոեզիայում ավելորդը մարդն է, որ փչացնում է իր ներկայությամբ բռնապետական համակարգի «պեյզաժը»։ Ուստի, այդ օրինաչափական՝ «հարթ» պոեզիայի առանցքային գործառույթներից էր նաև հերոսների «արտադրությունը»․


ապրելու հույսով

դուք մեզ տվեցիք տղաներ,
մենք ձեզ հետ տվեցինք հերոսներ,
դուք մեզ տվեցիք,
մենք ձեզ հետ տվեցինք,
հետ տվեցինք,
մենք ձեզ հետ։

2016, հոկտեմբերի 13
[էջ 93]

Հայկական նոր պոեզիան, ըստ էության, ձևավորվել է 1960-ական թվականներին  և նրա կարևորագույն թեման եղել է հայրենիքը, նույնիսկ երկուսը՝ խորհրդայինը և կորսված Արևմտահայաստանը։ Բայց հայտնվեց նաև այլ բնույթի պոեզիա։ Պայմանականորեն դրանք կարող են անվանվել որպես մարմնի լեզու և գործիքային լեզու: Լեզվի գործիքային և ճկուն գործառույթները՝ թելադրել բանաստեղծական նորման և արտահայտել կամ փորձել արտահայտել խեղված ֆիզիկականության անձայն ջղաձգությունը, տարաբանական կերպով գոյակցում են կողք կողքի՝ մարտահրավեր նետելով և լրացնելով միմյանց հայաստանյան խորհրդային և հետխորհրդային պոեզիայում։ Մարմնի խոսքը լեզվի աղմկոտ և նյարդայնացնող ընդդիմությունն է նորմայի թելադրած անխնդիր ամբողջականությանը, սահունությանը և շարունակականությանը։

ժամանակակից պոեզիան պայթեցնում է բանաստեղծական շարադրանքի այդ կայուն ձևերը, ցույց է տալիս կենսափորձի ներխուժման պահը լեզվական հյուսվածք։ Այդ պոեզիայում լեզուն տրավմատիկ փորձառության վկայություն է։ Գեմաֆին Գասպարյանի գրքում այդպիսի պոեզիայի օրինակ է «Ջաբրայիլ»-ը․


Ջաբրայիլ

Լինել ավելին քան կաս
և արժան լինես ինքդ քեզ:
․․․
ցողված փոսը սարսուռ,
ատամներդ դղորդ,
թոքերդ ջրակալ ծափ են տալիս,
ու քունդ ակնթարթ,
աչքերդ է շոյում տղաներիդ վազքով,
որ ժպիտդ մնա,
կրակելիս մնա,
ու չդառնաս գազան,
ո՛չ, չդառնաս գազան.
ես ձեր տիրումերը:

2020, հոկտեմբերի 17
[էջ 18-19]

Խեղող իրադարձությունը հնարավոր չէ կանխատեսել, չես կարող պատրաստ լինել դրան։ Խեղումն ապրվող իրադարձության փորձը գիտակցելու անկարողությունն է։

Խեղումը ոչ թե պատերազմն էր, այլ այն, որ վտանգը չգիտակցվեց, որ մինչև հիմա գիտակցությանը դեռ հասու չէ, թե ինչ կատարվեց և կատարվում է։ Այն մոռացնել է տալիս ինչ եղել է մինչև խեղող իրադարձությունը, ինչ է եղել նախորդ տասնամյակում, ավելի առաջ, մինչև այն կետը, որ, հավանաբար, խեղող իրադարձության պատճառ է եղել։

Տրավմատիկ խեղումն իր ուժը պահպանում է անցյալի կեղծ հիշողության շնորհիվ․


Քամուց ծածանվող դրոշների խելագար ձայները

– մեր տղու շիրիմը մնացածից մի քիչ բարձր կանես։
ծածանվող ձայները

– կարաս լեն անես, կողքի շիրիմից ներս մտի, ոչինչ, իմն
առյուծ տղա էր։
խելագար ձայները

– բետոն չանեք, վզներդ կկտրեմ, որ մոտենաք. առանց էն էլ
հողը ծանր ա տղուս վրա։
․․․

2021, սեպտեմբերի 19
[էջ 6-7]

Տրավմատիկ փորձից ծնված պոեզիա է և այդ պոեզիայի մասին է «Ս….. Հասմիկ» բանաստեղծությունը․


Ս….. Հասմիկ 

Ինչպե՞ս բառերով սանրել,
մազերը լերդացած արյան մեջ,
ասա՛, Հասմիկ,
ու ինչպե՞ս դիակը ծանր, ուռած, նեխած,
բորենու ատամնաշարի հպումից քերված այտոսկրը,
աղիքները գրկում կծիկ մարմինը,
ներբողել հերոս,
ու ո՞նց էս կեղտի իսկական գույնը,
դիրքը լքածի վարտիքի գույնը,
լույսերով պատել,
ամեն նոր տողից մեռածին սպանել,
փառ փառաբանել,
փառ փառաբանել,
կոկիկ բառերի, հղկված բառերի, սիրուն բառերի
աթոռ նժույգին հեծնել՝ հեծկլտալ,
մահ շահագործել,
որ հերթափոխը շարունա՞կ լինի.

– ոտքդ զգույշ դիր, հոպար, մութ ա, ականջ ա, աչք ա, չտրորես:

2021
[էջ 14]

Հոլոքոսթը վերապրած բանաստեղծ Պոլ Ցելան ասում է․ «Հասանելի, մոտ ու գոյատևող բազմաթիվ կորուստների մեջ մնաց մի բան՝ լեզուն։ Այո՛, լեզուն՝ ի հեճուկս բոլոր հնարավորության, գոյատևեց: Այնուամենայնիվ, նա ստիպված էր անցնել սեփական անօգնականության, հրեշավոր համրության, մահաբեր խոսքի անվերջանալի խավարի միջով։ Նա անցավ նրանց մոտ և բառեր չգտավ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, բայց նա անցավ դրա միջով: Անցել է և այժմ կարող է նորից աշխարհ գալ՝ «հարստացած» փորձով»:

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը վկայում է մահվան մասին՝ միաժամանակ վկայելով կյանքի զարթոնքի մասին․


Մենք

Մենք, որ կարծում ենք՝ լինելու ենք,
որովհետև եղել ենք
անելանելիության մեջ,
անհուսության մեջ,
ուծացման մեջ,
պարտության մեջ:

Մենք, որ կարծում ենք՝ հավերժ ենք,
որովհետև անցել ենք
հրաժարման միջով,
զավթման միջով,
ջնջման միջով,
լուծարման միջով:

Մենք,
ինչի՞ վրա ենք հույսներս դրել:

2021, օգոստոսի 2
[էջ 8]

Ամերիկացի հետազոտող Քեթի Կարուտը գրում է այդպիսի լեզվի մասին․ «Ստեղծագործական լեզուն սկսվում է որպես գործողություն, որը վկայում է անցյալի մասին, միևնույն ժամանակ հրվում է նրանից. վկայում է մահվան մասին՝ միաժամանակ վկայելով կյանքի զարթոնքի մասին։ Պատմությունն այստեղ ծնվում է ոչ թե անցյալում մահվան ենթագիտակցական փորձից, բայց այնպիսի վկայություն է, որ կտրվել է անցյալից։ Կյանքի ցանկության լեզուն ոչ միայն հետ է մատնանշում, այլև առաջ»:

Պոեզիայի ջանքն իզուր է առանց մտածողության ջանքի։ Գեմաֆինի գրքում մտածողությունը և պոեզիան համատեղվում են։ 

Եվ այլն

The Now of Literature, After the War

90-ականներ, 2000-ականներ… հիման և պատերա՞զմը…

Մարիամ Ալոյան
Դկտ 13, 2023

Մինչ տեղի են ունենում պատերազմներ, պետք է հասկանանք՝ հայ գրականության մեջ 90-ականներից այս կողմ պատերազմներն ի՞նչ են արել գրականության հետ, ու ինչ ունենք, որպես, այսպես կոչված, «պատերազմական գրականություն»: Մարիամ Ալոյանը ներկայացնում է այդ կարճ հարցի երկար ձևակերպումը։

Read more
Ինչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական

Ինչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական

Կարեն Ղարսլյան
Մյս 18, 2023

2020-ին լույս տեսած «Խաննա» վեպը մեծ քննարկումների առիթ դարձավ՝ սկսած անվանումից մինչև վեպի հերոսներն ու օգտագործված լեզուն։ Ինչո՞ւ «Խ», արդյոք ո՞վ է Խաննան, ինչո՞ւ է որոշվել հենց նման լեզվով գրել վեպը, քննարկում են գրող, գրականագետ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը։

Read more
«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա

«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա

Արամ Պաչյան
Մյս 12, 2023

Համաշխարհային գրականության անկյունաքարերից՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», տարատեսակ իրողությունների բերումով, երկու հատոր կազմող վեպի հայերեն թարգմանությունը լիարժեքորեն չի հասել ընթերցողի սեղանին, գրում է Արամ Պաչյանը։

Read more
Remember “Yerevan”

Հիշել «Երևանը»

Տիգրան Ամիրյան
Մրտ 3, 2023

Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։

Read more
Կետաձկան ծիծաղը

Կետաձկան ծիծաղը

Արամ Պաչյան
Հնվ 10, 2023

Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։

Read more
Լույսը շարունակվում է

Լույսը շարունակվում է

Արամ Պաչյան
Դկտ 16, 2021

Այս ակնարկում Արամ Պաչյանը քննում է Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձը։

Read more
“Return the Tramway to Yerevan:” About Aram Pachyan’s Novel “P/F”

«Վերադարձրե՛ք տրամվայը Երևանին».Արամ Պաչյանի «P/F» վեպի մասին

Տիգրան Ամիրյան
Մրտ 14, 2021

Լույս է տեսել Արամ Պաչյանի նոր վեպը։ Տեղ-տեղ խիստ մինիմալիստական, տեղ-տեղ հանգավոր ելևէջներով օրագրային կարճլիկ նոթեր հիշեցնող հարյուրհիսուն էջ, որոնց՝ հեղինակի կողմից սահմանված ժանրային պատկանելիությունն այլևս կասկածի տեղիք չի տալիս։Առաջին իսկ էջից ազդարարվում է․ պատմությունը դեռ շարադրանքը չսկսած ավարտվել է, իսկ բուն պատումը հիշողության մասին է։

Read more

Տեսեք նաեւ

Alice Ter-Ghevondian

Թարգմանության աներևույթ խնդիրների մասին

Ալիս Տեր-Ղևոնդյան
Մրտ 2, 2023

Թարգմանությունն ինքնին բավական մեկուսի զբաղմունք է, ինչը չի նշանակում, որ թարգմանիչները մասնագիտական շփման կարիք չունեն, ընդ որում՝ ոչ միայն միմյանց, այլև հրատարակիչների, խմբագիրների ու սրբագրիչների հետ։ Գրում է Ալիս Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով թարգմանությանն առնչվող արդիական այլ խնդիրների։

Read more

Ալան Բադիուի «Դարը»

Արման Ղարագուլյան
Հնվ 20, 2023

Լույս է տեսել ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից Ալան Բադիուի «Դարը» գրքի հայերեն թարգմանությունը: Արման Ղարագուլյանն անդրադառնում է աշխատությանը։

Read more
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Նաիրա Մկրտչյան
Դկտ 2, 2022

Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։

Read more
Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Աշոտ Ոսկանյան
Նյմ 11, 2022

Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ